Ճշմարտությունը դառն է թվում առանց մեղր,
բայց ո՞վ գիտի համը աղի,
եթե միայն անալի է սուտը քաղցր…

Լավ է լինել քաղցր կաղին,
Քան թե խուրմա այն էլ խեղդող,
Լավ է լինել հոսող առու,
Քան թե մնալ ցամաքած գետ։
Լավ է լինել ազնիվ՝ աղքատ,
Քան թե հարուստ սապատավոր։
Լավ է լինել փայտե մի սուր,
Քան թե դաշույն առանց կոթի…

էլ ի՞նչ դաշույն,
Եթե պիտի չար ոսոխի սիրտ չխոցի։
Եվ ի՞նչ հարուստ, թե ճար չունի,
Որ սապատը փողով բուժի:
Ու ինչ գետակ, թե չհիշի
իր խոխոջուն կարկաչները գարունների,
Որ շնորհիվ իր այդ հուշի,
Նորից հորդի և նույն խուրման,
Որ պարծանքն է մեծ Բաղդադի ՝
Վերանայի իր ակունքը ու չխեղդի,
Ու կորիզը ամեն հողում տեղը գտնի…
* * * * *
Ա՜խ, ու՞ր ես դու ճշմարտություն,
Թեկուզ ոտքդ էլ հատած լինի,
Դու կքայլես վազքից առաջ
Ու դրոշը քո հաղթության,
Որպես կանթեղ դու կվառես մութ խորանում
ի լուր ստի,որ պատրանքով ծուխ է ծխում,
Որպես կերոն կեղծ հույսերի…

Մերի Պողոսյան

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert