Իմ փառքի համար քեզ չեմ կործանի,
Չեմ զրկի հացից հանապազօրյա:
Փառքը ինչ է որ… մեծ գլխացավանք,
Որ թույնի նման կործանիչ ուժով
Տապալում է մեղկ հոգիդ մարմնում:
Ինձ աթոռ պետք չէ` ես փառք չեմ ուզում
Ու հանուն փառքի ոտքեր չեմ լիզում,
Չեմ ասում երբեք խոսքեր ուրացող,
Չէ որ ամեն ինչ ունայն է, անցնող…
Պոետը ժանգոտ շքանշանով
Ծախում է հոգին պիղծ սատանային.
Դե էլ ինչ պոետ անվանեմ նրան,
Որ հանուն կրծքի զարդարանքների
Կարող է ծախել ազգ ու հայրենիք:
Ազգադավ մարդիկ մրցանակներով
Միմյանց պատվում են ու վեր բարձրացնում,
Բայց հանկարծ մեկը սայթաքում, ընկնում`
Քարկոծում են ու իսպառ վերացնում:
Պետք չէ ինձ փառքի խաբուսիկ բաժակ
Խմել չեմ ուզում արյունը ազգիս:
Նրա մարմինը շատ են բզկտել
Վայրի ցիները` ազգուրաց մարդիկ:
Ձեր գահի համար էլ մի կործանեք
Փառասե’ր մարդիկ, գահասե’ր մարդիկ.
Մի օր բոլորս փառքով ու գահով
Հայտնվելու ենք այն խորը փոսում,
Որտեղ այլևս կյանքը չի հոսում,
Որտեղ սահմանն է կյանքի ու մահվան
Ու վերջակետն է դրվում հավիտյան:

Հայուհի Սուսաննա Ղազարյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert