Մի օր,երբ աքաղաղը չի փորձի ժպտալ արևածագին
և երկա՜ր,անքու՜ն գիշերից հետո հնձվորը խոր քուն կմտնի աքլորականչին,
երբ արտը կուրծքը բաց կսպասի հնձվորի ճամփին
և կարոտ կմնա սիրո,մերձեցման,
երբ գնացքները կարոտ չեն ներկի իրենցից հետո դատարկ շենքերին,
երբ պոռնիկները կմաքրեն փոշին գորշ փողոցների
և լիրբ շները արյուն կլափեն
և քաղաքն էլի կոռնա դաշտանացավից,
երբ ժամանակը մի պահ կանգ կառնի՝կտրվի ծեր ժամագործին
և հրեշտակները անդունդ կնետվեն՝կյանքից կշտացած,
ես կհագնեմ ճերմակ շապիկն իմ,ի՛մ անմեղության
և կգամ քեզ մոտ՝անշշուկ,անձայն,
աշխարհից գաղտնի,
և գուցե լինեմ հազարերորդ այցելուն քո մեկ գիշերի,
ով կհամբուրի կուրծքդ կիսաբաց,
բայց ես չեմ լինի բոլորի նման՝սիրալիր ու խենթ,
չեմ տրվի կրքին,
նուրբ կհամբուրեմ մարմինդ կոպիտ,մի քի՜չ թրջված,
կլինեմ անխոս,
անշշու՜կ,անձայն,
որ լռության մեջ լսելի լինի ցավը՝եդեմի,
իսկ առավոտյան,երբ մութ երկինքը կանձրևի նորից,
դուրս կգամ փողոց՝
քեզ մոտ թողնելով
ճերմակ շապիկը ՝ներկված կարմիրով,
հպարտ կքայլեմ թաց փողոցներով
մարմինս օծած կանացի բույրով,
կհասնեմ արտը,ցավս կխաչեմ չորացած հողին
և վերջին անգամ կում կանեմ անմեղության դատարկ բաժակից
և կինքնավիժեմ՝ծնվելու հույսով մեկ այլ հեքիաթում՝քեզանից հեռու…
աշխարհից հեռու,ուր աքաղաղը նորից կժպտա արևածագին,
հնձվորը կշտապի արտ՝աքլորականչին,
արտը չի մնա առանց մերձեցում,
իսկ իմ ընկերը միակ անբաժան
կլինի ճերմակ շապիկը իմ,
իմ անմեղությա՜ն…

Անի Հերունի Սաջյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert