«Եթե այս նամակը ձեր ձեռքը հասնելու օրից հաշվելով երկու շաբաթվա ընթացքում դուք Երևան չհասնեք, հայտարարել Թիֆլիսի և ուրիշ տեղերի թերթերում, որ դուք այս երկրի ներկայացուցիչները չեք»:


Երևանի ազգային խորհրդի նամակը [Թիֆլիսի] Հայոց ազգային խորհրդին՝ Հայաստանի ծանր դրության և իշխանության կենտրոնական մարմինների՝ Երևան տեղափոխվելու անհրաժեշտության մասին

26 հունիսի 1918 թ.

Երևան

Հակառակ մեր թափած բոլոր ջանքներին՝ մենք չկարողացանք կապ հաստատել ձեզ հետ և ձեզնից հրահանգ ստանալ այս կամ այն հարցի առթիվ:

Կյանքը հոսում է և օրը-օրին բարդ խնդիրներ է առաջադրում, հրամայաբար լուծում պահանջում, իսկ մենք չենք կարողանում անել:

Ա. Ամենքը զարմանում են ձեր անտարբերության վրա. ամբողջ ամիս է խաղաղության դաշինք եք ստորագրել այս երկրի համար, սակայն այս դժբախտ երկիրն այդ դաշնագրի իսկական պատճենը մինչև օրս չունի: Տաճիկները [թուրքերը] սիստեմատիկ կերպով պահանջում են դաշնագրի այդ կամ այն պայմանների իրագործումը, իսկ եթե մենք ենք պահանջում նույն մեր երկրի կամ ժողովրդի համար, ասում են, որ դաշնագրում այդպիսի կետեր չկան, օրինակ՝ փախստականների հետ դառնալու մասին: Ձեր բոլոր նամակներով այդ <մասին> հայտնված էր մեզ: Ալեքսանդրապոլում եղած թուրքերեն դաշնագրի մեջ, ասել են, այդ կետը չկա: Հետո ինչպե՞ս պետք է վարվել մեր կայարաններում եղած երկաթուղու շարժուն սաստավի [կազմի] մասին: Նրանք պահանջում են իրենց թողնել և վարպետորեն ամեն բան տարան. մենք պնդում  էինք ընդհանուրից օգտվելու իրավունքի վրա: Արդեն գիտեք, որ Ղարաքիլիսայի գիծը մինչև օրս չեն դատարկել, երևի գիտեք նաև նրանց առարկությունը՝ մինչև հայերի և վրացիների միջև սահմանների նկատմամբ համաձայնություն կայանալը իրենք հայերի օգտի տեսակետից այդ գիծը պահում են իրենց մոտ: Ի՞նչ դիրք բռնել, ի՞նչ պատասխան տալ: Դաշն դուք եք կնքել, պահանջում են, որ մենք իրագործենք՝ առանց իսկական պայմաններն իմանալու: Հասկանալի է, որ դուք դրել եք մեզ սոսկալի դրության մեջ: Թեև ամեն կերպ կարող եք հաջողեցնել դաշնագրի իսկականը և ձեր հրահանգները մեզ ճամփելու, որը, սակայն, չեք անում: Մենք ձեզ թուրք սուրհանդակ էինք ուղարկել, որին դուք, չգիտենք ինչու, դատարկ հետ եք ուղարկել: Թվում է, թե դուք էլ հեշտությամբ կարող էիք այդտեղից մեզ սուրհանդակ ճամփել:

Բ. Երկրորդ կարևոր հարցը ֆինանսների խնդիրն է: Այս աղքատ ու դժբախտ երկիրը 4 ամիս է կերակրում է քառասունհազարանոց բանակ, ամսից ավելի է, որ I դիվիզիայի մասերը և կոմկորը [կորպուսի հրամանատարությունը՝ ռուսերեն հապավում] մեր վզին են: Ժողովրդին թալանելով, կողոպտելով՝ հազիվ ենք հասցրել այստեղ: Այլևս անկարելի է շարունակել. բոլոր հասարակության դրամները գրավել ենք, բոլոր ձեռքի տակ եղած դրամները սպառել ենք, իսկ յուրաքանչյուր օր ավելի քան 100.000 ռուբլի ծախք ունենք, եկամուտ՝ ոչ մի կոպեկ: Սպայությունն ամիսներով ռոճիկ չի ստացել, խեղճերը ման են գալիս կա՛մ չարուխններով, կա՛մ ոտաբոբիկ ու գրեթե մերկ: Սոսկալի, չտեսնված թանկություն է, ապրել չի լինում. աշխատեք դրամ հասցնել, այլապես զորքը կարող է մի օրում ցրվել և մենք կխայտառակվենք:

Գ. Ներքին անարխիան սոսկալի չափեր է ընդունել: Հարկավոր է շուտափույթ իշխանություն կազմակերպել և գործի անցնել: Մինչև հիմա այդ չենք արել, շարունակ սպասել ենք ձեզ, իսկ դուք չկաք ու չկաք: Դրամ է պետք ադմինիստացիա և միլիցիա կազմակերպելու <համար>, դրամ չկա: Մեր ֆինանսների դրությունը վերևում պարզեցի ձեր առաջ:

Դ. Պարենավորման գործն ամենադժվարը և անելանելին է: Մոտ մեկ միլիոն ժողովուրդ կա այս մի թիզ երկրի վրա, իսկ գիտե՞ք, թե որքան հաց կա մեզանում: Գաղթականությունը սկսել է ցորենի արտերը անխնա արածեցնել և փչացնել, անհրաժեշտ է շուտով կազմակերպել բերքի պաշտպանությունը. այս տարի նմանը չտեսնված առատ բերք կա: Որոշել ենք հացը պետականացնել, պետական մենավաճառություն հայտարարել ու հավաքել: Այս բոլորը մեր ունեցած ուժերով անել անկարող ենք: Նամանավանդ դա անկարելի է ֆինանսական սնանկության պատճառով. անհրաժեշտ է դրամ ունենալ և սկիզբից վճարել ցորեն գնելիս, այլապես գյուղացիք կարող են պատերազմ սկսել մեր դեմ:

Ե. Բարդ խնդիր է հայ-թուրքական հարաբերության խնդիրը: Տեղացի թուրքերն իրենց համարում են արտոնյալներ. ոչ մի պարտականություն չեն վերցնում իրենց վրա: Մենք էլ, դրության անորոշության պատճառով, ի նկատի ունենալով նաև մոմենտի փափկանկատությունը, չենք կարողանում որոշ դիրք բռնել նրանց վերաբերմամբ:

Զ. Ձեզ քաջ հայտնի է գաղթականության սոսկալի վիճակը: Պետք է նրանց կազմակերպել, որոնք անղեկ ու անգլուխ թափառում են. այս վերջին օրերն էլ նրանք ոչխարի նման հետևել են Անդրանիկին ու նրա հետ գլուխ առել, գնացել Պարսկաստան, որն այդ քայլն արել է մեր կամքին հակառակ: Անդրանիկը, զինված ու անզեն գաղթականությունը, ասում են մոտ 10-15 հազար, Նոր Բայազետի, Դարալյագազի և Նախիջևանի վրայով անցել է արդեն Ջուլֆա՝ ուղղակի ավեր մատնելով իր անցած տեղերը: Նոր Բայզետի ու Դարալագյազի այս երկու աղքատիկ գավառներում այժմ հավաքված է ավելի քան 200.000 գաղթականություն, որոնք, բառիս բուն մտքով, ապրում են տեղացիների ունեցած աղքատիկ հացի հաշվին՝ կողոպտելով, թալանելով և ավերելով ամեն ինչ:

Այս բոլորն աչքի առաջ ունենալով՝ տեղիս Ազգային խորհուրդը որոշեց կազմել ժամանակավոր կառավարություն՝ առանց հայտարարելու այս մասին ժողովրդին և ձեռնարկել գործի և, իբրև վերջին հուսահատական փորձ, որոշեցինք այստեղից ձեզ մոտ ուղարկել մի պատգամավոր, որը կհայտնի ձեզ հետևյալ պայմանները. որ եթե այս նամակը ձեր ձեռքը հասնելու օրից հաշվելով երկու շաբաթվա ընթացքում դուք Երևան չհասնեք, հայտարարել Թիֆլիսի և ուրիշ տեղերի թերթերում, որ դուք այս երկրի ներկայացուցիչները չեք:

Որ ձեզնից հուսահատված՝ անմիջապես կազմակերպվելու է սահմանադիր ժողով՝ ժողովրդի կամքով որոշելու երկրի բախտը, ճակատագիրը: Որ սահմանադիր ժողովի և նրանից բխած ու հաստատված կառավարության առաջ դնել ձեր պատասխանատվության հարցը այս երկրի ճակատագիրն այսպես անտարբեր և անպատասխանատու ձևով վարելու համար: Իմացե՛ք, որ հուսահատվածները կարող են ավելի սոսկալի միջոցների դիմելու: Այս բոլորը հայտնում եմ ձեզ ի գիտություն և ի տնօրինություն: Խնդրում ենք մեր ուղարկած պատգամավորին իսկույն վերադարձնել՝ ուղարկելով նրա հետ ձեր գրավոր պատասխանը:

Հարգանոք՝ ի դիմաց Երևանի Հայոց ազգային խորհրդի

Արամ

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 658, թ. 149-150 շրջ.: Բնագիր: Ձեռագիր: «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 94-97, կազմող՝ Համո Սուքիասյան


 

Աղբյուրը՝  http://www.aniarc.am/

 

 

 

 

 

 

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert