«Թավշյա հեղափոխությունը Հայաստանում. արձագանքներ» թեմայով միջազգային կլոր սեղան քննարկում

Ս.թ. հունվարի 22-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխությունը Հայաստանում. արձագանքներ» թեմայով միջազգային կլոր սեղան քննարկում:
Զեկուցումներով հանդես եկան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Վարշավայի համալսարանի դասախոս Միխալ Սադլովսկին, Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Թուրքիայի բաժնի վարիչ պ.գ.թ. Լևոն Հովսեփյանը, պ.գ.թ. Արաքս Փաշայանը, պ.գ.թ. Արմեն Իսրայելյանը:

Առաջին զեկուցմամբ՝ «Թավշյա հեղափոխությունը Հայաստանում. իմաստավորման փորձ», հանդես եկավ Ռուբեն Սաֆրաստյանը: Ներկայացնելով թավշյա հեղափոխության վերաբերյալ իր մոտեցումները՝ նա ընդգծեց, որ այն ուներ մի շարք կարևոր առանձնահատկություններ: Դրանց թվին է պատկանում, օրինակ, սոցիալական արդարության հարցը, որը ժողովրդավարական վերափոխումների պահանջի կողքին հեղափոխության կարևոր և խորքային պատճառներից էր: Նա նաև նկատեց, որ հայաստանյան հեղափոխությունը ազդարարեց մեր երկրում կապիտալի նախասկզբնական կուտակման փուլի ավարտը: Բանախոսը կանգ առավ նաև այն հանգամանքի վրա, որ թավշյա հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ մարդկային պատմության չորրորդ արդյունաբերական դարաշրջանում՝ սրանից բխող բոլոր առանձնահատկություններով: Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է արդիականացման գործընթացի մեջ և շատ կարևոր է, որպեսզի այն ունենա շարունակականություն և վերջնականապես հասնի իր տրամաբանական ավարտին:

Վարշավայի համալսարանի դասախոս Միխալ Սադլովսկին՝ («Թավշյա հեղափոխությունը Հայաստանում. Լեհական հեռանկար») իր ելույթն սկսեց այն շեշտադրմամբ, որ Լեհաստանում ԶԼՄ-երը, և ընդհանրապես հասարակական-քաղաքական շրջանակները մեծ ոգևորությամբ են հետևել Հայաստանում թավշյա հեղափությանը և դրական վերաբերմունք ցուցաբերել, հատուկ ընդգծելով նրա խաղաղ ընթացքը, որը արդյունք էր հստակ առաջնորդության: Բանախոսն ընդգծեց, որ լեհական քաղաքական շրջանակների և հասարակության համար շատ կարևոր է, որ անցկացվեցին իրապես արդար և ազատ խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ԶԼՄ-ների գործունեությունը տեղի է ունենում ազատության պայմաններում: Լեհ մասնագետը եզրակացրեց, որ թավշյա հեղափոխությունից հետո երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման լավ հեռանկարներ են նախանշվում:

Արաբագետ պ.գ.թ. Արաքս Փաշայանի զեկուցումը նվիրված էր արաբական մամուլում hայկական թավշյա հեղափության վերաբերյալ արձագանքներին: Ըստ արաբագետի, առանձնացավ հատկապես եգիպտական մամուլը, որտեղ հեղափոխության օրերին և դրանից հետո բազմաթիվ վերլուծական հոդվածներ տպագրվեցին՝ նվիրված թավշա հեղափոխության պատճառներին, Նիկոլ Փաշինյանին, նրա ծավալած հասարակական-քաղաքական գործունեությանը:

Բանախոսոը նշեց, որ թավշյա հեղափոխությանը բավականին լայնորեն անդրադարձել է Ալ-Ջազիրա հեռուստակայանը, որտեղ, ըստ արաբագետի, այս թեմայով եղան միանգամայն այլ որակի հրապարակումներ: Որպես հեղափոխության պատճառ Ալ-Ջազիրան մատնանշում էր Հայաստանում կուտակված խնդիրները՝ օլիգարխիա, սոցիալ-տնտեսական խնդիրներ, կոռուպցիա, սոցիալական անհավասարություն, աղքատություն, կեղծված ընտրություններ, ավտորիտար համակարգ և այլն։ Շարունակելով իր ելույթը՝ Փաշայանը նշեց, որ հետաքրքրություն են ներկայացնում նաև լիբանանյան թերթերում առանձին հրապարակումներ, որոնցում լրագրողները հայկական թավշա հեղափոխության մասին հիացմունքով էին խոսում։
Ամփոփելով իր խոսքը, Արաքս Փաշայանն ընդգծեց, որ արաբական մամուլում թավշա հեղափոխությունը շատ բարձր գնահատվեց՝ որպես Հայաստանում ժողովրդավարության ոլորտում կարևոր ձեռքբերում, ինչպես նաև անարյուն կերպով իշխանության գալու փորձ։

Թուրքագետ պ.գ.թ. Լևոն Հովսեփյանը ներկայացրեց թուրքական լրատվամիջոցների և վերլուծական շրջանակների արձագանքները Հայաստանում թավշյա հեղափոխությանը: Նա նշեց, որ չնայած Թուրքիայում նախընտրական բուռն զարգացումներին ու հագեցած ներքաղաքական օրակարգի առկայությանը՝ թուրքական մամուլի ներկայացուցիչներ էին գործուղվել Երևան՝ տեղում իրադարձությունները լուսաբանելու նպատակով, ինչը նպաստեց թուրքական տեղեկատվական դաշտում համեմատաբար օբյեկտիվ պատկերի ներկայացմանը:

Լևոն Հովսեփյանն ընդգծեց, որ թուրքական լրատվամիջոցներից հայաստանյան զարգացումներին ուշադիր հետևել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության խոսափող «Cumhuriyet» լրագիրը՝ հնարավորություն ընձեռելով թուրք ընթերցողին ամենայն մանրամասնությամբ հետևելու Հայաստանի իրադարձություններին: Այն իր վերլուծականներից մեկում բնորոշել էր հայաստանյան հեղափոխությունը որպես «21-րդ դարի անարյուն հեղափոխություն»:
Թուրքական անդրադարձներում նկատելի էր Փաշինյանի անձի գործոնի ընդգծումը, քանի որ նա թուրքական տեղեկատվական դաշտին անծանոթ անուն էր:

Թուրքագետն արձագանքների ու մեկնաբանությունների մեջ կարևորեց հատկապես աշխարհաքաղաքական բաղադրիչի շեշտադրումը: Մի շարք խմբագրական ու վերլուծական բնույթի հրապարակումներում ուշադրություն էր հրավիրվում արտաքին քաղաքական ու աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների վրա:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ թուրքական մամուլի անդրադարձին, Հովսեփյանը նշեց, որ որոշ հրապարակումներ մասնակի լավատեսություն էին դրսևորում, սակայն հիմնականում այդ խնդիրները իրատեսորեն էին ներկայացվում: Իշխանամետ ԶԼՄ-ները նշում էին, որ այդ հարաբերություններում փոփոխություն չի սպասվում, քանի որ արցախյան հարցը Թուրքիայի համար նախապայման է: Բացի այդ, թուրքական թերթերը նշում էին, որ Փաշինյանն արցախյան հարցի հետ կապված նախկին ազգայնական քաղաքական ուժերից չտարբերվող մոտեցում ունի, ուստի նրա իշխանության շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում էական փոփոխություններ չպետք է սպասել:
Իրանագետ պ.գ.թ. Արմեն Իսրայելյանը, ներկայացնելով Իրանի հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքը Հայաստանում թավշյա հեղափոխությանը, նշեց, որ սկզբնական շրջանում իրանական ԶԼՄ–ների մի մասը հայաստանյան իրադարձությունները լուսաբանելիս համեմատականներ էր անցկացրել Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ, իսկ մի մասն էլ խնդիրը դիտարկել է Արևմուտքի և Ռուսաստանի պայքարի հարթության մեջ: Վերջին ամիսների ընթացքում Կովկասի, մասնավորապես Հայաստանի հարցերով իրանցի հեղինակավոր փորձագետներն իրենց վերլուծական հոդվածներով անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, մասնավորապես կարևորել են ՀՀ իշխանությունների կողմից տարվող հակակոռուպցիոն պայքարը: Այդ համատեքստում իրանցի փորձագիտական շրջանակները Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը գնահատել են որպես բարենպաստ միջավայր ներդրումներ կատարելու համար:

Վերջում տեղի ունեցավ քննարկում, բանախոսները պատասխանեցին բազմաթիվ հարցերի: Որոշվեց կլոր սեղանի նյութերը հնարավորոինս արագ հրապարակել:

Ruben Safrastyan/ Ռուբեն Սաֆրաստյան

бутони към социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net