Խոսքը վերաբերում է 20-րդ դարի առաջին կեսին հայ ռազմական ու պետական ասպարեզում գործած ամենահակասական կերպարներից մեկինՙ Դրաստամատ Կանայանին: Նրա հախուռն եւ արկածախնդիր բնավորությունը, առճակատումների սիրահար եւ հրահրող լինելը, փողասիրությունն ու հակառակորդներին եւ մրցակիցներին ամեն գնով ոչնչացնելու հատկությունը չեն վրիպել նրա կյանքին ու գործունեությանը անդրադարձած շատ պատմաբանների ու գրողներիՙ անգամ Չարենցի եւ Անդրանիկ Ծառուկյանի ուշադրությունից: Նրա կասկածելի կապերի մասին թափանցիկ կամ կիսաթափանց ակնարկություններ արել են նույնիսկ նրա կուսակիցները: Սակայն առաջին անգամն է, որ ամերիկյան CIA-ի հետ նրա առնչությունների, վերջինիս գործակալը լինելու մասին է վկայվում, հիմք ընդունելով ամերիկյան ապադասակարգված փաստաթղթերը, որոնց ծանոթացել է կանադահայ քաղաքական գործիչ Վիգեն Աթթարյանը (Viken L. Attarian), որի անգլերեն գրության այդ հատվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ: Ավելացնենք միայն, որ Վիգեն Աթթարյանը մարտահրավեր է նետում որեւէ մեկին, ով կհերքի իր բացահայտումները: «Ես խորն եմ ուսումնասիրել նրան», գրում է նա եւ առաջարկում այցելել » կայքը, որտեղ վերջին տասը տարիների ընթացքում շատ փաստաթղթեր ապադասակարգվել են (կամ գաղտնազերծվել) եւ դարձել հանրության սեփականությունը:
________________________________________
«Այնտեղ դուք տպեք «PELOPS» անունը, որը Դրոյի (DROSTAMAT KANAYAN) ծածկանունն էր ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչության (CIA) շարքերում, եւ շատ հետաքրքական փաստեր կգտնեք. զեկույցներ, հանդիպումների արձանագրություններ, գումարների վճարումներ եւ զինամթերքի առաքումների (40-50-ական թվերին) մանրամասներ, նաեւ ապացույցներ, որ նա ընդգրկված է եղել Իրանում հակա-Մուսադեղյան շարժմանը, եւ Բեյրութում 50-ականների հակա-կոմունիստական գործունեություններին, որին զոհ գնացին հայեր, եւ որը հող նախապատրաստեց 1958-ի եղբայրասպան քաղաքացիական պատերազմի համար: Դա նաեւ այն շրջանն էր, երբ Անթիլիասի նոր կաթողիկոսի ընտրությունները պետք է կայանային: Վկայություններ կան նույնիսկ այն մասին, որ նախքան CIA-ի կողմից հավաքագրվելը, Դրոն առնչություններ է ունեցել Բրիտանական հետախուզական մարմինների հետ:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն (ARF) այնտեղ նշված է AIN սկզբնատառերով:
Արխիվային նյութերը զարմանալի բացահայտումներ են պարունակում: Դրանցում անդրադարձ կա մասնակցելու 3-րդ (այո՛, երրորդ) համաշխարհային պատերազմի, որի ընթացքում Դրոն առաջարկում է ազատագրել Հայաստանը Խորհրդային Միությունից, նշելով, որ դա AIN-ի (ARF-ՀՅԴ) առաջնահերթ խնդիրն է: Թուրքիայից պահանջատիրության մասին ոչ մի խոսք չկա այնտեղ: Ընդհակառակը, փաստաթղթում կոչ է արվում հայերին սպասել մինչեւ թուրքերը ինքնակամ հողերը կզիջեն «ազատագրված» Հայաստանին: Ենթադրում եմՙ մեր «սեւ աչքերի» համար: Խոսք չկա նաեւ այն մասին, որ նման համաշխարհային պատերազմի պարագայում Հայաստանն էլ հիմնովին կարող է կործանվել:
Բայց խոսք կա այն մասին, որ ՀՅԴ-ն հաջողությամբ ձեռք կգցի Բարեգործականը (ՀԲԸՄ-ն):
Ամեն ինչ ուղղակի ցնցող է: Պարզապես հետաքրքրական պիտի լիներ ծանոթանալ նաեւ KGB-ի կամ Օսմանյան գաղտնի ոստիկանության արխիվների հետ: Ո՞վ գիտի ինչ նորությունների կարող ենք դեմ հանդիման գալ դրանցում: Բայց պատրա՞ստ ենք, արդյոք, այդ ճշմարտությունների բացահայտմանը», ավարտում է Վ. Աթթարյանն իր գրությունը:

Մանրամսն տես՝  https://www.cia.gov/readingroom/search/site/KANAYAN

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert