Սա ռուսական խաղ է, սակայն մեզ համար կարևոր է՝ ինչ ենք մենք դրանից քաղում․ Էրիկ Հակոբյան 

Քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը քննարկում է Մոսկվայում հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը, արտահերթ ընտրությունների հնարավորությունը և հաջորդ հնարավոր կառավարության կազմը։   

Մոսկվայի եռակողմ հայտարարության մասին

Նախևառաջ, պետք է շատ հստակ լինենք՝ ինչ էր սա։ Սա Պուտինի՛ հանդիպումն էր, որին նա կանչել էր տարածաշրջանային երկու ղեկավարների։ Սա կարելի է հասկանալ այսպես՝ մեծ «շեֆը» իր գրասենյակ է կանչում երկու փոքր «շեֆերի», որովհետև ցանկանում է ինչ-որ բան արվի։ Գինը, որ մենք վճարում ենք պատերազմում պարտվելու համար, և որը վճարում են ադրբեջանցիները պատերազմը սկսելու համար, ռուսական հետքի մեծացումն է այս տարածաշրջանում։ 

Ո՞րն է այստեղ Ռուսաստանի շահը։ Երկու բան՝ առաջինը, նրանք ցանկանում են վերականգնել առևտրային և հաղորդակցության բոլոր ուղիները այս երկրների և Ռուսաստանի միջև։ Ուղիներ, որոնք կվերահսկի Ռուսաստանը։ Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքը այժմ նրանք են վերահսկում, և ելնելով հրադադարի համաձայնագրից՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցանկացած ուղի ևս վերահսկվելու է Ռուսաստանի կողմից, չնայած որ դա անցնելու է Հայաստանի ինքնիշխան տարածքով։ 

ցանկանում են ստեղծել հարաբերությունների ցանց, որտեղ նրանք վերահսկող են, որտեղ նրանք առանցքային են, և որը մարդիկ կնախընտրեն չքանդել, որովհետև հակառակ դեպքում դա կլինի շատ վտանգավոր կամ կզայրացնի ու կհակասի ռուսական շահերին։ Երկրորդ՝ սա տեղավորվում է Վրաստանին մեկուսացնելու ռուսական ծրագրերի մեջ, եթե նայում ենք կոմունիկացիաների այս բոլոր քարտեզներին։ 

Եթե Թուրքիայից, Նախիջևանից ու Ադրբեջանից առևտրաշրջանառությունը անցնի Հայաստանով, Վրաստանը դրանից դուրս կմնա, և եթե Հայաստանը առևտրային ուղիներ ունենա դեպի Իրան երկաթուղով, այն ավելի քիչ կախվածություն կունենա Վրաստանից։ Հատկապես, եթե Հայաստանը Ռուսաստանի հետ առևտրաշրջանառություն ունենա Ադրբեջանով, կձախողվեն Վրաստանի՝ տարածաշրջանային տարանցիկ հանգույց դառնալու ծրագրերը։ 

Բայց սա ռուսական խաղ է, և պետք է զգույշ լինենք։ Այս հարցում հայերի ու ադրբեջանցիների ասելիքը սահմանափակ է, և մենք ենք մեզ այս իրավիճակում դրել։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք դա լավ է, թե վատ, մենք պետք է լինենք չափազանց պրագմատիկ, ոչ թե զգացմունքային։ Այս պահին գործընթացը ոչ մենք, ոչ էլ ադրբեջանցիները չեն վերահսկում։

Բայց եթե սա նշանակում է, որ Հայաստանը մատչում կունենա Իրանին երկաթուղային ցանցով, ինչը շատ կարևոր է, որովհետև Իրանն ունի շատ լավ ենթակառուցվածքներ առաքումների համար, և մատչում ռուսական շուկային՝ Ադրբեջանի տարածքով, իսկ նրանք ստանում են ռուսների կողմից վերահսկվող մի ճանապարհ, ապա դա մեզ համար ակնհայտորեն լավ է։ Գիտեմ՝ էմոցիոնալ առումով դժվար է՝ ճանապարհի պատճառով, Զանգեզուրի և ամբողջ տարածաշրջանի պատմության պատճառով, բայց որևէ բան, որը վերջ կդնի Հայաստանի մեկուսացմանը, լավ է։ 

Ուստի, պետք է սրան նայենք շատ պրագմատիկ առումով։ Այո, սա ռուսական խաղ է, որը հետապնդում է Ռուսաստանի շահերը, սակայն մեզ համար կարևոր է՝ ինչ ենք մենք դրանից քաղում։ 

Ադրբեջանական տեսանկյունից կարող եմ ասել, որ այդ ճանապարհը ստանալը՝ ի հակադրություն Հայաստանի մեկուսացումից դուրս գալուն, նրանց համար վատ գործարք է։ Կարող եմ ասել, որ հունվարի 11-ի հանդիպմանը երկու երկրների ղեկավարներից ոչ մեկը գոհ չէր։ Սա ռուսական խաղ է՝ ռուսական շահի համար, և սա է այս պատերազմի առաջնային արդյունքը։ 

Արտահերթ ընտրությունների մասին

Մեզ անհրաժեշտ են ընտրություններ, և անհրաժեշտ է նոր կառավարություն, քանի որ Փաշինյանի՝ 2018-ի դեկտեմբերին ստացած մանդատը այլևս նույնը չէ։ Այնպես որ, մեզ անհրաժեշտ են ընտրություններ, և հույս ունեմ՝ կունենանք կոալիցիոն կառավարություն, որը ավելի լավ կարտացոլի ներկա վիճակը երկրում։ Չեմ կարծում, որ միակուսակցական իշխանությունը մեզ համար լավ է։ Բոլորովին։ Մեզ պետք է կոալիցիոն կառավարություն։ Ուստի, հրաշալի կլինի, եթե վարչապետը նոր ընտրությունների գնա։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, այդ տասնյոթ կուսակցություններին, որոնք ընտրախախտումներից են բողոքում… դա անգամ ծիծաղելի է՝ հաշվի առնելով իրենց իսկ պատմությունը։ 

Այս կուսակցությունները, որոնք միշտ հաղթանակ են տարել ընտրություններում՝ կաշառքով և վարչական ռեսուրսի չարաշահումներով, այժմ բողոքում են, որ այս ընտրությունները արդար չեն լինի, ինչը գրեթե անհեթեթ է՝ հաշվի առնելով, որ 1991-ի ընտրություններից հետո միակ ազատ ու արդար ընտրությունը եղել է 2018-ի դեկտեմբերին, որը կազմակերպվել էր այս կառավարության կողմից։

Ընդդիմություն, որը դեմ է արտահերթ ընտրություններին

Ընդդիմությունը, որը մերժում է այս ընտրությունները, փողոցի ընդդիմությունն է՝ տասնյոթ կուսակցությունները։ Նրանք մերժում են, որովհետև պարտվելու են։ Եթե դու ընդդիմություն ես, և վարչապետը ասում է՝ նոր ընտրություններ անցկացնենք, դու պետք է ուրախ լինես, քանի որ դա հաղթելու քո հնարավորությունն է։ Բայց նրանք դա չեն ուզում, որովհետև ամենայն հավանաանությամբ այդ ընտրությունների արդյունքում էլ նրանք իշխանության չեն գա։ 

Եթե դեմ ես ընտրություններին, փաստացի երկու բան ես ուզում՝ կա՛մ հեղափոխություն, որի համար նրանք հանրության աջակցությունը չեն վայելում, կա՛մ անարյուն հեղաշրջում, ինչը նրանք փորձում են անել Վազգեն Մանուկյանի հետ։ Բայց դա տեղի չի ունենա։ Ըստ իս՝ փաստը, որ նրանք մերժում են ընտրությունները, ավելի շատ խոսում է նրանց թուլության, քան թե ուժեղ կողմերի մասին։ Ենթադրում եմ՝ մասնակիորեն նաև տոն օրերի հետ կապված է, սակայն փողոցի ընդդիմությունը այլևս գոյություն չունի։ Գուցե կարող է հետ գալ։ 

Հաջորդ հնարավոր կառավարության մասին

Հուսով եմ՝ կկազմվի կոալիցիոն կառավարություն։ Բայց դա կախված է նրանից, թե որքան կոմպետենտ է նոր ընդդիմությունը։ Կարծում եմ՝ եթե առաջ գա ընդդիմություն, որն ուղղակիորեն կապված չէ հին վարչակարգի, հանրապետականների և նրանց հետ առնչվող քաղաքական ուժերի հետ, հնարավոր է կոալիցիոն կառավարության ձևավորումը։ Բայց եթե ունես ընտրական կանիբալիզմ, երբ ընդդիմությունը իրար ուտում է, և արդյունքում նրանք հավաքում են չորս-հինգ տոկոս, հնարավոր է, որ Փաշինյանի կուսակցությունը հավաքի ձայների 50+1 տոկոսը, բայց ամենահավանական սցենարը կոալիցիոն կառավարությունն է։

Կարծես ականատես ենք լինում իրական ընդդիմության ձևավորման առաջին քայլերին։ Իսկ Հայաստանում իրական ընդդիմությունը կլինի այն, որ դեմ է Փաշինյանին, սակայն չի ցանկանում նախկին իշխող շրջանակների վերադարձը։ Այդ քաղաքականությունն է մեզ պետք։ Ինձ հիասթափեցնում է այն, որ նրանք փաստացի ոչնչացնում են իրական ընդդիմություն ունենալու իմաստը, որովհետև մարդիկ իրենց չեն աջակցում։ Ուստի, եթե ուզում են, որ Փաշինյանը հեռանա, պարզապես պետք է խաղից դուրս գան և թույլ տան նորմալ քաղաքական գործընթացները երևան բերեն իսկական ընդդիմության, որը շատ ավելի մեծ աջակցություն կվայելի, քան իրենք։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

www.civilnet.am/news

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert