Հեղափոխությունից մեկ տարի հետո

հեղափոխության դրոշը չպետք է թողնել վայր ընկնի

Մայիսը հաղթանակների ամիս է, մեկ տարի առաջ մայիսի 8-ին հայ ժողովուրդը մերժեց ավտորիտար, հակաժողովրդական իշխանությանը և ոչ ասաց   համատարած թալանին, ապօրինություններին, անարդարություններին եւ կոռուպցիային:

Եվրոպայի Հայերի Համագումարը շնորհավորում է Հայաստանի Թավշյա Հեղափոխության առաջին տարեդարձը և հույս հայտնում, որ  քաղաքական հեղափուխությանը կհաջորդի տնտեսական հեղափոխությունը, որով պետությունը կդրվի ամուր հիմքերի վրա եւ հնարավորություն կստեղծվի կերտելու ազգային, իրավական, ազատ, սոցիալապես ապահով,  անվտանգ եւ զարգացած հայրենիք համայն հայության համար:

Աշխարհաքաղաքական այս բարդ ու անորոշ պայմաններում հայ ժողովրդին  հաջողվեց առանց բռնության եւ ցնցումների, բաց ձեռքերի, սիրո ու համերաշխության դրոշի ներքո ազատվել   Հանրապետականների եւ նրանց կերակրատաշտից օգտվողների իշխանություններից եւ ստեղծել իր լեգիտիմ իշխանությունը՝ կերտելու իր երազած հայրենիքը:

Բաց ձեռքերի հեղափոխության արդյունքում ձեռք բերվածը հարկավոր է ամուր ձեռքերով պահել ու պահպանել:

Նախկին իշխանությունների մնացուկները տիրապետելով տնտեսության հսկայական մասին ու ժողովրդից հափշտակած միլիարդավոր գումարներին, չարաշահելով հեղափոխությամբ ձեռք բերված  համատարած ազատությունը, ժողովրդից թալանած միջոցները ծախսելով ժողովրդի դեմ, ձգտում են վերականգնել հին կարգերը:

Գործի են դրվել բոլոր տեսակի թույլատրելի ու անթույլատրելի միջոցները, սկսած կեղծ ու հասարակությանը պառակտող  ապատեղեկատվությունների տարափից, մինչեւ օտար ուժերին ստրկական ծառայություններ մատուցելուց, Արցախի հարցի դավաճանական  չարաշահումներից, մինչեւ պետական ապարատում սաբոտաժներից ու խափանարար աշխատանքներից:

Այժմ հստակ երեւում է թե ինչպես արդեն հակահեղափոխական ուժերի միջեւ անթաքույց ստեղծվում է անսուրբ մի ճակատ: ՀՀԿ, ՀՅԴ եւ Քոչարյանական բանդան լրացնում են մեկը մյուսին:

Մարտահրավերները շատ են եւ ուստի այսօր մեզանից պահանջվում է լինել ավելի զգոն եւ աչալուրջ, յուրաքանչյուր ոք ունի իր բաժին անելիքը: Այստեղ հարկավոր է ազնիվ ու անշահախնդիր քաղաքական գործիչների, նորակազմ կուսակցությունների եւ հատկապես մտավորականության ներգործությունն ու հակահարվածը: Հայաստանի համար չկա հետդարձ, սա պիտի գիտակցեն բոլոր ազնիվ ուժերը եւ մարդիկ:

Այս գործում իր հստակ եւ աներկբա բաժինը պիտի ունենա Սփյուռքը, նրա առաջադեմ եւ հայրենասեր խավը, որոնց համար ոչ թե’ նեղ խմբակային ու կուսակցական շահերն են գերակա, այլ ազգի շահերը: Սփյուռքի յուրաքանչյուր անհատ եւ առանձին խմբավորումներ իրենց համակողմանի, անվերապահ ու անմնացորդ աջակցությամբ ոչ միայն կարող են ի չիք դարձնել եւ չեզոքացնել բոլոր տեսակի քաղաքական արկածախնդիրների եւ պնակալիզությամբ  հարուստ փորձ ունեցողների հակազգային գործողությունները, այլ նաեւ կարող են ինքնակազմակերպվել եւ դառնալ հզոր ու կենսունակ ուժ՝ հանուն Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման, հանուն վաղվա հզոր ու զարգացած հայրենիքի:

Մյուս կողմից Հայաստանում, պետական կառավարման համակարգում բոլորը անշահախնդիր պիտի ստանձնեն իրենց վերապահված պատասխանատվությունները: Երկրի ղեկավարը միանձնյա չի կարող լուծել բոլոր հարցերը:

Ի հարկե, անսխալական չեն նոր իշխանությունները: Բայց ավելի լավ անկեղծորեն սխալվելը, քան գիտակցաբար ժողովրդին կեղեքելը: Սխալները շտկելի են, գողի հոգեբանությունն է անշտկելի:

Հասարակությունը ունի ամենակարեւոր դերակատարությունը, առանց հասարակության անմիջական մասնակցության, ոչ մի երկիր չի դարձել հզոր ու զարգացած, պետք է դառնալ կազմակերպված ազգ: Եվ կազմակերպված ազգ դառնալու բոլոր հնարավորությունները այսօր առկա են: Առիթը բաց չթողնենք: Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ երեւի ամեն հարյուր տարին մեկ է այսպիսի առիթ ստեղծվում:

Սա մեր միակ առիթն է:

Կեցցե հաղթանակած հայ ժողովուրդը

Կեցցե հեղափոխությունը, կեցցե ազատությունը, անկախությունը, կեցցե Հայաստանը:

 

 

Եվրոպայի Հայերի Համագումար

8 մայիս 2019

Ուփսալա – Շվեդիա

contact@aaeurop.com

aaeurop.com

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert