16 ուժերին միացած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հարցազրույց է տվել նույն 5 լրատվամիջոցներին, որոնց նախօրեին հարցազրույց էր տվել Վազգեն Մանուկյանը: 

Գագիկ Ծառուկյանը գուժել է, որ եթե Նիկոլ Փաշինյանն ու այս կառավարությունը մնան, «նույնը լինելու է մեզ հետ, ինչ Արցախի հետ տեղի ունեցավ»: Ծառուկյանը նաև կանխատեսում է արել, թե այդ դեպքում անպայման կկորցնենք Սյունիքը: Նա նաև մեղադրել է ՀՀ կառավարությանը պատերազմի գնալու համար՝ առանց սեփական ուժերը հաշվարկելու՝ բացահայտելով, թե դա դիտավորյալ է արվել կամ իրավիճակին չտիրապետելու արդյունքում: 

Պատասխանատվության ողջ բեռը իշխանության վրա գցել փորձող ԲՀԿ առաջնորդը, սակայն, չի բացահայտել, թե ինչու ԲՀԿ-ն պատերազմի ողջ ընթացքում Փաշինանի իշխանությունից տարբերվող տեսակետ չի հայտնել կամ հայտարարություն չի արել, օրինակ՝ չի պահանջել դադարեցնել պատերազմը: Իսկ պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հատուկ նիստում բացեց խաղաթղթերը՝ հայտարարելով, որ Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման, և ԱԺ ամբիոնից հարցրեց. «Եթե մենք համաձայնենքմ հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Համաձա՞յն ենք»: Սրան ի պատասխան դահլիճից հնչեցին՝ «ոչ» պատասխանները: Ոչ բղավողները նաև ԱԺ ընդդիմադիրներն էին, որոնք մեղադրում են Փաշինյանին՝ ժամանակին Լավրովյան պլանին չհամաձայնելու համար: 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը NewArmenia.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն տարիներով եղել են նախկին իշխանության հետ կոալիցիայի մեջ, և Գագիկ Ծառուկյանը Արցախի հարցի կարգավորման փաստաթղթերի վերաբերյալ կարծիք չի արտահայտել: Լինելով իշխանության մեջ` երբևէ չի ընդդիմացել հողերի հանձնմանը կամ պատերազմի գնալուն: «Կազանյան փաստաթղթի, Լավրովան պլանի վերաբերյալ չեմ հիշում, որ դրական կամ բացասական դիրքորոշում հայտնած լինի Ծառուկյանը: Անհասկանալի է՝ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն  դատախազի դիրքերից հանդես գալու ո՞ր իրավունքն է իրեն վերապահում: Եթե հարցը դրվում է սկզբունքային դիրքերից, ապա այդ սկզբունքային դիրքերի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են առաջանում, որի պատասխանները չկան»,-ասաց քաղաքագետը: 

«Երբ Սերժ Սարգսյանը գնում էր Կազանյան փաստաթուղթ պաշտպանելու և ստորագրելու, ես չեմ հիշում, որ ԲՀԿ-ն ասի՝ դա շատ լավ փաստաթուղթ է, մենք պետք է գնանք դրան: Երբ Լավրովն այս տարվա ապրիլին հանդես եկավ գրեթե ուլտիմատիվ նոտաներով, թե Հայաստանն ինչ պետք է անի, ինչ պետք է չանի, ԲՀԿ-ի մոտ նույնպես նման հարց չառաջացավ: Պատերազմի ընթացքում էլ տեղեկություներ ենք ստանում՝ ով ինչ դիրքորոշում է ունեցել, և ԲՀԿ-ն այլ բան չի ասել, քան իշխանությունը»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով. «Իր ֆրակցիային զազրախոսների բերանը փակելու փոխարեն` պարոն Ծառուկյանը բայղուշության դիրքերից է խոսում՝ թե էս կլինի, էն կլինի: Ո՞նց կլինի, դա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է»: 

Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջելուն, ապա, ըստ Մեհրաբյանի, Գագիկ Ծառուկյանը կարող է նման բան պահանջել, սակայն արդյոք հասարակությունը դա հիմնավոր կհամարի. «Կյանքը ցույց է տալիս, որ հասարակությունը չի միանում նրանց՝ այդ փաստարկները համոզիչ և հիմնավոր չհամարելով»: 

Իր հարցազրույցում պատասխանելով հարցին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քիչ մարդ է փողոց դուրս գալիս, Գագիկ Ծառուկյանն արձագանքել է՝ մարդիկ սգի մեջ են. կգա ժամանակը, և բոլորն էլ դուրս կգան: «Այսինքն՝ ի՞նչ, ինքը սգի մեջ չէ՞»,-հարց ուղղեց Մեհրաբյանը՝ հավելելով. «Բոլորս էլ սգի մեջ ենք: Կարծում եմ, որ իրավիճակի ճիշտ գնահատական չի տվել դրանով»:

Հիշեցնենք, որ տարբեր քրեական գործերի հետ առնչվող և ընտրակաշաք բաժանելու համար մեղադրվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս Փաշինանի հրաժարականի պահանջով՝ այլ, սեփական մոտիվներով: Օրինակ, նրա «Օնիրա քլաբը», ըստ հարուցված քրգործի, 40 մլրդ դրամի վնաս է հասցրել պետությանը, որը չի վերականգնվել: Դժվար չէ կռահել նաև, օրինակ, որ 20.4 մլն դոլարի կաշառք տալու մեջ մեղադրվող  «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը իր սեփական փողերը չէ, որ կաշառք է տվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին:

«Հյուսիս-հարավ» ճանապարհաշինության ընթացքում կատարված 23,7 մլրդ դրամի խախտումների վերաբերյալ հարուցված գործի շրջանակում ևս «Մուլտի գրուպի» տնօրեն Առուստամյանին մեղադրանք կա առաջադրված:

«Հյուսիս-հարավի» գործով «Մուլտի գրուպի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Իսկ «Մուլտի գրուպի» տերը, ինչպես հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանն է:

Էական տարբեր է նաև Ծառուկյանի վճարված հարկերի չափը՝ նախորդ տարիների համեմատ, ինչից կարելի է եզրակացնել, որ նա նախկինում հարկեր է թաքցրել: Օրինակ՝ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբը», եթե 2017թ. վճարել է 4 մլրդ 741 մլն դրամ, ապա 2019թ.ին` 5 մլրդ 206 մլն դրամ, «Արարատ ցեմենտը» հեղափոխությանը նախորդող տարում վճարել է 827 մլն դրամ, հեղափոխությանը հաջորդող տարում մոտ 3 անգամ ավելի` 2 մլրդ 285 մլն դրամ հարկ: Վճարած հարկերը քառակի անգամ բարձրացրել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի լեոն» ընկերությունը` 325 մլն դրամից դարձնելով 1 մլրդ 395 մլն դրամ:

«Մուլտի գազը» հարկերի չափը բարձրացրել է 7 անգամ` 139 մլն դրամը դարձնելով 969 մլն դրամ: Գագիկ Ծառուկյանը միայն այս մի քանի ընկերությունների դեպքում ավելի քան 5 մլրդ դրամի ավել հարկ է վճարել կամ, միգուցե, ստվերից է հանել չվճարվող հարկերը:

Ուրեմն, ի՞նչ կարող է անել Ծառուկյանը՝ ազատությունից ու փողերից չզրկվելու համար: Ներկայանալ որպես Արցախի ու Հայաստանի խնդիրներով մտահոգ քաղհալածյալ, միանալ 16-ին ու պահանջել վարչապետի հրաժարականը՝ ձեռքի հետ էլ գուժելով Հայաստանի վախճանը, եթե Փաշինյանը չգնա, ու ինքը նախկինների հետ չվերադառնա: 

Մարինե Խառատյան

https://newarmenia.am/news/120848

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert