1987-1992թ.թ. Ադրբեջանական ԽՍՀ-ի ազգությամբ հայ քաղաքացիները ցեղասպանության ներքո բռնի տեղահանվեցին, ցրվեցին աշխարհով մեկ, դարձան փախստական: Նրանք իրենց պաշտպանությունը գտան և բնակություն հաստատեցին Հայաստանի և Արցախի հանրապետություններում, Ռուսաստանում, եվրոպական պետություններում, Ամերիկայում:

1987թ. հուլիսից դեկտեմբեր ամիսներին տեղական իշխանությունները իրականացրին բռնություններ Չարդախլու գյուղում (Ադրբեջանի Շամխորի շրջան):

1988 թ. փետրվարի 26-ին հարձակում եղավ Կիրովաբադի հայկական թաղամասի վրա: Հայահոծ թաղամասը ետ շպրտեց հրոսակներին:

Նույն օրը հարձակում եղավ Սումգայիթի բազմաբնակարան շենքերում ցաքուցրիվ ապրող հայերի վրա, որտեղ ինքնապաշտպանությունը անկազմակերպ էր ու ցրված:   Սումգայիթում 1988թ. փետրվարի 26-28-ը հայերի զոհերի թվի մասին տվյալները ամենատարբեր են (https://www.lragir.am/2020/03/07/524751/):

1988թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 10-ը Կիրովաբադի հայ բնակչությունը ինքնապաշտպանական գործողություններ էր վարում ադրբեջանական ցեղասպան հրոսակների դեմ: Սումգայիթյան դեպքերի կրկնությունը Գանձակում բացառելու նպատակով նոյեմբերի 21-ի գիշերը հայերը ստեղծում են «Գանձակ» կոմիտեն՝ որպես ինքնապաշտպանության ղեկավար մարմին: Այդ օրերին ոչ պաշտոնական տվյալներով սպանվել են 32 մարդ, բռնաբարել են 11 հոգու, անհայտ կորել են 60-ից ավելի անձիք, ծանր վիրավորել են 74 հոգու, կողոպտել և այրել են 1376 բնակարան: Քաղաքի քաղկոմի կոմկուսի շենքին բարձրացվել է Թուրքիայի դրոշը, որը ծածանվել է 36 ժամ: Կիրովաբադի ինքնապաշպանության շնորհիվ Գանձակի ու Գարդմանի հայ բնակչության գերակշիռ մասը փրկվել է ֆիզիկական բնաջնջումից և մինչև 1989 թ. օգոստոս հնարավորություն ստացել անվտանգ տեղափոխվել  Հայաստան և Արցախ:

1988թ.-ից սկսած Բաքվում մերթ ընդ մերթ բռնկվում էին հակահայ գործողությունները, որոնք ուղեկցվում էին հայերի սպանությամբ, 1989 թ. դեկտեմբերին մեծաթիվ հայեր սպանվեցին, իսկ 1990 թ. հունվարի 11-19–ին Բաքվի կենտրոնական հրապարակում կազմակերպված միտինգները բացահայտ կազմակերպված ու ուղղորդված տարան Բաքվի հայ ազգաբնակչության ջարդերը: Պաշտոնական տվյալներ այդ օրերին հայազգի զոհերի թվի վերաբերյալ չկան (https://www.lragir.am/2020/03/07/524751/):

1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս իրականացվեց «Կոլցո»-ն` էթնոցիդի մշակված մի օպերացիա, որի արդյունքում հայաթափվեցին ավելի քան երկու տասնյակ հայկական գյուղեր, Խանլարի շրջանի Գետաշենը և Մարտունաշենը, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանի գյուղերը, ու փախստական դարձան գրեթե 10 հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ ընկավ: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:

1992 թվականի հունվարի 13-ից մինչև հունիսի 14-ը ռազմական ահաբեկչական գործողություններով վերջնական հայաթափեցին Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի բնակավայրերը:

Մինչ օրս միջազգային հանրության կողմից չի տրվել Ադրբեջանի ողջ տարածքում 1987-1992թ.թ. հայության դեմ կատարվածի գնահատականը, չեն բացահայտվել ու չեն դատապարտվել ոճրագործությունների կազմակերպիչներն ու իրականացողները:

Բազմաթիվ ուսումնասիրություններում 1987-1992 թ.թ. Ադրբեջանում հայության դեմ կատարվածը գնահատվել է ցեղասպանություն:  «Սումգայիթում գործնականում ցեղասպանություն է տեղի ունեցել: Այնտեղ մարդկանց սպանել են այլ ազգության պատկանելության համար»,- այսպես է գնահատում Սումգայիթում հանցագործությունը հետաքննած ՍՍՀՄ դատախազական խմբի հետաքննիչ Վ.Ռեվան, «Ցեղասպանության օրինակ (որը որակվում է որպես «Գործողություններ, որոնք կատարվում են ամբողջությամբ կամ մասնակիորեն որեւէ ազգային, էթնիկ, ռասային կամ կրոնական խմբին որպես այդպիսին ոչնչացնելու մտադրությամբ) հանդիսանում է Սումգայիթում հայկական կոտորածը»,-վկայում է «20-րդ դար եւ Աշխարհ» հանդես, Մոսկվա, 1988, թիվ 12 :

1990 թ. փետրվարի 13-ին Հայկ. ԽՍՀ ԳԽ ընդունեց որոշումч դատապարտել հայկական ջարդերը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ այլ շրջաններում, գնահատել դրանք որպես հայ ժողովրդի ցեղասպանության շարունակություն և պահանջել ԽՍՀՄ ԳԽ-ից ճանաչել և դատապարտել 1990 թ. հունվարին հայերի ցեղասպանությունը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ մի շարք այլ բնակավայրերում: Այս որոշումը այժմ էլ մնում է ուժի մեջ, սակայն ՀՀ-ն որևէ ձևով այս որոշումը չի վերահաստատել:

1987-1992թ.թ. Ադրբեջանում հայության դեմ տեղ գտած ցեղասպանության փաստը Արցախյան կոնֆլիկտի կարգավորման խնդրում ուներ առանցքային նշանակություն, սակայն այդ փաստը մնաց արհամարհված և շրջանցված հայկական ամուլ ու ստրկամիտ իշխանական ու քաղաքական վերնախավի կողմից, ինչը և այսօր «հիմք» եղավ ցեղասպանական ագրեսիայի և հայության ջախջախիչ պարտության:

Ադրբեջանում մարդահամարի տվյալները աղավաղվում էին, ինչը հիմնավորվում էր «Ադրբեջանը միայն ադրբեջանցիների համար» քաղաքականության կենսագործման անհրաժեշտությամբ: Նման քաղաքականությամբ բացահայտորեն ձուլվել են ազգեր, ժողովուրդներ, էթնիկական խմբեր, ձուլվել են հարկադիր մեթոդներով, նրանց նկատմամբ անբարենպաստ միջավայր ստեղծելով, մար֊դահամարների րնթացքում խեղաթյուրելով վիճակագրական իրական տվյալներն ու բուն վիճակագրությունը: Այս ճանապարհով ձուլվել են քրդերը, թալիշները, թաթերы, լեզգիներր, դաղստանցիներն, իրանցիներր և այլ փոքրաթիվ ժողովուրդներ:

1984թ. Արթուր Մկրտչյանը ամառային արձակուրդներից վերադառնալով Մոսկվա (որտեղ մենք ասպիրանտներ էինք) պատմեց, որ իր հայրենի Հադրութ էին այցելել ադրբեջանցի «էմիսարներ», որոնք փորձել էին համոզել հադրութցիներին, որ նրանք հայեր չեն, այլ դավանափոխ աղվանցիներ են: Սա մի կողմից տարակուսանք, իսկ մյուս կողմից մեծ վրդովմունք էր առաջացրել հադրութցիների մոտ: Արթուրի մոտ հադրութցիները հավաքվել և իրենց հուզող հարցերի պատասխանները փորձել էին ստանալ նրա հայրենիք գնալու հենց առաջին օրը:

Ամեն տարի Խորհրդային Ադրբեջանից հարկադրաբար հեռացել են 8-10 հազար հայեր, թեև հեռացող այդ հայերը հիմնականում պահպանել են  իրենց ունեցվածքը Ադրբեջանում:

Համաձայն 1989թ. հունվարին անցկացված մարդահամարի Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակվում էին 245.055 հայեր (առանց ԼՂԻՄ –ի հայության), որից Բաքվում՝ 179 950 հայեր: Մեր հարցազրույցները Հայաստանի և Արցախի Հանրապետություններում 1989 թ. հունվարից հետո բնակություն հաստատած Գարդմանքից, Բաքվից բռնագաղթվածների շրջանում ցույց են տվել, որ այդ օրերին Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայերի մոտ մարդահամարի առնչությամբ որևէ հարցում չի արվել և նրանց մարդահամարի մեջ չեն ներառել: Պետք է ենթադրել, որ Ադրբեջանի հայաբնակ տարածքներում 1989թ. հունվարին, երբ ներքաղաքական իրավիճակը ամենուր բավական լարված էր, մարդահամար չի անցկացվել, և Ադրբեջանական ԽՍՀ-ում այդ ժամանակ ապրող հայերի թիվը նույնպես կեղծվել է:

Հայկական միջավայրում հաճախ է հիշատակվում, որ Ադրբեջանից բռնագաղթել են կես միլիոն հայեր, հիմք ընդունելով 1979 թվականի մարդահամարի տվայալները:

Բաքվից 1990թ. Հունվարին իր ընտանիքի հետ Հայաստան բռնագաղթածը, ով չի ուզում, որ իր անունը հիշատակվի, ինձ հանձնում է մեկէջանոց  տպագիր ռուսերենով նյութ` Ադրբեջանական ԽՍՀ-ում 1989 թվականին անցկացված մարդահամարի շուրջ, որտեղ Ադրբեջանում ապրող հայերի թվի մասին է, ինչը ստորև ներկայացնում եմ թարգմանված հայերեն: Բերված այս թվերը հիմնականում համապատասխանում են գրականությունից ու մամուլից մեր հավաքած տվայալների հետ:

« Բաքվից փախստականներ՝ 1988-1990թ.թ.                                    – 300 000

Սումգայիթ                    1988 թ                                                                  – 18 000

Կիրովաբադ (Գանձակ) 1988-1989թ.թ.                                                 –  48 100

ԼՂՀ Շահումյանի շրջան 1988-1992 թ.թ.                                                 -17 000

ԼՂՀ Մարդակերտի շրջան` (օկուպացված գյուղեր)                          – 16 000 (այդ թվում նաև   3 500 հույներ, ուկրաինացիներ,  ռուսներ և այլն)

Խանլարի շրջան (Գետաշեն, Մարտունաշեն և այլ գյուղեր)             – 14 600

Դաշկեսանի շրջան                                                                                    –   7 300

Շամխորի շրջան                                                                                        – 12 400

Գետաբեկի շրջան                                                                                        – 1 000

Շամախու  շրջան                                                                                         – 6 000

Նախիջևան                                                                                                   -30 000

Որպես տեղեկանք`

  • Ադրբեջանական ԽՍՀ-ում 1989 թ. մարդահամարը անցկացվեց այն ժամանակ, երբ արդեն բնիկ հայազգի բնակչության մի հատված, նաև ազգային փոքրամասնությունները, որոնք խառնամուսնությունների մեջ էին հայերի հետ, շտապ հեռացել էին Ադրբեջանից:
  • Միայն այդ ժամանակահատվածում ԼՂՀ տարածքում գտնվում էին 23000 հայ փախստականներ Ադրբեջանի տարբեր շրջաններից (Բարդա, Եվլախ և այլն), որոնք մարդահամարին չեն մասնակցել:
  • Գրանցման պահին հաշվի չեն առնվել արդեն Հայաստանում գտնվող և ադրբեջանցիների հետ խառնամուսնությունների մեջ գտնվող հայերի թիվը՝ ավելի քան 1 000 մարդ:
  • Հաշվի չեն առնված, և չեն գրանցվել որպես փախստական Ադրբեջանի և ԽՍՀՄ այլ շրջանների բանտերում գտնվող հայերը, մոտ 2000:
  • Մարդահամարին հաշվի չեն առնված արտագնա աշխատանքի և ԽՍՀՄ տարբեր շրջաններ ծառայողական գործուղումների մեջ գտնվող հայերը ավելի քան :
  • Հաշվի չեն առնված այն հայերը, ովքեր զինծառայության մեջ էին 1988-1990 թ.թ. ավելի քան 40 000:

Այսպիսով՝ ավելի քան 556 000 մարդ, չհաշված ԽՍՀՄ-ում մշտական ապրող և Ադրբեջանում սեփականություն ունեցող հայերին:» (Գրառման վերջը:)

Պետք է հավելեմ, որ վերոհիշյալ այս հաշվարկում նշվում է միայն Բուն Աղվանքի տարածքի Շամախու շրջանը, չեն ներառվել Շաքի, Վարդաշենի, Կուտկաշենի, Իսմայիլլու, Աղսուի, Աղդաշի, Զաքաթալայի և Եվլախի շրջանները: Բուն Աղվանքի տարածքում 1988-ի նախօրեին ապրում էին շուրջ 23 000 հայ:

Չեն ներառվել Կասում Իսմայիլովի, Ղազախի, Թոուզի շրջաններում ապրող շուրջ 2575 հայերը:

Չեն ներառվել նաև Բարդայի, Աղջաբադի և Կուրի աջ ափի շրջանների, Ապշերոնի շրջանից մինչև Լենքորանի շրջանի և այլն, շուրջ 4434 հայերը:

Չեն ներառվել նաև 1988-ի նախօրեին Աղդամում, Ջեբրայիլում, Զանգելանում, Քելբաջարում, Լաչինում, Ֆիզուլիում ապրող շուրջ 30 298 հայերը:

Այսպիսով, Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայերի թիվը 1988 թ. նախօրեին շուրջ 616 300 մարդ էր այն հաշվարկով, որ Բաքվում ապրում էին 300 000 հայեր:

Յու. Բաղդասարյանը իր «Բաքուն և հայերը, հակահայկական քաղաքականությունն ու հայերի էթնիկական մաքրումը Ադրբեջանում»գրքում նկարագրում է, թե ինչպես է 1980-ականներին  հաշվել Բաքվի հայ բնակչության թիվը հեռախոսագրքով. «այն տևեց մի քանի տարի և ինչքան թվերը մեծանում էին, այնքան զբաղմունքը դառնում էր եռանդագին: Իմ ազգի համար մեծ հպարտություն էի զգում, երբ այդ թիվը գերազանցեց 400 հազարը», ապա շարունակում, որ «Ադրբեջանի 800 հազարանոց հայությունն ապրել է Հայաստանի հարևանությամբ, տնտեսական ու մշակութային սերտ կապ ունենալով նրա հետ, ինչը շատ էր անհանգստացնում ադրբեջանական իշխանությանը»:

2017թ. նոյեմբերի վերջին տված հարցազրույցում Ադրբեջանի առաջին նախագահ Ա. Մութալիբովը խոսում է, որ Բաքվում 1988թ. նախօրեին 500 000 հայ էր ապրում: Դժվար թե լինի հիմնավորում, որ Ադրբեջանի առաջին նախագահ Մութալիբովը   իր հարցազրույցում կեղծել է այդ թիվը: Կարելի է անել հետևություն, որ 1979 թ. մարդահամարի տվյալները Բաքվում ապրող հայերի թվի մասին (համաձայն այդ մարդահամարի` Բաքվում ապրում էին 215 800 հայեր) առնվազն երկու անգամ փոքրացված են ներկայացվել, և Մութալիբովը հնչեցնում է իրական թիվը (ինչպես նշեցինք վերևում, ըստ Յու. Բաղդասարյանի հաշվարկի` այդ օրերին ապրում էին ավելի քան 400 հազար հայեր): Մարդահամարի տվյալների երկու անգամ կրճատելու մասին են վկայում նաև ութանասունական թվերին հրեաների թվի ուսումնասիրությունը (https://vstrokax.net/avtorskaya-kolonka/iudeyskiy-azerbaydzhan-taynyi-istorii/):

Այսպիսով, եթե Ադրբեջանում հայերի թվի հաշվարկում Բաքվի հայ բնակիչների թիվը ընդունենք 500 000, ապա 1988թ. նախօրեին Ադրբեջանում ապրում էր շուրջ 816 600 հայ:

Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

https://www.lragir.am/2021/01/13/613890/

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert