Սփյուռքյան կազմակերպությունները չպետք է դառնան ՀՀ ընտրյալ ցանկացած իշխանության մրցակից, այլ պետք է գտնվեն միա՛յն զորակցողի դերում:

Իրանի եւ Հայաստանի ոչ միայն պետական այրերը, այլ նաեւ վերլուծաբանների մեծամասնությունը այն կարծիքին է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրան սպասվածից ավելի արդյունք է տվել եւ արդեն իսկ խոսվում է միջպետական հարաբերությունների նոր մակարդակի մասին:

Ընդամենը երկու ամիս առաջ, Թուրքիայում, Իրաի ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆի կողմից հնչած կոպիտ դիրքորոշումը, Արցախյան հիմնահարցի կապակցությամբ, միանգամայն տեղը տվեց Իրանի պետական գագթի հավասարակշիռ մոտեցման: Կարեւորվեց երկկողմ հարաբերությունների տարածաշրջանային նշանակությունը եւ ՀՀ դերը տարածաշրջանում, այլընտրանքի նոր դուռ բացվելով եւ որոշակի դրական տեղաշարժ խոստանալով ՀՀ առեւտրատնտեսական ասպարեզի համար:

Միժամանակ ՀՀ Վարչապետի գլխավորած պատվիրակության ժողովրդական հանդիպումների եւ շփումների ընթացքին, համայնքի եւ մանավանդ երիտասարդության ցուցաբերած աննախնթաց խանդավառությունն ու ջերմ ընդունելիությունը վառ ապացույցն էր, որ ապրիլ-մայիսյան համաժողովրդական շարժման հաղթանակի եւ արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված ՀՀ իշխանությունը, Սփյուռքահայության համար հպարտության առիթ հանդիսանալով, նույնպես

վայելում է Սփյուռքի զորակցությունը, խորհրդանշելով ՀՀ-Սփյուռք միասնության փաստը:

Սակայն այս կարեւոր իրադարձության զուգահեռ եւ նրա հաջորդող օրերի զարգացումներին առընթեր ականատես դարձանք, որ ՀՅԴ տեղական մարմինների քայլերը, ինչպես կարող են վնասել ոչ միայն ՀՀ-Սփյուռք հարաբերություններին, այլեւ ստվերի տակ գցել եւ սպառնալ այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները:

ՀՀ Վարչապետի ժողովրդական եւ այլ հանդիպման կազմակերպական սխալների առիթը լավագույնս չարաշահելով ՀՅԴ-ը նախ փորձեց հնարավորինս խանգարել եւ սահմանափակել ոչ յուրայինների մուտքը կազմակերված հանդիսությանը եւ ապա ընդունելության միջավայրում տեղադրեց պաստառներ, որոնց միջոցով փորձեց լարվածություն հրահրել եւ իր ցանկացած մթնոլորտը պարտադրել հանդիսությանը, ինչում ձախողվեց:

Վարչապետին բարի գալուստ մաղթելու փոխարեն Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղադրված «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսը թեև ոչինչ չուներ ասելիք ներկա հայերին, սակայն այն լավագույնս չարաշահվեց Բաքվի իշխանությունների եւ Իրանում նրանց կամակատարների կողմից:

Արդարեւ, Իրանի ԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ՝ Բահրամ Ղասեմին տեղի չտալով ադրբեջանական «Ունա» լրատվական գործակալության ներկայացուցչի հարցին, ով պատրվակելով ՀՅԴ-ի պաստառները փորձում էր հակահայկական հայտարարություն կորզել իրանական կողմից, պատասխանում է, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է մնալ հստակ ու թափանցիկ, այն չի փոխվել: Մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է կարգավորվի միջազգային նորմերի հիման վրա եւ երկխոսության միջոցով»,- նա հավելում է, որ Թեհրանի համար կարեւոր է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը չազդի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների վրա: Իրանը Ադրբեջանի, Հայաստանի եւ մյուս հարեւանների կայունությունը, անվտանգությունն ու տնտեսական զարգացումը համարում է զգայուն այս տարածաշրջանի համակողմանի զարգացումը: Անտարակույս, մենք ցանկանում ենք, որ մեր հարեւանների հարաբերություններում վերանա ամեն տեսակ թշնամանքը, լարվածությունը, անապահովությունն ու անկայունությունը»:

Լրագրողի պնդումին կրկին տեղի չտալով, ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ղասեմին հաստատում է. «Մենք հպարտ ենք, որ անցյալ դարերից ու ժամանակաշրջաններից, հին մշակոյթի ու քաղաքակրթության տեր Իրանում աստվածային կրոնների հետեւորդները, այդ շարքում եւ հայ համայնքը ապրել են միմյանց հետ կողք-կողքի եւ հնարավություն են ունեցել հետեւելու իրենց կրոնական ծեսերին ու ավանդույթներին: Հայ, ասորի, զրադաշտական եւ հրեա համայնքները իրենց պատգամավորները ունեն Իսլամական խորհրդարանում», սակայն, այնուամենայնիվ, ԱԳՆ խոսնակը հավելում է. «ՀՀ վարչապետի ներկայությունը «Արարատ» մարզավանում եւ հանդիպումը իր իրանցի ազգակիցների հետ անտրամաբանական չի թվում, բայց, անկասկած, «Արարատ» մարզամշակութային ակումբի տարածքում, Ղարաբաղյան հակամարտության առնչվող, հայերեն, պաստառի տեղադրումը ինքնագլուխ եւ անընդունելի քայլ է եղել, եւ ոչ մի կերպ չի հաստատվում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից»:

ՀՅԴ-ի քաջագործության հաջորդ օրը Թավրիզի «Յադեգարե Էմամ» Ֆուտբոլային մարզադաշտում այրում են ՀՀ դրոշը, որոշ մզկիթների և մանավանդ ուրբաթօրյա աղոթատեղիի մուտքերի մոտ նաև պաստառներ են տեղադրում՝ «Ղարաբաղը իսլամական հողատարածք է» գրությամբ, իսկ նույն քաղաքի «Արարատ» միության պատին թուրքերենով գրում՝ «Ղարաբաղը Ադրբեջանի եւ իսլամական աշխարհի անքակտելի մասն է»: Թուրքական պետական TRT-ին եւ «Անադոլու» լրատու գործակալությունը, ինչպես նաեւ ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ լուսանկարներով առաջին լուրի են վերածում «Արարատ» մարզավանի պաստառները, գոհունակություն արտահայտելով նրան հակադարձող հակահայկական քայլերից:

ՀՀ Վարչապետի Իրան կատարած արդյունավետ այցին հարակից բացասական իրադարձությունները ապացուցում եւ ահազանգում են, որ ՀՀ-Սփյուռք հարաբերություններում կանխելու համար ցանկացած բացասական երեւույթ, ամրագրելու համար ՀՀ-Սփյուռք հարաբերությունները պետք է կատարվեն առջնային եւ սկզբունքային վերանայումներ.

—        Սփյուռքի կազմակերպությունները իրենց տեսակետները, (թեկուզ արմատապես քննադատական) արտահայտելու իրավունք եւ առիթ ունենալով հանդերձ, չպետք է հանդիսանան ՀՀ ցանկացած ընտրյալ իշխանության մրցակից, եւ պետք է գտնվեն միա՛յն զորակցողի դերում:

—        Սփյուռքի ոչ մի հայ կրոնապետ, չպետք է այլեւս ներքաշվի ներհայկական քաղաքական խաղերում, եւ մանավանդ չպետք է կատարի կողմնակալ հայտարարություններ, որոնք կարող են ազդել ՀՀ միջպետական հարաբերությունների վրա: Եկեղեցին պետք է վեդառնա միասնություն, համերաշխություն եւ հանդուրժողականություն ավետող իր ակունքներին:

—        Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, անկախ իր ապագա տարազից եւ ձեւից, պետք է արձանագրեն քանակական եւ որակական աճ, պետք է հեռանան իրենց ներկա պալատական վիճակից եւ կրեն բովանդակային փոփոխություններ, քայլ առ քայլ ներգրավելով իրենց սպառած կառույցներից դուրս գտնվող ընդունակություններին: Այս հարցի հիմնական աշխատանքային ծանրաբեռությունը հասցեագրված է նույնիքն Սփյուռքին, ՀՀ բարոյական զորակցությունը իր թիկունքում ունենալով: Միայն անմրցունակ եւ անշահախնդիր ՀՀ-Սփյուռք հարաբերությունները կարող են լինել իրական, արդյունավետ, հեռանկարային եւ ամուր:

 

Մովսես Քեշիշյան

«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Թեհրան, 5 մարտի 2019 թ

Հ.Գ.Ներողամտություն հայցելով Իրանի հայկական մի շարք միություններից, անհրաժեշտ եմ համարում կատարել, հետեւյալ հստակացումները:

Տեղեկանում ենք, որ ՀՀ պատվիրակության այցի ընթացքում, բազմաթիվ միություններ նույնպես, անտեսման եւ խտրական վերաբերման են ենթարկվել: Հազարավոր անդամ ունեցող մարզական միությանը տրամադրվել է միայն մեկ հրավեր, բազմավաստակ, տասնամյակների պատմություն ունեցող հասարակական եւ մշակության միությանը նույնպես, մի քանի միությունների զրո հրավեր: Տեղեկանում ենք նաեւ, որ Թեհրանի «Արարատ» միության մեջ պատրաստվում էին տեղադրել գրգռիչ բովանդակություն ունեցող ևս մի քանի պաստառներ, որ, բարեբախտաբար, կանխվել է:


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert