Եթե մինչև վերջ անկեղծ լինենք՝ Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, լուծել է Լեռնային Ղարաբաղի 26 տարի չլուծված խնդիրը: Այն խնդիրը, որը դեռևս 2,5 տարի առաջ հեռացող իշխանությունն ու հեռացող նախագահը 26 տարվա բեռով կախեցին Փաշինյանի վզից՝ որպես հատուցման ծանրաքար:

Այո, Փաշինյանը Ղարաբաղի խնդիրը լուծել է իր «կանցավիկական» մտածողության դիրքերից, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

Կարո՞ղ էր այլ լուծում ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Առնվազն հազարավոր զոհերի, վիրավորների, գերեվարվածների, ընտանեկան անհաշիվ ողբերգությունների, մարդկային բազում խեղված ճակատագրերի, անթույլատրելիորեն բզկտված Արցախի, Հայաստանի վտանգված ինքնիշխանության, հայ ժողովրդի խոցված արժանապատվության, անորոշությունների մեջ մխրճված հասարակության, հանրային անկումային տրամադրությունների, քայքայվող տնտեսության և այլնի մասով՝ այո:

Բայց սա կարող էր լինել միայն մի դեպքում՝ եթե դեռևս 2,5 տարի առաջ Փաշինյանը  գիտակցեր, որ սեղմօղակը դրված է իր կոկորդին, ծուղակը լարված է այլևս, և ինքն այլ խնդիր չունի լուծելու, քան Ղարաբաղի խնդիրը, և այդ լուծումը որևէ կերպ չի կարող տեղավորվել «իր կետից» սկսելու, «Արցախը Հայաստան է և վերջ», «Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք» և «կանցավիկական» տրամաբանությամբ այլ զեղումների մեջ:

Այո, Նիկոլ Փաշինյանն է այսօրվա անփառունակ ձևով լուծված Ղարաբաղյան հարցի թիվ մեկ պատասխանատուն (նաև՝ իր խոստովանմամբ), իսկ պատասխանատու լինելը ենթադրում է պատասխանատվություն: Քաղաքականության մեջ՝ նվազագույնը քաղաքական պատասխանատվություն:

Եվ եթե իշխեր քաղաքական մտածողությունն ու ոչ՝ «կանցավիկությունը», թե Փաշինյանը, թե նրա քաղաքական թիմը կգիտակցեին, որ իրենց կառավարումը նման պատմական ֆիասկոյից հետո քաղաքական որևէ հեռանկար չունի, չի կարող ունենալ: Չի կարող ունենալ, եթե նույնիսկ ապրիորի ընդունենք, որ նրանք մեղքի որևէ բաժին չունեն կատարվածում:

Նույնիսկ, եթե ընդունենք, որ Փաշինյանը, ինչպես ինքն է ասում՝ թիվ մեկ մեղավորը չէ: Նույնիսկ, եթե դրանում ճշմարտություն կա:

Փաշինյանն ու նրա թիմն այս պահին, միևնույն է, իդենտիֆիկացվում են պարտության, զրկանքների, կորուստների, մարդկային խեղված ճակատագրերի դաժան փաստերի հետ:

Փաշինյանն այս պահին պարտության, զրկանքների, կորուստների, մարդկային խեղված ճակատագրերի խորհրդանիշն է կամա թե ակամա և այս պատնեշը, այս իդենտիֆիկացիան անհնար է հաղթահարել:

Անհնար է նաև այդ բեռով բուժել պատերազմի վերքերը, գնալ հասարակության առջևից, բանակցել արժանապատվության դիրքերից, պնդել սկզբունքներ ու պայմաններ, ապագա կառուցելու մարտահրավերներ դնել հանրության տարբեր խավերի առջև, վերականգնել տնտեսություն, դուրս բերել հասարակությունը խորքային անկումային տրամադրություններից, ներարկել լավատեսություն և այլն:  

Սա քաղաքագիտական աքսիոմ է: 

Ի վերջո, քաղաքական առաջնորդները հավերժ սեր, անգամ հավերժ ատելություն չեն վայելում: Սիրո և ատելության հարաբերակցությունը որոշում է քաղաքական գործընթացը, պատմությունը, ժամանակը և եթե նույնիսկ բան կա պատմությանն ու ժամանակին թողնելու՝ պետք է թողնել:

Սա էլ է քաղաքագիտական աքսիոմ:

Եթե Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը յուրացրած լինեին քաղաքագիտական այս պարզագույն աքսիոմները, առաջնահերթորեն, առանց նախաձեռնությունը ընդդիմությանը (որքան էլ դժվար է այսօր այդ դիրքերից հանդես եկողներին ընդդիմություն անվանելը) զիջելու, րոպե առաջ կորոնեին իրավիճակը հաղթահարելու համարձակ, նույնիսկ անհնարին թվացող ելքեր՝ ռեինկարնացիայի հնարավորություն չտալով 2,5 տարի առաջ հիմնովին մերժված համակարգին ու այն կառավարող անձանց:

Մանավանդ, որ նրանց մոտ ևս «կանցավիկությունն» է քաղաքական դավանանքը:

Քաղաքականությունում պահը կորցնելու, պահը չըմբռնելու իրողությունները բերում են անկանխատեսելի, վտանգավոր իրավիճակների:  

Շարունակո՞ւմ են արդյոք գոյություն ունենալ ռեալ ելքեր՝ փոխելու իրադրությունը, օգտագործելու կորցրած հնարավորությունները, Հայաստանում թույլ չտալու ձևավորել անօրինական իշխանություն: Քիչ, գրեթե անհնարինության աստիճան քիչ, բայց՝ այո:

Իսկ մինչ դրան վերադառնալը, կրկին մինչև վերջ անկեղծ լինենք, չշարունակենք զբաղվել ինքնախաբեությամբ ու փաստենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի այսօրվա իրավիճակի համար խորքային առումով նախևառաջ պատասխանատու է Արցախի բոլոր ժամանակների քաղաքական վերնախավը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Սամվել Բաբայանի, այդ վերնախավը ներկայացնող մյուս մեծ ու փոքր քաղաքական դեմքերի, գեներալների աստղաբույլի ու ռազմական ամենատարբեր գործիչների:

Պատասխանատու է Արցախից Հայաստան տեղափոխված և Հայաստանի կառավարումը, ըստ էության, 23 տարի ստանձնած Արցախի քաղաքական ու ռազմական վերնախավի մի մասը:

Նրանք 1994-ից սկսած, Արցախի ժողովրդի անունից մերժել են Արցախի խնդրի կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները: Մերժել են 1997-ի կարգավորման տարբերակը, մերժել են «Մադրիդյան սկզբունքները», մերժել են «Ընդհանուր պետության» կարգավորումը, մերժել են «Փարիզյան սկզբունքները», մերժել են «Լավրովի պլանը» և այլն:

Իսկ Արցախի խնդիրը 1994 թվականից հետո, մեծ հաշվով, ունեցել է բացառապես մեկ բովանդակային կարգավորում՝ վերադարձնել գրավված շրջանները, չխախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այո, այդ մեկ բովանդակային կարգավորման շրջանակում տարբեր տարիների եղել են ամենատարբեր մոդիֆիկացիաներ՝ լավ կամ վատ, վատ կամ վատթար, Արցախի ու Հայաստանի շահերից առավել կամ քիչ բխող, Արցախի կարգավիճակով կամ՝ առանց, փուլային, փաթեթային և այլն: Եվ բոլոր այդ մոդիֆիկացիաները Արցախի ժողովրդի անունից մերժել են Արցախի քաղաքական ու ռազմական վերնախավի ներկայացուցիչները, նրանց հետ գործակցաբար՝ Արցախից Հայաստան տեղափոխված և Հայաստանի կառավարումը 23 տարի ստանձնած Արցախի նախկին քաղաքական ու ռազմական վերնախավի ներկայացուցիչները, նրանց հետ սերտաճած հայաստանյան «վերնախավերը»՝ մանևրելով բոլոր մոդիֆիկացիաների արանքներում՝ վնասելով թե Հայաստանի, թե Արցախի քաղաքական ու մնացած շահերը:

Ի վերջո, Հայաստանի և Արցախի քաղաքական առաջնորդներից և ոչ մեկը չի բացահայտել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցման իր արդյունքը, բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի: Բոլորը բանակցել են «ինչ որ պետք ա»:

Ակնհայտ է՝ բոլորը հասկացել են, որ կա խնդրի լուծման երկու տարբերակ՝ քաղաքական և ռազմական: Եթե մերժում ես բոլոր քաղաքական տարբերակները, իսկ դրանք չեն հասնում մաթեմատիկական անվերջության, ուրեմն մնում է ռազմական ճանապարհը:

Իսկ եթե «կանցավիկությունն» է ճանապարհը (կապ չունի գավառական «կանցավիկությունը», թե շուստրիական «կանցավիկությունը»), այդ ճանապարհի վերջում պատերազմն է:

«Կանցավիկական» մտածողությունը երբևէ թույլ չի տվել իրատեսորեն որոնել ամենահարմար պահի ամենահարմար լուծումը: Ի վերջո, չի էլ եղել դրա անհրաժեշտությունը, որովհետև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շարունակական գործընթացն ապահովել է իշխանություն, փող, ազդեցություն և այլն:

Իսկ տասնյակ տարիներով մերժել աշխարհի քաղաքական վերնախավին, մատների վրա խաղացնել գերտերությունների ու հզոր երկրների կառավարողներին, նշանակում է մշտապես պատրաստ լինել պատերազմի՝ ստեղծելով այնպիսի պետություն, որի հետ ուժի դիրքերից խոսելուց առաջ կմտածեին անգամ աշխարհի զորեղները:

Իսրայել, Իսրայել ասելով չէ, որ ստեղծվել է Իսրայելը: Իսրայել ստեղծել են: Իսրայելը ստեղծել են այդ երկրի քաղաքական ու մնացյալ վերնախավերը, որովհետև համապատասխանել են այդ կոչմանը: Մնացյալը դավադրությունների տեսությունից է:

Արդյո՞ք Արցախն ու Հայաստանը կարող էին դառնալ այն պետությունը, որը կարող էր 26 տարի մերժել աշխարհին: Փաստ է, որ չեն դարձել: Ինչո՞ւ չեն դարձել:

Եթե ավելին չասենք, միայն այն իրողությունը, որ Արցախի ու Հայաստանի քաղաքական ու ռազմական վերնախավերի գերակշիռ մասի 26 տարիների ընտանեկան հավաքական բյուջեն բազմապատիկ ավելին է Արցախի պետության 26 տարիների հավաքական բյուջեից՝ բավական է իրադրության խորքային ընկալման համար:

«…Թող մնան՝ կառավարեն։ Թող լուծում տան Ղարաբաղի հարցին և իշխեն 30 տարի։ Գողանում են՝ վաղը քիչ կգողանան, դեմոկրատ չեն՝ կդառնան, լեգիտիմ չեն՝ լեգիտիմ կդառնան, փորձ չունեն՝ ձեռք կբերեն, աշխատատեղ չկա՝ կստեղծեն, թանկ է՝ կէժանանա, միայն թե լուծում գտնեն Ղարաբաղի հարցին։ Քանի դեռ Ղարաբաղ ժողովուրդ մնացել է։ Քանի դեռ Հայաստանը դիմանում է…». Դեռևս 22 տարի առաջ սթափորեն ու ռեալ գնահատելով իրերի վիճակը գրել է Վանո Սիրադեղյանը։

Բայց Ղարաբաղի հարցին լուծում չի տրվել և Հայաստանն այլևս չդիմացավ:

Իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի բուն մեղավորությունը:

Այն, որ 2,5 տարի առաջ՝ ունենալով վստահության աննկարագրելի պաշար, լավագույն ընկալում Արևմուտքում, ողջ հետխորհրդային տարածքում, նախևառաջ չգնաց արցախյան խնդրի կարգավորման արժանապատիվ լուծման՝ համոզելով ժողովրդին դրա անհրաժեշտությունում, չբերեց հասարակությանը իրականության դաշտ, այլ սկսեց «իր կետից»:

Այդ պահին՝ դրան նախորդած երկու տասնյակ տարիների համեմատ, առավել, քան ուժեղ էին Հայաստանն ու Արցախը իրենց բանակցային դիրքերով, և ոչ մի պարագայում Ադրբեջանին չէր հաջողվելու շարունակվող բանակցային գործընթացում կորզել առավելագույնը:

Եվ այսօր արդեն առնվազն անհեթեթ են Փաշինյանի կողմից նախորդ քսան և ավելի տարիների տխուր իրողությունների արձանագրումները: Ոչ մի կասկած չկա, որ այդ տարիների համակարգային դրվածքն է նաև բերել այսօրվա իրավիճակին, բայց «շան գլուխը» թաղված է քաղաքական առաջնահերթությունները չըմբռնելու, համակարգային քաղաքական մտածողություն չունենալու մեջ, որի արդյունքում մնում է «կանցավիկությունը», որը բերում է կրախի: Առավել ևս՝ «կանցավիկությունը» ձախորդփանոսյան «դատարկ ջեբով»: Իսկ ձախորդփանոսությունը կեղծորեն է ասոցացվում բախտի հետ: Խելքի խնդիր է:

Շարունակելով մինչև վերջ անկեղծ լինելը, արձանագրենք, որ Արցախի խնդրի այսօրվա վիճակի համար քաղաքական պատասխանատվություն են կրում նաև այսօրվա խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը:

Խորհրդարանական այն ուժերը՝ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, որոնք ծափահարեցին Փաշինյանի սեպտեմբերի 27-ի ԱԺ նիստում «կանցավիկական» մտածողությամբ ելույթը, և չունեցան քաղաքական կամք, համարձակություն, պատասխանատվություն՝ հակադարձել Փաշինյանին, մտնել այո, ծանրագույն, ոչ պոպուլիստական բեռի տակ ու փորձել  կանգնեցնել պատերազմը: Չէ՞ որ Փաշինյանն ասաց, որ կարող է կանգնեցնել պատերազմը հենց այդ պահին: 

Արտախորհրդարանական այն ուժերը, որոնք անվտանգության խորհուրդներում տեղեկացվել էին իրավիճակի մասին, և պատճառ բերելով ռազմական դրությունն ու այլ հանգամանքներ, հանրությանը չէին տեղեկացրել ճշմարտությանը, չէին հավաքվել հրապարակներում, միասնական թեկնածուներ չէին փնտրել՝ կանխելու աղետը:

Եվ անվտանգության խորհուրդների այն անդամներն ու հրավիրվածները, որոնք նույնպես իրավիճակի մանրամասների կրողներն էին:

Ինչո՞ւ: Որովհետև նրանք բոլորը նախորդ քսան տարիներին հիմնականում թելել են նույն «կանցավիկության» թելը և նույն քաղաքական մտածողության տիրույթում են: 

Այս պարագայում է, որ լեգիտիմ իրավունք կա համոզված լինելու, որ այսօրվա հայաստանյան քաղաքական բոմոնդը հոգու խորքում առնվազն դժգոհ չէ Նիկոլ Փաշինյանից՝ Արցախի հարցի լուծման բեռից իրենց ազատելու համար: Եկեք երեսպաշտություն չանենք: Նիկոլ Փաշինյանը նրանց վրայից վերցրել է այդ բեռը, և նրանց մնում է քաղաքական դեմագոգիայի օրենքներով «բռնել սամթը», ինչպես կասեր Շանթ Հարությունյանն ու վերցնել իշխանությունը:

Այն, որ 21-րդ դարում, ժամանակակից քաղաքականության աշխարհում հանրությանը կրկին հրապարակ են տանում հիմնականում մարգինալ, լուսանցքային գաղափարներ ու անձինք, որ կրկին առաջին պլանում են հիմնականում քաղաքականության մեջ անբարոյականությունը դավանող գործիչներ, մարդ, կիսամարդ կուսակցություններ, Փաշինյանի ու նրա թիմի անհեռանկար գործողությունների արդյունքն է: Նաև՝ անգործության: Նաև՝ քաղաքական մտածողություն չունենալու:

Եթե Աժ «Իմ քայլը» խմբակցությունը՝ իր հավաքականությամբ, լիներ, կամ գոնե դարձած լիներ քաղաքական մտածողության կրող, նոյեմբերի 11-ին իսկ կհորդորեր իր վարչապետին ու կառավարությանը հրաժարական տալ, անհապաղ կսկսեր քաղաքական խորհրդակցություններ, վարչապետի նույնիսկ մի քանի թեկնածություն կհամաձայնեցներ, կհայտարարեր նոր խորհրդարանական ընտրությունների օրը, կընտրեր նոր վարչապետ, կձևավորեր նոր կառավարություն, կսկսեր ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթաց, նույնիսկ՝ սահմանադրական փոփոխությունների գործընթաց՝ նախագահական կառավարման անցնելու, ի վերջո, «Սերժի կոստյումից» ազատվելու նպատակով և նախաձեռնությունը չէր հանձնի:

Այս օրերին սա տարբեր կերպ ասվել է թե «Իմ քայլին», թե «Քաղաքացիական պայմանագրին»: Ասվել է տարբեր քաղաքական գործիչների կողմից: Ասվել է մտքի մարդկանց կողմից: Ասվել է հրապարակային: Բայց արդեն 2,5 տարվա իրողություն է, որ նրանք լսելու ունակություն չունեն: Ընդհակառակը՝ ունեն բացառիկության բարդույթ: Ունեն աննախադեպության բարդույթ: Նախընտրում են, ինչպես Վանո Սիրադեղյանը կասեր՝ «…ինքնասիրահարվածությունն ու ամբարտավանությունը՝ գեղջկական սենտիմենտալիզմի նոպաներով»։

Ցավոք, նրանք բաց են թողել ու շարունակում են բաց թողնել քաղաքական իրավիճակում ճշգրիտ քայլեր անելու նախաձեռնությունը, որքան էլ քայլ անելու հարցում մասնագիտացել էին: Բայց միևնույն է, պետք է սթափվեն «կանցավիկությունից», պետք է խոհեմություն գտնեն անելու նույնիսկ անհնարին թվացող քաղաքական քայլեր ու… հեռանալ:

Վերջին հնարավարություն լինում է միշտ:

Հակառակ պարագայում ունենալու ենք նույն արդյունքը:

Փրկության հեղափոխությունը եկավ սիրով ու հանդուրժողականությամբ և նոր միայն բաժանեց «սևերի ու սպիտակների», «ծեփեց պատերին», «փռեց ասֆալտին», որոնեց «վնգստացողներ», «Հայրենիքի փրկության շարժումը» նախապես է գալիս «տականքների», «թուրքի վիժվածքների», «ժեխերի» , «նեռերի», «լամուկների» բաժանած:

Արայիկ Մանուկյան

https://thearmenians.am/hy/blog/kancavikutyuny-vorpes-qaxaqakan-mtacoxutyun#.X9tZEaK2F2k.facebook

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert