Մի վայրի կակաչ
Լեռան զով կրծքին
Ճոճվում էր կրակ
Թիկնոցը հագին.
Հազար երանի
Նրա ալ երգին:

…Բայց ձևացնում էր
Ճիգերով վերջին
Թե լույսն իրեն թագ ,
Արևն հովանոց,
Եվ անհաղորդ է
Բնության վերքին,

Քարափի տապին,
Հովտի տարափին….
Երկինքը մի տաք ,
Եվ հարմար օթոց…
Ճոճվում է կարմիր
Իր ցավը հագին,

Սաթե լռության
Ծալքերից անդին`
Կարմիր, ալ կարմիր
Կակաչը ճաքած,
Լեռան թաց կրծքին
Լեռան բաց կրծքին…

Իսկ նրա պարը՝
Նժույգների վարգ,
Շիկնանքը` ցավը
Այդքա՜ն , այդքա՜ն բարկ
Սրտի խորանի,
Բորբ խառնարանի.. .

…Ստորոտում փռված
Ծաղիկները բյուր
Լուրթ գետի ափին `
Մեկը հիացիկ,
Մեկը հպանցիկ,
Մեկը նախանձով,

Մեկն էլ խուլ լացով
Երգում էին նույն,
Երգը խոր ձորի
Երգը հնձվորի,
Երգն արեգակի
Երգը գետակի`

Մի վայրի կակաչ
Լեռան զով կրծքին
Ճոճվում էր կրակ
Թիկնոցը հագին…
Հազար երանի
Նրա ալ երգին…

Տա Թև

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert