Կարճ՝ հայերենի՝ պարտադիր/չպարտադիրի մասին.
հայերենը պետք է լինի ոչ թե “առարկա”, որը սովորում են, տնային են անում, քննություն են հանձնում, դասախոսի լավն ու վատն են քննարկում, այլ՝ անհատական ստեղծագործության, ինքնաարտահայտման, մտքերի գեներացիայի գործիք, որն ամենուր ու ամեն տեղ պիտի առաջնայնություն ու կարևորություն ունենա։ Հայերենը պիտի լինի գիտության լիարժեք լեզու, ու դրա համար մեզ պետք են գիտական ամենանոր աշխատությունների թարգմանություններ՝ դեպի հայերեն, ուսանողը պետք է ունենա հայերենով լիարժեք մասնագիտական կրթություն ստանալու և լրացուցիչ տեղեկատվություն փնտրելու հնարավորություն։ Ֆիզիկա, աստղագիտության, նանոտեխնոլոգիաներ թե գենային ինժեներիա, երաժշտություն թե փիլիսոփայություն. ամեն ինչի շուրջ գրականություն պիտի ստեղծվի հայերենով կամ թարգմանվի հայերեն։ Հայալեզու “կոնտենտը” պիտի խրախուսվի ամենուր՝ բոլոր ոլորտներում, դա պետք է լինի ոչ թե “հայագիտություն”, այլ՝ հայերենի համապարփակ, անխնա, կենդանի գործածում ամենուր, թե չէ անգամ լեզվաբանության համաշխարհային գիգանտների ամենահայտնի աշխատությունները ես չեմ կարողանում գտնել հայերենով, եթե դրանք հայագիտությանը չեն վերաբերում։
Հայերենով մտքեր ձևակերպել կարողանալը, տեքստ շարադրելը, հայերենը երգերում գրագետ ու բազմազան գործածելը, հայկական ֆիլմերի կորսված կամ էդպես էլ չգտնված լեզուն վերջապես գտնելը, գրական բազմազանությունն ապահովելը. սրանք խնդիրներ են, որոնց լուծումը պիտի սկսվի դպրոցից ու շարունակվի բուհերում, և որոնց պետությունը պետք է ամենայն լրջությամբ մոտենա։ Կենդանի լեզու, անհատի ստեղծագործության լեզու, ոչ թե՝ դպրոցական կամ բուհական սովորական, շարքային առարկա. ես լեզվապահպանությունն էսպես եմ տեսնում։

Լիլիթ Բլեյան  ՖԲ-յան էջից

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert