Ասում են, թե մի աղջիկ
Ամեն-ամեն առավոտ
Մազերն արձակ ու բոբիկ
Շրջում էր դաշտ ու արոտ:
Ու դեռ արև չծագած,
Սրտում պահած վիշտ ու սուգ,
Շրջում էր նա վշտացած
Թափում էր ցող-արտասուք:
Տխուր արցունք աչքերին,
Հոգին ամպած, սրտում ցավ,
Պատմում էր նա վարդերին՝
Սիրածն ինչպես հեռացավ:
Պատմում էր նա ու լալիս,
Շրջում էր նա դաշտերում,
Իսկ վարդերը անհանգիստ
Գլխիկներն էին օրորում:
Ե. Հայրապետյան