«Մենք կ՚ուզենք փրկել բոլոր այն հայերը, որ մնացին Սուրիոյ մէջ, մասնաւորապէս Հալէպի մէջ, բայց փրկել ոչ թէ նիւթականով, այլ կը ջանանք գաղափարներ տալ եւ կոչ անել, որպէսզի բոլորը ելնեն այդ արեան բաղնիքէն, քանզի այս պատերազմը երկար պիտի տեւէ՝ 30-40 տարի իմ կարծիքովս, արդէն ահա վերջացաւ ըսողը հոն մնաց, ունեցած դրամը վերջացաւ եւ ոչինչ դարձաւ տոլարի եւ եւրոյի առջեւ։ Կամ կը փրկես դուն քեզ եւ քու ընտանիքդ կամ ալ ունեցած միւլքիդ (ունեցուածքիդ) ստրուկ դարձած զոհ կ՚երթաս։ Եթէ դուն քեզմէ ճիգ չթափես, էշ նահատակ պիտ երթաս իրականութեան մէջ»։ Այսպիսի կոչ արեց մի սուրիահայ, որը միւս արտագաղթած սուրիահայերի պէս ցաւ ի սիրտ լքել էր պատերազմի սկզբին իր սիրելի Հալէպը եւ հաստատուել Գերմանիայում։
Դրախտ էր անշուշտ Սուրիան, իսկ դրախտից ինչպէս յայտնի է վերջի վերջոյ վտարւում են։ Ողբալ եւ ափսոսալ, թէ ինչ ենք կորցնում անօգուտ է, որովհետեւ տուեալ ժամանակն է դառնում գլխաւոր հրամայականը։ Կարծում էք Պաքուն լքած հայերը դրախտո՞ւմ չէին կամ Թիֆլիսի հայերը, որոնք նոյնպէս ցաւ ի սիրտ լքեցին այդ հեքիաթային քաղաքը 90-ականներին, երբ ամէն ինչ խառնուեց իրար…
«Եղունգ ունես, գլուխդ քորի»,-ասում ենք հայերս եւ սա նշանակում է, որ օգնութիւն, գթութիւն մի՛ սպասիր ոչ ոքուց, առաւել եւս Հայաստան պետութիւնից, որը պետականօրէն կազմակերպել ներգաղթը ի վիճակի չէ։ Այո՛, ունենք սփիւռքի նախարարութիւն, որի աշխատողները կարող են դիմաւորել սուրիահայերին օդակայանում… Յետո՞յ, ճիշդն ասած չգիտեմ ինչ կարող են անել հետագայում, բայց ամենամեծ ուժը մարդ ստանում է այն դէպքում, երբ գիտի ճշմարտութիւնը եւ յենւում է միայն սեփական ուժերին, եղունգին։ Ինչպէս դա տեսանք Արմն Խաչատրեանի «Վերջին Ցանկութիւն» ֆիլմում, որը նա ցուցադրեց օրերս «Մոսկուա» կինօթատրոնում։ Ինքը Արմէն Խաչատրեանը նոյնպէս ոչ մի պետական աջակցութիւն չստացաւ ֆիլմը նկարահանելու համար, թէեւ «Հայկ» փաստավաւերագրական կինօստուդիայի ռեժիսորներից է եւ միշտ նկարահանում է ֆիլմեր ցաւոտ թեմաներով, օրինակ, ինչպէս վերապրեցին ցուրտ ու մութ տարիներին մտաւորականները, որբերի մասին, կնոջ մենութեան, հայ մարմնավաճառուհու մասին, համշէնահայերի, սահմանամերձ Տաւուշի բնակիչների եւ սահմանապահների մասին, արուեստագէտի, որը պահանջուած չէ, այո՛, ո՛չ ոքու պէտք չէ, ինչպէս Հայաստանից արտագաղթողները։ Ինչպէս նաեւ ներգաղթող սուրիահայերը…
Իր ֆիլմը եւ ֆիլմի հերոսներին Արմէնը սկզբից տեսնում է երեւակայութեան մէջ, այնուհետեւ սկսում է փնտռել նրանց արդէն կեանքում։ Երկար ժամեր Արմէնը անցկացրեց համացանցում տեղադրած Իսլամական Պետութեան «սխրանքներ»ը”դիտելիս։ Իսկ իր երկու հերոսներին՝ Անժէլ Աճեմեանին եւ Հրաչ Էքմեքչեանին նա գտաւ 30 սուրիահայերի մէջ։
«Մայիս 28-ն էր. լուածք կը փռէի կոր, երբ օդանաւերը… ես չգիտցայ… ձգեմ լուածքը… ներս մտնամ, դուռը գոցեմ… զաւակներս ինձմէ քաջ էին. մամ, բան մը չի կայ… օդանաւ է»,-պատմում է Անժէլը.
«Աշխատանքի առումով հրաշալի երկիր էր… Հին երկիր էր։ Մի անգամ հեծանիւս վերցրի ու գնացի պապայիս խանութ։ Ինչպէս միշտ օդանաւերը խփում էին, բայց այս անգամ օդանաւը վերեւից մի բան գցեց, ռումբը եկաւ-եկաւ հէնց մեր պահեստի մօտ։ Նայեցի պապայիս դէմքին եւ չգիտէի՝ լացեմ թէ ծիծաղամ։ Ամբողջ կեանքի աշխատանքը մի ակնթարթում քանդուեց»,-սա էլ Հրաչն է պատմում։
Հիմա Անժէլը ամէն մի օթոյի ձայն լարուած է ընդունում, նրան թւում է, թէ այդ ձայնի վերջը պայթիւն է։ Մէկու տունը պիտի պայթի, քանի հոգի պիտի նահատակուի։
Անժէլը պատմում է իր սասունցի տէտէյի մասին, որի հայրը իքնզինքը թունաւորել էր, որպէսզի թուրքերու ձեռք իյնալու ատեն գաղտնիքները չըսէ։ Յետոյ տէտէն պատմել էր իր նէնէի մասին, որը աղջիկներու մազերը իրարու կապել էր եւ գետը նետել նրանց, որպէսզի թուրքերը նրանց գէշութիւն չընեն։ 6 տարեկան դեռ չկար Անժէլը եւ լսած ատենը կարեւորութիւն չէր տալիս, հիմա է, որ գիտակցում է մանկութեան ատեն լսածները։ Անժէլ Աճեմեանն ունի երեք անչափահաս զաւակներ. Վանիս, Մեղեդի եւ Մովսէս Լեւոնեաններ։ Բնակւում են Նաիրի Զարեան 15 հասցէյով։ Տան վարձը մեծ է եւ նա գիշերները գործ է անում…
Անժէլին Երեւանում յաճախ ասում են, ինչո՞ւ ես եկել Հայաստան, բայց նա փախչելիք ուրիշ տեղ չունի։ Ո՞ւր երթամ։ Հոս հայրենիքս է։ Ապահով եմ հոս։ Ապագաս ինչպէս պիտի շարունակեմ, չեմ գիտեր։ Երբեմն մտածում է ետ դառնալ, բայց մայրս, որն այնտեղ է, չի քաջալերում, ասելով, որ երախաների հոգեկանը պէտք չէ աւրել եւ Անժէլը որպէս մայր ինքը պիտի տուժի։ Այսինքն դիմանայ եւ դիմակայի դժուարութիւններին։ Երախաները հոս կը հաւնին։ Ջուր կայ հոս։ Վերջերս Հալէպում ջուր չկար, հոսանք չկայ։ Սակայն հոս տունի վարձքը թանկ է։
Հրաչը բանակ էր գնացել, պատերազմի առաջին տարիներն էին, հայերին դեռ լաւ էին վերաբերւում։ Եւ երբ մի յարձակում եղաւ, որի ատեն շատերին գլխատեցին, Հրաչին բաց թողեցին, ասելով, որ դա նրա կռիւը չէ։ Սուրիայից անցաւ Թուրքիա, այնտեղից Վրաստանով Հայաստան։ Սակայն եթէ Հրաչը փրկուեց իսլամիստների ձեռքից, ապա Անժէլի ամուսինը՝ Մինասը բռնուեց որպէս քրիստոնեայ։ Անժէլի ընտանիքը Հալէպում շատ ապահով էր նիւթապէս։ Ամուսինը երկաթագործ էր, նաեւ սառի ֆապրիքա ունէին։ Մինասին եւ նրա հօրը մատնեց իրենց գործաւորը եւ յանձնեց Իսլամական զօրքի ձեռքը… Ամիսներ չարչարեցին նրան եւ հօրը, որը խնդրեց իրեն էլ զաւակի հետ տանեն։ Այնքան էին խոշտանգել, որ անճանաչելի էին դարձրել։ Ամուսնուն սպաննեցին 2014-ի Յունուարի 8-ին։ Սպաննուածների մէջ բժիշկներ եւ փաստաբաններ կային։ Սպանութեան նկարները դրուած էին youtube-ի մէջ, բայց Անժէլը յանդգնեց նայել։ Մեծ գումար էին վճարել դիակները ստանալու համար, բայց դիակները չտուեցին, որովհետեւ չէին ուզում, որ քրիստոնէական ձեւով յուղարկաւորուեն։ Այդուհանդերձ թաղման արարողութիւնը արուեց։ Առանց դիակի։ Հոգին յուղարկաւորուեց, վերջի վերջոյ Մինասը սպանուել էր քրիստոնեայ լինելու համար։ Ահա մէկ տարի է, ինչ Հայաստան եկած են։
Երբ Սուրիայում Անժէլը լսում էր Հայաստանի քայլերգը, մարմինը փշաքաղւում էր։ Այժմ Սուրիայի քայլերգը լսելիս մարմինը փշաքաղուելուց զատ արցունքներն են հոսում։ Այո, Հայաստանը հայրենիք է։ Բայց հայրենիք էր նաեւ Սուրիան։
Հրաչն ասում է, որ երկու հայրենիք արդէն կորցրել է. մէկը իր պապերի հող Այնթապն է, միւսը՝ Քեսապը, ուր անցել է նրա մանկութիւնը։ Աստուած չանի, որ երրորդ էլ կորցնի։ Այնտեղի պատերազմը նրանը չէր, իսկ այս երրորդ հողի համար պատրաստ է նոյնիսկ հոգին տալ։
Ֆիլմի անունը «Վերջին Ցանկութիւն» է։ Անժէլի փափաքն է. «Ամենքն իր տունը դառնայ, ընտանիքս 5 հոգիով դառնայ»։ Իսկ Հրաչը ցանկանում է կրկին մտնի իր Քեսապի տունը եւ տեսնի պապիկին ու տատիկին։ Ինչպէս տեսնում ենք, սուրիահայերի ցանկութիւնները ուղղուած են դէպի իրենց տաքուկ անցեալը։ Սակայն նրանք դեռ շատ երիտասարդ են եւ մինչեւ վերջին ցանկութիւն ունենալը դեռ շատ ուրիշ փափաքներ կ՚իրականացնեն։
Այժմ նշեմ այս կարեւորագոյն ֆիլմի ստեղծողների անունները. սցենարի հեղինակ, ռեժիսոր եւ պրոդիւսեր՝ Արմէն Խաչատրեան, մոնթաժ՝ Ռուզաննա Զաքարեան, օփերաթէօր՝ Արթուր Օրդոյեան, երաժշտական մշակում եւ ձեւաւորում՝ Դաւիթ Դաւթեան։ Ֆիլմը նուիրւում է սուրիական պատերազմում խոշտանգուած եւ տանջամահ արուած անմեղ նահատակների յիշատակին։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ