Ինչու Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ընտրեց Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ՝ Արցախի հայրենասեր ղեկավարությանը մաքրելով քաղաքական դաշտից։

Իմ շատ սիրելի Լուսյա ՄԵՀՐԱԲՅԱՆԻ խնդրանքով, ում ամագը ահագին մեծ է՝ գիրքս արժեւորելու ու տարածելու հարցում, մի կտոր էլ եմ դնում գրքիցս։

Հատված իմ “Խաչվածին մահ չկա” գրքից։
Այս հատվածի ձայնագրությունը պահպանված է իմ արխիվում։

“2007թ․ ապրիլին, Երեւանում, “Ղարաբաղ” կոմիտեի գաղափարապետ, կադրերի հարցով ՀՀՇ հիմնական պատասխանատու Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, տարիներով ինձ տանջող այս հարցն ուղղեցի․”Հայտնի է, որ Արցախյան համաժողովրդական շարժման միակ նպատակը, Արցախի ազատագրումն էր Ադրբեջանի ենթակայությունից։ Ոտքի ելած Արցախն էլ հստակ ուներ իր առաջնորդները, որոնց վստահության քվե էր տվել ազատ ու արդար ընտրություններում, ուր Քոչարյանը մեկ տոկոսից ցածր քվե ստացավ։ Ի՞նչն էր, ուրեմն, պատճառը, որ “Ղարաբաղ” կոմիտեն Արցախում չհամագործակցեց այդ առաջնորդների հետ ու հենարան ընտրեց Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, երբ վերջինս, իր ետեւից ոչ մի ընտրազանգված կամ գոնե համախոհների մի խումբ էլ չուներ, անգամ բուն Ստեփանակերտում, ուր ապրում ու աշխատում էր”։

Վազգեն Մանուկյանի ընդարձակ ու անկեղծ պատասխանը մեջբերում ենք ամբողջությամբ։
“Առաջին անգամ Ղարաբաղ գնացի 1987 թվականին, Իգոր Մուրադյանի հետ։ Այդ ժամանակ արդեն Միացումի ստորագրահավաքներն էին թափ առել, ու Արցախում ստեղծվել էր տնօրենների խորհուրդ՝ շրջկոմի առաջին քարտուղարների մակարդակով, ովքեր իրենց ձեռքն էին վերցրել կազմակերպչական հարցերը։ Տարիքով մարդիկ էին, /ասել է 48-55 տարեկան․ Շ․Ղ․ բոլորին անձամբ եմ ճանաչել/։ Մի կողմից նրանց հետ հանագործակցել էր պետք, քանի որ նրանք էին լուծում մարզի քաղաքական ու տնտեսական խնդիրները, մյուս կողմից, հաշվի առնելով դարասկզբի փորձը, երբ հայերը զգացմունքներին տուրք տալով, անընդհատ կորցնում էին, ճիշտն ասած, վախեցա, որ սրանք էլ շատ խորացած կլինեն կոմունիստական “կարելի է, չի կարելիներիի” մեջ։ Մոսկվան էլ մեզ անծանոթ խաղ էր տանում Ղարաբաղում։ Ու մտածեցի, որ Արցախում մեզ հարկավոր են նոր մարդիկ, ավելի ջահել ու պրագմատիկ։ Այդ ժամանակ ես “Ղարաբաղ” կոմիտեի կազմն էի համալրում, ու Ստեփանակերտում առաջին անգամ տեսա Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ։ Ռոբերտն այն ժամանակ իմ վրա այդ տպավորությունը թողնում էր։ Արթուր ՄԿՐՏՉՅԱՆԸ նույնպես, բայց նա շատ իրասածի էր, ղարաբաղցու կող ուներ, որը մեզ ձեռնտու չէր։

Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, այո, Ռոբերտ Քոչարյանն իրեն սատարող ուժ չի ունեցել Ղարաբաղում։ Երբ իմ վարչապետ եղած ժամանակ կինս գրքեր էր տարել Արցախի դպրոցներին, նույն տպավորությունն ուներ։ Վերադառնալով Երեւան, ինձ ասաց․ “Վազգեն, այդ տղան ոնց որ թե մենակ է, նրա շուրջը որքան հասկացա, ոչ ոք չկա”։ Մենք դա գիտեինք, բայց ինչպես ասացի՝ մեզ ջահել, պրագմատիկ մարդիկ էին պետք։ Բացի այդ, մեր խնդիրներն այն ժամանակ ուրիշ էին”։

“Ղարաբաղ” կոմիտեի գաղափարապետ Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Արկադի ՎՈԼՍԿՈՒՆ մասին տարիներով ինձ տանջող մի հարց տվեցի։ Պատասխանն իմ տպավորությամբ վեհերոտ էր, ցրված ու անկեղծ չէր։ Կարծում եմ, առաջինը չհամոզեց հենց իրեն։ “Երբ Արցախում Հատուկ կոմիտեն կազմվեց, ես ու Վանո սիրադեղյանը գնացինք Ստեփանակերտ՝ ծանոթանալու Վոլսկու հետ։ Անկեղծ ասած՝ նա շատ խելոք էր, եւ դա մեզ վախեցրեց։ Այդ ժամանակ Խորհրդային միությունը մեզ անծանոթ խաղ էր տանում։ Մերթ կարծես կողմ էր Արցախի հարցին․ ԽՍՀՄ ԿԿ ազգային հարցով պատասխանատու Միխայլովի խոստացած կանաչ լույսը հիշեք։ Հետո Սումգայիթ եղավ։ Դրանից հետո մենք այլեւս չէինք վստահում Մոսկվային։Նրա նշանակած հակառակորդն էլ, շատ խելոք էր, դա մեզ վախեցնում էր։ Այդ պատճառով, Արկադի Վոլսկու եւ Հենրիկ Պողոսյանի ասածներն ընթացող պրոցեսների մասին, մենք ընկալում էինք անվստահորեն։ Վարչապետ եղած ժամանակ, Մոսկվայում ես էլի եմ հանդիպել Արկադի Վոլսկուն, եւ էլի համոզվել, որ արտակարգ խելացի մարդ էր։ Բայց ինչպես ասացի, այն ժամանակ մեր խնդիրներն ուրիշ էին, ու մենք նրանց չէինք վստահում”։

Հ․Գ․ Իսկ թե ինչ նպատակ էր հետապնդում բոլոր խելացի ու ազնիվ մարդկանց Արցախում քաղաքական դաշտից հեռացնելն ու Ռոբերտ Քոչարյանին մեջտեղ բերելը, պարզից էլ պարզ էր՝ Վազգեն Մանուկյանի թեթեւ կարծիքով, հեշտ կառավարելի կլիներ, դե Հենրիկ Պողոսյանին՝ Հասան Ջալալյան հանճարեղ տոհմի զավակին ոնց կառավարես։ Ես մի հանդիպում էլ Պողոսյանի ու Վազգեն Մանուկյանի միջեւ կազմակերպեցի Գարուն ամսագրի Վազգեն Սարգսյանի սենյակում, բայց Վազգեն Մանուկյանն անդրդվելի մնաց։ Ճակատագրական ընտրությունը կանգ էր առել Քոչարյանի վրա։

Այն, որ Վոլսկուն ու Պողոսյանին իրենց ուզածով չէր կարող կառավարել, շատ լավ էր հասկանում ՀՀՇ գաղափարապետը։ Մանավանդ որ, Վոլսկու կառավարման կարճ ժամկետին, Արցախի հիմնարկ ձեռնարկությունները արդեն հանված էին Ադրբեջանի տնտեսական կառավարումից ու ենթարկված էր միութենական կառավարման։ Մշակույթը Հայաստանի կառավարման տակ էր։ Պաշտպանված էր Շահումյանն ու Գետաշենը հարձակումներից։ Մարզը կամաց կամաց անարյուն դուրս էր գալիս Ադրբեջանի կազմից։ ՀՀՇ-ի իշխանության գալու միակ կրեդոն ցնդում, անեանում էր։ Ու խանգարեցին, Վոլսկուն մի տարի էլ թույլ չտվեցին կառավարել, ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ միացած հեռացրին Արցախից։ Սկսվեց պատերազմը։ Ես հիմա էլ համոզված եմ, եթե Վոլսկին մնար, ոչ պատերազմ կտեսնեինք, ոչ էլ Շահումյան կկորցնեինք։ Իսկ նա շաաատ էր ուզում մնալ։ Չթողեցին։ ՀՀՇ-ին ու ՔՈՉԱՐՅԱՆԻՆ իշխանություն էր պետք։

Այս ամեն առերեւույթ ու կուլիսային իրադարձությունները պետք է գնահատել իմ ողջ գրքի կոնտեքստում, այլապես այսպես, կտորներով, կոնտեքստից հանված, դժվար հասկանալի ու համոզիչ թվա։ Ինչեւե, մի հատված էլ վաղը կդնեմ, թե ինչ եղավ ՀՀՇ-ի ու Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ ձեռքով հեռացված Արցախի իրական հերոս քաղաքական գործիչների ճակատագիրը։
Խորհուրդ կտամ՝ այդ տարիների պատմությունն ուսումնասիրողներին, ընթերցել գիրքը, որ իմ օրագրային գրառումներն են՝ Արցախի մասին առերեւույթ ու կուլիսային դեպքերի մասին։ Այդ ամենը փաստերով ու ձայնագրություններով պահվում են իմ անձնական արխիվում։

Շուշան Ղազարյան

 

———————————————————

Արկադի Իվանովիչ Վոլսկի (մայիսի 15, 1932, Dobrush, Գոմելի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ – սեպտեմբերի 9, 2006, Մոսկվա, Ռուսաստան), ԽՍՀՄ, Ռուսաստանի Դաշնության քաղաքական, պետական գործիչ։

Ավարտել է Մոսկվայի պողպատի և ձուլվածքների ինստիտուտը (1955)։ 1980-88-ին տարբեր պաշտոններ է վարել ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում. եղել է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարի օգնական՝ տնտեսական հարցերի գծով։ 1988-89-ին՝ ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության ներկայացուցիչը ԼՂԻՄ-ում, 1989-ի հունվարից՝ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ։ Վոլսկին հայանպաստ քաղաքականություն է վարել ԼՂԻՄ-ում, նպաստել մարզի տնտեսության զարգացմանը։

Եղել է ԽՍՀՄ ժողպատգամավոր (1989-91, Ստեփանակերտի ընտրատարածքից), միաժամանակ ԽՍՀՄ ԳԽ պաշտպանության և պետական անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ։

——————————————————

Տես նաև տեսնյութը՝ Վազգեն Մանուկյանի մամլո ասուլիսը 1992 թ. https://youtu.be/KIqtRXupRfk

Վազգեմ Մանուկյանի հրաժարականը 1991 թ.  https://youtu.be/r6XA8aRh3-A ,     https://youtu.be/mtxRr2bFZcg

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert