Ստամբուլի հայկական համայնքը նոր շնչի կարիք ունի

hetq.am| Մարինե Մարտիրոսյան, 14 մյս 2019

Ո՞վ պետք է նստի պատրիարքի աթոռին. պոլսահայ քաղաքական գործիչը՝ սպասվող ընտրության մասին

Ապրիլի 29-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը որոշել է դիմել Ստամբուլի նահանգապետարան՝ նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար, ինչից հետո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսպոկոս Մաշալյանն այցելել են նահանգապետարան, հանդիպել նահանգապետին: Թե որ օրը կնշանակվի ընտրությունը, դեռ հայտնի չէ:

Նախորդ տարիներին Ստամբուլի հայկական համայնքը բազմիցս հանդես էր եկել նոր պատիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին ընտրության անցկացումը՝ դա հիմնավորելով 1863 թ. Ազգային սահմանադրության դրույթով, ըստ որի՝ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո: Հիշեցնենք, որ մարտի 8-ին Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում մահացել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Վերջինս ընտրվել էր 1998-ին, սակայն 2008 թվականից հիվանդության պատճառով գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

2010-ին նախատեսվում էր անցկացնել աթոռակից պատրիարքի ընտրություն: Սակայն թուրքական կառավարությունն արգելեց դրա անցկացումը, փոխարենը Պոլսո աթոռի ամենատարեց հոգեւորական, պատրիարքական փոխանորդ Շահան արք. Սվաճյանը հրաժարական տվեց, եւ շատ արագ կրոնական ժողովը փոխանորդ ընտրեց Արամ արք. Աթեշյանին: Անկախ շրջանակներն այս ամենը բացատրեցին թուրքական կառավարության միջամտությամբ: Երկարատեւ հիվանդությունից հետո 2016-ի հոկտեմբերին Մեսրոպ պատրիարքը եկեղեցական ժողովի կողմից հանգստյան կոչվեց, սակայն նոր պատրիարք ընտրելու հնարավորություն հայ համայնքը կրկին չունեցավ: Փոխարենը 2017-ի մարտին 15-ին կայացած ժողովում պատրիարքի տեղապահ ընտրվեց Գարեգին արք. Բեքչյանը, որի գլխավորությամբ պետք է կազմակերպվեր պատրիարքի նոր ընտրությունը: Բայց այս անգամ էլ թուրքական կառավարությունը կանգնեց Աթեշյանի թիկունքին, որը պարտվել էր Բեքչյանին: Կառավարությունը շեշտեց, թե ճանաչում է Աթեշյանին որպես փոխանորդ, փոխարենը չի ընդունում կայացած ընտրության արդյունքը: Մի քանի ամիս տեւած առճակատումից հետո Գարեգին արք. Բեքչյանը հեռացավ Ստաբուլից, իսկ Աթեշյանը շարունակեց պաշտոնավարել որպես փոխանորդ: Այժմ, երբ կառավարությունն այլեւս չի կարող հղում կատարել փաստին, թե պատրիարքը կենդանի է, հետեւաբար ընտրություն չի կարող անցկացվել, հայ համայնքը լավ հնարավորություն ունի ընտրել նոր հոգեւոր առաջնորդ:

Ընտրության հարցում համայնքը միաձայն է

Թե ինչ տրամադրություններ կան Ստամբուլի հայկական համայնքում նոր պատրիարքի ընտրության շուրջ, փորձել ենք պարզել համայնքի քաղաքական գործիչներից Գայուշ Չալըքման-Գավրիլոֆից: Վերջինիս տեղեկացմամբ՝ համայնքը կարող է հավաքված լինել տարբեր կրոնականների շուրջ, սակայն կասկած չկա, որ ընտրությունն է պահանջը, եւ այդ հարցում համայնքը միաձայն է:

Ըստ որոշ խոսակցությունների՝ հավանական թեկնածուներ են համարվում Արամ արք. Աթեշյանը, Սահակ եպս. Մաշալյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը, որը 2010-ին աթոռակից պատրիարքի թեկնածուներից էր:

Գայուշ Չալըքման-Գավրիլոֆից հետաքրքրվել ենք նշված թեկնածուների հանդեպ համայնքում առկա վերաբերմունքի մասին:

Ստամբուլի հայկական համայնքը նոր շնչի կարիք ունի

Մեր զրուցակիցն ասում է, թե համայնքը ջլատված է հատկապես այս թեմայի շուրջ, ինչի պատճառը երկու ստամբուլաբնակ հոգեւորականներն են (Աթեշյանն ու Մաշալյանը) ու նրանց նման եկեղեցականները:

«Այստեղ մենք կարիքը ունինք նոր շունչի մը՝ ժողովուրդը միացնող ո՛չ միայն եկեղեցիի շուրջ, այլեւ աշխարհիկ երդիկի տակ ալ նմանապէս: Կարիքը ունինք ազգային ոգի ներշնչելու տրամադրութեամբ համայնքը պարուրող նոր ուժի մը: Թուրքիայի հայութիւնը վերջին շունչ տալու վրա է. թէ՛ համայնքը լավ ճանաչող եւ թէ՛ պատրիարքական շէնքի մէջ ներկայացւող բիւզանդական խաղերու մաս չկազմող, աշխարհիկ կիրքերէ զերծ եկեղեցական մըն է, որ պիտի ազատէ այս աթոռը ու այս համայնքը: Էջմիածինն ալ, եթէ կը կարեւորէ այս իրականությունը, պէտք է քայլեր առնէ այս ուղղութեամբ, թէ չէ ահաւոր պատմութիւն մը պիտի վերանայ երկրագունդի վրայէն, իր նիւթական եւ բարոյական կուտակումով»,- ասում է Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը: Նա Սեպուհ սրբազանի թեկնածության կողմնակիցներից է, ու կարծում է, որ Չուլջյանը մեծ քվե ունի համայնքում, սակայն առայժմ համակիրները չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին:

Միաժամանակ հայտնի է, որ Արամ Աթեշյանը տարբեր առիթներով գովաբանել է թուրքական իշխանություններին, ու մամուլում բազմիցս նշվել է, որ նա լավ հարաբերություններ ունի կառավաության հետ: Հարցրին, թե արդյոք այդ հանգամանքը օգնել Աթեշյանին, հայ քաղաքական գործիչը կարծիք է հայտնում, որ անցած տարիներին այդպիսին է եղել ոչ միայն Աթեշյանը, այլեւ Մաշալյանը: Նրա խոսքով՝ թուրքական պետությունը երեխա չէ, ու պարզ է, որ հաստատված «լավ» հարաբերությունները պիտի լինեն միայն իր օգտին, ապա ավելացնում է. «Իսկ ի՞նչ եք կարծում՝ պետությունը կուզենա՞ այսքան հալածված անուն գործածել: Չեմ կարծեր»:

«Ըստ ինձ՝ պետութիւնը Մաշալյանի ականջին հասցուցած է բաներ մը, որոնք ուժ տուին իրեն, եւ ան ալ կրցաւ այդ համարձակ քայլերը առնել: Համայնքը, ինչպէս ըսի, երեք թեկնածուի միջեւ կը դեգերի: Վստահ եմ՝ մեծամասնութիւնը իմ նման կուզէ նոր ուժ, նոր անուն մը, որ հակառակ ներկայիս երկրին մէջ չապրիր, բայց քաջ տեղեակ է համայնքի իրականութեան եւ  արդէն ծանօթ է իրեն»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:

Իսկ արդյոք պետք է սպասել, որ թուրքական իշխանությունները կրկին կմիջամտեն պատրիարքի ընտրությանը: Չալըքման-Գավրիլոֆն ասում է, թե նախկինում էլ մեծ միջամտություններ չի զգացել, փոխարենը համայնքն իր կամքով է պետության միջամտությունն այդքան բուռն ու զգալի դարձրել:

«Պետութիւնը կը սիրէ մեզ տեսնել իբր կրօնական համայնք, իսկ մենք այս վերջին տարիներուն հատկապէս մի քանի կղերականի մեծ ջանքերով իսկապէս դառնալու վրայ ենք կրօնական համայնքի մը՝ ազգութիւնը մի կողմ թողած: Կարծես քրիստոնեայ թուրքեր դառնալով՝ արդէն պետութեան ջուրերով կը վարենք մեր նաւը այնպէս, որ անխուսափելի են պետութեան միջամտութիւնները այլեւս»,- նշում է Գայուշ Չալըքման-Գավրիլովը:

https://hetq.am/hy/article/103646

 

share button

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net