Զագրեբում ԵԺԿ համաժողովում ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի մասին.

Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից:

Արյունահեղություն թույլ չտվող նախկին նախագահը, մոռացել է, որ 2018 թվականի ապրիլ 22-ին Նիկոլ Փաշինյանին սպառնում էր մարտի 1-ի սցենարով՝ նշելով, թե նա՝ Նիկոլ Փաշինյանը,  մոռացել է մարտի մեկը:

Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:

Բանից պարզվում է, որ Սերժ Սարգսյանը ավելի հեղափոխական է, քան Նիկոլ Փաշինյանը: Այ քեզ բա՜ն: Բա որ ոչ մի բեկում չեն մտցրել, էլ ինչո՞ւ ես քննադատում: Չէ՞, որ բեկում չմտցնելու դեպքում տրամաբանորեն պետք է, որ շարունակվի այն նույն ՀՀԿ քաղաքականությունը:

Ավելին` երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։

Այստեղ արդեն փաստերի ու իրականության բացահայտ խեղաթյուրում է տեղի ունենում: ՀՀ-ի ամենահեռավոր գյուղի էշն էլ գիտի, թե ինչպիսին էր նախկին և դեռ աշխատող դատական համակարգը: Ինչպիսի՞ արդարադատություն էր տեղի ունենում…

Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի:

Սա նույնպես փաստերի և իրականության խեղաթյուրում է: Սերժ Սարգսյանը կարծում է, որ ՀՀԿ-ն, ԵԺԿ անդամ դառնալով, դարձել է ամենաժողովրդավար կուսակցությունը: Չի հասկանում, որ ԵԺԿ-ի համար սերժի ժողովրդավարական լինել-չլինելը մեկ լումա արժեք չունի, նրա համար անդամ կուսակցությունների թվաքանակն է կարևոր:

Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել:

Սա արդեն զավեշտ է, մարդը տասնյակ տարիներ երկրի իշխանությունը տիրացած չի կարողացել «է՛լ ավելի լավ պետություն կառուցել, հեռացել է, որ ուրիշները գան և դա կառուցեն, բայց չգիտես ինչո՞ւ է բողոքում այն բանի համար, որ չեն կրկնում իր անհաջող փորձերը: Բացի այդ, հեռացողը փշալարերով շրջափակված ազգային ժողովում վարչապետ չի ընտրվում:

Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում:

Այս հայտարարությունն արդեն բարոյականությունից զուրկ է: Երկրի նախկին նախագահը ոչ թե իր ժողովրդի հետ է կիսվում ու խոսում, այլ օտարերկրյա կուսակցությունների համագումարում գանգատվում է, և փոշմանած ակնարկում է մարտիմեկյան սցենարի մասին:

Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով, գուցե, որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը:

Սերժ Սարգսյանը կրկնում է Լ.Տ.Պ-ի ժամանակին (եթե չեմ  սխալվում հրաժարականի ժամանակ, կամ դրանից առաջ) արված այն արտահայտությունը, որ մի կողմից պատերազմական վիճակի և մյուս կողմից նորաստեղծ պետության արտաքին հարաբերություննեերին կարգավորման հանգամանքից ելնելով՝  ներքին խնդիրները  անուշադրության է մատնել: Սերժ Սարգսյանը «անվտանգության» խնդիրը առաջնային համարելով՝ փորձում է իր կառուցած քրեաօլիգարխիկ, կոռումպացված և երեք իշխանությունների (գործադիր, օրենսդիր և դատական) սերտաճման հանգամանքը արդարացնել: Բայց չի հասկանում, որ այնտեղ նստած մարդիկ քաղաքավարությունից ելնելով կլսեն իրեն, բայց իրեն քմծիծաղով կճանապարհեն:

Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից:

Այս հատվածում, ելույթ գրողի անգրագիտությունն է փաստվում, բաց նրանից անգրագետը ինքն է՝ Սերժ Սարգսյանը, որ վստահաբար նախքան ելույթը, մի քանի անգամ ընթերցել է, բայց չի հասկացել, թե դրանով ի՞նչ է ուզում ասել:

Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը:

Սերժ Սարգսյանը և իրենից առաջ իր «մարտընկեր» Քոչարյանը, տասնյակ տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատել ու բանակցել են, բայց դեռ այդ խմբի ջանքերը միջազգային հանրության կողմից աջակցություն չի ստացել, իսկ հիմա, նա ցանկանում է, որ դա տեղի ունենա: Սերժը դրանով ուզում է հասկացնել Մինսկի խմբին, որ նա նախկին սկզբունքներից չհեռանա, թույլ չտա Արցախը դառնա  բանակցային կողմ, «7 շրջանները պետք է վերադարձվեն, Աղդամը հայկական չէ» հասկացա՛ր ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ:

Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում :

Սերժը այնպես է ցավում Ադրբեջանի զինվելուց, որ կարծես թե տասնյակ տարիներ «խեղճ» Ալիևի ձեռքն ու ոտը կապել էր Սերժը, չէր թույլ տալիս, որ նա զինվի: Հիմա Նիկոլը նրան ազատել այդ կապաքներից՝ բացարձակ զինվելու համար: Սերժը մոռացել է, կամ դիտավորյալ մոռացության է տալիս, թե իր «հաջողակ» բանակցությունների ժամանակ էր, որ Ադրբեջանը 4 միլիարդանոց սպառազինության պայմանագրեր էր կնքում Ռուսաստանի հետ, մոռացել է, որ իր «հաջող» բանակցությունների շնորհիվ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, մոռացել է, որ 800 հեկտար կորուստը իր համար «անպետք» տարածքներ էին:

Հայաստան-ԵՄ հարաբերություններն այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա: 2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը:

Այստեղ Սերժ Սարգսյանը իր մի գիշերվա մեջ որոշումը փոխելու մասին լրիվ մոռացել է: «Հո չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել» ասել էր: Մարդ, որը առավոտը երկրի արտաքին կարևոր քաղաքականության մասին այլ որոշում ունի, իսկ գիշերը մի այլ որոշում է ներկայացնում, բայց խոսում է քաղաքականության մասին, խոսում է պետականության մասին, էլ չգիտեմ երկրի անվտանգության ու էլի շատ բաների մասին, որոնցից ընդհանրապես գլուխ էլ չի հանում, կարելի համարել ժողովրդի կողմից թյուրիմացաբար նախագահի պաշտոնին արժանացրած մարդ:

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert