ՀՅԴ-ի վերնախավն ազատ արձակվեց 1998թ․, երբ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը

 

Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամները վիրավորված են և երկու դրվագով դատական հայց են ներկայացրել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ։ Անցյալ տարեվերջին, դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովի ամբիոնից Բաբաջանյանը հայտարարություններ է հնչեցրել՝ ՀՅԴ-ին մասնավորապես անվանելով ահաբեկչական անցյալով հայտնի ուժ։

Դատական հայցը ներկայացրել են  դաշնակցականներ Աշոտ Սիմոնյանը, Իշխան Սաղաթելյանը, Սիմոն Սիմոնյանը, Շաղիկ Մարուխեանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լիլիթ Գալստյանը, Միքայել Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Հակոբ Մաթիլյանը, Տարոն Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը։ Հայցվորները ԱԺ պատգամավորի հայտարարությունը համարում են վիրավորական և զրպարտչական և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով դատական հայց են ներկայացրել դատարան։ Նրանք պահանջում են վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել, իսկ զրպարտության համար՝ դրամական փոխհատուցում։

ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում Արման Բաբաջանյանը պարզաբանել է, որ իր հայտարարությունը վիրավորանք չէ, սուբյեկտիվ գնահատական չէ, պիտակավորում չէ, այլ՝ պատմական փաստ։

«ՀՅԴ-ն մի կուսակցություն է, որի հետ անմիջականորեն կապված կառույցը՝ Դրոն, դատապարտվել է երկրում ահաբեկչական գործողություններ կատարելու համար։ Մինչ օրս էլ այդ դատական գործերը, ըստ էության, առկախված են, դրանք չեն կարճվել կամ դրանցով մեղադրվողները չեն արդարացվել»,- ասել է Բաբաջանյանը։

Հայտնի է, որ ՀՅԴ-ի վերնախավն ազատ արձակվեց 1998թ․, երբ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, որին էլ սատարեց ՀՀ Նախագահի ընտրություններում, նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ հետագայում մաս կազմելով նրա կառավարությանը։ Այն ժամանակ պաշտոնապես ներկայացվեց, որ դաշնակցականներն ազատ են արձակվել իրադրության փոփոխության պատճառով։

Արման Բաբաջանյանը  նաև գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում մասնավորապես նշել է․ «Մինչև իմ դեմ դատական հայց ներկայացնելը ՀՅ Դաշնակցության հարգելի գործընկերները պետք է առնվազն հիշեին, որ 2006-2009թթ․ իմ անազատության մեջ գտնվելու տարիներին Նուբարաշեն ՔԿՀ-ում մտերմացել և ընկերացել եմ դաշնակցության՝ ահաբեկչական գործերով ցմահ ազատազրկման դատապարտված մի շարք անձանց հետ։

Թե ինչեր են պատմել նորանկախ Հայաստանի առաջին տարիների ՀՅ Դաշնակցության գործունեության, ահաբեկչական ակտերի, կատարած սպանությունների մասին ինձ դատի տված շատ հարգելի դաշնակցականների՝ 90-ականներից ազատազրկման մեջ գտնվող կուսակից ընկերները, չեմ պատրաստվում առայժմ հանրայնացնել, բայց թողնում եմ, իհարկե, բոլոր դաշնակցականների խղճին։

Այն ժամանակ, երբ Հայաստանը անհավասար պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ, դուք երկրի ներսում զբաղված էիք ձեր քաղաքական հակառակորդներին սպանելով և ոչնչացնելով։ Դուք երկար ժամանակ չէիք զանազանում իրական քաղաքականությունը ահաբեկչությունից»։

Դաշնակցության գործունեության մասին «Ֆեյսբուք»-ում հետաքրքիր գրառումներով է հանդես գալիս նաև տարիներ առաջ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, նաեւ՝ «Դրո»-ի եւ 31-ի գործերն ուսումնասիրած եւ դրանց վերաբերյալ հետաքննություն իրականացրած, քաղաքական պատճառներով 2003 թվականից Ֆրանսիա արտագաղթած  և թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած Վահագն Ղուկասյանը։ Նա, արձագանքելով Արման Բաբաջանյանի գրառումներին, հիշեցրել է տարիներ առաջ մանկապղծության համար ազատազրկված և մահացած սկաուտ Սերոբ Տեր-Պողոսյանին, որը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել Նաիրի Հունանյանի բանդային, Ռոբերտ Քոչարյանից նվեր էր ստացել Ախթալայի կոմբինատը և հենց այդ տարածքում էլ սեքսուալ բռնություններ իրականացրել գյուղի թվով 10 անչափահաս 10-15 տարեկան երեխաների նկատմամբ։ Ղուկասյանը կարծում է նաև, որ այդ ամենը Սերոբ Տեր-Պողոսյանը նկարահանել է որպես շանտաժի գործիք օգտագործելու համար, թեև ժամանակին կարծիքներ են հնչել, որ նա այդ նկարահանումներն արել է պոռնո կայքերին տրամադրելու համար։

«Երբ Հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ Դեմիրճյանների շահերի պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը հնչեցնում էր, որ կասկածներ կան Նաիրի և Կարեն Հունանյանների արվամոլության մասին, ես այն ժամանակ դրան լուրջ չեմ վերաբերել, քանի որ փաստեր չունեի: Բայց երբ հետագայում արվամոլության համար կալանավորվեց Սերոբ Տեր-Պողոսյանը,  ես այն ժամանակ  վերհիշեցի Աշոտ Սարգսյանի հայտարարությունը եւ ավելի հավանական համարեցի, որ այդ տեսանկարահանումները ոչ թե հենց այնպես են արվել, այլ այդ պատանիներին շանտաժով դարձնելու իրենց ահաբեկիչներն ու կարենհունանյաները»,- ասաց մեր զրուցակիցը։

Արձագանքելով ՀՅԴ-ի դատական հայցին՝ Վահագն Ղուկասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կարելի է շնորհակալություն հայտնել ՀՅԴ-ին մեզ հնարավորություն տալու համար, որ դատարանում հնչեն իրենց ահաբեկչական գործողությունների մասին փաստերը։ Մեր զրուցակիցը նկատում է, որ այսօր շատ երիտասարդներ անտեղյակ են, թե նորանկախ Հայաստանում ինչ ահավոր գործողություններ են արել իրենք։

«Իրենք հնարավորություն են տալիս, որ  դատական պրոցեսում ավելի հիմնավոր, ավելի  հնչեղ ձևով ապացուցվեն  իրենց սրիկայությունները։ Եթե ՀՅԴ-ի գործուենությունը հիմնավոր լիներ, ապա նրանք դատարանով կարդարացվեին, ոչ թե իրադրության փոփոխության պատճառով մի մասը դուրս կգար բանտերից, իսկ մյուս մասը մինչև այսօր կմնար բանտերում»,- ասաց Վահագն Ղուկասյանը։

Հետաքրքրվեցինք, թե ՀՅԴ-ն արդյոք կարճամտություն չի՞ ցուցաբերել՝ դիմելով այդ քայլին։

«Պետք է դաշնակցականների տրամաբանությունն ունենամ, որ հասկանամ, թե ինչու են դիմել նման քայլի։ Հայցվորներն այն մարդիկ են, որոնց անունները ժամանակին չեն հնչել։ Չգիտեմ, թե որն է իրենց հաշվարկն այս դեպքում։ Միգուցե հաշվարկել են, որ Կիմ Բալայանի դատավոր որդին կքննի գործը»,- կարծում է մեր զրուցակիցը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խոսնակ  Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ՀԱԿ-ն արձագանքում ՀՅԴ-ի կողմից Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց ներկայացնելուն։ Չէ՞ որ ՀՅԴ-ն, նրա համախոհները Լևոն Տեր-Պետրոսյանին են մեղադրում ՀՅԴ-ի գործունեությունը 1994 թվականին կասեցնելու, կարկառուն դաշնակցականներին կոնկրետ մեղադրանքներով ազատազրկելու համար։

«Արման Բաբաջանյանն ունի իր փաստարկները և մեր օգնության կարիքը, կարծում եմ, չունի։ Ինքը բոլոր անհրաժեշտ փաստերին լավ տիրապետում է»,- արձագանքեց Լևոն Զուրաբյանը։ Միաժամանակ նա հավելեց, որ ՀՅԴ-ի գործունեությանը վերաբերող բոլոր փաստերը ժամանակին ներկայացվել են մամուլում։

Հարցին, թե ինչ հաշվարկներից ելնելով է ՀՅԴ-ն դիմել նման քայլի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց․ «Այդ հարցն ուղղեք Դաշնակցությանը»։

https://www.1in.am/2684493.html

 

 

 

 

 

социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net