– Պարոն Միրզախանյան, երկու շաբաթ առաջ փորձում էին Հայաստանից արտաքսել Արցախի պատերազմի մասնակից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանին։ Ի՞նչ արձագանք գտավ սա սփյուռքահայության շրջանում։

– Արտաքսման խնդիրն ինձ համար շատ զգայուն խնդիր է, որպես Սփյուռքում ապրող հայ, ես չեմ հասկանում` ինչ բան է արտաքսել։ Եթե մարդ ունի ինչ-որ քրեական հանցանք, ուրեմն, ըստ տեղի օրենքի, մարդուն պատժում են։ Բայց առանց դատարանի նախագահը գրիչի մի հարվածով արտաքսի, սա անհասկանալի է այսօրվա քաղաքակիրթ աշխարհում։ Նրան փորձում են հեռացնել Հայաստանից քաղաքական կողմնորոշումների եւ համոզմունքների համար, ինչն անընդունելի է քաղաքակիրթ բոլոր օրենքներով։ Պարոն Քոչարյանը մինչեւ մի քանի տարի առաջ Ադրբեջանի քաղաքացի էր։ Սարգիս Հացպանյանի, Մոնթե Մելքոնյանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ տասնյակ այլ սփյուռքահայ, ղարաբաղցի եւ հայաստանցի քաջարի տղաների շնորհիվ են նրանք դարձել ՀՀ քաղաքացի։ Ես բողոքի նամակ եմ գրել ՀՀ ԱԳ նախարարին եւ Սփյուռքի նախարարին, պահանջել եմ դադարեցնել Հացպանյանի նկատմամբ հետապնդումը, ես անձամբ եւ Սփյուռքը չենք մարսելու այս, չենք թույլատրելու, չենք ընդունելու սա։

– Պարոն Միրզախանյան, այդ աղմկոտ պատմությունից հետո Հացպանյանը բանավեճ ունեցավ դաշնակցական Կիրո Մանոյանի հետ, որից հետո նրա դեմ 2 ահաբեկում եղավ, եւ կասկածներ հնչեցին, որ դա արել է Դաշնակցությունը։ Դրան ինչպե՞ս եք վերաբերվում։

– Այո, Դաշնակցության անցյալն այնպիսին է, որ հիմա ինչ էլ լինի, կարելի է նրա վրա գցել։ Բայց այս դեպքում արդեն կան հիմքեր այդ կասկածի համար, որը այդ բանավեճն է Հացպանյանի եւ Կիրո Մանոյանի միջեւ։ Իրոք, այնտեղ Հացպանյանը բացահայտումներ արեց, իհարկե, բացահայտումները ձեզ համար են, դրանք մենք Սփյուռքում շատ լավ գիտենք, մենք ապրել ենք ՀՅԴ-ի հետ կողք կողքի, եւ ՀՅԴ-ին սփյուռքահայերս լավ գիտենք։ Հայաստանցիներդ վատ գիտեք։ Դուք չեք ճանաչում, հոգեբանություն կա այնտեղ, ոչ միայն քաղաքականություն։

– Ասում եք, որ Սփյուռքում շատ լավ են ճանաչում Դաշնակցությանը, օրինակ` ի՞նչ գիտեք դուք ՀՅԴ-ի մասին, որ հայաստանցիները չգիտեն։

– ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Նոր Ջուղայի տղաներից է, որը եկել է եւ այստեղ դարձել է քաղաքական գործիչ։ Լավ կլիներ, որ նա բացատրեր իր կենսագրությունը, թե ինչպիսի պայմաններով է եկել հասել Հայաստան եւ ինչպիսի անցյալ ունի։ Եթե այնտեղ կան խորդուբորդներ, դա պետք է բացվի. այդ մարդը, որ այսօր քաղաքականություն է ճշտում ՀՀ բնակչության համար, ունի՞ այդ իրավունքը, թե՞ ոչ։ Երկար տարիներ, ազգային շահերից ելնելով, չենք խոսել, միգուցե սխալ ենք արել, փակել ենք, բայց երբ այսօր հայրենիքում ահաբեկում են ազատամարտիկին, այլեւս լռել չի կարելի։ Այնպիսի գործեր կան, որոնք պետք է ազգը իմանա։ 1982թ. դեկտեմբերի 29-ին ՀՅԴ-ն մահափորձ կատարեց Նոր Ջուղայի համալսարանի հայագիտական ամբիոնի դոցենտ, բանաստեղծ, թարգմանիչ Ազատ Մաթյանի դեմ։ Այդ մարդու մեղքն այն էր, որ նա քննադատել էր Դաշնակցությանը։ 1980-ի հոկտեմբերին դաշնակները կազմակերպեցին Իրանում տպվող «Փյունիկ» շաբաթաթերթի հրատարակչի եղբոր` Հրաչ Համբարչյանի սպանությունը։ Համբարչյանը Նոր Ջուղայի ժամանակավոր ժողովրդական կոմիտեի անդամ էր, եւ նրա «մեղքն» այն էր, որ իր եղբայրը Իրանի իսլամական հեղափոխությունից, շահի տապալումից անմիջապես հետո տպագրում էր «Փյունիկ» առաջադիմական թերթը։ 2 անչափահաս երեխայի հորը սպանեցին իր տան դռանը։ Հետագայում հարձակում կատարեցին նաեւ իմ եւ նկարիչ, դերասան, ժողովրդական ճակատում հայտնի դեմք Արշավիր Ղարիբյանի վրա հենց Սուրբ Ամենափրկիչ վանքի առջեւ։ 40-ից ավել դաշնակցականներ քարերով, փայտերով, նանչիկով (մուչակի) հարձակվեցին մեր մեքենայի վրա եւ ջարդուփշուր արեցին։ Մենք միայն հրաշքով փրկվեցինք։ Հետո եղան դատավարություններ, եւ ձերբակալվեցին դաշնակցական պատասխանատուներ` Խաժակ Տեր-Գրիգորյանը, Թաթուլ Օհանյանը, Հրայր Շահնազարյանը եւ մյուսները։ Դաշնակցությանը դուր չէր գալիս, որ մեր առաջադիմական ճակատը կարողանում էր ինչ-որ գործունեություն ծավալել իր ուժերով, եւ ամենամեծ հարվածը իրենց եղավ այն, որ առաջին անգամ ոչ դաշնակցական անձ ընտրվեց Իրանի Իսլամական մեջլիսի դեպուտատ, եւ այդ անձնավորությունը` բժիշկ Հրաչ Խաչատրյանը, ժողովրդական ճակատի ներկայացուցիչն էր, որը ընտրությամբ հաղթեց դաշնակցականներին, եւ այդ բանը նրանք չմարսեցին։ Դրանից հետո սկսվեցին ահաբեկումները փողոցում, հետո` սպանությունը, հարձակումը։ Եւ այդ հարձակումների կազմակերպման մեջ Հրանտ Մարգարյանն իր մեծ բաժինն ուներ։ Նման դեպքեր կատարվեցին Թեհրանում։ ՀՅԴ-ն շատ լավ համագործակցում էր շահի գաղտնի գործակալության հետ։ 53 թվին, երբ հակահեղաշրջում կազմակերպվեց Իրանում, եւ բոլոր առաջադիմական կազմակերպություններին ձերբակալեցին, բանտարկեցին, գնդակահարեցին եւ այլն, դաշնակցականները զբաղված էին հայ առաջադիմականների մատնությամբ, որոնք ձերբակալվեցին եւ հետագայում գնդակահարվեցին։

https://armtimes.com/hy/article/15366

 

——————————————

Արամայիս Միրզախանյան

– PhD Lecturer at Stockholm Royal Institute of Technology
– State Academy of Fine Arts of Armenia:

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert