Հարստացված ալյուր. ի՞նչ գլոբալ ծրագրի է միանում Հայաստանը

hetq.am – Մարինե Մարտիրոսյան

Այս տարվա նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել երկու օրինագիծ՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (դեռևս 2011-ին կառավարությունը հավանություն էր տվել ցորենի հարստացման մասին հայեցակարգին): Առաջին օրինագծի համաձայն՝ Հայաստանում օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող ալրաղացներում բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը հարստացվելու է պրեմիքսներով, այսինքն՝ վիտամինահանքանյութային հավելումներով: Ծրագրի նախաձեռնողը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն է` ՅՈւՆԻՍԵՖ-ը, որը հայտնել է, որ անվճար կտրամադրի սարքավորումներ, մեթոդաբանական գիտելիքներ:

Առաջին մեկ տարում կառավարությունը հավելանյութերն անվճար կստանա ՅՈւՆԻՍԵՖ-ից, որից հետո նույն կառույցի աջակցությամբ դրանք ձեռք կբերվեն շուկայականից ցածր գներով:

Ինչո՞ւ է Հայաստանում ցորենի ալյուրը հարստացվելու

Հարցին կառավարությունն իր ներկայացրած օրինագծում այսպես է պատասխանել.

«Ցորենի ալյուրի միկրոտարրերով հարստացումը հանրային առողջապահական միջոցառում է, որը նպատակ ունի կանխարգելել որոշ միկրոտարրերի և (կամ) վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները և բարելավելու բնակչության առողջությունը հանրային առողջապահական մակարդակով: Միկրոտարրերի և վիտամինների անբավարարությունը կանխարգելելու ամենաօպտիմալ, ծախսարդյունավետ և էժան միջոցը ցորենի ալյուրի հարստացումն է, քանի որ այն սնունդ է, որը հասանելի է բնակչության բոլոր խավերին:

Միկրոտարրերի և վիտամինների (ինչպիսիք են, օրինակ, երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն և այլն) անբավարարությունն աշխարհում հանրային առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ամբողջ աշխարհում շուրջ երկու միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47 %-ը և հղի կանանց 42 %-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով:

Համաձայն 2005 թվականի Հայաստանի ժողովրդագրական և առողջապահության հարցերի հետազոտության տվյալների` նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց շրջանում առկա է սակավարյունության բարձր տարածվածություն, համապատասխանաբար` 37 % և 25 % (ըստ ԱՀԿ-ի` սակավարյունության 90 %-ը պայմանավորված է երկաթի անբավարարությամբ): Համաձայն «Մարչ օֆ դայմս» կազմակերպության 2000 թվականի գլոբալ զեկույցի` Հայաստանում 1000 երեխայից 2-ը ծնվում է ցմահ հաշմանդամություն առաջացնող բնածին արատով (նյարդային խողովակի դեֆեկտ), ինչը չորս անգամ բարձր է միջին պոպուլյացիոն ցուցանիշից: Մեծահասակների շրջանում համեմատաբար բարձր է նաև սրտի կաթվածի տարածվածությունը, որի պատճառագիտության մեջ ներկայումս բավականին կարևորվում է ֆոլաթթվի դերը»:

Ըստ կառավարության՝ հանրային առողջապահական ցուցանիշների բարելավման տեսանկյունից ալյուրի հարստացման ազդեցությունը կարտահայտվի ծրագրի ներդրմանը հաջորդող 3-5 տարիների ընթացքում: Ակնկալվում է, որ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքերը կնվազեն շուրջ 10 %-ով, բնածին արատները` 30-35 %-ով, սակավարյունությունները երեխաների և կանանց շրջանում` 25-30 %-ով:

Ո՞վ է ուզում հարստացնել ալյուրը

Ալյուրի հարստացման առաջին փորձերն արվել են 1940-ականներին ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, երբ պատերազմի պատճառով սննդի ապահովման խնդիրներ կային,  և սննդարար նյութերի այլընտրանքային աղբյուրները քիչ էին:

Իսկ այսօր աշխարհում աստիճանաբար ընդլայնվող ալյուրի հարստացման ծրագիրը «Food Fortification Initiative»-ի(FFI) մտահղացումն է: Այս նախաձեռնությունը 89 կազմակերպություններից բաղկացած գործընկների խումբ է, որի կազմում են նաև Համաշխարհային բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՅՈւՆԻՍԵՖ-ը և այլն: Նախաձեռնությունը զբաղվում է սննդի հարստացմամբ ամբողջ աշխարհում: FFI-ի քարտուղարությունը գտնվում է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի Էմորի համալսարանում, որը կից է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության գործակալություններից մեկին` Հիվանությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններին (Centers for Disease Control and Prevention, CDC):

FFI-ի պաշտոնական կայքում նշված է, որ այս պահին 80 երկիր (նաև Պակիստանի Պունջաբ նահանգը) ունի ցորենի ալյուրի, 12 երկիր` եգիպտացորենի ալյուրի, 5-ը` բրնձի հարստացման մասին օրենսդրություն:

Այս պահի դրությամբ, ըստ FFI-ի, Եվրոպայի և Միջին Ասիայի 62 երկրներից 45-ում ալյուրը չի հարստացվել (Ֆրանսիա, Գերմանիա, Դանիա, Չեխիա, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Իսպանիա և այլն), 7 երկրներում պարտադիր կարգն է գործում՝ Մեծ Բրիտանիա, Կոսովո, Մոլդովա,Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, ևս 7 երկրում պլանավորման փուլն է՝ Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մակեդոնիա, Տաջիկստան, Թուրքիա (Ջիբրալթարի, Վատիկանի, Մոնտենեգրոյի տվյալները բացակայում են): Եթե Եվրասիայում երկրների մեծ մասը չի հարստացնում ալյուրը, այդ թվում` աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող Չինաստանը (այստեղ դեռևս ծրագրման փուլում է բրնձի հարստացումը) և Հնդկաստանը, ապա Ամերիկա աշխարհամասը գրեթե ամբողջությամբ և Ավստրալիան ներգրավված են այս ծրագրում, ու, բնականաբար, առաջին տեղում ցորենի ալյուրի հարստացումն է (Կոստա Ռիկան աշխարհի միակ երկիրն է, որտեղ պարտադիր հարստացվում են վերոնշյալ երեք տեսակները): Իսկ Աֆիկայի 58 երկրներից 23-ում հարստացումը պարտադիր է: Փաստորեն, Հայաստանի հարևաններից երեքում նույնպես պլանավորված է հարստացման գործընթացը, իսկ Իրանում այն արդեն պարտադիր է դարձել:

Նախաձեռնությունն իր կայքում նշում է, որ ալյուրի հարստացման հիմնական հավելանյութերն են երկաթն ու ֆոլաթթուն (վիտամին B9): Կարող են ավելացվել նաև ցինկ, վիտամին A, D, այլ B վիտամիններ, ինչպիսիք են՝ նիկոտինաթթուն (B3), թիամինը (B1), ռիբոֆլավինը (B2) և ցիանոկոբալամինը (B12): Ըստ FFI-ի`յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում, թե ինչ քանակությամբ և ինչպիսի հավելանյութեր են ավելացնելու տեղական ալրաղացները:

FFI-ի կայքից ջնջվել է Հայաստանի մասին տվյալների մի մասը

Դեռևս 2010 թ. FFI-ի և ՅՈւՆԻՍԵՖ-ի խորհրդատու Գրիգորի Գերասիմովը հարստացման ծրագիր ունեցողների թվում նշել էր նաև մեր երկրի անունը: Նախաձեռնության կայքի` Հայաստանին վերաբերող բաժնում նշված են 2010-ի տվյալները հացահատիկի և ալյուրի տեղական արտադրության, ներկրման ու արտահանման ծավալների մասին, որի աղբյուրը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն է:

Նույն աղբյուրի համաձայն` 2010-ի դրությամբ ՀՀ-ում մեկ շնչին օրական բաժին է հասել 366 գր ցորենի ալյուր և 10 գր բրինձ: Հետաքրքիր է, որ հավելանյութերի չափաքանակների (միլիգրամ 1 կիլոգրամ ալյուրում) աղյուսակում (տես ստորև) դեռեւս դեկտեմբերի 4-ին առկա էին երկաթի, ֆոլաթթվի և ցինկի տվյալները, սակայն ամսի 5-ին դրանք հեռացվել են: Իսկ ջնջված ցուցանիշներն այսպիսին էին. երկաթ` 50 մգ, ֆոլաթթու` 1,5 մգ, ցինկ` 16 մգ: Այսինքն` հենց այսքան պիտի ավելացվեն հավելանյութերը 1 կգ ալյուրին:

Բնական և արհեստական միկրոտարրերի տարբերությունն ու հարստացման վտանգները

Տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի անդամ, կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանն ասում է, որ դեռևս 2 տարի առաջ իրենք բարձրաձայնել էին ալյուրի հարստացման ծրագրի մասին: Դա, սակայն, արձագանք չստացավ:

Կենսատեխնոլոգը բացատրում է, որ ցորենի հատիկը տարբեր օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում` երկաթ, բայց քանի որ աղալու պրոցեսում կեղևն ու հատիկի գլխիկը առանձնացվում են, նյութերի մեծ մասն այդպես հանվում են հատիկից: Բարձր և առաջին կարգի ցորենի 1 կգ-ում երկաթը 50 մգ է, իսկ աղալուց հետո մնում է ընդամենը 10 մգ:

Կորսված նյութերը հացին վերադարձնելու համար, Սելիմյանի պատմելով, իրենք փորձեր են անցկացրել, թեփը վերադարձնելով հացին, և ստացել են գերազանց արդյունք՝ բիոհաց: Դրա մեջ իբրև թթխմոր կամ դրոժ օգտագործվել է հատուկ թթվակաթնային շիճուկ`թանի, ածիկի ու հացի թեփի խառնուրդ, որը կոչել են հացաթան: Գիտնականը բողոքում է, որ պետական մարմինների կողմից իրենց աշխատանքն անուշադրության է մատնվել, այնինչ հայ մասնագետների փորձը արդեն 1 տարի կիրառում են ՌԴ-ում՝ նույն «Հացաթան» անունով: «Այս հացաթանն այն երկաթն է, որը մենք վերադարձնում ենք հացին»,- նշում է ակադեմիկոս Սելիմյանը:

Խոսելով թեփի ու հատիկի գլխիկի մեջ պարունակվող օգտակար նյութերի և ներկայում դրանք արհեստականորեն ավելացնելու տարբերության մասին` հասարակական-քաղաքական գործիչ, մասնագիտությամբ կենսաֆիզիկոս Խաչիկ Ստամբոլցյանը նկատում է, որ մարդու օրգանիզմը կարողանում է սինթեզել արհեստական հավելանյութերի միայն 50 տոկոսը, իսկ մնացածը մնում են ներսում` դառնալով հիվանդությունների պատճառ:

Սելիմյանն էլ հավելում է, որ յուրաքանչյուր մարդու օրգանիզմում 1,5 կգ մանրէներ կան, որոնք, այսպես ասած, վերամշակման կամ սինթեզման ֆաբրիկա են: Կա մանրէների հարաբերություն, այսինքն` կան այնպիսիք, որ սպիտակուցներն են վերամշակում, մյուսները` ճարպերը, և այլն, սակայն արհեստական նյութերից խախտվում է այդ հարաբերությունը: Սրա հետևանքով կարող է առաջանալ աղեստամոքսային տրակտի խանգարում, ալերգիա, նույնիսկ քաղցկեղ:

FFI-ն իր հերթին հայտարարում է, թե քիչ հավանական է, որ հարստացված մթերքից մարդու մոտ կարող է վիտամինների ու միներալների ավելցուկ առաջանալ: Նշվում է, որ հարստացման փորձ ունեցող երկրներում արված ուսումնասիրություններն ապացուցել են դրա պաշտպանիչ հատկությունը: Ըստ FFI-ի՝ 2003-2006 թթ. տվյալներով ԱՄՆ-ում ֆոլաթթվի ավելցուկ է ունեցել հասուն բնակչության 2,7 տոկոսը, սակայն դրա պատճառը ոչ թե հարստացված ալյուրն է եղել, այլ սննդային տարբեր հավելանյութերը:

ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ Վարդան Գասպարյանն ասում է, որ ցանկացած մետաղի ավելցուկ օրգանիզմում ինքնին թույն է: Օրինակ՝ ցինկի ավելցուկը կարող է սրտանոթային հիվանդությունների հանգեցնել: Մարդու օրգանիզմում կա 4 գ երկաթ, որի 0,1 տոկոսը կամ 4 մգ-ն կցված է արյան կազմի մեջ մտնող տրանսֆերին սպիտակուցին: Այս սպիտակուցը, ինչպես կարելի է հասկանալ անվանումից, երկաթ տեղափոխող է: Գասպարյանն ասում է, որ տրանսֆերինը պետք է 1/3-ով հագեցած լինի երկաթով՝ իր ֆունկցիան կատարելու համար: Երբ օրգանիզմում երկաթի քանակն ավելանում է, սպիտակուցի տրանսֆերը խաթարվում է: Սա էլ դառնում է ինֆեկցիաների պատճառ: Վ. Գասպարյանի տեղեկացմամբ՝ ժամանակին Ֆինլանդիայում երկաթով հարստացրել էին կաթը, ինչը երեխաների մոտ ինֆեկցիաների, նույնիսկ մահերի պատճառ էր դարձել: Հետազոտությունը հենց երկաթի ավելցուկն էր հաստատել իբրև խնդրի աղբյուր: Հատկանշական է, որ Ֆինլանդիայում ալյուրը չի հարստացվում, և չի էլ ծրագրվում:

Ինչ վերաբերում է ֆոլաթթվին, գիտնականն ասում է, որ ջերմային մշակման ժամանակ այս վիտամինը քայքայվում է: Իսկ ահա յոդը, որով վաղուց հարստացվում է Հայաստանի աղը, ցնդում է նույն ջերմային մշակման ժամանակ, օրինակ՝ ճաշ եփելիս: Դրա համար խորհուրդ է տրվում այն ավելացնել վերջում՝ մշակումից հետո: Բացի դրանից՝ յոդը ցնդում է նաև բաց (3-4 ամսից) և փակ (1 տարուց) տարաներից: Այսինքն՝ աղի յոդացումը որոշ ժամանակ անց դառնում է անօգուտ, ինչի ապացույցն այսօր մեզանում այդքան տարածված խպիպն է (զոբ):

«Միկրոէլեմենտների կիրառումն այնքանով է վտանգավոր, որ դրանք հետո չդառնան մակրոէլեմենտներ»,- նշում է Վ. Գասպարյանը ու հավելում, որ հացին տրվելիք վիտամիններն արհեստական են (հիշեցնենք՝ ֆոլաթթուն նույն B9 վիտամինն է), նաև էժան, իսկ դրանց սինթեզման ժամանակ կողքից պարտադիր առաջանում են այլ նյութեր:

Ալեքսանդր Սելիմյանն էլ հավաստիացնում է, որ հավելանյութերից տուժելու է նաև լավաշը, որովհետև այն թխվում է առաջին կամ բարձր կարգի ալյուրով: Կտուժի նաև «Սելիմյան հացի» տեսականին, որի ալյուրը գնվում է մեծ ալրաղացից, իսկ այդպիսի մեծերը, ըստ օրինագծի, պարտավոր են հարստացում կատարել: Սելիմյանն ասում է, որ նախարարներն ու տարբեր պաշտոնյաներ օգտվում են իր փոքրածավալ արտադրությունից, սակայն նույն անձնանց ձեռքով այժմ խնդիր է ծագում հացարտադրողների համար:

Գիտնականը նշում է, որ հիմա էլ, անկախ նշված հավելանյութերի ավելացումից, մեր երկրում արդեն 20 տարի հացը թխվում է արհեստական բարելավիչներով, որոնք 10-15 արհեստական տարրեր են՝ գենամոդիֆիկացված սոյա, պերօքսիդներ, նիտրատներ, կոնսերվանտներ և այլն: Ակադեմիկոսի փոխանցմամբ՝ որևէ պաշտոնական փաստաթղթում, ինչպիսին 1999-ին ընդունված ցորենի ալյուրից թխվող հացի հայաստանյան ստանդարտն է, ամրագրված չէ դրանց ավելացումը:

Ըստ Ա. Սելիմյանի` եթե ցորենի ալյուրի հարստացում լինելու է, ապա դա պիտի լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր: Երկրորդ` հավելանյութերը պետք է ամրագրվեն հացաթխման տեխնիկական պայմաններում` ստանդարտում: Երրորդ` մինչ այդ պիտի հանրային լսումներ անցկացվեն, մասնագետներ հրավիրվեն, քանի որ գուցե կան այլընտրանքային ձևեր: Իբրև մի այլընտրանք գիտնականը նշում է հացաթանով հաց թխելու տարբերակը:

Պարտադիր բնույթին դեմ է նաև Վարդան Գասպարյանը. «Մարդը պիտի ընտրության հնարավորություն ունենա, ինչո՞ւ են պարտադրում: Ասում են՝ ծխելը վնասակար է, իսկ այդ դեպքում ինչո՞ւ չեն արգելում ծխախոտի վաճառքը»:

Նորվեգացիները զգուշացնում են, ամերիկացիները՝ հանգստացնում

Նորվեգական Հոկլանդ համալսարանի հիվանդանոցի աշխատակից, առաջատար հետազոտող Մարթա Էբինգը դեռևս 2009-ին հայտարարել էր, որ ֆոլաթթվով հարստացումն այնքան էլ անվտանգ չէ, ինչպես նախկինում կարծում էին: Նորվեգիայում սնունդը ֆոլաթթվով չի հարստացվում, ինչն, ըստ Էբինգի, հնարավորություն էր տալիս այս երկրում հետաքննել, թե արդյոք այն մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: 1998-2005 թթ. կատարած հետազոտությունից հետո Էբինգը հայտարարել էր, որ սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող նորվեգացի հիվանդների բուժումը ֆոլաթթվով շուրջ 3,5 տարվա ընթացքում մեծացրել է քաղցկեղի առաջացման ռիսկը 21 տոկոսով, իսկ 6,5 տարվա ընթացքում՝  մահվան հավանականությունը: Ֆոլաթթուն տրվել էր հիվանդներին՝ պարզելու, թե արդյոք այն կարող է նվազեցնել հոմոցիստեինը, որը սրտային հիվանդության աղբյուր է: Ֆոլաթթու ընդունած հիվանդների մոտ քաղցկեղի զարգացման ռիսկը մեծացել էր 21 տոկոսով: 341 հոգուց, ովքեր ֆոլաթթու էին ընդունել և զարգացած քաղցկեղ ունեին, 136-ը մահացել էին, ինչը 38 տոկոսով ավելի էր նրանցից, ովքեր զարգացած քաղցկեղ ունեին, սակայն ֆոլաթթու չէին ընդունել:

Էբինգի հետազոտության վերաբերյալ ամերիկացի գիտնական Բետինա Դրեյքը նշել էր, որ չնայած ուսումնասիրությունը կարևոր տվյալներ է տալիս՝ հասկանալու ֆոլաթթվի և քաղցկեղի միջև բարդ կապը, այդուհանդերձ, դա երկարաժամկետ կտրվածքով չի զրոյացնում այն մեծ օգուտը, որ բնակչության առողջության հարցում ունի ֆոլաթթվով հարստացումը՝ հավելելով, որ ֆոլաթթվի իրական ազդեցությունը քաղցկեղի վրա կարող է երկար տարիների հետազոտություն պահանջել: Դրեյքն ասել էր նաև, որ նորվեգացի գիտնականները ֆոլաթթվի էականորեն ավելի մեծ չափաքանակ են տվել հիվանդներին, քան ստանում է ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը:

Որտեղի՞ց են ներկրվում բարելավիչներն ու հարստացնող տարրերը

Կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանն ասում է, որ մեր հացարտադրությունում կիրառվող արհեստական խմորիչներն ու բարելավիչները ներկրվում են Չեխիայից, Բելգիայից, այլ եվրոպական երկրներից. «Դեռ 4 տարի առաջ ենք իմացել, որ  տարեկան 1000 տոննա ներմուծվել և ծախսվել է հացի արտադրության մեջ»:

FFI-ի կայքը առանձին ցուցակում ներկայացնում է միայն հարստացված բրինձ արտադրող ընկերություններին: Դրանք ներկայացնում են Բրազիլիան, Կոլումբիան, Չինաստանը, Հնդկաստանը, Կոստա Ռիկան, Դոմինիկյան Հանրապետությունը, ԱՄՆ-ը, Ֆիլիպինները:

Իսկ ինչ վերաբերում է ցորենի ալյուրի մեջ ավելացվող պրեմիքսների մատակարարներին, ընդամենն ասվում է, որ աշխարհում կան մի շարք հայտնի նման ընկերություններ, որոնք գտնվում են Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում, Եվրոպայում, Միջին Արևելքում, Աֆրիկայում, Ասիայում: Շատ ընկերություններ ունեն ռեգիոնալ կամ երկրների մակարդակով աշխատող գործակալություններ:

Կտուգանեն, եթե չհարստացնեն

Ըստ կառավարության նախագծի՝ ցորենի ալյուրը պարտավոր են հարստացնել այն ալրաղացները, որոնց հզորությունը օրական 30 կամ ավելի տոննա է: Մեր երկրում այդպիսի 7 աղաց կա, որոնց օրական ընդհանուր հզորությունը 1395 տ է: Դրանց արտադրած ալյուրը կազմում է շուկայում իրացվողի 80-85 տոկոսը: Այսինքն՝ բնակչությանն իբրև այլընտրանք են թողել 15 տոկոսը բավարարող փոքր ալրաղացներին:

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագծի հետ միասին կառավարությունն առաջարկել է նաև լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Ըստ այդմ՝ բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը չհարստացնելու դեպքում (խոսքը նման պարտավորություն ունեցող ալրաղացների մասին է) կկիրառվի 1,5-2 մլն դրամ տուգանք, իսկ հարստացման վերաբերյալ պահանջները խախտելու դեպքում՝ 800.000-ից 1 մլն դրամ տուգանք (հոդված 158.1):

Առանց փաթեթավորման և մակնշման (պիտակավորում) պահանջների կատարման՝ հարստացված ցորենի ալյուր, դրանից ստացված արտադրանք իրացնելը կհանգեցնի 150.000-200.000 դրամ տուգանքի (հոդված 158.2):

Ալյուրի արտադրություններում տեղակայված հոսքային գծերի հզորությունների, արտադրված և հարստացված կամ չհարստացված ալյուրի ծավալների վերաբերյալ գրավոր հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում էլ ալրաղացի տերը կկանգնի 100.000-150.000 դրամ տուգանքի առաջ (հոդված 182.4):

Հավելենք, որ օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով և ընդունվելու պարագայում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 12 ամիս անց, այսինքն՝ 2016 թ.-ից ոչ շուտ:

Շարունակելի

 


бутон за сайт

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net