Նիդերլանդական թերթերի բացահայտումները

Դեռ սույն թվականի փետրվարի 26-ի «Նիդերլանդական օրագրի»` «Ադրբեջանական սփյուռքի ու ազգայնամոլ Աշկինի իրական դեմքը» ընդարձակ հոդվածում, պատմել էինք տխրահռչակ Աշկինի  մասին:  Սույն հոդվածի «Կոռուպցիոն կասկածելի կապեր Հաագայի քաղաքապետարանի չինովնիկի հետ»  ենթավերնագրի ներքո, խոսել էինք Նիդերլանդական  մամուլում  հայտնված Աշկինի կասկածելի գործարքների մասին`  որոնցից  մեկը  2018-ի Հաագայի ավագանու ընտրություններում նրա, ու տեղական թուրքամետ կուսակցություներից մեկի ունեցած կոռուպցիոն գործարքների մասին էր : Կեղծիքների արարման փուչիկը պայթեց 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ  Նիդերլանդների քրեական հետախուզության ազգային վարչությունը Ռիչարդ դե Մոսի կուսակցության գրասենյակում իրականացրեց  խուզարկություն՝ կապված գիշերային զվարճավայրերի թույլտվությունների տրամադրման ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննություններին: Դե Մոսը, իր կուսակից անդամ Ռաշիդ Գերնաուի հետ միասին, ժամանակավորապես հեռացավ ավագանու անդամությունից: Ի Վերջո այդ հարցը հանգեցրեց նրան, որ քաղաքապետարանում մեկ այլ կուսակցության հետ ունեցած դաշինքը` առ ոչինչ եղավ և 2019-ի հոկտեմբերի 2-ին քաղաքային խորհուրդը նաև անվստահություն քվեարկեց անցած պաշտոնաթող ավագանիներին: Հոկտեմբերի 16-ին, Դե Մոսը պաշտոնապես հրաժարական տվեց` որպես ավագանու անդամ: Այս ուղղությամբ տեղական  մամուլը շարունակում է կոռուպցիոն նորանոր բացահայտումներ անել, որն առնչվում է մեզ արդեն ծանոթ Աշկինին:

Վկայակոչելով  omroepwest.nl/nieuws կայքը, գրել էինք, որ Քաղաքապետարանը` Ռաշիդ Գերնաուի (Rachid Guernaoui, 1972, Հաագայի` արդեն նախկին ավագանի, հոլանդացի-մարոկկացի քաղաքական գործիչ)  ակտիվ միջամտությամբ վերջին անգամ  Աշկինի կազմակերպությանը 9000 Եվրո է սուբսիդավորել` Նովրուզի տոնը  թուրք մենեջեր ունեցող օպերայի շենքում կազմակերպելու համար, պայմանով, որ շենքի վարձակալության, ուտելիքի ու երաժշտության համար վճարվի 6000-ը : Մարոկացի քաղաքական գործիչն արդարանում է, որ ամեն  բան օրենքով է արել, մասնավորապես դատախազությանն է ներկայացրել քաղաքապետարանի հուշագիրը, որտեղ թուրք-ադրբեջանական ընկերությունը դիտվում է որպես «Հաագայում ադրբեջանցիների շրջանում լայն աջակցություն վայելող ակտիվ հասարակական կազմակերպություն»: Ըստ հուշագրի, ընկերությունը պարբերաբար նախագծեր  է իրականացրել լեզվի ուսուցման, հարևանության, ազատականացման, ԼԳԲՏԻ համայնքի, մշակութային ծրագրերի բազմազանության ոլորտներում:  Աշկինի կազմակերպություն նման դրամաշնորհների է արժանանում  սկսած 2012 թվականից: Այս անգամ,  դատախազությունը հեռախոսային խոսակցությունների ապացույցներով հաստատակամ է, որ գործ ունի կոռուպցիայի հետ: Հեռախոսային զրույցների լսումներից Մզկիթի տնօրեն Դորտ Մասումլարը (Dort Masumlar) և օպերայի մենեջեր Էրդինք Աքիոլը  (Erdinç Akyol) Ռաշիդ Գերնաուին համարել են «քաղաքապետարանի իրենց մարդը»:

Գրել էինք, որ` Գորշ ամպեր են կուտակվում գորշ գայլերի  գլխավերևում: Հիրավի այս
կանխատեսումները կարծես արդրանում են:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը` ով Աշկինին հայատյացության համար դատի տված հասարակական գործիչներից մեկն է, տեղեկացնում է, որ հոլանդական մամուլը շարունակում է բացահայտել  2018 թ. Հաագայի ավագանու խայտառակ ընտրություններում տեղի ունեցած սկանդալը: Մասնավորապես նիդերլանդներում 200 հազ տպաքանակ ունեցող NRC.nl (մեծությամբ`4-րդը) լիբերալ  թերթի  կայքը երեկ  այս թեմայով  2  հոդված է հրապարակել,  որոնցից մեկը վերնագրված է` «Հաագայի Դե Մոս  կուսակցությունը առնչվում է քվեարկության խարդախության հետ,»  իսկ մյուսը`  «Դե Մոս» խումբը կապված է քվեարկության խարդախության հետ. «150 եվրո քսան քվեարկության համար» վերնագրերը: Այսպիսով  NRC-ը ավելի հեռուն է գնում: Թերթը ոչ միայն բացահայտում է քաղաքապետարանում կատարած ապօրինությունները, այլ հենց բերված  փաստերով խիստ կասկածի տակ է դնում 2018թ. տեղական ընտրություններում կուսակցության հաղթանակի  բուն փաստը:  Ըստ NRC- ի հետազոտությունների` ակնհայտ է, որ մեծ թվով ձայներ հավաքվել  են լիազորված անձերի միջոցով` հատուկ «իրենց» թեկնածուների օգտին: Ըստ NRC-կազմած գծապատկերի վստահված ձայների ծայրահեղ բարձր տոկոսը տրվել է  De Vaillant թատրոնում, որտեղ աշխատել է Աթիլա Աքիոլը (սննդի կազմակերպիչ, ազգությամբ թուրք,  նույն թատրոնի մենեջեր Էրդինքի եղբայրը):

Հաագայի թուրքական համայնքը խիստ ներկայացված է Հաագայի այնպիսի թաղամասերում, ինչպիսիք են Շիլդերսվիխը և Տրանսվալը: Այս շրջանի սրտում ՝ Հոբբեմաստրաթում, գտնվում է թատրոն Դե Վիլանտը, որտեղ 2018-ին ստեղծվել էր ընտրատեղամաս: Այստեղ Դե Մոս խումբը ստացավ բոլոր քվերակությունների գրեթե մեկ քառորդը (23,8 տոկոս): Հենց Ատիլա Աքիյոլը ավագանու բոլոր 506 թեկնածուներից ամենաշատ ձայներ ստացողն է:

Բոլոր վավեր ձայների մեկ երրորդը (32.9 տոկոս) քվեարկվել է ոչ թե ընտրողի, այլ վստահված անձի կողմից: Համեմատության համար Հոլանդիայի 8,699 ընտրատեղամասերից ոչ մեկում այդքան բարձր տոկոս ու քվեարկողների մեծամասնություն չեն եղել:  Ըստ NRC չհրապարակվող աղբյուրի ՝ Հաագայի թուրքական համայնքի շատ մարդիկ նախօրոք գիտեին այդ մասին: Լուրերն արդեն շրջանառվում էին ընտրություններից մեկ շաբաթ առաջ, գրում է աղբյուրը: Քրեական հետախուզության ազգային վարչությունն արդեն մեկուկես տարի հետաքննում է թուրք-հոլանդական սննդի ձեռնարկատերեր Աթիլայի և Էրդինչ Աքիոլի կողմից այդ ժամանակվա ավագանիներ Ռիչարդ դե Մոսի և Ռաշիդ Գերնաուի հնարավոր կոռուպցիոն կապերը: Օպերային թատրոնի Աշկինին վարձակալության մասին արդեն պատմել ենք:

Աքիոլ եղբայրների հեռախոսները գաղտնալսվել են ամիսներ շարունակ: Խոսակցություններից մեկում ՝ 2018-ի նոյեմբերի 22-ին, Էրդինչ Աքիոլը զրուցում է Հաագայում Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինի հետ: Այդ հեռախոսազրույցում Աքիոլն ասում է, որ 2018-ի ավագանու ընտրություններում «Գրուպ դե Մոս»-ի օգտին ձայների դիմաց «ֆինանսական փոխհատուցում» կվճարվի «կուսակցություններին»:

Աքիոլը նաև ասում է, որ Աշկինը կպարգևատրվի շատ ձայներ հավաքագրելու համար: Աշկինին ասվում է, որ Աքիոլները քաղաքապետարանից կկազմակերպեն  դրամաշնորհների տրամադրում` իր ասոցիացիայի համար, քաղաքային խորհրդի  անդամ Ռաշիդ Գերնաուի միջոցով: Նա դարձել էր ավագանի  Groep de Mos-ի միջոցով  2018-ի մարտին, ինչպես  հենց ինքը` Ռիչարդ դե Մոսը: «Ռաշիդն ու Ռիչարդը մեր ձեռքում են», – ասել է Էրդինչ Աքիոլը Աշկինի հետ ունեցած իր հեռախոսազրույցում:

Էրդինչ  Աքիոլի եղբայր Աթիլան  ավագանու ընտրություններում Դե Մոսի թեկնածուների ցուցակում 35-րդն էր: Չորրորդ տեղում  Էրդինչի կինը ՝ Նինո Դավիթուլիանին էր (վրացուհի): Դավիթուլիանին կոռուպցիայի քննության մեջ որպես կասկածյալ է ներգրաված: Անցյալ տարվա հոկտեմբերին Արդարադատությունը խուզարկություն էր կատարել Աքիոլների, Դե Մոսի և Գերնաուի բնակարաններում, ինչպես նաև երկու ավագանիների քաղաքապետարանի գրասենյակներում:

Առայժմ իրենց հասցեին հնչեցված NRC- ի մեղադրական բոլոր փաստարկները, մասնավորապես, որ 2018 թ.-ին Հաագայում կայացած ավագանու ընտրություններում գնվել են ընտրողների (ազգությամբ` թուրք, ադրբեջանցի, մարոկացի ու այլ ) ձայները`  Ռիչարդ դե Մոսի  կուսակցությունը հերքում է: Դատախազությունը դեռևս չի մեկնաբանում քվեարկության կեղծիքների վերաբերյալ տեղեկությունները: Ուրբաթ օրը (5.06.2020)  «Դե Մոս» կուսակցության խմբից   NRC-ին պատասխանել են. «Երբևէ ոչ մի ձայն չի գնվել կամ հավաքագրվել  Ռիչարդ դե Մոսի կուսակցության կողմից»:
Բայց դա ասելով չէ, կան  փաստեր, ձայնալսումներ: Դատախազության համար թերևս դժվարություններ չկան այս փաստերը ապացուցելու:

Hay Azian
Nid.oragir,5.06.2020

 

Տես նաեւ այստեղ՝ https://www.nrc.nl/nieuws

 

 

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert