Ու չեմ հասկանում, թե ինչու՞ եմ ես
Արտասվել ուզում այսօր և` այսպես…

Գուցե վերքերս բացվել են խորքից,
Գուցե հետքերս կորել են ցմահ,
Գուցե կարոտս խեղդում է նորից,
Գուցե և սերս դարձել է անմահ:

Գուցե ամոթն է իջել երեսիս,
Ու զրկել վաղվա արևի շողից,
Գուցե զայրույթն է թառել մտքերիս,
Ու զտել մանկան պարզ երազներից:

Գուցե նախանձն է թռել կոկորդիս,
Ինչպես աղանձը` անատամ մարդու,
Գուցե և փառքն է փաթաթվել սրտիս,
Ու փառասերիս` սարքել մահարկու:

Գուցե զրկումն է ինձ դասեր տվել,
Որ զուրկ եմ այսօր անգամ ձգտումից,
Գուցե մերժումն է բերանս կարել,
Որ մրմռում եմ խոսքի պակասից…

Ինչպես անտունն է հարուստի ճաշին,
Անկոչի նման լինում մասնակից,
Ու ճաքած ձեռքը չկպած հացին`
Ավելորդ դառնում աղքատ զրույցից:

Գուցե և մերկ եմ, գուցե` անտրեխ,
Գուցե բոբիկ եմ նաև իմ խելքից,
Գուցե խարդախ եմ, ու գուցե` անմեղ,
Գուցե կաղում եմ նաև ուղեղից…

Ախր այս վանող, խոր ձմռան ցրտից,
Ոտքիս մատները սառել են նորից,
Ներկայի դիքը էլ չեմ բարձրանում,
Գալիքի դեմքը երազ է դառնում…

Չէ՞ որ անցյալում կոշիկիս թայը,
Ինձ դավաճանած մարդիկ են մաշել,
Մտել իմ հոգու քանդված գրպանը,
Երեսս մրել ու տապ են արել:

Անհետանում է երազի նման,
Շուրջդ հավաքված ամբոխը հզոր,
Ախր քո կյանքը նման չէ գարնան.
Մրրիկն է պատել հոգիդ մենավոր:

Ու նոր հասկացա, թե ինչու եմ ես
Արտասվել ուզում մենակ և` անտես…

Արմեն Երիմյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert