Հնագույն հոգետեխնիկական գործիքակազմը

ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼ

Ժամանակակից աշխարհի քաղաքական թատերաբեմում կան արարածներ, անցանկալի պետական կազմավորումների տեսքով, որոնց վրա կուտակվում է աշխարհիս հզորների դժկամությունը, ինչպես ամբողջությամբ չայրվածից մնացած խարամը, որ այսօրվա կյանքն է իր հետևից թողնում: Իրարից և իրար մեջ հաշիվներ մաքրելու, համաշխարհային տիրապետության հասնելու մարմաջից հանկարծակի ծնունդ է առնում այն հույժ ակնբախ մտապատկերը, որն այս ծայրաստիճան չկանոնակարգված գործընթացում դուրս է մղվում, չի համապատասխանում, դառնում է ավելորդ և չի բավարարում ոգուն, և հենց դա էլ, թվում է, կազմավորում է մթնոլորտում թևածող, բոլոր մեծազոր արարածների միջև տարուբերվող այն ատելությունը, որն այնքան բնութագրական է ժամանակակից քաղաքակրթությանը, ընդսմին՝ սեփական գործողություններից անհետ կորած բավարարվածությունը փոխարինվում է ուրիշների գործողությունների հանդեպ հեշտությամբ հասանելի անբավարարվածությամբ: Այդ դժկամությունը առանձնահատուկ արարածների վրա կենտրոնացնելու փորձը ընդամենը մաս է կազմում կյանքի հնագույն հոգետեխնիկական գործիքակազմի: Այդպես կախարդն է հիվանդի մարմնից դուրս կորզում խնամքով պատրաստած ձեռնաշեն թալիսմանը, այդպես նաև բարեպաշտ քրիստոնյան է սեփական սխալները բարդում բարի հրեայի վրա, հավաստելով, որ հենց այդ հրեաներն են իրեն շեղել դեպի գովազդը, տոկոսադրույքները, լրագրությունը և դրա նման այլևայլությունները: Տարբեր ժամանակներում մարդիկ պատասխանատվությունը դնում էին կայծակի, վհուկների, սոցիալիստների, կոմունիստների, մտավորականության և գեներալների վրա, և մեր այս պատերազմական ժամանակներում, առանձնահատուկ պատճառներից ելնելով, այդ զարմանահրաշ գործընթացում ամենահոյակապ և բոլորին սիրելի միջոցը է՛ և մնում է Մերձավոր Արևելքը: Աշխարհը միայն Աստծուց չէ, որ զրկվել է, բայց նաև սատանայից: Ինչպես որ աշխարհը անցանկալի կերպարանքների մեջ է մարմնավորում չարը, այդպես էլ բարին ցանկալիների մեջ է կերպարանավորում, որոնց նա երկրպագում է, քանզի նրանք անում են այն, ինչը, սեփական անձի ուժերով անհնար է համարվում գլուխ բերել: Պարզապես թույլ ես տալիս, որպեսզի ուրիշներն իրենց դժվարություն տան, մինչ դու քո նստատեղում հանգիստ նստած՝ դիտում ես, և դա կոչվում է սպորտ: Թույլ ես տալիս ուրիշներին ընկնել սեփական խոսքի միակողմանի չափազանցությունների գիրկը, և դա կոչվում է իդեալիզմ: Քո վրայից թոթափում ես չարը, իսկ ահա՛ նրանք, ում վրա այն շաղ է տրվում, դրանք էլ հենց այդ անցանկալի կերպարանքներն են: Այսպես աշխարհում ամեն ինչ գտնում է իր տեղը և իր կարգուկանոնը: Սակայն ինքնօտարման վրա խարսխված սրբերի երկրպագության և քավության նոխազների բտման տեխնոլոգիական հնարքը անվտանգ չէ, քանզի այն աշխարհը լցնում է բոլոր տեղի չունեցած ներքին երկպառակությունների լարվածությամբ: Սպանում ես իրար, թե եղբայրանում, երբեք չես կարող միանշանակ իմանալ, թե արդյո՞ք դու դա ամենայն լրջությա՞մբ ես անում, քանի որ քո մի մասը քեզանից դուրս է գտնվում, և թվում է, որ բոլոր իրադարձությունները տեղի են ունենում կիսով չափ իրականության առջևում, կիսով չափ էլ նրա թիկունքում, ինչպես լինում է ատելության և սիրո ցուցադրակռվի հայելային արտապատկերումի պարագայում: Դևերի հանդեպ հին հավատը, որը ողջ բարու ու չարի պատասխանատվությունը, որ ինքդ ես քո մաշկի վրա զգացել, դնում էր երկնային ու դժոխարմատ ոգիների վրա, շատ ավելի լավ էր աշխատում, ավելի ճշգրիտ ու մաքուր, և մեզ մնում է միայն հուսալ, որ հոգետեխնիկայի հետագա զարգացման արդյունքում մենք վերստին դրան կվերադառնանք:

 

Աշոտ Ալեքսանյանի ՖԲ-յան էջից

———————————————————————

Գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ

Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1988 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հայ միջնադարյան նամակը թեմայով:1988-1991 թթ. աշխատել է Մ. Աբեղեանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, Նաիրի հրատարակչությունում որպես թարգմանական գրականության բաժնի վարիչ, 1992-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի տնօրեն: 1993-ից անցել է դիվանագիտական գործունեության։ Հեղինակ է հայ միջնադարյան, նոր և նորագույն շրջանին, արտասահմանյան գրականությանը նվիրված ուսումնասիրությունների։ Հանրապետական մամուլում հանդես է եկել հոդվածներով, էսսեներով, արձակ և չափածո ստեղծագործություններով։ Թարգմանել և հրապարակել է եվրոպական մի շարք հեղինակների ստեղծագործությունները:
տասնյակ գրքերի հեղինակ է։

 

споделяне в социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net