Արման Գրիգորյան, 1 փետրվարի, 2024թ.

Հայաստանում հերթական անպտուղ բանավեճն է ծավալվել։ Առիթը Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչների հայտարություններն են, ինչպես նաև նրանց շարունակվող կրավորական դիրքորոշումը բանակցություններում, զիջումներ անելու պատրաստակամությունն ու ընդհանրապես Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին ի պատասխան վերջերս ավելի հաճախացած խաղաղության կոչերը։ Մարդիկ վրդովված են, նրանց արժանապատվությունը խոցված։ Շատերը նաև հիշեցնում են իշխանություններին ու մյուս բոլորին, որ զիջելով բան դուրս չի գալու, որ դա ընդամենը Ադրբեջանի ախորժակն է գրգռելու և Իլհամ Ալիևին ավելի ագրեսիվ դարձնելու։ Նրանք կոչ են անում հրաժարվել այդ կրավորական կեցվածքից և դիմադրել։ Բայց ցավոք շատ չեն բացում փակագծերը, թե հատկապես ինչ նկատի ունեն դիմադրություն ասելով ու ինչու են վստահ, որ այդ դիմադրությունը ցանկալի արդյունք է ապահովելու։

Էս մարդկանց շարքերում կանխատեսելիորն շատ էն նրանք, որոնք միշտ էս տեսակ դիրքորոշում են ունեցել անկախ հանգամանքներից։ Նրանց շարքերում են հայտնի ոչմիթիզականները, նժդեհականները, «միայն յարխուշտայով կա հայոց փրկություն» դավանանքի պահապանները, կետիկնոցում խորիմաստ քաղաքական վերլուծություններ անող բոհեմականները, և այլն։ Բայց միայն նրանք չեն։ Նրանց միացել են նաև մարդիկ, որոնք ժամանակին մերժել են ոչմիթիզականությունն ու յարխուշտայով Հայաստանը փրկելու տեսլականը։ Բայց էս թևի որոշ ներկայացուցիչներ էլ առանձնապես բան չեն առաջարկում, երբ հարցնում ես` լավ, ինչպե՞ս ենք դիմադրելու, ի՞նչ ռեսուրսով, ինչի՞ հաշվին, ի՞նչ գնով, կոնկրետ ի՞նչ ենք անելու, որ կարողանանք վիժեցնել Իլհամ Ալիևի պլանները։ Իսկ նրանցից պառակտված նախկին համախոհներն անգթորեն շարունակում են էս հարցերը տալ։ Եվ երբ լավ պատասխաններ չեն ստանում հիշեցնում են, որ նախկինում այս մեղադրանքների հեղինակները Նիկոլի Փաշինյանին ճիշտ հակառակ վարքագծի մեջ էին մեղադրում, որ օր առաջ խաղաղության գնալը Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն էր, և որ հետևաբար դիմադրության կոչեր անող մարդկանց նշածս խումբը դա անում է քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով կամ, որ ավելի վատ է, Փաշինյանի նկատմամբ ատելությունից կուրացած։

Ես կարծում եմ, որ այս բանավեճն ի սկզբանե սխալ հունով է ընթացել, որովհետև բանավեճի երկու կողմն էլ նույն սխալ ենթադրությունն են արել։ Մասնավորապես, որ Փաշինյանի գերխնդիրն Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելն է։ Եթե դա իսկապես այդպես է, միանգամայն բնական է, որ կռիվը պետք է գնար խաղաղության պայմանների մասին, ինչպես նաև դրանց դիմադրելու կամ չդիմադրելու հետևանքների մասին։ Բայց Փաշինյանի գերնպատակը երբեք դա չի եղել։ Հայ-ադրբեջանական կարգավորումն ընդամենը ածանցյալ է եղել մի այլ գերնպատակից, որն իրականում Փաշինյանի քաղաքականության շարժիչ ուժն է եղել։ Իսկ գերնպատակը եղել է Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելն ու ռուսներից ազատվելը։ Բանավեճի ելակետը սա պետք է լիներ, ու այն պետք է կառուցվեր հետևյալ երկու հիմնական հարցի շուրջ. 1) արդյո՞ք Հայաստանին պատուհասած հետպատերազմական աղետները այդ քաղաքականության արդյունք են, թե՞ այդ քաղաքականությունն է ռուսների վարքագծի հետևանքը; 2) կարո՞ղ էր արդյոք Հայաստանը հույս ունենալ պակաս անտանելի պայմաններով խաղաղության, եթե չորդեգրեր նման քաղաքականություն։

Ես չեմ պնդում, որ նման խոսակցություններ չեն եղել։ Եղել են։ Ես էլ ժամանակին այդ խոսակցությունների ակտիվ մասնակից էի։ Բայց այս երկու թեմաները հատկապես վերջին շրջանում մի տեսակ տարանջատվել են իրարից ու քննարկվում են առանձին առանձին։ Իմ համեստ կարծիքով դա է պատճառը, որ բանավեճը հայտնվել է փակուղում ու վերածվել փոխադարձ մեղադրանքների։

Որպեսզի ասելիքս անավարտ տեսք չունենա, ես ինքս պատասխանեմ այդ երկու հարցին, չնայած բազմիցս դա արդեն արել եմ անցյալում։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի որդեգրած ռազմավարական կողմնորոշումը փոխելու քաղաքականությունն է պատճառը մեզ պատուհասած աղետների և որ Ռուսաստանի ոչ բարեկամական որոշ քայլեր պատասխանն են այդ վարքագծի։ Ես կարծում եմ նաև, որ թեև պատերազմը տանուլ տալուց հետո ինչ խաղաղություն էլ կնքվեր, շատ դառն էր լինելու, բայց դա զգալիորեն պակաս դառը կլիներ եթե Փաշինյանի կառավարությունը որդեգրած չլիներ այդ խելահեղ քաղաքականությունը։ Այն, ինչ հիմա կարող է կնքվել, ուղղակի զարհուրելի է լինելու։ Կարող է նաև ոչինչ չկնքվել, ինչը գուցե ավելի վատ է։ Ասեմ նաև, որ եղել են պահեր, երբ իմ համոզվածությունն այդ հարցերին իմ պատասխանների վերաբերյալ սասանվել է։ Բայց երբ երկրի իշխող կուսակցության վարչության փոխնախագահը հայտարարում է, որ Արցախի հայաթափումը Հայաստանի իսկական անկախության օրն էր, համոզված չլինելու պատճառները զգալիորոն թուլանում են։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert