Կան երևույթներ, զգացողություններ ու կյանքի փուլեր, որոնց մասին մարդն ինքն իրեն հետ խոսելիս անգամ կարկամում է։ Սակայն այդ նույն թեմաներն ու երևույթներն Աննա Հովհաննիսյանի պոեզիայում այնքան սրտամոտ, այնքան յուրաքանչյուր մարդու սրտին համահունչ են ներկայացված, որ նրա յուրաքանչյուր ստեղծագործություն ընթերցելիս ընթերցողը մի պահը մորեմերկ է մնում իր սեփական մտքերի հետ ու է՛լ ավելի լավ է ընկալում այն ամենն` ինչ հուզում է իրեն։

Պոզիայի աշխարհը բազմազան է, կան ոճերի, լեզամտածողության, երևույթները ներկայացնելու, խոսքի կառուցվածքի ու մտքի շարադրման տարբերություններ։ Բայց թերևս ինձ համար այդ ամենի մեջ ամենակարևորը պոեզիայի հասկանալիությունն է։ Պարտադիր չէ, որ օգտագորված լինեն ամպագորգոռ բառեր, կամ հյուսված լինեն այնպիսի նախադասություններ, որոնց պերճաշուքությունից ընթերցողը կընկնի կիսահասկացվածության թմբիրի մեջ։

Բանաստեղծութունն ըստ իս` բանական էակ է, ուստի այն ոչ թե պիտի ունենա պերճաշուք արտաքին տեսք, այլ խորիմաստ հոգևոր ներքին։ Ընթերցելով Աննա Հովհաննիսյանի գրչի պտուղները, ընթերցողին անհրաժեշտ չէ ընկղմվել բառարանների մեջ, կամ ունենալ գիտական աստիճան, որպեսզի հասկանա կարդացածի իմաստը։ Շատ խորը ենթատեքստ ունեցող ստեղծագործությունները ներկայացված են այնքան մատչելի ու հասկանալի, որ ընթերցողը ոչ թե լարում է իր ուղեղի հնարավորությունները` ըմբնելու կարդացածի միտքը` այլ զգում է այն հոգով։ Մի բան ակնհայտ է` բանաստեղծուհու մոտ գերակշռում են հոգուց բխած տողերը, այլ ոչ թե ինչ-որ մտքեր` տարատեսակ հղկումների միջոցով ավելի ճոխ ու ակնահաճո դարձված։ Բացառիկ տաղանդի առկայությունն Աննա հովհաննիսյանին թույլ է տալիս շատ արդիական, շատ խորն իմաստավորում ու վերլուծություն պահանջող երևույթները ներկայացնել յուրաքանչյուրին հասանելի, հոգեհարազատ ու ընկալելի ձևով։ Առաջին իսկ տողից զգացվում է, որ ընթերցում ես հոգու տվայտանքներից բխած մտքեր, այլ ոչ թե արհեստական բառակույտեր։

«Անունդ կարոտ է» ժողովածուի անունն արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս։ Խոշոր հաշվով, եթե ինքներս մեզ մանրազնին քննենք` կհասկանանք, որ մեր ամբողջ կյանքը կարոտ է` կարոտ իր տարատեսակ դրսևորումներով։ Գրքում զետեղված հատընտիր ստեղծագործություններն ամեն ինչ մասին են, թեմաների շռայլ բազմազանությունն անտարբեր չի թողնի և ոչ մի ընթերցողի։ Մոր հանդեպ նվիրական սիրուց, մինչև մայր բառի բուն իմաստի խորն իմաստավորում` արտացոլված սեփական զավակների հանդեպ սիրով։ Հայրենիքի հանդեպ սիրուց, մինչև կյանքի բազմատեսակ իրավիճակների ներկայացում։ Սիրո վառ նկարագրերից մինչև կորստի անդառնալի ցավ։ Ապրած կյանքի հետհայացքից մինչև գալիք ապագայի հանդեպ հույսի դրսևորում։ Կարելի է անվերջ թվել, բայց ավելի ճիշտ կլինի մեկ անգամ կարդալ։ Շատերը կմտածեն, որ ծանոթ են հեղինակի ստեղծագործութուններին ու շատ են կարդացել նրա գործերը, բայց երբ այդ ամենը կարդում ես գրքի տեսքով` իմաստավորումը լրիվ այլ է։ «Անունդ կարոտ է» ժողովածուն կարդալով Աննա Հովհաննիսյանի պոեզիան ընկալեցի է՛լ ավելի խորն ու կարծես հեղինակի հոգու հետ հոգով երկխոսելով։

ԲԱՐԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՅԴ ԳԻՐՔԸ ԿՎԵՐՑՆԵՆ ՁԵՌՔԵՐն ՈՒ ԿԸՆԿՂՄՎԵՆ ՆՐԱ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՄՏՔԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ…

Հակոբ Շալոյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert