Ճակատագրական սխալներ թույլ տրվեցին, որոնց արդյունքում ունենք մեր այս տխուր իրականությունը։ Պետք է փորձենք հասկանալ՝ ինչու՞ եւ ու՞մ մեղքով այսպես եղավ։ Մի տարօրինակ ձեւակերպում է ի հայտ եկել՝ մեղավոր ենք բոլորս։ Բայց մեղքը բոլորի վրա հավասարաչափ բաշխելու դեպքում զրկում ենք մեզ արված սխալները հասկանալու, դրանք վերլուծելու եւ ճիշտ հետեւություններ անելու տարբերակից։ Պարզ պատճառով՝ այդ սխալները հստակ հեղինակներ ունեն եւ բխում են հեղինակների մարդկային որակներից ու նրանց մղումներից։

Անցյալը, պարզ է, հետ չես բերի։ Բայց եթե մեր այսօրը հասկանալ ենք ցանկանում, եթե ցանկանում ենք այս աղետի պատճառները գիտակցել՝ պետք է անցյալ վերադառնանք։ Ավելի հստակ՝ 1997-ի աշուն եւ 98-ի հունվար։ Երբ սեղանին դրված էր Ղարաբաղի հարցի լուծման մի բանաձեւ, որն ընդունելու դեպքում մենք բոլորովին այլ իրականություն էինք ունենալու։

Այլ էր լինելու մեր երկրի ու ողջ տարածաշրջանի վերջին 23 տարիների պատմությունը։ Այլ էր լինելու մեր ներկան։ Խոսքը խնդրի լուծման փուլային տարբերակի մասին է, որը փոխզիջումներ էր նախատեսում։ Այդ օրերի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ելնելով ստեղծված իրավիճակից ու կանխատեսելով ապագա զարգացումները՝ համաձայնել էր դրան։ Բայց իր կառավարության առանցքային դեմքերը՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը զիջումներն անընդունելի համարելով՝ կտրականապես մերժեցին առաջարկը։ Նրանք հայտարարում էին՝ կպահպանեն այն, ինչ ձեռք է բերվել 1994-ին եւ կհասնեն շատ ավելի բարենպաստ պայմանների, քան առաջարկում է Տեր-Պետրոսյանը։

Թե ինչ եղավ հետո՝ գիտենք բոլորս։ Ադրբեջանը, օգտագործելով իր ռեսուրսները, սկսեց տնտեսապես զարգանալ։ Հայաստանը ե՛ւ նման ռեսուրսներից էր զուրկ, ե՛ւ շրջափակված էր։ Սպառազինման մրցավազքում Ադրբեջանը հսկայական առավելություն ուներ։ Այսօր շատ է խոսվում բանակից կատարված յուրացումների մասին։ Իբր՝ եթե յուրացումները չլինեին՝ կունենայինք համապատասխան որակի ու համապատասխան քանակի գերժամանակակից ռազմատեխնիկա։ Հարկ է նշել, որ ադրբեջանական բանակում եղած գողերը չեն զիջել ու չեն զիջում մերոնց։ Նրանց գեներալներն էլ են հաստավիզ ու գերհարուստ։ Նրանց բանակից էլ են գողացել։ Իհարկե, յուրացումներն իրենց բացասական դերը խաղացել են, բայց դա որոշիչ լինել չէր կարող։ Որոշիչը պետության բյուջեի հնարավորություններն են։ Հայաստանն՝ իր հնարավորություններով ոչ մի կերպ հավասարություն ապահովել չէր կարող։ Այս ակնհայտ իրողությունը անտեսելը ամենամեծ սխալներից մեկն է։

Հաջորդ մեծ սխալը փոխզիջումը եւ խաղաղության ճանապարհի փնտրտուքը պարտվողականություն համարելն է։ Ապա՝ այն վստահությունը, թե կարելի է միջազգային հանրությանը մոլորեցնել՝ անվերջ ու անպտուղ բանակցել՝ ձգձգելով խնդրի լուծումը։ Իսկ Ադրբեջանը կամ կհանդուրժի, կամ աշխարհի ինչ-ինչ հզորներ թույլ չեն տա, որ նա լայնածավալ պատերազմ սկսի։ Նույնիսկ 2016-ը դաս չդարձավ։

2018-ին Նիկոլ Փաշինյանը հիմնվեց այս նույն սխալների վրա։ Ավելին՝ սկսեց հանդես գալ շատ ավելի կոշտ դիրքերից, հայտարարելով, ըստ էության, որ իր համար բանակցելու թեմա չկա, որովհետեւ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ»։
Նման կոշտ ելակետը կարող է բացատրելի լինել որեւէ անհատ գործչի, խմբավորման կամ կուսակցության դեպքում։ Բայց եթե նման դիրքորոշմամբ հանդես է գալիս երկրի առաջին դեմքը, որի հետ պետք է բանակցեն միջնորդներն ու հակառակորդ երկիրը, ապա սա փակուղի է, որից այն կողմ պատերազմը չսկսվել չի կարող։

Այսպիսով՝ երկրի տնտեսական հնարավորությունները հաշվի չառնելը, փոխզիջումների գնալու պատրաստակամության բացակայությունը, խնդրի լուծման ձգձգումը այն ճակատագրական սխալներն են, որոնք չէին կարող չհանգեցնել այս պատերազմին ու այս պարտությանը։

Եւ սխալ է բոլորին մեղավոր հայտարարելը։ Ես, օրինակ, 1988-ից սկսած՝ հոդվածներով եւ հարցազրույցներով մշտապես հանդես եմ եկել հարցի խաղաղ կարգավորման ու երկխոսության օգտին։ Ո՞րն է իմ մեղքը։ Ի՞նչ մեղք ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ 1998-ին խաղաղության ճանապարհ էր ցույց տալիս, իսկ 2017-ին խոսում էր հաշտության անհրաժեշտությունից։ Ի՞նչ մեղք ունի հայ-ադրբեջանական երկխոսություն ու շփումներ նախաձեռնող Գեորգի Վանյանը։ Ի՞նչ մեղք ունեն Հայ ազգային կոնգրեսը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, որոնք 2017-ի պառլամենտական ընտրություններին հանդես էին գալիս Ղարաբաղի խնդրի լուծման ու խաղաղության ծրագրով։ Բոլոր այս տարիներին էլ Հայաստանում եղել են երկխոսության ու խաղաղության կողմնակիցներ։ Ո՞րն է նրանց մեղքը։ Ո՞րն է տարիներ շարունակ ձայնի ու վճռելու իրավունքից զրկված, իսկ այսօր պարտության ծանրության տակ կքած՝ գլխահակ քայլող հայաստանցու մեղքը։

Մեղավորները նրանք են, ովքեր իրենց վրա էին վերցրել մեզ ու մեր երկիրը ներկայացնելու, մեր անունից բանակցելու պարտավորությունը, բայց չունենալով իրավիճակը ճիշտ գնահատելու ունակություններ՝ հասցրեցին մեզ այս հանգրվան։ Այդ մարդիկ են՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Օլեգ Եսայանը, Վարդան Օսկանյանը եւ նրանց աջակից՝ բարձրաստիճան պաշտոնյաների մի ոչ մեծ խումբ։

Իսկ ամենամեծ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է՝ իր անհետեւողական, հակասական քայլերով ու սադրիչ հայտարարություններով։ Ամենամեծ մեղավորն է, որովհետեւ, ի տարբերություն մյուս թվարկվածների, նա միակն է, որ ուներ ժողովրդից ստացած վստահության քվե, բանակցություններն ավարտական փուլ մտցնելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն ու լեգիտիմ իրավունք։ Մյուսները՝ երկրի ներսում իրենց ոտքի տակ հող չունենալով՝ կաշկանդված են եղել։ Փաշինյանը չգնահատեց կամ՝ չհասկացավ իրեն տրված վստահության արժեքը։ Չկարողացավ օգտվել հնարավորությունից։ Տապալեց ու տապալվեց։

Սրանք են մեղավորները։ Յուրաքանչյուրն իր չափով։ Եւ պետք չէ նրանց հարցեր ուղղելու, հաշիվ պահանջելու փոխարեն՝ նրանց մեղքը հավասարաչափ բաշխել բոլորիս վրա ու վերջակետ դնել։ Այս դեպքում ե՛ւ սխալների հեղինակներն իրենց սխալը չեն հասկանա ու չեն ընդունի, ե՛ւ սխալների կրկնությունը չի բացառվի։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

www.aliqmedia.am

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert