Ես որոշեցի այսօր հեռանալ ինքս ինձանից
Ու կնճիռներս թողեցի իմ հին հայելու վրա,
Վաղը աշխարհին հաստատ կնայեմ այլ պատուհանից,
Նոր կյանք անցյալից միայն չխամրող ժպիտներ տարա։
Այսօր պարզ տեսա իմ ճիշտ ապրելու շա՜տ մեծ սխալը,
Կյանքի չափ երկար մի գիշեր անցավ մտազբաղ, անքուն,
Նորից չափեցի իմ կյանքի ամեն չստացված քայլը,
Ու որոշեցի, որ է՛լ չեմ ապրի աշխարհից թաքուն։
Ես կվայելեմ իմ ամեն րոպեն, ինչպես վերջինը,
Նախատողներին միայն կժպտամ, որպես պատասխան,
Լա՜վ կարկատել եմ իմ բախտի մաշված ու ծակ խուրջինը,
Այն կդիմանա մինչև կյանքի վերջ,մինչև դատաստան։
20.06.2020