Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ապրիլյան պատերազմի եւ հետապրիլյան զարգացումների մասին Norkhosq.net-ը զրուցել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի հետ:

-Պարո՛ն Պապյան, 22 տարվա բանակցությունների արյունքում ի՞նչ բացթողումներ ու ձեռքբերումներ ունենք:

-Կարծում եմ՝ հիմնական բացթողումը եղել է այն սկզբունքային մոտեցումը, որ որդեգրել ենք 94թ.-ի Բիշքեքի խաղաղության համաձայնագրով, այն է՝ տարածքներ կարգավիճակի դիմաց: Մենք հստակորեն բաժանեցինք հայերի կողմից վերահսկվող տարածքները 2 մասի՝ ԼՂԻՄ-ի տարածք, որի վրա ենթադրեցինք հայերի ինքնորոշման իրավունքը, եւ այլ տարածք՝ ԼՂԻՄ-ի շրջակա 7 շրջանները, որը դիտարկվում էր որպես բանակցությունների մեջ վճարման  միջոց: Ըստ էության, այդ փիլիսոփայությունը շարունակվեց մինչեւ հիմա, տարբեր ամրագրումներ ունեցավ՝ 2007թ.-ին Մադրիդյան սկզբունքներ, 2011թ.-ին՝ Կազանի փաստաթուղթ, հիմա՝ Լավրովի ծրագիր… Ուորլիքը վերջերս կրկին հայտարարեց, որ պետք է տարածքներ զիջվեն՝ կարգավիճակի դիմաց: Սա հիմնական սխալն էր, ինչի հետեւանքով մենք հայտնվել ենք բանակցային ծուղակում. մի կողմից համաձայնել ենք տարածքներ հանձնել, մյուս կողմից՝ գիտակցում ենք, որ եթե հանձնում ենք տարածքներ, ապա փոխզիջում չի լինում, որովհետեւ զիջումները համարժեք չեն. մենք տալիս ենք 5 շրջան, փոխարենը ստանում ինչ-որ վերացական եւ խիստ պայմանական միջանկյալ կարգավիճակ՝ ոչնչով չերաշխավորվող այն երկրի կողմից, որը բազմաթիվ միջազգային պարտավորություններ է վերցրել եւ չի կատարել, մասնավորապես՝ հենց Բիշքեքի պայմանագրով զինադադարի հաստատումը, որն անընդհատ խախտվում է:

-Մյուս երկու շրջանը զիջելու դիմա՞ց ինչ ենք ստանալու:

-Ոչինչ էլ չենք ստանալու: Եթե հիմք ընդունենք Սերժ Սարգսյանի պաշտոնական հայտարարությունը, որ նա ընդունել է Կազանի փաստաթուղթը, եւ դա հրապարակվել է, դրա հիման վրա կարող ենք դատողություններ անել: Այնտեղ ասվում է, որ առաջին քայլով հայերը վերադարձնում են իրենց կողմից վերահսկվող բոլոր տարածքները՝ ադրբեջանական: Նախ՝ ի սկզբանե սխալ է դրանք ադրբեջանական ամրագրելը: Այն բանից հետո, երբ փախստականներն ու գաղթականները կվերադառնան, կլինի ազատ կամարտահայտություն: Բայց, բնականաբար, այս բանաձեւը շատ թերություններ ունի: Առաջինը՝ եթե մենք տարածքներ ենք զիջում, ապա ԼՂԻՄ-ի այդ 5 շրջանները որեւէ կերպ պաշտպանել չի լինի, դրանք անմիջական գնդակոծության տակ են, դրանց ճանապարհներն անցնում են ադրբեջանաբնակ շրջաններով: Հետեւաբար, հայ բնակչության առնվազն կեսը կարտագաղթի: Փախստականների վերադարձը նշանակում է նաեւ, որ Ադրբեջանը մոտ 300.000 մարդ կբնակեցնի Լեռնային Ղարաբաղում՝ ասելով, որ սրանք այն 40.000 ադրբեջանցիների ժառանգներն են, որոնք 20 տարիներ ընթացքում շատացել են… Կարճ ասած՝ հայերի թիվը կկրճատվի, ադրբեջանցիների թիվը կմեծանա, եւ եթե լինի հանրաքվե, մեծ մասը կքվեարկի Ադրբեջանին միանալու օգտին: Եթե  անգամ ենթադրենք, որ հայերը չեն արտագաղթի ու կքվեարկեն Հայաստանին միանալու օգտին, ի՞նչ երաշխիք, որ Ադրբեջանը չի ասի՝ ո՛չ, չեմ տալիս:

-Ստացվում է՝ մենք մտադիր ենք տարածքներ զիջել ոչնչի դիմա՞ց:

-Մենք չենք մտածում, դա մեր պաշտոնական դիրքորոշումն է: Դրա մասին ուղղակիորեն Տեր-Պետրոսյանը միշտ էլ խոսել է, Քոչարյանն ու Սարգսյանը մի քիչ ավելի քողարկված ձեւով են ներկայացնում: Բայց բանակցությունները դրա շուրջ են ընթանում: Հարցն այն է՝ ոն՞ց պետք է ժողովրդին պարտադրեն, որ դա ընդունի: Ինձ թվում է՝ ապրիլյան պատերազմը պատահական չէր: Այսինքն՝ ժողովրդին ներշնչում են գաղափար, որ՝ դե մենք թույլ ենք, չենք կարող պաշտպանել, ավելի լավ է տանք պրծնենք, եթե պետք է կռվենք ու պարտվենք, ավելի լավ է առանց կռվի տանք: Այդ տեսակետն է իշխանությունը շրջանառության մեջ դրել:

-Այն կարծիքին եք, որ պատերազմից առաջ պայմանավորվածությո՞ւն է եղել:

-Միանշանակ չէի ասի, որ պայմանավորվածություն է եղել: Բայց  որ նպատակ չի եղել առավելագույն ջախջախիչ հակահարված հասցնել թշնամուն, դա ակնհայտ է: Բազմաթիվ մանր ու մեծ դեպքերի մասին վկայություններ կան, որ կասկածներ են հարուցում՝ ինչո՞ւ հրամաններ չեն տրվել բրիգադի կամ կորպուսի մակարդակով՝ ներքաշվել պատերազմի մեջ, ինչո՞ւ բազմաթիվ անգամ Պնախարարը հոխորտում էր, որ մենք պատերազմը կտեղափոխենք թշնամու տարածք, եւ դա չարվեց, ինչո՞ւ պատասխանատվության չենթարկվեց: Ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում այն պաշտոնյաները, որոնք ջանասիրաբար թալանել են բանակը… Ակնհայտ է, որ տանկերի եւ զրահամեքենաների մեջ վառելիք չի եղել, զենք-զինամթերքի պակաս է եղել, էլ չեմ խոսում տեղում տարրական բուժսպասարկման, տարբեր նյութերի բացակայության մասին, ինչի հետեւանքով շատ վիրավորներ կարող էին ապրել… Հիմա էլ հետաքրքիր գլուխգովանություն է, ասում են՝ մի քանի ամսում սահմանին ավելի շատ բան է արվել, քան 20 տարվա մեջ: Բայց դա հայտարարություն է քրեական գործի՝ հանցավոր պաշտոնեական անգործության մասին: Այսինքն՝ այդ հայտարարության համար, որ 20 տարում այդքան գործ չի արվել, մի 20 մարդ պետք է հայտնվեր բանտում:

-Լեռնային Ղարաբաղն ինչո՞ւ դուրս մղվեց բանակցությունների սեղանից:

-Դուրս մղվեց, որովհետեւ ի սկզբանե չկար էլ: Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի մասնակցել բանակցություններին, մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը, եւ դրան զուգահեռ՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնուրույն միավոր, էլ չեմ ասում՝ որպես պետություն, երբեւէ չի մասնակցել: Երկրորդը՝ Քոչարյանը եկավ, ասաց՝ ի՞նչ տարբերություն, եթե իրենք պետք է խոսեն, ոչ պակաս ես կարող եմ խոսել: Ինչը սխալ էր, իհարկե:

Հարցը հետեւյալն է. եթե մենք Լեռնային Ղարաբաղը համարում ենք անկախ պետություն, ի՞նչու պետք է Հայաստանի Հանրապետությունը բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի անունից, առավել եւս որ ՀՀ-ն չի լիազորվել Լեռնային Ղարաբաղի կողմից իր անունից բանակցություններ վարելու: Լիազորվելու համար պետք է առնվազն ՀՀ-ն ճանաչեր ԼՂՀ-ի անկախությունը, Լեռնային Ղարաբաղը միջպետական պայմանագրով լիազորեր ՀՀ ղեկավարությանն իր անունից բանակցելու: Բայց նման պայմանագիր գոյություն չունի:

-Որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնար բանակցային կողմ, ի՞նչ նախապայմաններ էին անհրաժեշտ:

-Պետք է առնվազն համանախագահ երեք երկրներն ու Ադրբեջանը ճանաչեին: Ի՞նչ է նշանակում ճանաչել անկախությունը, դա նշանակում է տվյալ սուբյեկտին օծել իրավապայմանագրային լիազորություններով: Քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը նման ցանկություն չունեն, ակնհայտ է, որ որեւէ մեկը դա չի անի:  Հայաստանի ճանաչումը կարեւոր է, եթե մենք ուզում ենք օրինապես բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից: Բայց քանի որ 89թ-ի դեկտեմբերի 1-ի Գերագույն սովետի որոշումն ուժի մեջ է՝ Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միավորման մասին, մենք առաջնորդվում ենք դրանով: Եթե այդ որոշումն ուժի մեջ չլիներ, հայ զորակոչիկներն իրավունք չէին ունենա գտնվել Լեռնային Ղարաբաղում:

-Պատերազմից հետո հայ փախստականների մեծածավալ վերադարձը Լեռնային Ղարաբաղ ինչո՞ւ տեղի չունեցավ:

-Ցանկացած բնակեցում պայմանավորված է տնտեսական հնարավորություններով: Հայրենասիրությամբ երկիր չեն պահում:  Դրանք հեքիաթներ են մեծահասակների համար: Երկիրը պահվում է տնտեսությամբ, առողջապահությամբ, կրթությամբ… Այսինքն՝ եթե դու ուզում ես, որ մարդիկ գնան ապրեն Լեռնային Ղարաբաղում, դու ճառեր պետք է  չասես, պետք է լավ պայմաններ ստեղծես: Այդ դեպքում հսկայական քանակությամբ մարդիկ, որոնք Հայաստանի այլ շրջաններում վատ են ապրում, կգնան կապրեն Լեռնային Ղարաբաղում, ինչպես որ Քարվաճառում է՝ Վայքից, Արմավիրից եկած ընտանիքներ կան: Շատերն էլ Ռուսաստան գնալու փոխարեն կգան Լեռնային Ղարաբաղում կապրեն:

 

-Հողերի զիջման հետ կապված խոսակցությունները հատկապես վերջին ամիսներին ակտիվացան: Ինչո՞ւ մեր իշխանությունները միջազգային հարթակներում չեն օգտագործում հասարակական ընդվզման ռեսուրսը՝ մեր վզին փաթաթվող զիջումներից ազատվելու համար:

-Չեմ կարող ասել, որ չեն օգտագործում, միգուցե օգտագործում են: Բայց դա բավարար չէ, որովհետեւ միջնորդները կարող են ասել՝ 22 տարի խոսում եք զիջման մասին, հիմա հիշեցիք, որ հանրային կարծի՞ք կա: Պարզապես ե՛ւ Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Քոչարյանը վստահ էին, որ հողերը հանձնելու ուղտը չի չոքելու իրենց դռանը: Հիմա ժամանակը եկել է, ուղտը չոքել է  Սարգսյանի դռանը: Սրա համար անձամբ Սարգսյանը չի մեղավոր, բայց դա կապ չունի, Աստվածաշունչն ասում է՝ «Գայթակղությունը պիտի գա, բայց վայ նրան, ում միջոցով կգա»: Երբ Սերժ Սարգսյանը գնում էր իշխանությունը վերցնելու, նա գիտեր, որ բանակցվում է հողերը հանձնելու մասին, եւ ինքն է պատմության մեջ մտնելու որպես հողերը հանձնող ու դավաճան: Հիմա, իր ընտրությունն է. կամ նա հողերը հանձնում է եւ դառնում է  դավաճան, որովհետեւ նա չի կարող ժողովրդին համոզել՝ որ իր 25-30 տարվա տառապանքը, զոհերը զուտ նրա համար էին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ունենա ինչ-որ մի կարգավիճակ:

Այսօր ստեղծված իրավիճակը բոլորովին լավ վիճակ չի, բայց առաջարկվող մյուս տարբերակները շատ ավելի վատն են: Դրա համար Սերժ Սարգսյանը պետք է սկզբունքորեն փոխի դիրքորոշումը, հստակ հայտարարի՝ «այո՛, 22 տարի մենք բանակցել ենք տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքով, որովհետեւ վստահ ենք եղել , որ տասնամյակների բանակցությունները կբերեն նրան, որ կողմերի միջեւ կհաստատվի փոխադարձ վստահության մթնոլորտ, բայց քանի որ դա չի հաստատվում, ընդհակառակը՝ Ադրբեջանն ավելի հայատյաց ու ռազմատենչ է դառնում (գերիների հոշոտումը, դիակների պղծումն այդ ամենի ապացույցն են), հետեւաբար մենք գտնում ենք, որ նախկին սկզբունքների շուրջ բանակցություններ վարելն այլեւս ժամանակավրեպ է»:

-Մեր  իշխանությունների դեպքում դա իրատեսական համարո՞ւմ եք:

-Ոչ, բայց դրա համար աշխարհում ընդունված կարգ կա՝ եթե ես երկրի ղեկավար եմ, տարիներ շարունակ բանակցել եմ ինչ-որ ուղղությամբ, եւ հիմա հասունացել է պահը, որ դա փոխվի, ես տեղս զիջում եմ, մինչեւ իսկ ինքս եմ կազմակերպում՝ 1 օրվա մեջ լրիվ նոր մարդ է գալիս, որը երբեւէ չի խոսել հողեր հանձնելու մասին: Իշխանությունը զիջում ես նրան, որպեսզի նոր մարդն իրականացնի նոր քաղաքականություն, որովհետեւ հին մարդը նոր քաղաքականություն չի կարող իրականացնել:

-Հողերի զիջման մասին խոսակցությունների ակտիվացմանը զուգահեռ Դուք նախաձեռնեցիք Շուշիի հռչակագիրը, որի տակ բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ ստորագրեցին:  Ի՞նչ նպատակ էր այն հետապնդում:

-Նպատակ ունեինք հասարակության կարծիքը հասցնել ե՛ւ մեր իշխանություններին, ե՛ւ համանախագահներին, ցույց տալ, որ հասարակությունը դեմ է հողերի զիջմանը: Մյուս նպատակն ահազանգ հնչեցնելն էր, ոչ մարդիկ սկսեին մտածել դրա մասին, քանի որ մեր հասարակությունը խորը թմբիրի մեջ է եւանգամ այսօր չի ուզում հավատալ, որ կարող են հողեր հանձնվել:

Հարցազրույցը՝ Տաթեւիկ Սարգսյանի, 24.09.2016 թ.


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert