Արի,
անձրևի հետ,
կաթիլի հետ,
առավոտյան։
Արի,
երբ կպոկվի
ծառի ճյուղից
նրա վերջին
հույսը կյանքի։
Արի,
մահերգի հետ’
ծեր տերևի,
քամիների
սուլոցի հետ։
Արի,
երեկոյան,
աղմուկի հետ
և ուշացած այն պատանու’
ծխամորճով,
հեռվում կանգնած։
Արի,
գնացքների,
կարոտների,
սպասումի հետ։
Արի,
նամակի հետ սիրահարի,
էն ծեր տիկնոջ’
վերջին հույսի,
աղոթքի հետ։
Արի,
երբ կմթնի,
երբ աստղերը
լուռ կհարբեն’
լուսնաբույրից։
Արի,
հառաչանքի,
կիրք ու ցավի,
գիշերվա հետ,
խոստումների,
սուտ բառերի,
երդումի հետ։
Արի,
հեռացումի,
մոռացումի,
արցունքի հետ,
առավոտյա՜ն։
Արի,
անմեղ,մաքուր
մանկան լացի,
ծիծաղի հետ։
Արի,
վերջին հույսի,
վերջին լույսի,
փաթիլի հետ,
ձյունաճերմակ քողի
նման ։
Արի,
առավոտյան ցողի նման,
եթե անգամ
կդադարեմ մի օր կանչել։

Անի Հերունի Սաջյան

 


 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert