1918-ի մայիսին ոչ ոք չէր ուզում լսել Հայաստանի անկախության մասին

1918 թվականի մայիսի 26-ի առավոտյան լուծարվեց մի քանի շաբաթվա կյանք ունեցած Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունը (նրա մեջ մտնում էր այսօրվա անդրկովկասյան պետությունների տարածքը․ ղեկավարում էին վրացիները, կովկասյան թաթարները՝ ադրբեջանցիներ, և հայերը, ավելի հստակ՝ վրաց մենշևիկները, թուրք Մուսավաթը և ՀՅԴ-ն)։

Անմիջապես հետևեց Վրաստանի անկախության հռչակումը, ինչը բարդ ընտրության առաջ կանգնեցրեց Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդին և հայ քաղաքական կուսակցություններին։ Խորհուրդը, որի կազմը փոփոխվում էր, կազմված էր 15 անդամից՝ 6 հոգի ՀՅԴ-ից, 2-ական՝ Հայ ժողովրդական կուսակցությունից, Հայ սոցիալ-դեմոկրատներ (էսդեկ), Հայ սոցիալիստ-հեղափոխականներ (էսէռ) և 3 հոգի ոչ կուսակցականներ։ Խորհրդի նախագահը Ավետիս Ահարոնյանն էր ՀՅԴ-ից։

1918 թվականի մայիսի 26-ի առավոտյան Ահարոնյանի մասնակցությամբ սկսվեց և մի քանի ժամ շարունակվեց Հայոց Ազգային խորհրդի նիստը, որի օրակարգի հիմնական կետերից մեկը դիրքորոշում պարզելն էր «հայկական գավառների» ապագայի հարցում։

Ըստ նիստի արձանագրության, որը պահվում է Հայաստանի ազգային արխիվում (ՀԱԱ, ֆոնդ 222, ցուցակ 1, գործ 141), հանդիպման ընթացքում շոշափվել և առաջարկվել են հետևյալ վեց մոտեցումները․

1․ անտարբերություն դեպի հայկական գավառները, միատեսակ քաղաքական անէացում – չի ընդունվում,

2․ Հայաստանի անկախություն – ոչ ոք չի ցանկանում,

3․ Ազգային խորհուրդը թողնել նույնությամբ – ստանում է 3 ձայն, չի անցնում,

4․ Նկատի ունենալով Անդրկովկասյան միության քայքայումը՝ Ազգային խորհրդի կամ ժողովի կողմից ընտրվում է նոր մարմին, որին ժամանակավորապես հանձնվում են կառավարչական գործառույթներ հայկական գավառների նկատմամբ (անկուսակցական Տիգրան Բեկզադյանի առաջարկը, ով նաև նախագահում էր այդ նիստը) – չի անցնում,

5․ Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է ժամանակավոր կառավարություն (առաջարկի հեղինակը Ավետիք Սահակյանն էր ՀՅԴ-ից, որն ամիսներ անց դարձավ Հայաստանի առաջին խորհրդարանի՝ խորհրդի նախագահը) – ստանում է 3 ձայն, նույնպես չի անցնում,

6․ Նկատի ունենալով, որ Վրաստանի և Ադրբեջանի անկախության հրապարակումով լուծարվում է Անդրկովկասյան անկախությունը, Հայոց Ազգային խորհուրդը ժամանակավորապես իր վրա վերցնում է կառավարչական գործառույթներ հայկական գավառների նկատմամբ (առաջարկի հեղինակը հայ կադետ՝ Սահմանադրական Ժողովրդավարական կուսակցության անդամ Լևոն Թումանյանն էր) – ստանում է 7 ձայն և համարվում ընդունված։

Այսպիսով, 1918 թվականի մայիսի 28-ից երկու օր առաջ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի որևէ անդամ կամ կուսակցություն չէր ուզում լսել Հայաստանի անկախության մասին։

1918-ի մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը երկրորդ քվեարկությամբ ընդունեց թուրքերի վերջնագիրը և Բաթում ուղարկեց պատվիրակություն, որն էլ հունիսի 4-ին Օսմանյան կայսերական կառավարության հետ կնքեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Հայաստանի Հանրապետության անունից:

Մայիսի 28-ի առավոտյան Հայոց Ազգային խորհուրդն ու օրվա հիմնական քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, քվեարկությամբ դեմ էին արտահայտվել Հայաստանն անկախ հռչակելու թուրքերի վերջնագրին:

ՀՅԴ-ում անկախությանը դեմ էր 8 հոգի, կողմ՝ 2:

Նույն օրը, երբ ՀՅԴ-ականներ Ալեքսանդր Խատիսյանն ու Հովհաննես Քաջազնունին, ովքեր ժամ առաջ էին վերադարձել Բաթումից (որտեղ Անդրկովկասյան պատվիրակության կազմում բանակցություններ էին վարում թուրքերի հետ), հորդորեցին կուսակիցներին, որ Հայաստանի անկախության հռչակումն ու թուրքերի հետ բանակցելու վերջնագիրն ընդունելն այլընտրանք չունեն, կուսակցությունը նոր քվեարկություն կազմակերպեց, որտեղ 9 կողմ և 1 դեմ քվեով ընդունվեց թուրքերի վերջնագիրը:

Ապա տեղի ունեցավ նոր քվեարկություն Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդում, որը 8 կողմ և 6 դեմով ընդունվեց թուրքական վերջնագիրը:

Բազմակուսակցական մարմնում ձայները բաժանվեցին այսպես.

ՀՅԴ՝ 6 կողմ,

Հայ ժողովրդական կուսակցություն՝ 2 կողմ,

Սոցիալ դեմոկրատներ՝ 2 դեմ,

Սոցիալիստ հեղափոխականներ՝ 2 դեմ,

Անկուսակցականներ՝ 2 դեմ:

Ահա այսպես ընդունվեց թուրքական վերջնագիրը, և նույն օրն իսկ Խատիսյանը, Քաջազնունին և Պապաջանյանը կրկին ուղևորվեցին Բաթում՝ թուրքերի հետ բանակցելու:

Հայաստանի անկախության տեքստը՝ առանց «անկախություն» և «հանրապետություն» բառերի, ընդունվեց 1918-ի մայիսի 30-ին:

Թաթուլ Հակոբյան  https://www.civilnet.am

Լուսանկարում՝ Թիֆլիսը 1920-ական թվականներին։


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert