NewArmenia.am-ի զրուցակիցը «Հայաստան-Իրան» ռազմավարական  համագործակցության  զարգացման  կենտրոն»  հիմնադրամի  հիմնադիր-տնօրեն Փույա  Հոսսեյնին է։

-Պարոն Հոսսեյնի, տարածաշրջանում՝ մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ Իրանն ինչպիսի՞ դիրքորոշում ունի:

-Իրանը  բազմիցս  հայտարարել  է,  որ  իր  ունեցած  սահմանը  Հայաստանի  հետ  իր  համար  չափազանց  կարևոր  է, նաև՝  կարմիր  գիծ  է  Իրանի  համար:  Եվ   Հայաստանի  տարածքային  ամբողջականության  խախտումը  իր  համար  անընդունելի  է:  Իրանը  ունի  15  հարևան   երկիր,  որոնցից  յոթի  հետ  ունի  ծովային  սահման, ութի  հետ՝  ցամաքային  սահման:  Իրանի  հարևան  բոլոր  երկրները, բացի  Հայաստանը,  մուսուլմանական   երկրներ են:  Հայաստանը  ամենակարճ  ցամաքային  սահմանն  ունի  Իրանի  հետ:  Հայաստանը    Իրանի  համար  նաև  Եվրոպային  և  Ռուսաստանին  կապող  ցամաքային   ճանապարհ  է՝   թուրքական  աշխարհից  անկախ:  Հաշվի  առնելով  Իրանի  բոլոր  հարևան  երկրների  հարաբերությունները  Իրանի  թշնամիների  հետ, ինչպես  նաև  այն  հանգամանքը, որ    Իրանի  շատ  հարևաններ  տարածք  են  տրամադրել  Իրանի  թշնամի  երկրների  ռազմաբազաներին, ահա  այս  առումով  Հայաստանը  Իրանի  ամենավստահելի  հարևանն  ու  գործընկերն  է, նաև՝  վստահելի  ճանապարհն  ու  պատուհանը՝  դեպի  արտաքին  աշխարհ:  Այս  պատճառով,  Իրանը  շատ  զգայուն  է  Հայաստանի   սահմանների  նկատմամբ:  Արցախյան  վերջին  պատերազմից  հետո,  Իրանի  ուշադրությունը  Հայաստանի  սահմանների  անձեռնխելիության  խնդրի  հանդեպ  էլ  ավելի  է  մեծացել:  Իրանը  վտանգը  տեսնում  է,  և  որքան  վտանգը  լրջանում է,  այդքան   ավելի  են  կոշտանում  պաշտոնական  Թեհրանից  հնչող  հայտարարությունները՝  Հայաստանի  սահմանների  խախտման  անընդունելի   լինելու  վերաբերյալ:

-Ամեն դեպքում, տարածաշրջանային  հնարավոր  փոփոխությունները  որքանո՞վ  կարող են  վտանգավոր  լինել  Իրանի  համար:

Ձեր  նախորդ  հարցին  իմ  պատասխանի  մեջ  կար  նաև այս  հարցի  պատասխանը՝  մասնակիորեն:  Իրանի  հարևան  այն  երկրները, որտեղ  տեղակայված  են  Իրանին  թշնամի  երկրների  ռազմաբազաներ  և  որևիցե  մի  ուժի  ներկայություն,  իրական  վտանգ  են  ներկայացնում   Իրանի  համար:  Իրանը  բազմիցս  հայտարարել  է, որ  չի  ընդունում  որևէ  վերտարածաշրջանային  ուժ՝  իր  սահմանների  մոտ, և  բազմիցս  մեղադրել  է  այդ  ուժերին՝  տարածաշրջանի  ապակայունացման  հարցում:  Այդ  ուժերի  պատճառով,  տարածաշրջանի  ուժային  բալանսը  խախտվել  է,  ինչն Ադրբեջանն  ու  Թուրքիան    վերջերս  օգտագործեցին  ի  շահ  իրենց և  փորձում  են  տարածաշրջանի  սահմանային  պատկերը  փոխել, ինչն էլ   ուղիղ  սպառնալիք  է  և՛  Հայաստանի, և՛  Իրանի  համար: Իսկ  Ադրբեջանի  կողմից  որևէ  սահմանային  խախտում  և  առաջխաղացում  նպատակ  ունի  թիրախավորել  նաև  Իրանը՝  իսրայելական  հնարավոր  ագրեսիայի  համար:

— Ադրբեջանի  նախագահը  անընդհատ  խոսում է  միջանցքների  բացման  մասին՝  օրինակ  «Զանգեզուրի միջանցքի»  բացման  մասին։  Իրանում  ինչպե՞ս են  արձագանքում  նման  խոսակցություններին:

Նոյեմբերի  9-ի  եռակողմ  հայտարարությունից  անմիջապես  հետո  այս  հարցը  լայնածավալ  շրջանառության  մեջ  մտավ  Իրանում:  Իրանն  այս  խնդրի  հանդեպ  շատ  մտահոգ  էր,  որովհետև  մինչ  այդ  հայտարարությունը  Նախիջևանի  ու  Ադրբեջանի  միջև  ցամաքային  կապը  ապահովվում  էր  Իրանի  տարածքի  միջոցով:   Իրանը  նաև  գազ  էր  մատակարարում  Նախիջևանին:  Իրանը  դրանով  Ադրբեջանի  վրա  ինչ-որ  չափով  ազդեցություն  էր  գործում:  Իրանը  նաև  մտահոգ  է, որ  այդ  ճանապարհի  միջոցով  Իրանի  ու  Հայաստանի  ցամաքային   կապը  կկտրվի:  Սկզբից  պարզաբանումներ  պահանջեց՝  հայտարարությամբ  նշված  միջանցքի  կամ  ճանապարհի  մասին՝  բոլոր  կողմերից:  Իրանը  սկզբունքայնորեն  դեմ  է  այդ  ճանապարհին:  Ելք  չտեսնելով,  փորձեց  միանալ  տարածաշրջանի  ապաշրջափակման  ծրագրին՝  3+3  հայտնի  ձևաչափով,  որ  իր  ներկայությամբ  փորձի  իր  ազդեցությունը  պահպանելով  նվազեցնել  թուրք-ադրբեջանական   առաջխաղացումը՝   իրենց  բոլոր  նպատակներով  հանդերձ:  Իսկ  հետո  Իրանը  կարողացավ  օրակարգ  մտցնել   3+3 -ին  այլընտրանքային  մի  տարբերակ,  այն  է՝  «Պարսից  Ծոց  — Սև  Ծով»  նախագիծը՝  Հայաստանի  միջոցով։ Իրանը  կտրականապես  դեմ  է  որևէ  մի  միջանցքի  կամ  ճանապարհի  գաղափարին  կամ  ծրագրին, որը  Թուրքիան  միացնում  է Ադրբեջանին:  Սա  Իրանի համար  լրջագույն  սպառնալիք  և  գլխացավանք  է:  

-Իրանի  ու  Հայաստանի  միջև  ուղղակի  ցամաքային  ճանապարհի  առկայությունը  որքա՞ն  կարևոր է իրանական  կողմի  համար:

Հայաստանը  Եվրասիական  միակ  երկիրն  է, որն  Իրանի  հետ  ցամաքային  ճանապարհ  ունի: Եվ  Հայաստանի  հետ  ցամաքային  ճանապարհի  միջոցով՝  Իրանը  հնարավորություն  ունի  բեռնափոխադրումներ  կատարել  դեպի  Եվրասիական  երկրներ:  Վերջերս   Հայաստանի  միջոցով  Իրանը  կարողացավ  Պարսից  Ծոց-Սև  Ծով  նախագծով  տրանզիտ  բեռնափոխադրումը  հնարավոր  դարձնել  դեպի  Եվրոպա: Կա  նաև  մեկ  այլ  ծրագիր, որը  նպատակ  ունի  Հնդկաստանից  մինչև  Եվրասիական  և  Եվրոպական  երկրներ  ձգվող  «Հյուսիս-Հարավ»  տրանզիտ  ճանապարհը  իրականություն  դարձնել  Իրանական  Չաբահար  նավահանգստից՝  Իրանի  և  Հայաստանի  միջով  մինչև  Եվրասիա  և  Եվրոպա: Իրանն  ու  Չինաստանը  վերջերս  25  տարվա  ռազմավարական  պայմանագիր  են  կնքել: Պայմանագրի  տնտեսությանը  վերաբերող  կետերի  մեջ  առկա  է  «Մեկ  գոտի, մեկ  ճանապարհ»  միջազգային  ծրագիրը, որը  կարող  է  ընդգրկել  նաև  Հայաստանը՝  Իրանի  օգնությամբ:  Այս  բոլոր  ծրագրերը  իրականություն  դառնալու  դեպքում  Հայաստանը  դուրս  կբերեն  շրջափակումից, կբարձրանա  Հայաստանի  գեոպոլիտիկ  դերը  տարածաշրջանում, և  կամրապնդվի  Հայաստանի  անվտանգությունն  ու  կայունությունը:  Բայց  Հայաստանի  կողմից, որպես  առաջին  քայլեր, պետք  է  առավել  բարձրացվեն  ու  մեծացվեն    իր  դիվանագիտական  և  լոբբիստական  ջանքերը՝  շահառու  երկրներում,  նաև՝   հնարավորինս  շուտ  ավարտվեն  Հայաստանի  տարածքում   «Հյուսիս-Հարավ»  ճանապարհի  աշխատանքները,  պատրաստվեն  համապատասխան  ենթակառույցները  և ինչու  չէ՝  ապագայում  տրվի  նաև  Իրան-Հայաստան  երկաթգծի  նախագծի  մեկնարկը:

— Եթե  Իրանի    սահմաների  մոտ  հայ-ադրբեջանական  ուժերի  միջև  ռազմական  բախում  լինի, իրանական  կողմն  ի՞նչ  քայլեր  կարող է  անել:

Դեռևս  արցախյան  երկրորդ   պատերազմի  ժամանակ  Իրանը  մեծ  զորք  և  զինտեխնիկա  կուտակեց  Իրանի  ու  Արցախի  սահմանային  գոտում,  նաև՝  Իրան-Հայաստան  և  Իրան-Նախիջևան  սահմանի  մոտակայքում:  Սա  նշանակում  է, որ  սահմանային  լարվածության  դեպքում  Իրանը  ունի  նման  միջամտության  իր  սցենարը:  Բայց  Հայաստանը  ՀԱՊԿ-ի  անդամ  է,  և  ՀԱՊԿ-ը  պարտավոր  է  միջամտել, եթե  Հայաստանի  սահմանների  վրա  ոտնձգություն  լինի:  Հայաստանի  սահմանների  անվտանգության  երաշխավոր  է  նաև  Ռուսաստանը:  Այս  երկու  պարտավորությունների  չկատարման  կամ  թերի  կատարման  դեպքում, հնարավոր  է, որ   Իրանը,  երկկողմանի  կամ  եռակողմ  պայմանավորվածության  դեպքում,  ուժային  միջամտություն  գործադրի: 

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert