Որոշ դաշնակցականների կողմից զավեշտաի աստիճանի հասնող պնդումները այն մասին, թե Ալեքսանդրապոլում թուրքերի հետ պայմանագիր կնքելիս, դաշնակցական պատվիրակությունը գիտեր, որ արդեն իշխանությունն անցել է բոլշեւիկներին, և այդ կնքվող պայմանագիրը իրավական արժեք չի ունենալու, դրա համար ստորագրեցին, պետք է հիշեցնենք, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, բայց «հաշտության պայմանագրի» կնքմանն ուղղված քարոզարշավն արդեն սկսված էր նոյեմբերի 23-ից: Վկան ՅՀԴ պաշտոնաթերթ «Յառաջ»-ի խմբագրականը: Այս խմբագրականը դաշնակցության մանիֆեստն է.- «…եթե մենք ի վիճակի լինեինք ճշտորեն չափելու մեր սեփական ուժի և կարողության իսկական կշիռը, մենք երբեք չպիտի ձգտեինք ստեղծել մի մեծ Հայաստան, որ չգիտեինք էլ, թե ինչպես պիտի լցնենք ազգաբնակությամբ, պահենք ու պահպանենք և վաղուց պիտի ունենայինք հաշտություն մեր թշնամու հետ»: Գնահատական է դաշնակցության անցյալին: Գնահատական՝ իր բազում ազգակործան սխալներին և«ռոմանտիկ» քաղաքականությանը և աղերսանք խղճուկ իշխանության աթոռների տեղավորման համար տարածք ստանալու հնարավորություն,- Նոր Խոսք

 

1920 թվականի աշնանը քեմալականները հարձակվեցին Հայաստանի վրա, սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավեցին Կարսի մարզի Սարիղամիշ քաղաքը։ Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 30-ին, գրեթե առանց լուրջ կռիվների, ընկավ նաև Կարսը։ Նոյեմբերի սկզբին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, Հայաստանը ստիպված եղավ ծանր պայմաններով զինադադար կնքել Քյազիմ Կարաբեքիրի հետ։ Դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց։ Ամռանը Հայաստանի վրա արևելքից՝ Խորհրդային Ադրբեջանից, հարձակվել էին բոլշևիկները, ռազմակալել Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը: Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալեքսանդրապոլում հայկական պատվիրակությունը Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ քեմալականների հետ ստորագրեց դաշնագիր, որը ստորագրման պահից իսկ իրավական ուժ չուներ:

Ներկայացնում ենք կառավարական «Յառաջ» օրաթերթի 1920թ. նոյեմբերի 23-ի խմբագրականը, որը կրում է «Դեպի հաշտություն» խորագիրը: 1920 թվականի նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հայաստանի  Հանրապետության երրորդ վարչապետ Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը: Նույն օրը Ալեքսանդրապոլ (Գյումրի) է մեկնում Հայաստանի Բյուրո-կառավարության պատվիրակությունը Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ` թուրքերի հետ բանակցություններ սկսելու:

ԱՆԻ կենտրոն

 

«Ինչպես հայտնի է՝ վաղը երեկոյան, Ալեքսանդրապոլում պիտի սկսվեն հայ-թուրքական հաշտության բանակցությունները:

Դժվար է այժմվանից գուշակել, թե ի՞նչ հետևանքի պիտի հանգեն այդ բանակցությունները: Սակայն թուրքերի առաջարկելիք հաշտության պայմանները շատ ընդհանուր գծերով ձևակերպված են արդեն Անկարայի կառավարության՝ նոյեմբերի 8-ին մեզ ուղարկած նոտայում:

Այդ բավականաչափ աղոտ կերպով ուրվագծված պայմանները, որոնք արդեն որոշ չափով կռահել են տալիս, թե ինչ իրական կերպարանք նրանք պիտի ստանան կնքվելիք հաշտության պայմանագրում, հարկավ, շատ հեռու են այն պայմաններից, որոնց մասին երազել է հայությունը ամբողջ երեսուն տարի և որոնց իրագործման համար հարյուր հազարավոր զոհեր է տվել:

Մենք, որ օտարների ուժի վրա հույս դնելով շարունակ ձգտել ենք միանգամից ստեղծել մեծ Հայաստան, մեր այս շշմեցուցիչ պարտությունից հետո անմոռանալի առիթներ ունեցանք համոզվելու, թե մեզ համար որքան խաբուսիկ և վնասակար են այդ մեծ հույսերը:

Եվ եթե մենք լինեինք ռեալ քաղաքագետներ և ժամանակին ըմբռնեինք, որ չի կարելի առաջնորդել ազգային քաղաքական նպատակներ՝ հենվելով ոչ թե սեփական, այլ օտար ուժերի վրա, և եթե մենք ի վիճակի լինեինք ճշտորեն չափելու մեր սեփական ուժի և կարողության իսկական կշիռը, մենք երբեք չպիտի ձգտեինք ստեղծել մի մեծ Հայաստան, որ չգիտեինք էլ, թե ինչպես պիտի լցնենք ազգաբնակությամբ, պահենք ու պահպանենք և վաղուց պիտի ունենայինք հաշտություն մեր թշնամու հետ:

Վերջին պատերազմը մի այնպիսի մեծ հարված էր, որ չէր կարող չսթափեցնել, չզգաստացնել մեզ բոլորիս:

Պետք է, որ գեթ այժմ ունենանք մեր համեստ, շատ համեստ սեփական ուժի և կարողության դառն գիտակցությունը: Պետք է վերջապես հասկանանք, որ մեր ուժի և կարողության չափով միայն մենք կարող ենք քաղաքական նպատակներ ու պահանջներ առաջադրել: Այլապես, մենք ինքներս կնպաստենք մեր կործանմանը և երբեք չպիտի կարողանանք հարատևորեն հաշտվել մեր հարևան թուրքերի հետ:

Մեր ազգային քաղաքականությունը, որ մինչև այժմ եղել է անուղղելիորեն ռոմանտիկ, պետք է հիմնովին շրջի իր ղեկավարող սկզբունքները:

Ռեալ քաղաքականության գլխավոր սկզբունքն է՝ պահանջներիդ սահմանը սեփական ուժիդ չափն է:

Եթե այդպես վարվենք, մենք միշտ կշահենք, մեր ոտքի տակից երբեք չենք կորցնի հաստատուն հողը և հաշտության ընդհանուր լեզու կգտնենք թուրքերի հետ:

Ավելի լավ է սեփական ուժով ունենալ քիչ, քան օտարի օգնությամբ՝ շատ: Որովհետև օտարի օգնությամբ ձեռք բերվածը միշտ անհաստատ, միշտ անվստահելի և խաբուսիկ բան է, մանավանդ, եթե սեփական ուժով ի վիճակի չես պաշտպանել այդ: Որովհետև օտարի շահը միայն այսօր, ներկա պայմաններում կարող է զուգադիպել քո շահին, իսկ վաղը, տարբեր պայմաններում, նա կարող է դառնալ քեզ հակառակ կամ անտարբեր, և դու կկորցնես հաստատուն հողը քո ոտքերի տակից և կկորցնես այն, ինչ որ ձեռք ես բերել օտարի օգնությամբ ու, թերևս, շատ ավելի:

Այն վատառողջ և ծայր աստիճան վտանգավոր հոգեբանությունը, որ մինչև այժմ եղել է մեր մեջ, վերջին ցնցող դեպքերից հետո էլ կարծես շարունակում է տակավին իր գոյությունը մեզանից շատերի մեջ:

Հուսախաբվելով  մեկ օտար ուժից, մեզանից շատերը իրենց աչքերը իսկույն ուղղում են մեկ ուրիշ օտար ուժի վրա, առանց ըմբռնելու, թե այդ երկրորդն էլ, ինչպես և երրորդը, չորրորդը և այլն, պիտի ավելի մեծ հուսախաբություն, թերևս, կործանում բերեն իրենց հետ:

Այն դառն ջախջախիչ փորձերից հետո, որ մենք ունեցանք օտարների հետ, մենք պետք է վերջապես խրատվենք և մեկ անգամ ընդմիշտ հասկանանք, որ որտեղից էլ գալու լինի օտարի ուժը, նրա օգնությունը, ինչ դրոշակի տակ էլ նա գալու լինի, նա մեզ համար հարազատ ուժ չէ և միշտ կարող է դավաճանել մեզ:

Այդպես եղել է անցյալում, այդպես կլինի միշտ:

Չհավատանք օտարների խոստումներին, որովհետև այդ խոստումների տակ միշտ թաքնված են հետին նպատակներ, մեզ համար խորթ ձգտումներ ու շահեր, որոնք կարող են մեզ ավելի վնասել, քան օգնել:

Եվ եթե մենք չմոռանանք այս ճշմարտությունները հաշտության բանակցությունների ժամանակ, մենք ձեռք կբերենք ավելի հաստատուն և ավելի հարատև հաշտություն մեր թշնամու հետ, քան եթե մենք շարունակենք կառչել ուրիշներին:

Թշնամին հալածել, կոտորել է մեզ մեր անուղղելի օտարամոլության համար: Մենք տուժել ենք միշտ, որովհետև մենք միշտ գնացել ենք մեր թշնամու ամենաոխերիմ թշնամիների հետևից, որոնք շարունակ դավաճանել են մեզ, երբ իրենց շահն է պահանջել, և թողել մեզ դարձյալ մեր փոքր ուժերով երես առ երես մեր հարևան և մեզանից ուժեղ թշնամու հետ:

Ժամանակն է, որ մենք բոլորս սթափվենք և հիմնովին փոխենք մեր մինչև այժմյան քաղաքական ընթացքը:

Ամենից առաջ և ամենից ավելի մենք պետք է հաշտ լինենք մեր հարևանների հետ: Եվ որքան ավելի ուժեղ են մեզանից մեր հարևանները, այնքան ավելի խաղաղասեր մենք պիտի դառնանք նրանց հանդեպ:

Մենք պետք է ձգտենք, որ այն հաշտությունը, որ կնքվելու է Ալեքսանդրապոլում, լինի սկիզբը պատմական մի նոր դարաշրջանի և նոր հայկական քաղաքականության: Մենք պետք է ձգտենք ամենայն անկեղծությամբ և վճռականությամբ վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք մինչև այժմ անկարելի են դարձրել  հայ-թուրքական բարեկամությունը:

Մեր թշնամին իր կողմից պիտի չարաշահի մեր ժողովրդի բարեկամությունը, որի համար պետք է միայն մեկ բան. ապահովել մեր ազգի և պետության գոյությունն ու զարգացման հնարավորությունը:

Եթե թուրքերը ամենայն շիտակությամբ ճանաչեն մեր կատարյալ անկախությունը, տան մեզ այնպիսի սահմաններ և ստեղծեն այնպիսի պայմաններ, որոնց մեջ մեր ժողովուրդը կարողանա զարգանալ տնտեսապես և մշակութապես, այն ժամանակ  Հայաստանը և հայ ժողովուրդը ոչ միայն պիտի հաշտվեն թուրքերի հետ, այլ լինեն նրանց առաջին բարեկամը:

Հաշտությունից դեպի բարեկամություն՝ այս է ահա այն ճանապարհը, որ պիտի բանան մեզ համար Ալեքսանդրապոլի բանակցությունները:

Եվ այս հավատով է, որ մենք կուզեինք սկսված տեսնել այդ բանակցությունները:

Մեր ժողովուրդը կարոտ է հաշտության և խաղաղ, շինարարական կյանքի և կարոտ է ավելի, քան որևէ այլ ժողովուրդ աշխարհիս երեսին:

Եվ ով որ տա մեզ իսկապես տևական հաշտություն և խաղաղ կյանքի հաստատուն երաշխիքներ, նա կլինի մեր ամենամեծ և իսկական բարեկամը»:

Յառաջ, Խմբագրական, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, երեքշաբթի, 23 նոյեմբեր, թիվ 257

Աղբյուրը՝ http://www.aniarc.am

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert