Գոթֆրիդ Բենի տեսական-գաղափարական և բուն իսկ քերթողական աշխարհընկալումների կենտրոնակետը գենետիկայի՝ ժառանգականության մարզից սերող ֆենոտիպերի հասկացությունն է, որով զբաղված էր նրա միտքը 1940-ականներին: Ֆենոտիպը տվյալ դարաշրջանը ներկայացնող այն անհատն է, ով ամենայն ակնհայ-տությամբ արտահայտում է իր ապրած ժամանակի բնութագրական գծերը, նույնական է նրան: Բենն այսպիսով ձևափոխում է ֆենոտիպի կենսաբանական հասկացությունը քերթողականով:

Այսպես նա 1944-ին հղացավ իր ամենախորհրդավոր երկերից մեկը՝ մարդու մեջ ի սկզբանե ներդրված երկակիության հիմնակաղապարը վերհանող «Ֆենոտիպի վեպը»: Այդ ֆենոտիպ կոչվածը հենց ինքը հեղինակն է՝ ժամանակի վկայի օրինակելի արտասերմացքը: Ո՛չ ավել, ո՛չ պակաս. ներառող և սպառող, պատճառականության հանդեպ հոգեխորթ կեցվածք ընդունած, մտահորիզոնի ընդլայնումն իբրև անհեթեթություն դիտարկող: Վեպն այս, չնայած խստիվ ինքնակենսագրական բնութագծերին, ընթերցողին շփոթի է մատնում՝ մարդկային գոյությունն իբրև սովորական սովորույթ հռչակելով, ինչը շարժում է նրան իբրև պահանջմունք՝ անտեղիտալի ու անընդհատ: Այստեղ ոչինչ տեղի չի ունենում: Սա արվեստի այն տեսակն է, որը համընդհանրականն է ի ցույց դնում և տեղի ունի լոկ այնժամ, երբ ցուցադրողականության առանձնատիպերն անհետանում են և ողջը լողում է անեզերական ծովում: Արվեստն իբրև որոշարկիչ, ֆենոտիպն իբրև այն կենսագործող ուժ, որի մեջ խաղարկվում է ժամանակի ընթացքին համապատասխանող արվեստագիտական հիմնակաղապարը: Հեղինակն ինքն էլ ապրում է իբրև գլխավոր գործող անձ և իր որոշարկումն է գտնում սեփական ստեղծագործության մեջ, որը ոչ այլ ինչ է, քան արմատական մտածելակերպի և գրելաոճի ընտրասերվածք, նպատակ հետապնդելով անհա-տական ազատագրումը կյանքի անհեթեթ ցնորամտություններից և կողմնորոշվելով դեպի արվեստի ու կյանքի արդյունավոր սերտաճը:

Ըստ Բենի՝ անուրանալի է, որ գոյություն ունի ձևի և բովանդակության ցուցանելի մի շրջանակ, որի ներսում մի որոշակի սերնդի պատկանող ոմն անհատ իրական և ներկայանալի է հանդես գալիս և որից դուրս դրվելով՝ նա դադարում է գոյել և անէանում է ասես: Լինելով իր իսկ հնարաստեղծած ֆենոտիպը՝ Բենը փորձում է սոսնձել մարդ-կայնության ցաքուցրիվ կտորտանքները, որոշակի ձև տալ նրան՝ եզակի մի զգացմունքից դրդված. փրկել ինքն իր ներսում կուչ եկած, հոգևորի վերջին հենարանը՝ եսը, որը դաժանագույն փորձության պահերին ազատ է որևէ միտումից և հիմնաքննությունից, ճաշակից ու տրամադրությունից:

Մարդս մի էակ է, որի արարումը լոկ կիսով չափ կարելի է հաջողված սեպել: Այն ինչ-որ բանի նախագիծ է, և ընդամենը: Սխալվել և այդուհանդերձ շարունակել հավատալ սեփական ներաշխարհին, սա՛ է մարդը: Մենք հայտնագործել ենք տարածությունը, որպեսզի սպանենք ժամանակը, իսկ ժամանակի հորինաստեղծմամբ՝ ջանում ենք մեր կյանքի տևողությունը պատճառաբանել:

Ashot Alexanian

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert