hetq.am, 8 դեկտեմբերի, 2014

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը

Նախորդ հոդվածում արդեն նշվել է, որ Ղրիմում «հրեական առաջին արշավանքի» համատեքստում կազմակերպված հրեաների վերաբնակեցումը 1920-ական թթ. կեսերին հարուցել էր տեղական բնակչության, հատկապես թաթարների դժգությունները:
Առաջին լուրջ ընդդիմացումներն ու ընդվզումները ի հայտ են գալիս 1926թ. ապրիլի 7-ին Սիմֆերոպոլում բացված Համաղրիմյան հրեական համագումարից հետո: Հետագա ամիսներին հրեաների զանգվածային վերաբնակեցման գլխավոր հակառակորդներից մեկն է դառնում Ղրիմի ԻԽՍՀ Կենտրոնական գործադիր մարմնի նախագահ Վելի Իբրահիմովը: Նրան չեզոքացնելու համար ԽՍՀՄ ՄՊՔՎ-ն (ԽՍՀՄ ՊԱԿ-ի իրավանախորդը 1923-1934 թվականներին) 1928թ. մի օպերացիա է իրականացնում: Իբրահիմովը հրավիրվում է Մոսկվա, որտեղ ճնշման տակ նա ստիպված է լինում ընդունել թաթար մի ակտիվիստի սպանությունը կազմակերպելու եւ բանդայի մասնակիցներին պարտակելու իրեն վերագրվող մեղքը: Չնայած հետագայում եւս տեղաբնակ թաթար բնակչության կողմից շարունակվում են հրահրվել «ազգամիջյան» մեծ ու փոքր տարբեր բախումներ, սակայն Իբրահիմովի չեզոքացումից հետո հնարավոր է լինում առավել դյուրին շարունակել Ղրիմում հրեաների վերաբանկեցման գործը:

Իբրահիմովին մեկուսացնելուց հետո 1928թ. փետրվարին «Կոմզետ»-ը քննարկում է «Օզետ»-ի (հրեա աշխատավորների հողհատկացման հարցերով հասարակական կազմակերպություն, որը ստեղծվել էր «Կոմզետ»-ի որոշումները գործնականում իրագործելու համար) ղեկավար Յ. Լարինի առաջարկած միջոցառումների ծրագիրը: Միաժամանակ Լարինը կրկին հանդես է գալիս Ղրիմում Հրեական ինքնավար հանրապետություն կազմավորելու առաջարկությամբ: Սակայն այդ հարցում նոր խնդիրներ են ի հայտ գալիս:

Չթուլացնելով Ղրիմում եւ Ուկրաինայի հարավում նախկինում սկսված վերաբնակեցման գործը` դրա հետ մեկտեղ Կոմզետը որոշում է գործարկել ԽՍՀՄ մեկ այլ տարածքում հրեաների վերաբնակեցման եւս մի ծրագիր: Այդ նպատակով 1928թ. մարտի 28-ին ԽՍՀՄ ԿԳԿ նախագահությունը ընդունում է «Հեռավորարեւելյան երկրամասի մերձամուրյան շերտում հրեա աշխատավորներով համատարած բնակեցնելու նպատակով Կոմզետի կարիքների համար ազատ հողեր ամրագրելու մասին» որոշումը: Այդ որոշմամբ եւ դրա դրույթների կենսագործմամբ է, որ հիմք է դրվում Հեռավոր Արեւելքում նախ Բիրո-Բիջանական ազգային շրջանի (20. 08. 1930թ.), իսկ ապա նաեւ` Հրեական ինքնավար մարզի (07. 05. 1934թ.) կազմավորմանը:

Այստեղ հարկ է մի փոքր պարզաբանել թե որոնք են Հեռավորարեւելյան մարզում հրեական ինքնավարություն ստեղծելու ծրագրի ի հայտ գալու պատճառները: Ընդհանրապես այդ հարցը խորությամբ գրեթե չի ուսումնասիրվել: Առկա մասնագիտական ու պաշտոնական բացատրություններում մշտապես ասվել է հետեւյալը` քանի որ հրեաների մոտ կար կոմպակտ ապրելու ներքին պահանջ, ինչպես նաեւ քաղաքական առանձին շրջանակների մոտ հրեական ինքնավար «օջախ» ստեղծելու ցանկություն եւ ԽՍՀՄ-ում հրեաների վերաբնակեցման պետական քաղաքականություն, ուստի եւ որոշվել է մերձամուրյան տարածքներում ստեղծել Հրեական ինքնավար մարզը: Սակայն նման մակերեսային բացատրության դեպքում առկախված է մնում այն հանգամանքը, որ արդեն մի քանի տարի էր, ինչ կենսագործվում էր Ղրիմում եւ մերձազովյան տարածքներում Հրեական ինքնավար հանրապետություն ստեղծելու ծրագիրը եւ ուստի ինչու պետք է ծագեր նաեւ Հեռավոր Արեւելքում նման ինքնավարություն ստեղծելու ծրագիր:

Հարցի պատասխանը թաքնված է «Հրեական հարցում» ԽՍՀՄ քաղաքական կուրսը թեքելու Ստալինի ցանկության եւ արդեն 1920-ական թթ. կեսերից այդ նպատակով նրա անուղղակի միջամտությունների հետ: Ինչպես նշում է Գենադի Կոստիրչենկոն` «այն, որ Ղրիմի հրեական ինքնավարությունը այդպես էլ չկազմավորվեց, բացատրվում է առաջին հերթին այն հանգամանքով, որ դեռ 1927թ. գարնանը որպես այլընտրանք ընտրվել էր հրեաների Հեռավոր Արեւելքում վերաբնակեցումը: ԽՍՀՄ-ում հրեական հարցի լուծման նման տարբերակը այն ժամանակվա ստալինյան ղեկավարությանը թվում էր ավելի օպտիմալ, հատկապես քարոզչական տեսանկյունից»[1]:

Կարելի է նշել, որ իր քաղաքական հակառակորդներին (որոնք առավելապես ներկայացնում էին բոլշեւիկյան կուսակցության հեղափոխական գործունեության մեջ ներգրավված հրեական շրջանակները) չեզոքացնելու գործին համընթաց Ստալինը ցանկանում էր նաեւ տապալել նրանց շահերի շրջանակում եղած կոնկրետ ծրագրերը: Հատկապես 1940-ական թթ. դեպքերը, որոնց մասին դեռ կխոսվի, գալիս են ապացուցելու, որ Հեռավոր Արեւելքում արհեստականորեն ստեղծված Հրեական ինքնավար մարզը հետագայում դառնալու էր ԽՍՀՄ-ում «Հրեական հարցը» փակուղի մտցնելու լավագույն որոշումը: Ի դեպ այդ մարզի ողջ բնակչության տեսակարար կշռում հրեաների թիվը մաքսիմալ եղել է 15-20 տոկոս, այն էլ` 1930-ական թվականների երկրորդ կեսին: Այդուհետ այն նվազել է` 1959թ. կազմելով 8,8  %, 1970թ.` 6,6 %, 1989թ.` 4,1 %, իսկ ներկայումս` 1 %:

Վերադառնալով Ղրիմում եւ Մերձազովյան տարածքներում Հրեական ինքնավար հանրապետություն ստեղծելու ծրագրերին`պետք է նկատել, որ չնայած 1927-1928թթ. նրան իբրեւ այլընտրանք ԽՍՀՄ ղեկավարության կողմից գործարկվել էր փակուղային մեկ այլ ծրագիր, այնուամենյանիվ բուն ծրագիրը շարունակում էր կյանքի կոչվել, քանի որ դրանում շահագրգիռ քաղաքական շրջանակները դեռեւս ունեին որոշումներ կայացնելու եւ իրագործելու պետական տարբեր լծակներ:

Այդ է պատճառը, որ 1920-ականների վերջին եւ 1930-ականների սկզբին Ուկրաինայի հարավում ստեղծվել էր երեք հրեական ազգային շրջան (Կալինինդորֆյան, Ստալինդորֆյան, Նովոզլատոպոլյան), իսկ Ղրիմում` երկու (Ֆրայդորֆյան, Լարինդորֆյան): Միաժամանակ այդ ժամանակահատվածում Ուկրաինայում կազմավորվել էին արդեն 160, իսկ Ղրիմում 29 հրեական գյուղխորհուրդներ: Հրեա վերաբնակիչներին ընդհանուր առմամբ հատկացվել էր մոտ 5000 քառակուսի կիլոմետր տարածք:Արդեն 1931թ-ին ՀԿ(բ)Կ Ղրիմի ՄԿ-ն եւ Ղրիմի կառավարությունն իրենց որոշումներում մատնանշում էին, որ «Ղրիմում հրեաների վերաբնակեցումը քաղաքականապես ու տնտեսապես իրեն արդարացրել է»: Ղրիմի ԻԽՍՀ-ում հրատարակվում էր «Լենին Վեգ» թերթը` իդիշ լեզվով: Ուկրաինայի հարավում ստեղծված հրեական վարչական շրջաններում եւս իդիշ լեզվով հրատարակվում էին թերթեր, գործում հրեական դպրոցներ:

Բացի վերաբնակեցման գործընթացից Ղրիմում միաժամանակ տեղի էր ունենում տեղական բնակչության կուլակաթափություն ու աքսոր: Միայն 1930-1931թթ. Ղրիմից աքսորվել էին 4325 ընտանիք: Բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը ինքնավար հանրապետությունում հասնում էր 25-30 հազարի, իսկ բռնազավթված հողերի քանակը 50 հազար հեկտարի: Կուլակաթափության եւ աքսորի միջոցով տեղաբնիկ ժողովուրդների թվաքանակի պակասեցման եւ դրա հետ մեկտեղ հրեաների վերաբնակեցման քաղաքականությունը չնայած կրկին թաթարների դիմադրությանն է հանդիպում, սակայն Ղրիմի ԻԽՍՀ ԿԳԿ նախագահ Կուբաեւի «հակահեղափոխական» գործունեության հիմքով պաշտոնազրկումից հետո արդեն լուրջ ընդվզումների չի հանդիպում:

Փաստ է, որ 1930-ական թթ. Ղրիմում հրեաների վերաբնակեցումը դեռեւս շարունակվում էր: Սակայն տարեց տարի ԽՍՀՄ-ում Ստալինի իշխանության ամրապնդմանը զուգահեռ այն դեմ էր առնում որոշակի դժվարությունների: Դրա հետեւանքով Հրեական ինքնավար հանրապետություն ստեղծելու ծրագիրը կամաց կամաց կորցնում էր իր հետեւորդներին ու քաղաքական շահառուներին: Մոսկվայում տեղի ունեցող քաղաքական մրցակցության ազդեցությամբ սկսում էր դժվարությունների հանդիպել նաեւ հրեաների վերաբնակեցման ծրագիրը: Այդ գործում իրենց բացասական դերն էին խաղում նաեւ Ղրիմի հյուսիսի անբարենպաստ բնակլիմայական պայմաններն ու հրեաների եւ տեղաբնիկ բնակչության միջեւ պարբերաբար բռնկվող մանր կոնֆլիկտները:

Ղրիմի ԻԽՍՀ-ում տեղ գտած տվյալ գործընթացները հստակ արտացոլվել են նրա ժողովրդագրական տվյալներում: 1925թ. մինչեւ 1937թ. վերաբնակեցման համար Ղրիմ է բերվել 126 000 հրեա, որոնցից մնացել ու ինքնավար հանրապետությունից չեն հեռացել միայն 53 000-ը: Ըստ պաշտոնական տվյալների Ղրիմի ԻԽՍՀ-ում 1926թ. եղել է 45 926, իսկ 1939թ., երբ ավարտվել էին 1937-1938թթ. զանգվածային բռնաճնշումներն ու աքսորը, մնացել էր 65 452 հրեա բնակչություն:

1930-ական թթ. վերջերին, Ստալինյան վարչակարգի լիարժեք կենսագործունեության պայմաններում, այլեւս կարելի էր նաեւ հիմնովին տապալել ոչ միայն Ղրիմում հրեական ինքնավար հանրապետություն ստեղծելու ծրագիրը, այլ նաեւ հրեաների վերաբնակեցման գործը: 1938թ. մայիսին ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության որոշմամբ լուծարվեցին «Կոմզետ»-ն ու «Օզետ»-ը: Նրա ղեկավար կազմի նշանակալից մասը ոչնչացվեց: Նույն թվականին դադարեցվեց նաեւ «Ջոյնթ»-ի հետ համագործակցությունը: Հրեական բոլոր ազգային շրջանները լուծարվեցին, իսկ հրեական դպրոցները վերափոխվեցին ռուսականի:
Չնայած նրան, որ Ղրիմում եւ Մերձազովյան տարածքներում Հրեական ինքնավար հանրապետություն ստեղծելու ծրագիրը ԽՍՀՄ ղեկավարության եւ հատուկ ծառայությունների առանձնակի ուշադրության կենտրոնում գտնվելու, ինչպես նաեւ զանգվածային բռնաճնշումների պատճառով այլեւս հնարավոր չէր կենսագործել, սակայն այդ տարածքների ժողովրդագրական պատկերը փոխելու եւ տեղում ղեկավար օղակների հրեաների ձեռքից ազատելու գործը այդքան էլ հեշտ լուծվող խնդիրներից չէր: Այսպես, 1938թ. ոմն Բուտենկո, ով խորհրդային դիվանագիտական ծառայության աշխատակիցներից էր, չցանկանալով վերադառնալ Մոսկվա, Բուխարեստից փախնում է Իտալիա: «Ջորնալե դ’Իտալիա» պարբերականում տպված հոդվածում նա գրում էր, որ Ռուսաստանում իշխող խավը գրեթե բացառապես կազմված է հրեաներից: Հատկապես Ուկրաինայում ամբողջ ղեկավարությունը եւ արդյունաբերությունը գտնվում է նրանց ձեռքում[2]:

Մոտենում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը եւ Ուկրաինայում ու Ղրիմում հրեա բնակչության համար այս անգամ արդեն ի հայտ էր գալու մի այլ հրամայական` Ֆաշիստական Գերմանիայի կողմից իրականացվող Հոլոքոստի արդյունքում լիարժեք ոչնչացման վտանգից խուսանավումը:

[1] Костырченко Г. В. Тайная политика Сталина: власть и антисемитизм. Второе издание. М.: Международные отношения, 2003, с. 114.
[2] Дуглас Р. Спор о Сионе. 2500 лет еврейского вопроса. М.: ВОГ-СВЕКРАСАФ, 2005, с. 438.

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert