«Հանրության խնդիրն է անարդար իրավական համակարգը որքան հնավոր է մոտեցնել արդարության գաղափարին»

…«Չգիտես ինչու դատական համակարգի վերաբերյալ ինչ-որ անհասկանալի միֆեր ու լեգենդներ են հյուսվել, իբրև թե այն «սուրբ կով» է, որին չի կարելի դիպչել։ Արձանագրենք հետևյալը․ դատական համակարգին ոչ միայն կարելի է դիպչել, այլ նաև անհրաժեշտ է անցնել դրա վրայով, եթե իհարկե այն չի արտահայտում հանրության ակնկալիքները ժողովրդավարական պետություն կառուցելու գործում։ Իսկապես չեմ հասկանում, որտեղ է թաքնված այդ միֆական կարծրատիպի աղբյուրը․ քաղաքացիական ճնշման միջոցով գործադիր իշխանության հրաժարականին կարելի է հասնել, բարձրագույն օրենսդիր իշխանության լուծարումը կարելի է պարտադրել, ամեն ինչ օրինական է ու իրավաչափ, բայց, երբ հերթը հասնում է դատական իշխանությանը, խնդիրներ են առաջանում։ Այստեղ պարզ նշմարվում է տրամաբանության բացակայությունը, քանի որ հենց այդ նույն սկզբունքով հեղափոխությունն էլ անօրինական գործընթաց էր, քանի որ Սերժ Սարգսյանը վարչապետ էր ընտրվել իրավական ճանապարհով։
Բայց մի՞թե պարզ չէ, որ հանրային այս դիսկուրսը զուտ իրավաբական բանավեճ չէ և պետությունն էլ ավելին է, քան իրավաբանական գրասենյակը։ Պետության ու արդարության մասին բովանդակային խոսույթը չի կարող սահմանափակվել իրավաբանական ամորֆ ձևակերպումներով ու պնդումներով, քանի որ իրավականությունն ու արդարությունը ոչ միշտ են մեկտեղվում, և հանրության խնդիրն է անարդար իրավական համակարգը որքան հնավոր է մոտեցնել արդարության գաղափարին։ Սա շարունակական գործընթաց է։ Սերժսարգսյանական իրավաբանության ներգործությամբ ու ներազդեցությամբ վերջին տասնամյակի ընթացքում լեգիտիմացվել են Հայաստանի պատմության ամենանողկալի հանցագործությունները։ Ամեն ինչ օրենքով էր, իրավական փաստաթղթերով հիմնավորված։ Սա ճահիճ է, որը մեր հանրությանը դատապարտել է իրավական նիհիլիզմի։ Տարիներ են պետք իրավականության ու սահմանդրականության նկատմամբ մարդկային հավատքը վերականգնելու համար։
Հիմա էլ գրեթե նույն իրավիճակն է․ առաջին տպավորությամբ դատական իշխանությունը գործում է օրենքի և սահմանադրության շրջանակներում, բայց չէ՞ որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ վերստին գործ ունենք կոռումպացված ու հանցագործ նույն համակարգի հետ, որը տասնամյակներ շարունակ մարդկային ճակատագրեր է խեղել։
Մի՞թե այսքանից հետո հանրությունը իրավունք չունի պահանջներ ներկայացնել դատական իշխանությանը։ Իմ համոզմամբ ոչ միայն ունի, այլ նաև պարտավոր է, քանի որ դատական համակարգը պատկանում է ժողովրդին և հաշվետու է նրա առջև, ինչպես գործադիրն ու օրենսդիրը։ Այսինքն անարդարություն գործող դատարանը պետք է արմատախիլ արվի և մոտեցումն այս ավելի քան ժողովրդավարական է։
Բայց սա դեռ ամենը չէ։ Թերևս ամենաթույլ ու չհիմնավորված քննադատությունն այն է, երբ իրավաբաններն ու իրավապաշտպանները ահազանգում են իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման մասին։ Սա ամենամեծ դեմագոգիան է, որը ես լսել եմ հեղափոխությունից հետո։ Իշխանությունների տարանջատման սկզբունքը ոտնահարելու համար նախ անհրաժեշտ է ունենալ իշխանությունների տարանջատում, որը Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Դատական իշխանությունը մշտապես սերտաճած է եղել գործադիր իշխանության հետ ու այս իրավիճակի մասին իմացել են բոլորը, բայց հիմա չգիտես ինչու երեսպաշտությամբ են զբաղվում։ Ինչպե՞ս կարելի է խոսել մի համակարգի անկախության ոտնահարման մասին, եթե այն երբեք անկախ չի եղել։ Այսինքն պարզունակ դեմագոգիայի հետ գործ ունենք։
Մեր իրավաբաններն ու իրավապաշպանները չեն կարողանում հասկանալ, որ Հայաստանը Մեծ Բրիտանիան չէ, և վերջինիս ներհատուկ դասագրքային ճշմարտությունները չեն կարող նույն տրամաբանությամբ կիրառվել նաև մեր միջավայրում։ Չի կարելի էլի գերազանցիկի բարդույթով տարված անընդհատ նույն դասագրքային տաֆտալոգիան պնդել։ Աստիճանական ինստիտուցիոնալ ռեֆորմների համար նախ անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայի պես կայացած իրավական համակարգ ու պետականության ավանդույթներ ունենալ։ Իսկ մենք ո՛չ համակարգ ունենք և ո՛չ էլ ինստիտուցիանալ դանդաղ ռեֆորմների ժամանակ։ Իրականում դատական համակարգի փոխարեն մենք սևազգեստ, արդարադատության մուրճով և Ֆեմիդայի հմայքով հանցագործ կլան ենք ստեղծել, որը ներկայումս ռևանշի բութ գործիքի կարգավիճակ է ստացել։
Այսինքն մեր խնդիրն է արմատախիլ անել այդ կլանն ու չեզոքացնել պետությանը սպառնացող վտանգը և հետո նոր անցնել աստիճանական ռեֆորմների ու ինստիտուտների ստեղծման աշխատանքին։
Այստեղ անհրաժեշտ է հղում անել ՔՈ սոցիալ դեմոկրտական կուսակցությանը, որն արդարացիորեն կառավարող ուժին քննադատում է հապաղելու և ժամանակին հեղափոխական մոտեցումներ չկիրառելու մեջ։ Քննադատությունն իսկապես տեղին է, Փաշինյանի կաբինետը այս ծայրահեղ քայլին պետք է ավելի շուտ դիմեր՝ կանխատեսելով մոտալուտ սահմանադրաիրավական ճգնաժամի հավանականությունը»։

Կարպիս Փաշոյանի ՖԲ-յան  էջից

 

 

 

споделяне във facebook

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net