Կյանքը պարգև՝ վերից տրված,
Մեծ շուկա է դարձել ահա,
Հազար տեսակ ապրանքներ կան,
Մեկը մեկից թանկ ու էժան,
Որակներով բազմատեսակ,
Բայց դե՛ գինը որոշվում է
Վաճառողի գորշ էությամբ:
_Հոգին այստեղ դեր չի խաղում.
Մանրածախի դու մեծ վարպետ պիտի լինես,
Որ ընդարձակ այս քաոսում գլուխ հանես…
Անցնում են շարքով, կարգով ու հերթով
Մանկլավիկ,
Աղա, Տեր ու ծառա,
Պարոնայք, երեց ու տիկնայք.
Լի գրպանն է այստեղ հարգանք:
_Հոծ բազմության կիզակետում,
Ճոճաթոռին նստած մի կին,
Գլուխն էր լուռ տարուբերում,
Անցորդներին մոտ կանչելով,
Ու նրանց մեջ մի հաստլիկ ճաղատ պարոն,
Դանդաղ քայլով մոտենալով՝
Տեսնում է դրված մի դատարկ զամբյուղ:
_Ապրանք չունես՝ խիղճ ես ծախո՞ւմ,
Գինն ինչքա՞ն է, ասա՛ մայրիկ,
Թե սակարկե՛ս՝
Կառնեմ քեզնից մի մեծ փնջիկ:
Ծեր կինն հոգնած իր ժպիտով ասես հեգնեց.
– Ինչ էլ որ տաս,տե՛ր եմ որդի,
Վերջին կապն է,
«Արդար» ձեռքով ցանցդ գցիր:
Բայց զգույշ կաց, կատակ բան չի,
Հավքի նման թռչել գիտի,
Բռնել գուցե դժվար լինի…
—Ես չիմացա գինը խղճի,
Բայց հասկացա,
Բանն ավարտվեց առանց վեճի:
_Իր առածով երջանկացած պարոնը այս
Հեռվից հեռու մի շլացնող ապրանք տեսավ,
Չհապաղեց,
Ինքնավստահ այդ սեղանին նա մոտեցավ,
Որտեղ շքեղ ոսկով պատված,
Ինչ-որ մեկի պապենական
գահ-աթոռն էր աճուրդ հանված…
_Ահա այստեղ՝գահի դիմաց,հազար կյանքեր,
Իսկ շուկայում կյանքի գինը շատ էժան էր…
Ու բախտավոր այս պարոնի
հոգին ցնծաց,
Միլիոն կյանքեր առաջարկեց,
Եվ աճուրդը տեղում շահեց,
Ու շուկայի հենց կենտրոնում գահին բազմեց…
_Անցնում են միշտ կարգով, հերթով,
Կյանքի էժան բաց շուկայով,
Տարեց, երեց ու սիրահար,
Սակարկելի էժանությամբ,
Տեսքով փքուն,
Իսկ հոգով հարճ…

Մերի Պողոսյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert