Որպեսզի այսուհետ ոչ մի օտար ուժ չհամարձակվի միջամտել մեր երկրի ներքին գործերին

Հեղափոխության օրերին, երկրի թալանչիներն ու նրանց ներկայացուցիչները ժողովրդի զայրույթի սարսափից տանը փակվել, զավակների անունով նամակներ էին հրապարակում, և իրենց նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք խնդրում։

ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակի, երեկ երեկոյան կատարած գրառման համաձայն, այդ նույն օրերին ապօրինի միջոցներով ամենախոշոր հարստացածները «հապճեպ փայաբաժիններ էին ծախում»:
Ըստ Մանե Գևորգյանի, Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանը, նախապես, կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ էր ձեռք բերել «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և մի շարք այլ ընկերություններում… այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։
Իսկ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Միքայել Մինասյանի փայաբաժինը, կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը»։

Փաստորեն, թալանված հարստությունը հեղափոխությունից հետո վերավաճառվել է և խոշոր գումարներ յուրացվել։
Եվ, իշխանության ներկայացուցիչները հաստատում են, որ «իրենց թալանածների հաշվին միշիկները» ֆինսավորում են կայքեր, հեռուստակայաններ, քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ, որոնք լծվել են երկրի ապակայունացման, վտանգներով հղի, աշխատանքին։

Վարչապետի մամուլի խոսնակի և ԱԺ փոխնախագահի նույն հարցի հետ առնչվող հայտարարություններից հետո անհետաձգելի անհրաժեշտություն է առաջանում, որ էդմոնմարուքյանների հետ զբաղվելու փոխարեն
ՕՐԵ՛ՆՔԸ ՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑԱԾ, ԵՐԿՐԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ։

Վերջին հաշվով, թալանի անտեսումը այնքան էլ «սիրո և համերաշխության» հեղափոխության արժեքների հետ համատեղելի չեն։

Այդ քայլից հետո,
— մանուկյանները, մարուքյաններն ու շահնազարյանները և նրանց նմանները առանց հովանավորի մնալով, ստիպված «պարկեշտ» քաղաքացիների կվերածվեն։

— Օտար բոլոր պետությունները կհամոզվեն, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՏԱՄՆԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և այլևս կզգուշանան Հայաստանի ներքին գործերին միջամտելուց։

— Կայունություն կտիրի երկրում։ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ավելի վճռական կպաշտպանեն պետականությունը, և այսուհետ վանեցյաններ վերածնվելու հնարավորություն չեն ունենա, իսկ դատավորները պաշտպանված զգալով, արդար որոշումներ կկայացնեն։

Պահի լրջությունը նշելու համար արձանագրենք նաև, որ Հայաստանի ներկա իշխանությունը կադրային և այլ առումներով անհամեմատելիորեն ավելի խոցելի է, քան Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՇԻՆՔԸ, որ նույնպես ժողովրդի ընտրյալ իշխանությունը լինելով, տիրապետում էր պետական գրեթե բոլոր կառույցներին՝ Բանակին, Ոստիկանությանը, Կառավարությանը, Ազգային ժողովին, «Երկրապահ»-ին… բացի ԱԱԾ-ից։

Ժողովուրդը ձեր կողքին է։ Ապացուցե՛ք, որ արժանի եք այդ վստահության։

 

«Հայաստան» շաբաթաթերթ, Աթենք, 29 ապրիլի 2020թ., թիվ 1011,
Խոսք Հայասստանի

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert