Ես կարծում եմ, որ շատերը համաձայն կլինեն ինձ հետ, եթե նշեմ, որ հայ ժողովրդի պատմության մեջ, սկսյալ չորրորդ դարից, մեր ներկայիս սերունդը, ամենաերջանիկ սերունդն է։ Մեզ բախտ վիճակվեց տեսնել անկախությունը, վերապրել պարտադրված Արցախյան պատերազմը, սգալ բազմահազար երիտասարդ կյանքերի կորուստը, բայց և վայելել հաղթանակի բերկրանքը։ Վերապրեցինք նաև տասնամյակների տեղատվության, սեփական բռնապետների և նրանց կողմից պետականորեն կազմակերպված՝ տեռորի մահասփյուռ ժամանակաշրջան և միասին հասանք հուսո, հպարտության հանգրվան, որը Հայաստանի ժողովուրդը, հեղափոխական երիտասարդությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեզ պարգևեցին…

Անկասկած, որ Հենց այդ օրերի բերկրանքը մեզ՝ ներկա սերնդին, անձկալից դրան սպասող, շնորհելու համար, 2018 թվականը պատմության մեջ կհիշվի, որպես հայ ժողովրդի պետականության զարթոնքի ժամանակաշրջան, իսկ Պարոն Նիկոլ Փաշինյանը կմտնի հայոց պատմության կարևոր անհատների շարքերում։

Երկու տարի է անցել այդ պատմական օրից, այս ընթացքում մենք վկան ենք եղել հույժ կարևոր բարեփոխումների, ամենակարևորը՝ բանակի ներսում կատարվածն է։  Յուրաքանչյուր զինծառայողի կյանքը թանկ ու անփոխարինելի գնահատելն է և  միջոցներ, ջանքեր չխնայելն է, այն  պաշտպանելու համար… Ավելին շատերս սովորեցինք՝ եղեռն թույլ տված ժողովուրդի պարտվողական հոգեբանությունից սրբազատվել  և մեր մոտ զարգացնել, հզոր բանակ, անկախ և ժողովրդավար պետականություն ունեցող ժողովուրդի մտածողություն…

Այդ ամենով հանդերձ, կան բացթողումներ, վերջին երկու տարվա ընթացքում։ Պարոն Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններին, ծրագրերին, կոչերին չեն հետևել կտրուկ և համարձակ գործողություններ, որոնք են՝

-Թալանված փողերը կոպեկ առ կոպեկ ետ ենք բերելու…

-Բոլորը պետք է պատասխան տան, իրենց արածների համար…

Նաև կոչեր են հնչել՝ ներդրումների, հայրենադարձության ևայլնի մասին։

Ցավոք, վերը նշված՝ ծրագրերը, կոչերը, մնացել են հենց միայն այդպիսիք, որովհետև դրանց չեն հետևել լուրջ գործողություններ, այն է՝ երկրում ստեղծել նպաստավոր պայմաններ դրանց զարգացման և առաջընթացքի համար։

Հայտնագործություն արած չեմ լինի, եթե շեշտեմ, որ գործադիրի այս երկու տարվա ամենակարևոր բացթողումն եղել է՝ նա չի համարձակվել, երկրում  դատաիրավական համակարգի բարեփոխումը իրականացնել։ Ինչը որ բազմաթիվ մասնագետների, վերլուծաբանների կարծիքով, պետք է ապահովեր՝ վերոհիշյալ ծրագրերին և կոչերին կյանք տալու գործողությանը։

Մյուս կողմից, հեղափոխության հաղթանակից երկու տարի անց,  այն ամրապնդված և անշրջելի տեսնելու փոխարեն, մեր բոլորի զարմացած, հարցական հայացքների առաջ եղելություններ են կատարվում, որոնք բազմաթիվ հարցեր են ի հայտ բերում, որոնցից ամենակարևորը, թե՝ ինչպե՞ս և թե՝ ինչո՞ւ է հեղափոխությունը կանգ առել, այդ հների ստեղծած, նեխած, սակայն ըստ երևույթին ամենազոր դատաիրավական համակարգի շեմին հասնելով, երբեմն նույնիսկ ետ քայլ անելով։ Թվարկել դրանք պետք չէ, ամենացայտուն  օրինակները տեղի են ունենում մեր օրերում։    Ասես միանգամայն՝  աներևույթ, գերհզոր ներքին և արտաքին ուժեր իրենց դրածոների միջոցով գործի են անցել, հեղափոխությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա զինակիցներին թույլ չտալու, մոտենալ արդարադատության համակարգին, այդ անառիկ բաստիոնին։ Թե՝ ի՞նչ է կատարվում կուլիսների ետևում, թե՝ որքա՞ն ճնշում է բանեցվում Վարչապետի վրա։ Որ նրանք բանտերում լինելու փոխարեն, իրենց կամքն են թելադրում գործադիր իշխանություններին և անձամբ արդարադատության նախարարին՝ Ռոստոմ Բադասյանին, դա միայն իրենք գիտեն։ Առայժմս միայն ենթադրել կարելի է, դրա ցայտուն ապացույցն է Սահմանադրական դատարանի երեք նոր դատավորների ընտրությունը։ Որը կարելի է գրանցել որպես՝ հների հաղթանակ։ Գիտակ անձանց վկայությամբ, այդ երեք նորընտիր դատավորներն էլ հին իշխանությունների օրոք ունեցել են պաշտոններ, մաս են կազմել գործադիրի որոշումների իրականացմանը, ուստի անակնկալ չի լինելու, եթե ապագայում Սահմանադրական Դատարանը իր ներկայիս կազմով, լուրջ խնդիրներ առաջացնի և իրեն ընձեռած իշխանությամբ, խանգարի ներկայիս գործադիրին։

Վերջին ժամանակներս Հակահեղափոխականների ակտիվացման զուգընթաց, կարելի էր սպասել, որ հեղափոխական ու նրանց սատարող ազգային ուժերը, մի կողմ դնեին իրենց հավակնությունները և միասնաբար թիկունք կանգնեին իշխանությանը։ Ոչ, նրանք բոլորն էլ տառապում են իշխանամոլությամբ, ինչպես որ պատմության ընթացքում տառապել են հայ իշխանները և պարտություններ, պարտությունների ետևից գրանցել։ Ես չեմ հոգնի անգամներ մեջբերել, որ այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտում երևան եկած կուսակցությունների բազմաթիվ և բազմազանության պարագայում, խմորվում է ԱԺ-ում ապագա ճգնաժամերի հաճախակի հնարավորությունը։ Արդեն այսօր իսկ ուրվագծվում է՝ հաջորդ ընտրություններում ճգնաժամային իրավիճակը, որովհետև հեղափոխական և նրանց մոտ կանգնած հավանական ազգային ուժերը, Նիկոլ Փաշինյանից  բացի այլընտրանք չունեն, իսկ ապագա ԱԺ-ում մի քանի կուսակցությունների միջև ձայների բաժանումը, դժվարացնելու է, նոր վարչապետ ընտրելու գործողությունը։

Իսկ արտախորհրդարանական ընդդիմադիր կողմը, առհասարակ չունի որևէ մեկին, որ իրեն սպառած չլիներ, իհարկե դա լավ է, որ այդպես է…

Իրոք որ զարմանալի է, ըստ երևույթին, միայն հայը կարող է այդպես լինել։ Ամեն ոք, իր մի քանի համախոհներով, իր կուսակցությունն է ստեղծել։ Նրանք հավակնում են ներկա հախուռն, խառնիճաղանջ քաղաքական դաշտում, իրենց մնայուն տեղը ապահովվել։  Սակայն մյուս կողմից, ներկայիս պահի հրամայականը թելադրում է, որ ազգային ուժերը աշխատեն, օր առաջ միասնական ջանքերով, ներկայիս մասնատվածությունը հաղթահարելու գնալ։ Հակառակ դեպքում, նրանք իրենց մեղքի բաժինն են ունենալու, ապագայում ազգային ուժերի հնարավոր պարտության և երկրում ՌԴ-յան դրածոների կողմից  իշխանությունը բռնի զավթելու դեպքում…

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, սեպտեմբեր 2020

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert