Գալիս է մի պահ, որ դու լրիվ մենակ ես մնում, հասկանում ես, որ քոնը՝ դո՛ւ ես։ Այդ օրը դու վերջապես քաջություն ես ունենում ընդունել, որ աշխարհում՝ միլիոնավոր մարդկանց կողքին, դու մեն մենակ ես։

Հասկանում ես, որ նրանք, ովքեր կողքիդ են ֆիզիկապես, իրականում բացակա են, չկա՛ն։

Հասկանում ես, որ ոչ ոքի հետաքրքիր չի քո ցավը, ոչ ոք քեզ չի բուժելու, որովհետև նրանք, ովքեր կտեսնեն ու կլսեն քեզ, չեն զգա այն ինչը դու ես զգում, քանի որ քո ցավի տերը միայն դու ես..

Հասկանում ես, որ բավական է տեսնեն ժպիտդ, սկսում են հավատալ, որ քեզ հետ ամեն ինչ կարգին է, այն ինչ կարևորն այդպես էլ անտեսանելի է մնում։

Հասկանում ես, որ մինչ դու ժամանակից առաջ ու հետ ես ընկել, որևէ մեկին երջանիկ տեսնելու համար, այդ որևէ մեկը՝ ժամանակ անգամ չի ունեցել, որ քեզ կարդա, մինչդեռ հոգին հասկանալու համար նախ կարդալ է պետք։

Հասկանում ես, որ քանի դեռ ինքդ քեզ այրել ես, որևէ մեկին ջերմացնելու համար, այդ որևէ մեկը դժգոհելով կրակիդ թեժ լինելուց ջուր է լցրել վրադ, որ մարե՛ս…

Հասկանում ես, որ այն հազարավոր ձեռքերը, որոնք ամուր բռնել ես կյանքիդ տարբեր փուլերում, որպեսզի վայր չնկնեն, իսկ թե ընկել են բարձրանան, մի օր հանկարծակի բաց են թողնում քո ձեռքը, երբ հասկանում են, որ իրենց ուժից է կախված անդունդ չգլորվելդ։

Հասկանում ես, որ կյանքի դպրոցը գերազանց ավարտելու համար, մի շատ կարևոր դաս ես բաց թողել, «Ինքդ քեզ գնահատելը»։ Գերազանց տիրապետելով ուրիշներին սիրելու, նվիրվելու արվեստին, մոռացել ես քո մասին, մոռացել ես ինքդ քեզ սիրել ու նվիրվել, քեզ համար ապրել ու դառնալ մի նոր ու չկրկնվող մոլորակ…

Եվ այո, կյանքում գալիս է մի պահ, որ դու այս ամենը վերջապես հասկանում ու ընդունում ես, բայց միևնույնն է շարունակում ես մտածել, որ դու չես փոխվի ու այդպես էլ չես սովորի ապրել, ոչ ինքդ քեզ համար, ոչ ինքդ քեզ հետ…

Լիլի Շակրին

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert