Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ թուրքական բանակը մուտք է գործել Սիրիայի տարածք եւ այնտեղ ծավալելով իր առաջխաղացումը` հասնելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից զրկելու նպատակին, ուղիղ հակասության մեջ է Ռուսաստան-Թուրքիա նոր-նոր կարգավորվող հարաբերություններին: Չէ՞ որ ոչ մեկի համար, այդ թվում` Էրդողանի, գաղտնիք չէ, որ Ասադը ՌԴ-ի դաշնակիցն: Այս համատեքստում, թե արդյոք կարելի է ասել, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի հերթական «մեղրամիսն» ավարտվեց, «Իրավունքը» հետաքրքրվեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ:
«ԹՈՒՐՔԻԱՆ ԻՆՉՔԱՆ ԷԼ ՑԱՆԿԱՆԱ, ՉԻ ԿԱՐՈՂ ԱՍԱԴԻՆ ԳԱՀԸՆԿԵՑ ԱՆԵԼ»
– Դժվար է ասել` Ձեր նշած «մեղրամիսը» կավարտվի, թե` ոչ, բայց պարզ է, որ Էրդողանն այն պետական, քաղաքական գործիչը չէ, որի խոսքին արժե հավատալ եւ վստահել: Ամեն րոպե նա կարող է փոխել իր կարծիքը եւ մի նոր բան ասել, խառնել, կեղծել: Ըստ իս, կարեւորն այն է, որ հիմա Թուրքիան ինչքան էլ ցանկանա, չի կարող Ասադին գահընկեց անել, որովհետեւ այդքան ուժ չունի: Ինչ վերաբերում է Էրդողանին, միշտ էլ ասել եմ ու ընդգծել, որ ռուսները սխալ են անում` հավատալով նրան:
– Ըստ Ձեզ, Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը կդառնա՞ հիմք` ռուս–թուրքական հարաբերությունների լարվածության:
– Հիմա դեռ վաղ է դրա մասին ասել, բայց, ամեն դեպքում, զգացվում է, որ Ռուսաստանում շատ զարմացած են Էրդողանի այս հայտարարությամբ եւ ուզում են հասկանալ` սա, ուղղակի, հռետորաբանությո՞ւն է, թե՞ դրա հետեւում ինչ-որ քաղաքականություն կա: Կարծում եմ` սա քաղաքականություն է, որովհետեւ Էրդողանը հենց սկզբից էլ միանգամից հայտարարում էր, որ իր նպատակը Սիրիայում Ասադի իշխանությանը վերջ տալն է: Այնպես որ, այստեղ նոր բան չկա:
– Մամուլում վերջերս լայն տարածում գտավ, որ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանի հետ քննարկել Մոսկվայից C-400 համակարգ գնելու հարցը: Արդյո՞ք բիզնես ծրագրերը կարող են պատճառ դառնալ, որ ՌԴ–ն աչք փակի Էրդողանի նման վարքագծի վրա:
– Համոզված չեմ, որ մամուլի տեղեկատվությունը ճիշտ է եւ համապատասխանում է իրականությանը: Մամուլը շատ բան կարող է գրել, մինչդեռ իրականությունը կարող է բոլորովին այլ լինել: Ուղղակի, պետք է սպասել եւ տեսնել, թե այս ամենն ինչ ընթացք կունենա:
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ–Ի ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ ՎՏԱՆԳԸ ԿԹՈՒԼԱՆԱ»
– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությամբ` շատ վերլուծաբաններ մեծ հույսեր էին կապում, որ այն կարող է վճռորոշ լինել սիրիական պատերազմի ավարտի համար: Հետաքրքիր է Ձեր տեսլականը:
– Ես մեծ հույսեր չէի կապի, ուղղակի, խնդիրն այն է, որ Թրամփը, լինելով բիզնես աշխարհի ներկայացուցիչ, շատ ավելի պրագմատիկ է, քան ԱՄՆ նախորդ, մանավանդ դեմոկրատ ղեկավարները` Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը… Նրանք գաղափարականացված էին, եւ աշխարհը տեսնում էին ու տեսնում են որոշակի տեսակետից` լիբերալ արժեքներով: Իսկ Թրամփի համար այդ արժեքներն ու գաղափարները ոչ մի նշանակություն չունեն: Դրա համար նրա մոտեցումն այս հարցում եւս, կարծում եմ, կլինի ավելի պրագմատիկ: Իմ ընկալմամբ` սա նշանակում է, որ Սիրիայում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական բախման վտանգը կթուլանա:
– Փաստորեն, կարելի է նաեւ ենթադրել, որ Թրամփի բիզնես հետաքրքությունների շրջանակում հայկական խնդիրը երբեք էլ չի՞ մտնի:
– Ինչքան կարող ենք դատել նրա նախընտրական գործունեությունից, ապա նա ոչ մի անգամ չի անդրադարձել Հայաստանին կամ հայության հետ կապված խնդիրներին: Թրամփը որեւիցե քաղաքական հայտարարություն` կապված հայկական հարցի հետ, չի արել ո՛չ նախկինում, ո՛չ էլ նախընտրական շրջանում: Դրանից կարող ենք ենթադրել, որ նա դառնում է նախագահ` ո՛չ մի պատկերացում, ո՛չ մի դիրքորոշում չունենալով հայկական հարցի վերաբերյալ: Իսկ մինչեւ Թրամփը, վերջին տասնամյակների ԱՄՆ բոլոր նախագահները որոշակի քաղաքական միջավայրից էին դուրս եկել: Կա՛մ հանրապետական են եղել, կա՛մ` դեմոկրատական, եղել են Կոնգրեսի անդամներ, սենատորներ կամ, ինչպես Ռեյգանը, նահանգապետ: Այսինքն` նրանք բոլորը նախագահ դառնալուց առաջ ծանոթ են եղել հայկական հարցին եւ ունեցել են իրենց մոտեցումները, մինչդեռ Թրամփը ոչ մի մոտեցում չունի: Ուստի` շատ կարեւոր եմ համարում, որ Հայաստանը եւ ամերիկահայ համայնքը Թրամփի օգնականների, կոնգրեսականների միջոցով կարողանան այնպիսի տեղեկատվություն ներկայացնել հայկական հարցի վերաբերյալ, որպեսզի նրա մոտ ձեւավորվի ճիշտ մոտեցում: Ընդհանրապես` բնութագրում եմ Թրամփի նախագահ դառնալը մարտահրավեր հայությանը: Եթե կկարողանանք այդ մարտահրավերին ճիշտ պատասխան գտնել, իր շրջապատի միջոցով ձեւավորել օբյեկտիվ գնահատական` կապված հայկական հարցի` Ցեղասպանության, Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, ուրեմն` կկարողանանք առավելություն ստանալ: Իսկ եթե չկարողանանք, մեր դրությունը կլինի ավելի դժվար:
«ԵՄ–Ն ՄԻՇՏ ՁԳՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՊԱՀԵԼ ԻՐ ԴՌԱՆ ԱՌՋԵՎ»
– Անդրադառնանք նաեւ Եվրամիություն (ԵՄ) – Թուրքիա հարաբերություններին: Օրեր առաջ Եվրախորհրդարանը 479 կողմ ձայնով Թուրքիայի հետ բանակցությունները ժամանակավոր դադարեցնելու մասին որոշում ընդունեց, ինչը կապված էր վերջին շրջանում Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում հիմնարար ազատությունների եւ իրավունքների ոտնահարումների հետ: Սա նշանակո՞ւմ է, որ Թուրքիայի առաջ ընդմիշտ փակվեցին Եվրոպայի դռները:
– Չէի ասի, որ ընդմիշտ փակվեցին Թուրքիայի առաջ Եվրոպայի դռները, եւ չէի ասի, որ այդ դռները նրա առաջ մինչեւ հիմա բաց էին: Եվրոպան միշտ էլ իր դռները կիսաբաց է պահել Թուրքիայի առջեւ, համենայնդեպս, երբեք չի ցանկացել, որ Թուրքիան ընդհանրապես հրաժարվի եվրաինտեգրման ճանապարհից կամ էլ իսկապես դառնա ԵՄ անդամ: Նա միշտ ձգտել է Թուրքիային պահել իր դռան առջեւ: Սա է եղել ԵՄ մոտեցումը, որն, իհարկե, սխալ է, քանի որ Թուրքիան իր պատմությամբ, ներկայիս դրությամբ` իր քաղաքական համակարգով, եւ այն արժեհամակարգով, որ կա թուրքական հասարակության մոտ` Էրդողանի իշխանության ներքո, երբեք չի համապատասխանել ԵՄ արժեհամակարգին: Այնպես որ, Եվրամիությունը Թուրքիայի տեղը չէ, թեպետ Եվրոպայում կան որոշ երկրների ղեկավարներ, որոնք այլ կարծիք ունեն:
– Հնարավո՞ր է, որ հաշվի առնելով ԵՄ–ի հերթական մերժումը` Թուրքիան շրջվի դեպի Եվրասիական տնտեսական միության կողմը:
– Դեռ չի կարելի ասել: Հիմա մի այնպիսի փուլ է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում, որ երկուսն էլ իրար հայտարարությունների տեսքով շանտաժ են անում: Բայց չեմ կարծում, որ Թուրքիան պատրաստ է ներկա փուլում սկզբունքորեն փոխել Եվրամիության նկատմամբ իր քաղաքականությունը եւ միանալ ԵՏՄ-ին: Գուցե հետագայում հնարավոր լինի, օրինակ, 10 տարի հետո, բայց հիմա դեռեւս Թուրքիան պատրաստ չէ դրան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
http://www.iravunk.com/news/16825