Պատերազմի հետևանքով թև-ոտք կորցրած մեր հերոսների նկարներն ու տեսանյութերը դիտելով՝ ինձ մի իրողություն է հետապնդում, որը բարձրաձայնելը, կարծում եմ, տեղին է: Երբ ամիսներ առաջ թարգմանում էի Լոիզ Ֆիշեր-Ռուգեի՝ 1988-ի երկրաշարժի մասին փաստավավերագրական վեպը, հանդիպեցի հետևյալ հատվածին՝ «Երկրաշարժի կենտրոնի աղետալի իրավիճակը ստիպում էր անփորձ բժիշկներին բազմակողմանի և արագ գործել։ Ավելի ապահով էր անդամահատել թևն ու փրկել կյանքը, քան բուժել ու կյանքը վտանգել։ Մասնագետներն ասում են, թե նորմալ պայմաններում հնարավոր կլիներ խուսափել շուրջ 4000 անդամահատումներից:

Դոկտոր Հաիմ Շթայնը՝ առաջատար օրթոպեդ վիրաբույժն Իսրայելից, ժամանել էր Երևան՝ բուժառուներից ընտրելու նրանց, որոնց հետագա բուժումն Իսրայելում պիտի կազմակերպվեր։ Երբ ես նրան Երևանում հանդիպեցի, նա ասաց․- Շատ քիչ վիրաբույժներ կան, որ փորձ ունեն աղետի հետևանքով մեծ թվով ծանր վիրավորների հետ աշխատելու։ Հայաստանի բժիշկները ճիշտ են վարվել՝ նախ և առաջ կյանք են փրկել։ Արտասահմանյան բժիշկները, որ հետո են ժամանել, պիտի շարունակեն օգնել։Մոսկվայի մեր մանկական հիվանդանոցում, որտեղ թևի ու ոտքի ծանր վնասվածքներ են բուժվում, ոչ մի անդամահատում չի ձեռնարկվել։ Դա բժիշկների և խնամատար անձնակազմի արտակարգ, անձնուրաց նվաճումն է»։Արդեն 32 տարի է անցել, ու մեզ փաստացի վիճակված չէ ազգային աղետների մասին անցյալով խոսել: Բայց դա մեզ երբեք դաս չի եղել, մենք երբեք չենք մտածել զարգանալու մասին: 21-րդ դարում պատերազմող երկրի բժշկի հնարավորությունների գագաթնակետը անդամահատությամբ կյանք փրկե՞լն է, կրկնում եմ՝ շղթայական աղետների միջով անցած բժշկի:Ու թող ոչ ոք իր կես-մասնագետ լինելու մեղքը չբարդի ուրիշի վրա, տվյալ դեպքում՝ երկրի: Գիտությունը Հայաստանում, այո՛, վերջից առաջին տեղում է, բայց ո՞վ է կապել ձեր՝ դեռևս չանդամահատված ձեռքերն ու ոտքերը, որ մեկնեք արտերկիր և ձեռք բերված գիտելիքն ու փորձը ի շահ երկրի ծառայեցնեք: Գերմանիան այսօր գրկաբաց ընդունում է երիտասարդ, ապագա կամ ներկա բժիշկների՝ այս կամ այն մասնագիտացումն ապահովելու: 2016-ից այս կողմ քանի՞ հայ բժիշկ է պատրաստականություն հայտնել: Ոչ մի: Ձեր ընտրած նշաձողը, ընկերնե՛ր, գուցե անբնակ որևէ կղզում պիտանի լինի, բայց ոչ այստեղ:

Van Baghmanyan

бутони за споделяне

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.