Պարոնայք, զերծ մնացեք ամբոխները խելագարեցնող քայլերից

hetq.am| 8 մարտ 2011

Հայաստանի իշխանություններն իրենց անպատասխանատու քայլերով հարթում են երկիրը դեպի կործանման տանող ճանապարհը: «Տիտանիկը» կործանվել է ոչ թե այն պատճառով, որ, ինչպես ընդունված է կարծել, շատ արագ էր գնում, եւ անձնակազմը չի հասցրել նկատել սառցաբեկորը, այլ նավավարի կոպտագույն սխալի հետեւանքով: Նավը բավականաչափ ժամանակ ուներ, որ խուսանավեր սառցաբեկորից, բայց նավավարը խուճապի է մատնվել եւ ղեկը պտտել հակառակ ուղղությամբ: Իսկ երբ ճակատագրական սխալն ուղղվել է, արդեն ուշ է եղել` սառցաբեկորը նավին անվերականգնելի վնասվածքներ է հասցրած եղել: Նույնիսկ դրանից հետո անձնակազմը եւ ուղեւորներին հնարավոր էր փրկել, եթե նավը մնար նույն տեղում, քանի որ մոտակա նավը գտնվելիս է եղել նրանից ընդամենը 4 ժամ հեռավորության վրա: Ենթադրվում է, որ «Տիտանիկը» կկարողանար ջրի վրա մնալ այդքան ժամանակ, սակայն նավի սեփականատեր White Star Line ընկերության ղեկավար Բրյուս Իսմեյը, վախենալով, որ միջադեպը կարող է վնաս հասցնել իր ընկերությանը, հրամայել է նավապետին շարունակել լողալ: Թե ինչ է տեղի ունեցել հետո` գիտենք բոլորս (hraparak.am, 22.09.2010:

Հայաստանի իշխանությունները, ՀՀ նախագահը տեսնում են «սառցաբեկորը», բայց քանի որ խուճապի են մատնված, «Հայաստան» նավի ղեկը պտտել են սառցաբեկորի ուղղությամբ: Ավելին, նրանք ոչ թե վտանգի մասին են խոսում, այլ փորձում են ժողովրդին համոզել, որ  ամեն ինչ կարգին է, սառցաբեկորը Հայաստանի հետ կապ չունի: Նույն կերպ արտահայտվեցին նաեւ միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի մասին` ասելով, թե դա Հայաստանին չի վերաբերում: Իսկ Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են այդպես վերաբերվում վտանգին, «Տիտանիկի» վարկածն ամենապարզ բացատրությունն է տալիս, այն է՝  նավի սեփականատերը, այս դեպքում` ՀՀ իշխանությունները, վախենալով, որ միջադեպը կարող է վնաս հասցնել իրենց  շահերին, հրամայել են նավապետին (ՀՀ նախագահին) շարունակել լողալ, լողալ մինչեւ կործանում:

Սառցաբեկորը պարզ երեւում է` Թունիս, Եգիպտոս, Լիբիա, Եմեն…: Իսկ Հայաստանին վերաբերող ազդանշանները պետք է, որ հստակ հասկանային մեր պարոնները: Եւ այսպես՝  2011  թ. մարտի 3-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը. «… շատ կարեւոր է` ձեւավորել հասարակություն եւ ձեւավորել կառավարություն, որը բաց է, թափանցիկ, որը լսում է մարդկանց եւ հաշվետու է նրանց առջեւ,– հավելեց Յովանովիչը` շարունակելով,– կարծում ենք` հենց այդպիսի կառավարություններն են ամենահզորը եւ Միացյալ Նահանգների լավագույն գործընկերները»: Չնայած, Հայաստանի երկրորդ դեմքը՝ Ազգային ժողովի, ավելի ճիշտ` Ապազգային ժողովի նախագահն ասէլ է, որ «քաղաքականության համար խելք պետք չէ»:  Այսինքն` դա նշանակում է, որ Հայաստանի իշխանություններ ասելով պետք է հասկանալ անխելքների մի հավաքածու, որոնք շատ հեռու են հասկանալուց, թե ի՞նչ է տեղի ունենում Միջին Արեւելքում, եւ ինչ է նշանակում  «…հենց այդպիսի կառավարություններն են ամենահզորը եւ Միացյալ Նահանգների լավագույն գործընկերները» արտահայտությունը: Եթե «խելք» չկա, գոնե կենդանական բնազդով կարելի է զգալ վտանգն ու խուսափել քո հարազատ ձեռքերով քո գերեզմանը փորելուց: Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները մինչեւ կոկորդը կախված են Ռուսաստանից, կամա թե ակամա հարթում են Արեւմուտքի ճանապարհը դեպի Հայաստան, դեպի Կովկաս եւ դեպի Արեւելք:

2008 թ. մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Հայաստանի իշխանությունների մոտ առաջացավ սադիստական հոգեվիճակ, ինչի պատճառով էլ նրանք, ժողովրդի դեմ բռնի ուժ գործադրելով, մարդկանց սպանելով ու բանտարկելով հաճույք են ստանում: Նրանք պատրաստ են ժողովրդին դեմ գնալ, բայց անընդհատ տուրք տալ արտաքին ճնշումներին եւ անընդհատ զիջումների գնալ թե՛ Արցախի խնդրի շուրջ բանակցություններում եւ թե՛ Թուրքիայի հետ «դիվանագիտական հարաբերություններում»:

Մարդկանց չթողնելով ապրելու այլընտրանք, խլելով նրանց ձեռքի եղածը, նրանց բողոքին պատասխանելով բռնությամբ, ընդհուպ` արդեն պատգամավորների դեմ բռնի ուժ գործադրելով` առատ հող են պատրաստում Միացյալ Նահանգների «լավագույն գործընկերները» դառնալու համար:

Քաղաքական դաշտում Հայաստանի իշխանությունների համար օրինաչափություն են դարձել ապօրինությունները, անսկզբունքայնությունը, նրանց գործողությունները «գողական» աշխարհին պատկանող պրակտիկա է, ինչը ոչ մի առնչություն չունի ազգային քաղաքականության հետ: Ձախողված է նրանց կողմից կատարված ու կատարվող ցանկացած քայլ՝ թե ներքին եւ թե   արտաքին հարաբերություններում: Նրանց համար ազգային շահը, ժողովրդի շահը, քաղաքացին միայն միջոց են սեփական շահին ծառայելու համար: Արեւմուտքն օգտագործում է հենց ժողովրդի արդարացի դժգոհությունները, ընդվզումները, բռնապետների կողմից ստեղծված առատ հողը՝ իր նպատակներին հասնելու համար:

Այդ գործընթացը սկսվել է, եւ շուտով այդ ալիքը կհասնի Կովկաս: Գծվել է աշխարհի նոր քարտեզը: Չպետք է ուրախանալ Միջին Արեւելքում տեղի ունեցող գործողություններից, քանի որ դրանք ոչ մի առնչություն չունեն ժողովրդավարության ու ժողովրդավար իշխանությունների ձեւավորման հետ: Կովկասում այդ գործողությունների փոքրագույն չարիքը լինելու է Ադրբեջանի հանրապետությանը Իրանի Ադրբեջանի միացումը: Ու երբ դա տեղի ունենա, սառցաբեկորն արդեն ջախջախած կլինի նավը: Ժողովուրդը ավելի հեշտ կդիմադրի ու կհաղթի արտաքին թշնամուն, քանի որ նրան ճանաչում է ու գիտի նրա մտադրության մասին, եթե չլինեն ներքին թշնամիներ: Ներքին թշնամին է, որ ավելի վտանգավոր է, քանի որ նրան չես ճանաչում, բայց երբ ճանաչում ես, արդեն ուշ է լինում: Նա վտանգավոր է այն պատճառով, որ հանդես է գալիս «Ազգայինի», «Հայրենիքի» եւ կեղծ ժողովրդավարության դիմակով:

Պարոնայք,  զերծ մնացեք ամբոխները խելագարեցնող քայլերից, որովհետեւ այն ժամանակ արդեն շատ վատ կլինի առաջին հերթին հենց Ձեզ համար, երբ չմնա «ելք ու ճար», ինչեր ասես, որ չեն անի «ամբոխները խելագարված»:

 

Երվանդ Խոսրովյան

7 մարտի, 2011 թ.

———————————–

Նկարը՝ «Ամբոխները խելագարված» պոեմի հրատարակության պատկերը՝  https://hy.wikiquote.org-ից

 

 

 

споделяне във facebook

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net