ԱՀԱՐՈՆ ՇԽՐՏԸՄԵԱՆ

Այսօր տարելիցն է հերոսական այն մարտնչումներուն, որ իր մայրական ծոցին մէջ անգամ մը եւս երկնեց մեր ժողովուրդը եւ որոնք անկասկած դարձան գեղեցկագոյն էջերէն մին մեր ժողովուրդի փառքի պատմութեան:

Այսօր տարելիցն է այն բուռ մը քաջերուն, որոնք, պարտականութեան եւ գաղափարի զինուորներ, եկած էին եւ ուխտած՝ իրենց արեւոտ կեանքին ու հերոսական արեան գնով կառուցելու մարմարեայ սիւները մեր հայրենիքին:

Հոն՝ այդ սրբազան Տաճարին հիմերուն վրայ, անգա՜մ մըն ալ յորդառատ հոսեցաւ վարդակարմիր արիւնը ժողովուրդի սիրելագոյն զաւակներուն: Այդ հիմերը, որոնց վրայ շքեղօրէն պիտի բարձրանար, պիտի կառուցուէր շէնքը մեր դարաւոր իտէալին, ողողուեցաւ անոնց թափած արիւնով:

Այսօր տարելիցն է ոչ միայն պարտականութեան ճամբուն վրայ հերոսաբար ինկած այդ պաշտելի հայորդիներուն, այլ մեր բովանդակ ժողովուրդին, որ, իր հերոսական ոգորումներուն մէջ անգթօրէն շղթայուած, դաւաճանուած, անգամ մըն ալ նահատակուեցաւ:

Այսօր տարելիցն է Սուգի մը, որ մեր ժողովուրդը ապրեցաւ երէկ, ու Փառքի մը, որ կերտուեցաւ անոր նահատակ զաւակներուն քաջարի բազուկներով:
Այսօր հանդիսաւոր օրն է մեր համազգային ուխտագնացութեան, այն օրը՝ նուիրուած Քսան անմահներուն, որոնց ուխտի պիտի երթան մեր այսօրուան ու վաղուան սերունդները բոլոր՝ դալարագեղ ծաղիկներով ու անմահութեան դափնիներով, զարդարելու համար անոնց ծանօթ եւ անծանօթ շիրիմները:

Այսօր հանդիսաւոր օրն է մեր Ազգային պարտականութեան, այն յիշատակելի օրը, յորում պարտինք մեր վիրաւոր սրտերուն մէջ անգամ մը եւս փառաւորել թանկագին յիշատակը Արեւմտահայաստանի մեր հերոսամարտերուն՝ գերագոյն երկիւղով մը եւ պաշտամունքով մը խոնարհելով փառքի ճամբուն վրայ ինկած նահատակներուն առջեւ:

Քսանները անմահացան Մեծ Հայաստանի երազով: Անոնք հաւատացին, որ հզօրներն ու մեծերը արդարութիւնը պիտի պաշտպանեն եւ տկարներն ու փոքրերը պիտի խորտակէին ստրկութեան շղթաները ու պիտի ապրէին անդորրի ու խաղաղութեան նոր կեանքը:

Քսանները կամովին գացին դէպի այն աշխարհը եւ զոհեցին իրենց կեանքը ու մնացին ծածկուած անտիրական հողի մը ներքեւ: Այն բիւրաւորներուն նման, որոնք անյայտ շիրիմներու մէջ թաղուեցան…: Անոնք գացին անտրտունջ, կտրիճի նման, հայրենիքի ազատութեան հաւատքովը խանդավառ եւ նահատակուեցան վստահ իրենց առաքելութեան յաղթանակին:

Եթէ չիրականացան Քսաններուն բոլոր յոյսերը, գէթ Արարատի ստորոտը ունեցանք փոքրիկ աշխարհ մը, ուր հաւաքուած են եւ պիտի հաւաքուին աշխատող ու կերտող ժողովուրդի մը բեկորները՝ կառուցելու համար ապագայ մը, որուն հիմերը համերաշխութեան ամրակուռ սիւներուն վրայ բարձրացած պիտի ըլլան:

Քսաններուն եւ մեր բոլոր նահատակներուն յարգանքի ու յիշատակի յաւերժացման միակ արժանաւոր կոթողը այն երկիրն է, որ «Մեր հայրենիք» կ’անուանենք եւ որուն շուրջ պիտի համախմբենք մեր բոլոր ջանքերը՝ ապահովելու համար անոր հզօրացումը:

Ո՜չ աղօթքի մրմունջ մը, ո՜չ սուգի հառաչանք մը եւ ո՜չ ալ կաթիլ մը արցունք թափուեցաւ անոնց գերեզմանին վրայ, սակայն ամբողջ ժողովուրդ մը ողբաց կորուստը իր հարազատներուն:
Գաղափարի տաժանագին տառապանքներուն վրայ ինկած մեր սրբազան նահատակնե՜ր, դուք Ձեր արիւնովը անգամ մը եւս հայացուցիք հազարաւոր տարիներու մեր նուիրական հայրենիքը: Ձեր յիշատակը անկորնչելի եւ սուրբ մնայ թող:

———————————————–

Ստորեւ նրկայացնում ենք նաեւ hy.wikipedia.org/wiki-ից քաղված տեղեկատվությունը այդ մասին.

1913 թ. Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի է ունենում Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության 7-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցականներն իրենց անհանգստությունն են հայտնում երիտթուրքերի վարած հայակործան քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծվում է Միացյալ Անկախ Հայաստանի կազմավորման անհրաժեշտությունը։

Համագումարում ձևակերպվում է կուսակցության երկու հիմնական նպատակ.

  • Կուսակցությունը, ինչպես նշված է նրա նախնական ծրագրում, կարող է ծավալել օրինական ու հակաօրինական գործունեություն, այդ պատճառով էլ այն կրկին կվերածվի գաղտնի կազմակերպության։
  • Կազմակերպել ու մահապատժի ենթարկել իթթիհատական կուսակցության ղեկավարներին, ովքեր 1909 թվականին կազմակերպել էին Ադանայի կոտորածը, այսինքն այն նույն մարդկանց, ովքեր ներկայում պլանավորում են հայ ժողովրդի ոչնչացումը[2]։

Համագումարում կայացված որոշումների մասին, դժբախտաբար, լրտեսների միջոցով իմանում է օսմանյան կառավարությունը, և հնչակյան գործիչները ձերբակալվում են Կ. Պոլիս ժամանելուն պես։ Մինչև տարեվերջ ձերբակալվում է ընդհանուր առմամբ 140 հնչակյան։

Երկու տարի բատնտում անցկացնելուց ու բազմաթիվ փորձությունների ենթարկվելուց հետո 20 ղեկավար հնչակյաններ դատապարտվում են կախաղանի։ 1915 թվականի հունիսի 15-ին նրանք կախաղան են բարձրացվում Կ. Պոլսի կենտրոնական հրապարակում, որ հայտնի է Սուլթան Բայազիտ հրապարակ անվամբ։

Փարամազի վերջին խոսքերն են. «Դուք կարող եք կախել միայն մեր մարմինները, իսկ մեր գաղափարը՝ ոչ։ Վաղն արևելքի հորիզոնի վրա պիտի ողջունենք Սոցիալիստական Հայաստանը։ Այնտեղ, ուր կախաղաններն են ճոճվում, ճեմում է ազատությունը»[3]։

2001 թվականին Մեղրիում բացվել է Փարամազի ու իր 19 հնչակյան ընկերների հուշարձանը։

—————————————

Անունները ներկայացվում են Թեոդիկի հիշատակությանը համապատասխան[4]։

 

20 կախաղան

  • Մուրատ Զաքարեան (Մուշ)
  • Երուանդ Թօփուզեան
  • Յակոբ Պասմաճեան
  • Սըմբատ Գըլըճեան
  • Ռուբէն Կարապետեան
  • Արմենակ Համբարձումեան
  • Աբրահամ Մուրատեան
  • Հրանդ Եկաւեան
  • Գառնիկ Պօյաճեան
  • Յովհաննէս Տ. Ղազարեան
  • Մկրտիչ Երէցեան
  • Երեմիա Մանուկեան
  • Թովմաս Թովմասեան
  • Գարեգին Պօղոսեան
  • Մինաս Քէշիշեան
  • Պողոս Պողոսեան

Հնչակյան կուսակցության երկու այլ ակտիվիստներ՝ Ստեփան Սապահ Գյուլյանն ու Վարազդատը, մահվան են դատապարտվել հեռակա կարգով։

 

 

 

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert