Սույնով բոլորովին էլ նպատակ չունեմ հանդես գալ ի պաշտպանություն ՀՀ իշխանություններին, սակայն չեմ կարող չանդրադառնալ ՀՅԴ-ի  անհեռատես և ոչ դիվանագիտական վերաբերմունքին:  

ՀՅԴ Բյուրոն հայտարարությունը է տարածել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ, կրկնելով այն, ինչի մասին տարիներ շարունակ ասվել է թե՛ տարածաշրջանի և թե՛ միջազգային քաղաքական փորձագետների կողմից, երբ ՀՅԴ-Բյուրոն զբաղված էր էժանագին քաղաքականությամբ և Հայաստանի զարգացման ծրագիր ներկայացնելու  փոխարեն՝ կապիտալ դիզելով:

ՀՅԴ հայտարարության հիմնական պատճառը ոչ թե տարածաշրջանի ներկա զարգացումներն են, այլ ՀՀ Վարչապետի վերջին հայտարարությունը՝ ՀՅԴ-ին իրանական լրատվակմիջոցներում հակաիրանական և ադրբեջանահաճո քարոզչություն տարածելու մեջ մեղադրանք ներկայացնելը:

ՀՅԴ-ն՝ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումները, որոնք  տեղի են ունենում ինտենսիվ ու բարձր մակարդակի վրա, ողջունելու փոխարեն՝ զգուշացնում է ՀՀ վարչապետին « փորձ չանե՛լ դաշնակիցների հետ հարաբերություններ հաստատել «առևտրի» տրամաբանությամբ»:

ՀՅԴ-ն դրանով ոչ թե ՀՀ Վարչապետին է զգուշացնում, այլ Իրանի իշխանություններին՝ Հայաստանի իշխանությունների հանդեպ անվստահության մթնոլորտ ստեղծելու համար:     

Բոլորին էլ պարզ է ու հասկանալի, թե ինչպես են Իրանում ՀՅԴ-ի հետ կապված պարսկալեզու մամուլն ու տարբեր խմբավորումներ  անհեռատեսորեն հակահայաստանյան և ադրբեջանահաճո քարոզչություն իրականացնում՝ խաթարելով Հայաստան-Իրան փոխադարձ վստահությունն  ու համագործակցությունը: այդ «մեկ հոդվածը», որը լույս տեսավ «Քեյհան» օրաթերթում, ՀՅԴ հակաիշխանական քարոզչությաան արդունքն էր: ՀՅԴ-ն բայց չի սահմանափակվում միայն ՀՀ վարչապետի քննադատությամբ, այլ վարչապետի հայտարարությունը վերագրում է «Իրանին վիրավորանք»՝ ասելով, թե «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը  արատավորելու՝ ՀՀ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ի հասցեին, որ միշտ գործել է հայ-իրանական հարաբերությունների սերտացման ուղղությամբ, այլ նաեւ  Իրանին, որին մեկ հոդվածի հիման վրա դիրքորոշում ճշտելու վերագրում է արվում…»։

ՀՅԴ-ն պնդում է, թե «իր ամբողջ կարողականությամբ՝ Հայրենիքում և Սփյուռքում, այդ թվում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցով և միջազգային քաղաքական հարաբերությունների  ճանապարհով շարունակում է աշխատանքներ տանել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և ադրբեջանաթուրքական տանդեմի հանցագործ մտադրությունների իրականացումը կանխելու ուղղությամբ»։

ՀՅԴ-ն չի հասկանում, որ հայկական շահի պաշտպանության  ամենաառանցքային և առաջնայինը, անկախ նրանից, թե ինչ ուժ է ղեկավարում ՀՀ-ը, պետության և պետականության շահի պաշտպանությունն է: 130-ամյա կուսակցությունը դեռ չի կարողացել քաղաքական ու դիվանագիտական ամենահասարակ սկզբունքը հասկանալ՝ պետության ու պետականության շահը չզոհել իր իշխանատենչ և նեղ կուսակցական շահրիին, նամանավանդ այն դեպքում, երբ երկու տասնամյակից ավել իշխանության մաս լինելով չի ունեցել ո՛չ ներքին և ո՛չ էլ արտաքին քաղաքականություններին վերաբերող ինքնուրույն մոտեցում և ռազմավարություն:

ՀՅԴ-ն ինքն իրեն «սոցիալդեմոկրատ» հռչակելով, իր «եղբայր կուսակցությունների» հետ հարաբերությունները հաստատել է «առևտրի տրամաբանությամբ», որպեսզի կարողանա նրանց ծառայեցնել իր իշխանությունը հաստատելու համար, մինչդեռ այդ հարաբերությունները «եղբայրական տրամաբանությամբ» պետք է որ ծառայեին ի պաշտպանություն Հայաստանի պետությանը և Հայաստանի պետականությունը ամրապնդելուն:  

Ո՞ւր էին այդ սիցիալդեմոկրատ «եղբայր» կուսակցությունները 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ: Ո՞ւր էր մնացել ձեր «ամբողջ կարողականությամբ՝ Հայրենիքում և Սփյուռքում, այդ թվում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը»:

Երվանդ Խոսրովյան, 5 հոկտեմբերի 2021 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert