Արմինէ Առաքելան

Այս հոդվածում արտահայտում եմ իմ գնահատականները, վերլուծականները և առաջադրանքներն իբրև ազատ ու քննադատական մտածող մարդ, մասնագետ և ակտիվիստ, ով 20 տարուց ավելի ինտենսիվորեն մասնակցում և պայքարում է շինարարական ոգով ու վճռականությամբ՝ համամարդկային, բայց մանավանդ մեր հայ իրականության ներսում, հանուն ազատության, արդարության, արժանապատվության և սոլիդարության` փորձելով հակակշռել համաշխարհային օլիգարխային և աշխարհակալական օրակարգերին ու ծրագրերին, որոնք նոր փուլ են մտել 1980-ից սկսած: Իսկ ՄԻԺԻ-ի հիմնադրումը 1999-ին, իմ մասնագիտական ու համաշխարհային փորձի իմացությամբ ու անձնական ֆինանսական ռեսուրսներով, հենց այդ շինարարական պայքարի մասն է` ուղղված այն նպատակին, որ մեր հայրենիքում համապատասխան արժեհամակարգով, իմացությամբ ու հմտություններով` նոր որակի քաղաքական ու քաղաքացիական մշակույթով նոր սերունդ կերտվի, որն ընդունակ կլինի ազատ ու գիտակից քաղաքացիականությամբ ինքնիշխան իրավական ու սահմանադրական արդար հայոց պետություն կերտելու: Այս լույսի տակ ես ցանկանում եմ նախ հակիրճ գնահատել՝ ինչ է տեղի ունենում ներկայումս և հետո խոսել մարտահավերների ու առաջադրանքների մասին:

Ա- Էապես տարբեր աշխարհայացքներ ու ռազմավարություններ` մի կողմից ազատ և գիտակից ազգային ու քաղաքացիական ուժեր, մյուս կողմից համաշխարհային օլիգարխիա ու աշխարհակալական ուժեր

Ցավոք, միջազգային մակարդակում ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը չեն աշխատում, և միջազգային հարաբերությունները շարունակում են գործել անհավասար ու անարդար սկզբունքների վրա: Այստեղ գերակշռում են համաշխարհային օլիգարխիայի շահերը և նրան սպասարկող ու նստավայր պետությունները: 1980-ից համաշխարհային օլիգարխիայի կոնսոլիդացումով և ագրեսիվ արշավով` ամեն ինչ արվում է պետությունները թուլացնելու և վերազգային (տրանսնացիոնալ) կորպորացիաների սանձարձակությունների համար ամենաթողության ու անպատժելիության համաշխարհային տարածք ստեղծելու նպատակով: Պետական ինքնիշխանությունը, սահմանները և իրավական դաշտն անզոր են նրանց նկատմամբ, քանի այդ օրենքների դաշտը նրանց չի առնչվում: Իսկ միջազգային իրավական դաշտը դեռևս համապատասխան իրական քաղաքական կամք, օրենսդրություն և ազդեցիկ մեխանիզմներ չի զարգացնում նրանց զսպելու և հաշվետու դարձնելու համար:

Այս համաշխարհային շահագործումն իրականացվում է` շնորհիվ այդ ֆինանական ուժերի և պետությունների հզոր մտավոր ու տեխնոլոգիական քաղաքականությունների, որոնց առանցքը սանձարձակ ֆինանսական սպեկուլացիան, նյութն ու փառքն է, և որոնց տիրապետությունը ծառայում է փոքրաթիվ գերհարուստ «քաղաքակիրթ ու արդիական» քրեական օլիգարխիայի նեղ անձնական ու խմբակային շահերը բավարարելուն: Դրա ծանր գինն են վճարում մարդիկ, ազգերը, պետությունները, մարդկությունը, բնությունը, երկրագունդը:

Մարդկության պատմության մեջ աննախադեպ այդ նոր աշխարհակալական գաղափարը սկսեց իրականացվել 1980-ից, ագրեսիվ քաղաքականությամբ և իր շահերի համաձայն սկսեց տրանսֆորմացնել համաշխարհային զարգացումները` օգտագործելով արդենիսկ սպառված Սառը պատերազմն ու ժամանակավրեպ դարձած երկբևեռ տիրակալական աշխարհը:

Բեռլինի պատի փլուզումով` 1990-ից սկսած, աշխարհակալական ծրագրերն ու քաղաքականությունները հիմնականում վերափոխվեցին: Միջազգային հարաբերություններում «Զարգացման օգնություն», «Ժողովրդավարության օգնություն» և «Մարդու իրավունքների պաշտպանություն» կոչված օրակարգերը դարձան առանցքային օրակարգեր, իսկ դրանց մեկնաբանության և կիրառման վերաբերյալ պայքարը նոր փուլ մտավ:

Պայքարի մի կողմում աշխարահակալական դիտանկյունն է. այս դիտանկյունից` վերոնշյալ օրակարգերը համարվում են համաշխարհային օլիգարխայի և աշխարհակալական աշխարհաքաղաքականությունը պարտադրելու հիմնական քաղաքականություն` լեգիտիմացնելով նրանց սանձարձակ միջամտությունները ներազգային և ներպետական տարածք: Նրանց հիմնական ռազմավարական նպատակներից է՝ ազգ-պետությունների թուլացումը և նոր պետությունների չկայացումը իբրև իրապես ինքնիշխան պետություններ:

Նրանք սա կարողանում են իրականացնել սպառողական հոգևոր-մշակութային արժեքների տարածման, մտքի ու գաղափարների մանիպուլացման միջոցով` ապահովում են նյութական գերարտադրության սպառումը, բնական ու մտավոր ռեսուրսների կենտրոնացումը և ուղղումը դեպի համաշխարհային օլիգարխիան և դրան սպասարկող նստավայր-պետությունները: Իսկ ֆորմալ առումով ինքնիշխան պետություններն ունենում են ժողովրդավարական համակարգեր, որտեղ ընտրությունների մեխանիզմն առանցքային գործիք է դառնում այդ պետությունների ներքին տնօրինումը մանիպուլացնելու ու կառավարելի դարձնելու և արտաքին շահերի համապատասխան օգտագործելու համար: Այս քաղաքականության մեջ ներքին քաղաքական ուժերը, գործիչներն ու էլիտաները՝ մասնագետներ, մտավորականներ, հրապարակախոսներ, այլասերվում են:

Նրանց մասնաբաժին է տրամադրվում համաշխարհային օլիգարխայի կուտակած շահի բաժնից, իսկ փոխարենը` ապահովվում է նրանց լիարժեք հավատարմությունը, կախվածությունը և ծառայումը վերջիններիս ծրագրերին, որոնք, որպես կանոն, հակասում են մարդկային և ներազգային շահերին: Այն անհատներն ու կառույցները, որոնք մերժում են նման համագործակցությունը, դուրս են մղվում կամ չեզոքացվում են ու փոխարինվում են ուրիշ կամակատարներով/խրտվիլակներով:

Աշխարհակալական այդ աշխարհահայացքում մարդկանց, ազգերի ու պետությունների ամբողջ ներքին համակարգը կառավարելի է դառնում` ըստ համաշխարհային օլիգարխայի շահերի: Ֆինանսական ու առևտրային միջազգային կազմակերպություններն այդ օրակարգերն ու ծրագրերը նրբորեն իրագործելու հիմնական գործիքներից են` իրենց ներքին ու արտաքին փորձագետների բանակներով, արտաքին վարկերի ու դրանց հետ եկող պայմանների թելադրանքով, այսպես կոչված «ներքին, իբրև թե մասնակցային պրոցեսներով», որոնցում բացառվում կամ չեզոքացվում են ժողովուրդն ու նրա առողջ տարրերը (եթե իհարկե դրանք ունեն իրենց ինքնուրույն օրակարգերն ու ծրագրերը):

Մշակվում են այսպես կոչված «պետության զարգացման» օրակարգեր ու ծրագրեր, որոնք հիմնականում ծառայում են այդ արտաքին շահերին: Ստերիլ են դարձնում, լուսանցքավորում/մարգինալացնում են առողջ ինքնուրույն ու ինքնիշխան ուժերի գոյացումն ու զարգացումը պետություններում, իսկ եթե անգամ նման ուժեր լինում են, ապա դրանք «սպիտակ ագռավի» կարգավիճակ են ստանում. կառավարելի այլասերված էլիտաները թե՛ քաղաքական և թե՛ ոչ-կառավարական/ՀԿ դաշտի միջոցով փորձում են նրանց չեզոքացնել:

Որևէ օրակարգ ու ծրագիր, որն ուղղված է ազատ ու գիտակից քաղաքացիանության զարգացմանն ու նաև ինքնիշխան մարդ-անհատի, հասարակության ու պետության հաստատմանը, վտանգ է այս արտաքին ուժերի համար: Նրանց հարկավոր են բթացվող ու մանիպուլացվող սպառող էակներ, զոմբիորեն ընտրություններին մասնակցող և կամակատար/խրտվիլակ քաղաքական ուժերին ու գործիչներին քվե տվող հավաքականություններ ու ձևական ֆորմատով պետություններ, առանց որևէ արգելակող և խոչընդոտող սահմանների, մանավանդ՝ հոգևոր, մշակութային ու մտավոր իմաստով:

Մեր՝ ազատ ու գիտակից մարդ-անհատներիս, քաղաքացիական ու մարդու իրավունքների ակտիվիստներիս ու գործիչներիս դիտանկյունից, մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ընտրությունները ժողովուրդների, ազգերի ու պետությունների ՆԵՐՔԻՆ ստեղծագործական գործընթացներ են: Այս մոտեցումը հակակշռում է աշխարհակալական ու նոր գաղութատիրական քաղաքականություններին, որոնք ժողովրդավարությունն ու ընտրություններն օգտագործում են իբրև տեխնոլոգիա դրսից-ներս և վերևից-ներքև թելադրելու և պարտադրելու, ժողովուրդներին ու պետություններին տիրելու մոդելներ` իրենց հետ դաշնակից դարձնելով ներքին այլասերված էլիտաներին: Այդ պայքարը մենք շարունակում ենք մինչ այսօր:

Սա պայքար է էապես տարբեր ու իրարամերժ արժեհամակարգերի միջև, մարդու և ազգերի իրավունքների ու զարգացման քաղաքականությունների միջև, հանուն ազատ մարդու և ազատ ազգերի` արդար ու սոլիդար համակեցության և կառավարման մոդելների կերտման ու կենսագործման: Մենք պայքարում ենք շինարարական ոգով և համակարգային դրական ու արմատական փոփոխություններ իրականացնում:

Մի կողմից համաշխարհային օլիգարխայի և մյուս կողմից՝ ազատ ու գիտակից ազգային ու քաղաքացիական առողջ ուժերի միջև պայքարը գնում է հիմնականում հոգևոր-մշակութային, մտավոր ու իմացության հարթություններում:

Համաշխարհային օլիգարխիան ձևավորում է բթացվող ու մանիպուլացվող էակներ, էլիտաներ, կառավարություններ, կուսակցություններ, ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ, պետություններ… Իսկ մենք՝ ազատ ու գիտակից մարդ-անհատներս, քաղաքացիական գործոններս, ձգտում ենք խթանել ազատ ու գիտակից մարդ-անհատի և ազգերի կերտումն ու ներդաշնակ համակեցությունը, ստեղծել արդար ու համերաշխ հասարակություններ և իրապես ներքին շահերից բխող, ինքնուրույն, ազատ, արդար ու սոլիդար արժեհամակարգի վրա հիմնված քաղաքական, քաղաքացիական, մշակութային, սոցիալական ու տնտեսական համակեցության մոդելներ, ինքնիշխան պետություններ:

Այս պայքարն անհավասար է, քանի որ ուժերի հարաբերակցությունն ի օգուտ իրենց է: Հիմնական խնդիրը ուժերի հարաբերակցության այդ նժարն ի շահ մեզ փոխելն է: Դա կարող է կատարվել հիմնականում արժեհամակարգի, հոգևոր-մշակութային, իմացության հարթություններում և ոլորտում` ինքնուրույն օրակարգեր, խաղի կանոններ, ծրագրեր ու քաղաքականություններ մշակելով, ու նպաստելով, որ վերջիններս զանգվածային մակարդակով յուրացվեն ու կիրառվեն:

* * *

Ընտրությունները իբրև գործիք. 2008-ի և 2013-ի ընտրությունները

Հայաստանում Ընտրությունները հիմնական գործիք են այդ արտաքին ուժերի և ներքին առողջ ուժերի միջև փոխհարաբերակցությունն ի շահ իրենց պահելու ու կառավարելի դարձնելու իմաստով: Այստեղ դա կատարվում է «ժողովրդավարության և ընտրությունների օժանդակության» օրակարգի ու ծրագրերի միջոցով: Ընտրությունը միայն մի գործիք է. այն իմաստ է ստանում և իրական արդյունք է ունենում այն դեպքում, երբ կիրառվում է իրական ժողովրդավարության մեջ: Իրական ժողովրդավարությունը կարող է գոյություն ունենալ և զարգանալ, երբ կա ազատ ու գիտակից քաղաքացիականություն, երբ կան քաղաքական զանազան ինքնուրույն ծրագրեր, որոնք ազատ ու գիտակից քաղաքական դեբատների ու դիսկուրսների միջոցով հրամացվում են ժողովրդին, մարսելի են դարձվում և առիթ են տալիս դրանց միջից գիտակից ընտրություն կատարելու:

Սակայն, 1990-ականների կեսերից ընտրական գործընթացն օգտագործվում է իբրև աշխարհակալական առանցքային օրակարգ, որի լեգիտիմությունն անձեռնմխելի է և չի կարելի հարցականի ենթարկել: Ժողովրդավարության բովանդակությունը ստորացվում է ու պայմանավորվում է զուտ ընտրություններով: Խաղի կանոնները դրված են և բոլորը պարտադրվում են խաղալ նույն խաղը, նույն օրենքներով: Ձևավորվում են ձևական իշխանական և ընդիմադիր բևեռներ, քաղաքական ուժեր, անընդհատ կոսմետիկ իմաստով սահմանադրություններ ու օրենսդրություններ են մշակվում և բարեփոխվում:

Կարևոր է, որ ուշադրությունը սևեռվի այդ ձևականությունների վրա՝ այդպիսով շեղելով ներազգային ուշադրությունն ու էներգիան, որպեսզի այն չուղղվի իրական, խորքային քաղաքական ու քաղաքացիական ծրագրերի, մշակույթի և գործոնների գոյացման ու զարգացման օրակարգերին, ծրագրերին ու քաղաքականություններին: Այդ ձևական խաղում չկա իրական քաղաքացիական շահերի ներառում քաղաքական պրոցեսներում (մասնակցային իմաստով), չկա իրական դիսկուրս ու դեբատ: Այդ բեմադրության մեջ են մտնում կեղծ ու դրսից կառավարելի դարձած կուսակցություններ ու քաղաքական ուժեր, ձևական ծրագրեր, հրաշալիորեն կառավարված, բթացնող ու մանիպուլացնող ԶԼՄ-ներ ու հրապարակախոսներ, որոնք մակերեսային ու անմակարդակ նյութերով ավելի են մանիպուլացնում ու շեղում քաղաքացուն:

Այդ խաղի հիմնական մարտահրավերն այն է, որ ընտրություններում ֆիզիկական մասնակցություն ապահովվի, խաղը հետաքրքիր լինի և մնա օրակարգային, կարևոր է, որ լինեն ձևական երկու բևեռներ, ձևական քարոզարշավ և նախապես կանխորոշված արդյունքներ: Ինչպես բազմիցս գրել ու արտահայտվել եմ, Հայաստանի ներկա համակարգը քրեաօլիգարխիկ համակարգ է և այն սպառված է: Սպառված են էլիտաները և նրանց գործառույթները: Նաև եկել է մի նոր սերունդ, որն ավելի ինքնուրույն է, որը քաղաքացիականության առողջ ծիլեր է ընդգրկում ու պոտենցիալ է արտահայտում: Համաշխարհային օլիգարխիան արդեն միառժամանակ է (կասեի մոտ 6-7 տարի) ամեն ինչ փորձարկում է` ներքին քրեական գավառական օլիգարխիայից ձերբազատվելու և «արդիական» սակայն կրկին քրեական, բայց այս անգամ քաղաքակիրթ համաշխարհային օլիգարխայի նորմերով ու դրան ծառայող համակարգ հաստատելու համար:

2008թ-ի նախագահական ընտրական գործընթացներն այն նույն սցենարի շրջագծում էին, որ տեղի ունեցան Աֆրիկայի ու արաբական աշխարհի պետություններում՝ արյունահեղություն, կապիտուլացիա, ավելի կառավարելի էլիտա և թուլացած պետական համակարգ: Մենք տասը զոհով այդ գինը վճարեցինք, քանի որ «կայունությունը» հիմնական է մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականության համար:

Սակայն դրանից հետո մեր պետությունը կապիտուլացվեց, արտագաղթի ծավալներն ավելացան, պետությանը պայմաններ թելադրվեցին և ավելի մեծացավ էլիտայի կախվածությունն արտաքին ծրագրերից: Այս վերջին նախագահական ընտրությունների ծրագիրն ավելի նման է հարևան Վրաստանի սցենարին: Երեք հիմնական քաղաքական ուժերը, որ սպառված են և այս կամ այն ժամանակ իշխանություն են եղել, պիտի չմասնակցեին և բեմը թողնեին երկու բևեռի՝ իշխանությանը և այնպիսի ընդդիմադիր ուժի, որն իշխանություն չի եղել և որն «արդիական» ժողովրդավարություն ներշնչելու կերպար ունի. դա Րաֆֆի Հովանիսյանն ու «Ժառանգություն» փոքր կուսակցությունն են, որոնք, իհարկե, համակարգի մասն են եղել տարիներ ի վեր: Իսկ մյուս թեկնածուները պիտի լինեին ոչ վտանգավոր և խաղը չվտանգող, բայց հետաքրքիր պահող: Երբ ուշադրությունն ու հետաքրքրությունը նվազում էր, բեմադրվում էին դիվերսիոն իրադարձություններ՝ մահափորձ, կեղծ էպոսային խաղարկություններ: Իսկ ԶԼՄ-ների և հրապարակախոսների դերն այս խաղը գիտակցաբար կամ անգիտակցաբար լեգիտիմացնելն էր:

Ընտրությունների արդյունավետությունն արտաքին այդ սցենարի համար այն էր, որ ընտրությունը չվարկաբեկվի և ապահովվի ֆիզիկական մասնակցությունը: Այստեղից էլ` չմասնակցող կուսակցությունների, ինչպես օրինակ ՀՅԴ և այլն, մասնակցությանն ուղղված կոչերը ճիշտ ընտրությունների նախօրեին: Ընտրազանգվածի 60% մասնակցությունը, ըստ սցենարի, լեգիտիմություն է հաղորդում ընտրությանը և արդեն իսկ նախապես գծագրված ու նույնիսկ «գուշակած» թվերին` 58%-ն ընդդեմ 38%-ի: Ըստ սցենարի` ապահովված է իշխանական ու ընդդիմադիր բևեռների գոյությունը, և հետո արդեն կարող է քաղաքակիրթ կերպով տեղի ունենալ համակարգի ձևափոխումը դեպի խորհրդարանական կառավարման: Սակայն այս ամենի իմաստը և արդյունքը հիմնական սոցիալ-տնտեսական և մշակութային «բարփոխումների» ամբողջ մի ծրագիրն է, որը բամբակե հեղափոխության ու էյֆորիաների միջոցով ձգտում են իրագործել Հայաստանում:

Այո, կզսպվի գավառական հայ օլիգարխան, ինչը շատ լավ է: Բայց մեր հասարակությունը և ժողովուրդը դեռ ամբողջովին չգիտի և չի գիտակցում համաշխարհային գեղեցիկ ու բամբակե օլիգարխայի համը, չի ճանաչում իսկական հրեշին, որը 21 տարի շարունակ ամեն ինչ արել է, որ մենք ինքնիշխան հզոր պետություն չդառնանք` 4 միլիարդ ԱՄՆ դոլարի արտաքին պարտք է պարտադրել ու դրել մեր սերունդների վզին` ամբողջովին թելադրված պայմաններով, Առևտրի Միջազգային Կազմակերպությանն անդամակցելով մեր ներքին գյուղատնտեսությունն արմատախիլ են արել, երկիրը օֆշորային հանքարդյունաբերության զոհն են դարձրել, և այս ամենը` մեր մտավոր ու բնական ռեսուրսների թալանի գնով: Եվ ըստ այդ ծրագրերի` այս թալանն ավելի է սաստկանալու. տեսեք Հունաստանի, Իսպանիայի և այլ ավելի զարգացած պետությունների ապամոնտաժումը հենց շնորհիվ այդ համաշխահային օլիգարխiայի ծրագրերի, նրանց գեղեցիկ ու արդիական ֆորմատների ներքո:

Սակայն մանավանդ հետխորհրդային երկրներում էլիտաները, մտավորականներն ու մասնագետները հիանում են Արևմուտքով և քննադատաբար չեն մոտենում համաշխարհային քաղաքականություններին. տեղական օլիգարխիան իրավացիորեն քննադատելով` աչքերը փակում են համաշխարհային օլիգարխիայի, նրա ծրագրերի ու խաղի կանոնների վրա:

Երբ այս տարածաշրջանի քաղաքական ու քաղաքացիական գործիչներին առաջարկում ենք իրենց ինքնուրույն օրակարգերը մշակել, նրանք կարծես գրում են իրենց սեփական օրակարգերը, սակայն իրականում նրանք վերարտադրում են այն, ինչ առաջարկում են միջազգային ու ֆինանսական կազմակերպություններն իրենց օրակարգերով: Այդ տեղական էլիտայի ներկայացուցիչների մի մեծ մասն աշխատում է, օրինակ, Համաշխարհային բանկի կամ Արժույթի միջազգային հիմնադրամի նման ֆինանսական կառույցներում կամ ֆինանսավորվում է դրանց կողմից, ուստի այդ կառույցների գաղափարախոսությունը նաև իրենց մտածողության մասն է կազմում ու նրանք վերարտադրում են դա:

Օրինակ` մի կողմից սոցիալ-տնտեսական անհավասար ու անարդար ծրագրեր իրականացնելուն ուղղված պայմաններ թելադրող վարկեր վերցնել ու պետությանն արտաքին պարտքի տակ դնել, մյուս կողմից հաղթահարել աղքատությունը… մի՞թե այս երկուսը համատեղելի են: Առավել ևս, մի՞թե այդ պայմաններում կարելի է ազատ ու ինքնիշխան պետություն զարգացնել: Եվ այս ծրագրերը ստեղծում են մասնակցային ֆորմատներ ձևական բեմադրություններով, վերցնում են այն մտքերը, որ առաջարկում ենք ազատ ու գիտակից ազգային ու քաղաքացիական գործոններս, կեղծ ու ճկուն կերպով բեմադրում դրանք, քանի որ այլասերված տեղական էլիտան նույնպես մեղսակից է և այդ արտաքին ուժերի կողմնակիցն է:

Միևնույն ժամանակ հանրությունը մեկուսացված է մնում գործընթացներից և մանիպուլացվում է ամեն տեսակի հնարքներով` բթացնող սերիալներից մինչև անմակարդակ կրթական համակարգ, մինչև ամբոխավարական քաղաքական ու քաղաքացիական բեմադրություններ: Այդ արտաքին ուժերի ու իրենց կամակատար ներքին այլասերված էլիտաների համար կենսական է, որ քաղաքական ու քաղաքացիական մշակույթն ու գիտակցությունը մնան շատ ցածր մակարդակի վրա, որպեսզի ամեն տեսակի մանիպուլացիաները հնարավոր լինի հաջողել:

* * *

Բ- Մարտահրավերներ և ռազմավարական սկզբունքներ` հանուն նոր որակի ինքնիշխան սահամանադրական ու իրավական հայոց պետականշինության

Մեր` առողջ ուժերիս խնդիրն ու մարտահրավերն էր և հիմա էլ մեր խնդիրն ու մարտահրավերն է մնում այդ ամենին հակակշռելը ստեղծագործական ու շինարարական ոգով և գործով: Դրա համար էլ, արդեն տարիներ է` փորձում ենք ազատ ու գիտակից քաղաքացիականություն կերտել և նոր սերունդ սնել մեր հայրենքիում:

Ձգտում ենք օրակարգի վրա բերել հիմնախնդիրները և ընկալել մեզ պարտադրված իրականությունը` իր զավեշտով/ֆարսով և դաժանությամբ, ընդունել այն, փորձել հակակշռել ու վերափոխել դրական համակարգային փոփոխություններով: Մենք առայժմ չենք կարող կասեցնել այդ արտաքին քաղաքականությունները և դա գիտակցում ենք, սակայն հավատարիմ մնալով մարդկային ու ազգային վեհ արժեհամակարգին` ինքինշխան ու ճկուն նավարկում ենք և այդ ամեն պրոցեսներում հիմնական մեր ռազմավարությունը (ինչպես եղել է անցյալ 13 տարիներին) ինքնուրույն, հզոր ՄԱՐԴ, ԱԶԳ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ կերտելն է` մտքով ու հմտությամբ, կոնցեպտուալի ու գործնականի ներդաշնակությամբ:

Գիտակցելով համաշխարհային ու ներքին էլիտաների այլասերվածությունները, ռազմավարությունները և խաղի կանոնները` ձգտում ենք ազատ կամք ձևավորել, չխաբվել ու չմանիպուլացվել և համարձակ, քայլ առ քայլ կերտել սահմանադրական ու իրավական մեր արդար ԻՆՔՆԻՇԽԱՆ պետությունը, որը հոգևոր-մշակութային Հայաստանն է` մեր ազգային և համամարդկային հոգևոր-մշակութային, մտավոր ժառանգության ու ներուժի վրա հիմնված ու այն զարգացնելով:

Ռազմավարական սկզբունքներ և առաջադրանքներ՝

Ազատ ու գիտակից մարդիկ ու ազգերը` մենք, մեր ազատ կամքով պետք է մեր օրակարգերը, ծրագրերը, քաղաքականություններն ու խաղի օրենքները ներգործուն կերպով մշակենք և ՄԻԱՅՆ ու ՄԻԱՅՆ այդ դաշտում ստեղծագործենք ու կենսագործենք և երբեք հակառակ արժեհամակարգը կրողի ու պարտադրողի խաղի օրենքներով Ո՛Չ խաղանք և Ո՛Չ էլ ԽԱՂԱԼԻՔ դառնանք: Հանուն քաղաքացիական, իրավական ու սահմանադրական հայոց պետության կերտման, առանց դիմակների, պետք է թույլ չտանք այլասերված ու արատավոր «թաքուն համաձայնության խավար ոգով» տարիներ գործող քաղաքական էլիտայի դավադրությունները:

1) Ճիշտ է, կան արտաքին սցենարներ, բայց երբ կա գիտակից քաղաքացիականություն, տարբեր ազատ ու գիտակից անհատներն ու համախմբումերը հետևողականորեն մի կողմից՝ ճանաչում ու բացահայտում են այս գաղափարները, ծրագրերն ու սցենարները, իսկ մյուս կողմից` իրենց արժեհամակարգով ու մտավոր ռազմավարություններով կարողանում են նաև ներգործուն ազդել ու հակակշռել պրոցեսներին, փոխել դրանց ընթացքը ի շահ մարդկային ու պետական շահերի: Մենք սթափ և զգոն ենք, ներազդում ենք հոգևոր-մշակութային, մտքերի ու գործերի դաշտում` փորձելով նոր փուլ մտցնել քաղաքացիականության ու սահմանադրականության վրա հիմնված քաղաքական պայքարը: Նոր որակի քաղաքականություն կերտել ու իրականացնել:

2) Նոր որակի քաղաքականությամբ ինքնիշխան պետություն հիմնելու նախապայմաններից է նաև այն, որ նաև որ հաստատվի ճշմարտությունը և այլասերված էլիտաների ինքնամաքրում տեղի ունենա, և մարդը, հանրությունը և ազգը բյուրեղանան: Ժողովրդին պետք է հարգել. սա նշանակում է, որ նրա նկատմամբ պետք է ճշմարիտ լինել` ոչ հերոսացնել նրան և ոչ էլ փնովել, այլ հարգել ու սնուցել ճշմարտությամբ և վեհ արժեքների վրա հիմնված քաղաքական օրակարգով ու ճանապարհացույցով: 21 տարի շարունակ սխալներ գործած էլիտաներին չի կարելի վստահել, եթե նրանք իրապես ու խորքային իմաստով չինքնամաքրվեն, նրանց սխալները չքողազերծվեն, քաղաքական և/կամ քրեական պատասխանատվության և հաշվետվության չենթարկվեն և իրենց սխալները չուղղեն: Հակառակ դեպքում ամենաթողությունը և անպատժելիությունը կրկին նրանց թույլ կտան սխալներ գործելու ազգի ու պետության սնանկացման հաշվին: Մեզ համար սա սկզբունքային իմաստով անթույլատրելի է, իսկ ռազմավարական իմաստով` անզիջելի: Պիտի ճշմարիտ բյուրեղացում տեղի ունենա հանրության ու ազգի մեջ, որպեսզի հնարավոր լինի հոգևոր-մշակութային և մտավոր նոր որակ զարգացնել:

3) Մեզ համար երիտասարդության բթացումն ու մանիպուլացիան ևս սկզբունքային իմաստով անթույլատրելի են, իսկ ռազմավարական իմաստով` անզիջելի: Նոր որակի առողջ նոր սերնդի ստեղծագործականության զարգացումն ու ներգործունությունը կատալիստի դեր ունեն: Սա ևս նախապայման է հանրության ու ազգի մեջ հոգևոր-մշակութային և մտավոր նոր որակ զարգացնելու համար: Երիտասարդությանը չպետք է վերահսկել ու վերահսկելի դարձնել, այլ պետք է ներշնչել վեհ ու առաքինի մտքով ու ոգով: Վստահաբար, մեր ազգին ու երիտասարդությանը միավորողն ու ներշնչողը ո՛չ Սերժ Սարգսյանը կարող է լինել, և ո՛չ էլ այլասերված էլիտաները, ինչպես ակնարկում են ոմանք: Առողջ երիտասարդությունն այն տարրն է, որից վախենում են և որին փորձում են ԿԱՌԱՎԱՐԵԼԻ դարձնել բոլոր այն մարդիկ և ուժերը որոնք ազատ, արդար ու արժանապատիվ չեն և իրականցնում են իրենց թելադրված սցենարները:

Մեր երիտասարդությանը, որը ժառանգել է մեր ազգի դարերի ստրկամտության ու գաղութացման արատները, պիտի կրթենք, օրինակ դառնանք ու ներշնչենք՝ ազատության, արդարության և արժանապատվության/սոլիդարության արժեքներով, հանուն ազատատենչության, ազատամտության և իրենց կողմից քննադատական մտքի զարգացման ու կիրառման, որպեզի նրանք ձգտեն մեզ հետ միասին ձեռնամուխ լինել հոգևոր-մշակութային մարդ-անհատի ու ԻՆՔՆԻՇԽԱՆ հայոց պետության կերտման վեհ գործին: Մեր երիտասարդությունը ազատ ու արժանապատիվ թռիչք պիտի կատարի իր սեփական թևերով՝ իր սեփական ԱԶԱՏ ԿԱՄՔՈՎ. մենք նրանց կարող ենք տալ կողմնացույցը և այն օգտագործելու իմացությունն ու իմաստությունը:

4) Նոր որակ զարգացնելու համար անհրաժեշտ է նաև համամարդկայինի և քաղաքականության իգական ու արական կողմերի ներդաշնակ ստեղծագործականությունը. դա կարող է պայմանավորված լինել կոնկրետ մարդու կամ գործչի` տղամարդ կամ կին լինելով, սակայն սեռը նախապայման չէ: Ես խոսում եմ Արևմուտքում` Գյոթեների, Դանթեների ու Մաքիավելիների մասին, Արևելքում` Կոնֆոցիուսների, Լաո Ցզիների, Գանդիների մասին: Նրանք տղամարդիկ էին, բայց ներդաշնակում էին համամարդկայինը և իգական ու արական կողմերը: Արական կողմն ավելի ուժային է, կտրուկ, մակերեսային (երևացող, բացահայտ), ինչն անհրաժեշտ է քաղաքականության մեջ, իսկ իգական կողմում խորքայինն (անտեսանելին) ու ինտիուտիվն է, հոգատարությունն է, համերաշխության, կոնսենսուսի, համախմբման ստեղծումը: Սա Արևելքի կամ Արևմուտքի սեփականությունը չէ, սա համամարդկային իմաստություն, հարստություն և ժառանգություն է:

Հայ ժողովրդի գիտակից գործիչները, ինչպես Կոստան Զարյանները, գիտակցել են այդ հոգևոր-մշակութային հարստությունը, դրա խաչմերուկներից են եղել, դա յուրացրել ու վերաիմաստավորել են հայ ազգային մտքի ու ստեղծագործական ոգու զարգացման մեջ:

Ուստի մենք պիտի մեր երիտասարդներին ու ժողովրդին սրանով սնուցենք, փոխանակ գավառական տգետ ու սնապարծ քաղաքականության մեջ նրանց մտցնելու: Երիտասարդները պետք է կարդան, պետք է սովորեն, ոչ թե միայն ֆեյսբուքում կամ հեռուստատեսության առջև ժամանակ անցկացնեն: Պետք է սնուցվել ու սովորել բոլոր մշակույթներից ու ժողովուրդներից, մինչդեռ մեզ մոտ տգիտորեն չեն սովորում ու վերիմաստավորում սեփական ժառանգությունը և միաժամանակ վերևից են նայում, օրինակ, Հարավի ժողովրդներին (աֆրիկացիաներին, լատինամերկացիներ), որոնցից ոմանք քաղաքացիական ու քաղաքական համերաշխության մոդելների ստեղծման ձգտումի և փորձարկությունների իմաստով մեզանից առաջ են վերջին տասնամյակներում:

Ինքնիշխան պետության արժեքը հիմնականում հոգևոր-մշակութային ու մտավոր արժեքներին ու հարստությանը տեր կանգնելն է, դրանք արդի ժամանակշրջանի կոնտեքստում վերիմաստավորելը, կամուրջ ու առանցք հանդիսանալը` սերունդների միջև այդ հոգևոր-մշակութային ստեղծագործականության և հարստության գիտակցությունն ու ոգին սերմանելու և ծաղկեցնելու համար:

5) Ինքնուրույն և ինքնիշխան քաղաքական օրակարգ ու ճանապարհացույց մշակել ու կիրառել, ազատ ու գիտակից քաղաքացիականության միջոցով հասարակաշինություն և պետկանաշինություն ձեռնարկել:

ա- Կոնկրետ պատասխաններ են պետք` ի՞նչ ենք անելու 4 միլիարդ ԱՄՆ դոլար արտաքին պարտքի հետ` միաժամանակ իրապես հաղթահարելով աղքատությունը, ի՞նչ ենք անելու հանքարդյունաբերության, ինչպես օրինակ Թեղուտի հետ, ինչպե՞ս ենք արմատապես վերափոխելու մեր կրթական, գիտական և արվեստի համակարգերը, որպեսզի ազատ ու քննադատական մտքով քաղաքացիներ ու մասնագետներ կրթենք ու ապահովենք նրանց աշխատանքն ու ստեղծագործականությունը մեր պետության զարգացման համար:

Ինչպե՞ս ենք ապահովելու մեր բնակչության սնունդը, երբ առողջ գյուղատնտեսությունը կործանում են, պահեստները դատարկ են ու միայն սուպերմարկետներ են բացվում աջ ու ձախ: Ինչպե՞ս ենք արմատախիլ անելու բռնության մշակույթն ընդհանրապես և մանավանդ ընտանիքում, բանակում, աշխատավայրում: Ինչպե՞ս ենք ապահովելու կանանց զարգացման և ներառման գործընթացները հանրային կյանքում, առողջ սերունդների գոյացումն ու զարգացումը մեր հայրենիքում: Ինչպե՞ս ենք պահապանելու և զարգացնելու մեր էկոհամակարգն ու բնաշխարհը, ինչպե՞ս ենք նախագծելու ու զարգացելու հանրային ազատ տարածք և ոլորտը:

Եվ վերջապես, ինչպե՞ս ենք ներկա դրության մեջ համապարփակ հայկական մշակույթ կերտելու քաղաքական, քաղաքացիական, մշակութային, սոցիալական և տնտեսական ոլորտներում` վերիմաստավորելով ազատության, արդարության ու սոլիդարության արժեքները և այլն… Ոչ ոք չի կարողանում ազգի շահի դիտանկյունից քաղաքական հստակ պատասխաններ տալ այս հարցերին: Որովհետև ոչ ոք չունի այդ պատասխանները, և լուծումները չեն մշակվել: Պատասխան չունենալն ամոթ չէ, պետք է ուղղակի դա անկեղծորեն ընդունել ու ձեռնամուխ լինել հիմնախնդիրների մարդակենտրոն ու պետականամետ լուծմանը, դրանց մշակմանը` իրապես ներառելով հանրությանն ու ժողովրդին:

Մենք չենք կարող համաշխարհային օլիգարխիայի տիրակալական/նոր-ազատական աշխարհում գոյատևել ու զարգանալ սուպերմարկետներ բացելով, բնական ու մտավոր ռեսուրսների քաքայումով: Մենք ունենք բնական և մտավոր ռեսուրսներ, կարիք ունենք զարգացնելու գյուղատնտեսությունը` սեփական ժողովրդին կերակրելու համար, և հիմնելու մեր տնտեսությունը մտավոր ռեսուրսների ու բարձր տեխնոլոգիաների վրա… այս ռեսուրսները մեր մեջ կան, սակայն պետք է դրանք ճիշտ հունով ուղղել ու զարգացնել:

բ- Խորքային և իրական այլընտրանքային քաղաքականություն` նշանակում է նոր որակ արժեհամակարգի, համակեցության մոդելների ու նաև կառավարման համակարգի իմաստով:

Ինքնիշխան սահմանադրական-իրավական պետության կերտման համար հայ ժողովրդին անհրաժեշտ են քաղաքականության արմատական վերանորոգում, ոչ թե ձևական, այլ բովանդակային ու խորքային: Սա նշանակում է` նոր որակի քաղաքականություն, քաղաքական ինստիտուտներ և ուժեր, նոր բովանդակությամբ և ձևերով քաղաքականության մշակում, ձևավորում ու իրականացնում: Դա պիտի հիմնված լինի ազատության, արդարության և արժանապատվության/սոլիդարության արժեհամակարգի վրա, և պետք է բխի մեր հոգևոր-մշակութային արժեքներից, այլ ոչ թե արտաքին քաղաքականությունների և համաշխահային օլիգարխիայի շահերից:

Դա պիտի հիմնված լինի ազատ ու գիտակից քաղաքացիականության զարգացման ու ներառման վրա` բոլոր քաղաքական պրոցեսներում: Սա տարբեր է զուտ սպառող մարդուց և ձևական կեղծ քվեարկությունը լեգիտիմացնելուց` այն, ինչ 1980-ից սկսած կատարվում է համաշխարհային մակարդակում: Ներկա ժամանակաշրջանն ազատ ու գիտակից քաղաքացիականության կերտման ժամանակն է ամենուրեք, որտեղ հանրությունը տեր է իր անհատին, հասարակությանը, պետությանը և երկրագնդին, և դրանով հակակշռում է խրտվիլակ սուտ քաղաքականություններին, քաղաքական գործիչներին ու բեմադրություններին: Համակարգային դրական փոփոխությունը երեք հիմնական հարթությունում կարելի է ձևակերպել.

1. Արժեքային համակարգ՝ ազատություն, արդարություն և արժանապատվություն/սոլիդարություն, որից բխում են մարդու իրավունքներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը: Մեր պետության սահմանադրության մեջ դրանք ամրագրված են, բայց մեր էլիտայի և ժողովրդի մեջ համատարած ընկալված և պատկերացված չեն, համապարփակ մշակույթի մաս չեն, դրա համար էլ վերաիմաստավորման գործընթացները կենսունակ չեն:

2. Համակեցության մոդել. թեև սահմանադրության մեջ գրված է սոցիալական պետություն, բայց ի՞նչ համերաշխության մոդելներ ենք մենք ստեղծում: Ամեն ավանդույթ չէ, որ լավն է, ամեն ավանդույթ չէ, որ վատն է, դրանք պետք է վերաիմաստավորել: Ներկա նոր-ազատական նյութապաշտ աշխարհում համերաշխ հասարակություն և համազգային համակեցության նոր որակի մոդելներ պետք է ստեղծենք, որոնք էապես տարբեր կլինեն ներկա քրեաօլիգարխիկ համակարգից. սա էլ մենք իբրև հավաքականություն դեռևս չենք կարողացել պատկերացնել ու մշակել:

3. Կառավարման համակարգ՝ ինչո՞ւ նախագահական կամ ինչո՞ւ պառլամենտական: Մենք կապկել ենք և վերարտադրում ենք նախագահականը, հիմա էլ օրակարգ է բերվում պառլամենտականը: Ինչո՞ւ մեկը կամ մյուսը, ինչո՞վ է դա հարիր այն Հայաստանին, որ մենք ազգովի ուզում ենք կերտել: Հնարավոր է` ստեղծենք մի նոր կառավարման համակարգ:

Մեր ժողովրդի ու հանրության հիմնախնդիրները և այդ պահանջատիրությամբ ինքնուրույն քաղաքացիական պայքար մղողները, Հայաստանում և սփյուռքում, հիմնականում ներառված պիտի լինեն այդ նոր որակի քաղաքականությունների մշակման գործընթացներում, իրական, այլ ոչ ձևական կերպով, ոչ նրանց գործիքավորման միջոցով (ինստրումնետալիզացումով):

Այդպիսով է, որ կարող են հաջողվել նոր փուլի համազգային համերաշխության սկզբունքով կոնսենսուսային լուծումների ու ճանապարհացույցերի մշակումը, զանազան ներազգային առողջ ուժերի կողմից դրանց ընդունումը, այդ ճանապարհացույցերի զանգվածային համակրությունն ու յուրացումը, ու նաև ընտրության իրական գործընթացները:

Մենք չենք ընդունելու և չենք մարսելու ոչ մի կարծր կամ մեղմ ֆորմատի ձևական ու ամբոխավարական կոչեր ու առաջարկություններ, թե իբր ներառվում են բոլորը, մանավանդ քաղաքացիական գործոնները: Պետք է լինեն ճշմարտության և վստահության վրա հիմնված հարգալից փոխհարաբերություններ` հավասարը հավասարի, բաց ու հրապարակային: Դրանք պիտի հիմնված լինեն նոր որակի դիսկուրսների, բանավեճերի վրա, ազատ ու քննադատական մտքի մշակույթով և հիմնականում մեր ժողովրդի ազգային, հանրային և պետական շահերի զանազան դիտանկյունների քննարկմամբ` լավագույն լուծումների ընդունման միջոցով:

Սա մեծ մարտահրավեր է բոլորիս համար` Հայաստանում և սփյուռքում: Մենք պիտի հաղթահարենք այդ մարտահրավերը, որպեսզի արմատավորենք 21 տարվա Արցախյան ազատագրական պայքարի նվաճումները, որպեսզի վերջապես հաստատենք իրական ինքնիշխան արդար պետականության հիմքերը և ինքնուրույն կերպով զարգացնենք մեր մտավոր, հոգևոր ու մշակութային դրական ներուժն ու ուժը` այն ներդաշնակորեն ուղղելով ու օրկեստրավորելով այդ մեկ հիմնական նպատակի շուրջ:

Արմինէ Առաքելան, Մարդու իրավուքների ու ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) հիմնադիր, քաղաքագետ, միջազգային իրավաբան Հայաստան,

1 մարտի, 2013թ.

http://hetq.am/arm

Անգլերեն տարբերակը այստեղ՝ http://hetq.am/eng


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert