lragir.am ԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ, Պատմաբան
Ինձ տարան Տիզբոն, երբ պատանի էի: Այնտեղ մնացի իբրև պատանդ` մինչ հորս մահանալը: Ամբողջ ժամանակ մտածում էի մի բանի մասին. ինչպե՞ս թոթափել պարսից լուծը, ինչպես վերադարձնել իմ ժողովրդին ազատություն և բարօրություն: Տարիների ընթացքում ծանոթացա պարսից արքունիքի վարքուբարքին, քաղաքականությանը և ռազմական գործին: Կարդալու ժամանակ շատ ունեցա: Հասկացա, որ պայքարել այդ հզոր թագավորության դեմ կարելի է միայն նրանց պես` լինելով խորամանկ, դիվանագետ, հեռատես: Թշնամուն հաղթելու համար անհրաժեշտ է ընկերանալ նրա հետ:
Հորս մահից հետո վերադարձա Հայաստան` որպես Սյունյաց երկրի իշխան: Հարկավոր էր պատրաստել ժողովրդին երկարաշունչ պայքարին: Բայց նախ և առաջ, հարկավոր էր կրթել մարդկանց: Ես օգնեցի Մեսրոպին` Սյունյաց երկրում դպրոցներ ստեղծելու, երեխաներին կրթելու համար: Անկիրթ ժողովուրդը չի կարող պայքարել հզոր կայսրության դեմ: Անկիրթ ժողովուրդը կցանկանա ենթարկվել օտարին: Շուտով նշանակվեցի Հայաստանի և Վրաստանի մարզպան:
Երբ հայտնի դարձավ պարսից արքա Հազկերտի հրամանը` հավատուրաց լինելու, պայքարի ոգին արթնացավ: Բայց հաջողության համար հարկավոր էր միաբանել բոլոր իշխանական տներին: Համերաշխություն էր հարկավոր: Տասնամյակներ առաջ կորցրել էինք մեր անկախությունը, բայց նախարարները չափազանց շուտ հաշտվեցին այդ կորստի հետ: Մոռացան` ինչ է անկախությունը: Պատժված է այն ժողովուրդը, որ և ինքն է անկիրթ, և իր մեծեմեծերն են տգետ: Հուսամ, որ այդտեղ` ապագայում, ձեր դրությունն այսպիսին չէ: Հուսամ, որ ժողովուրդն անկիրթ չէ, իշխաններն էլ տգետ չեն:
Ես դեսպաններ ուղարկեցի վրաց իշխանների, հյուսիսային լեռնականների մոտ: Դեսպաններ ուղարկեցի նաև Բյուզանդիո հզոր կայսրություն` օգնության խնդրով: Բոլորին նամակներ հղեցի` իմ կնիքով և անունով: Բայց անհաշտություն ծագեց մեր ներսում շուտով: Սպարապետ Վարդանը, ով թոռն էր կաթողիկոս Սահակի, ինձ հետ համաձայնելու փոխարեն, կատարում էր եկեղեցու հրամանները: Մամիկոնյան տունը անցել էր եկեղեցու կողմը: Բայց մեղսավոր բան չէ սեփական եկեղեցուն պաշտպանելը: Մեղսավորն այն է, երբ եկեղեցին, իր հոտը թողած, իր հոգևոր առաքելությունը մոռացել և քաղաքական գործերին էր անցել:
Տասնամյակներ առաջ, հայ իշխանները մեկնեցին Տիզբոն և խնդրեցին պարսից արքային` գահից զրկել հայոց թագավորին: Հրաժարվեցին հայ արքա ունենալուց և խնդրեցին մի պարսիկ կառավարիչ նշանակել, ով կգա, կհավաքի հարկերը և կգնա: Այդ իշխանների թվում էր նաև եկեղեցին: Նրանք դեմ էին թագավոր ունենալուն: Երբ ես, իբրև հայոց մարզպան, փորձեցի համախմբել բոլորին մեկ գաղափարի շուրջ, ցանկացա առաջնորդել ճշմարիտ ճանապարհով, նրանք իմ մեջ թագավոր տեսան: Ահա թե ինչու` թշնամացան ինձ հետ, ատեցին ինձ: Նա, ով ընտրել է ստրկության ճանապարհը, ատելությամբ է նայում ազատություն փնտրողին:
Իմ օգնության խնդրանքներն անպատասխան մնացին կամ մերժվեցին: Մեր սակավ ուժերով ապստամբությունը հաղթելն անհնար էր: Պարսից զորքը արյան ծովի մեջ կխեղդեր պայքարը` ժողովրդին մատնելով ավելի ծանր լծի: Վիրավոր գայլը հաղթանդամ արջին չի հաղթի: Բայց եկեղեցին չէր հասկանում սա, և Վարդանին դրդեց անհեռատես խռովության: Իմ պայքարը ազատության պատերազմ էր: Եկեղեցու պայքարը` կրոնական պատերազմ: Վարդանը ընտրեց երկրորդը: Շուտով ես լուր ստացա, որ պարսից արքան հրաժարվել է կրոնափոխ լինելու պարտադրանքից: Ապստամբությունը դարձավ անհարկի: Ես կոչ ուղարկեցի Վարդանին, եկեղեցուն և իշխաններից շատերին: Իմ կոչերին ականջալուր չեղան: Պարսից զորքը մոտեցավ հայոց երկրի սահմաններին:
Մոտալուտ աղետը կանխելու համար ես մեկնեցի պարսից զորքի մոտ: Հավատացրի, թե պատերազմն իրենց դեմ չէ, որ դա ներքին խռովություն է, որ այն իմ դեմ է ուղղված և խնդրեցի հետ քաշվել: Սակայն, ապստամբներն ինձ կրկին ականջալուր չեղան: Տեղի ունեցավ անհավասար մի մարտ, որտեղ զոհվեց Վարդանը: Եկեղեցին և ապստամբները կանգնեցին ծանր դրության առջև. ու՞մ մեղադրել կատարվածում:
Մեզ կանչեցին Տիզբոն` մեղավորներին պարզելու և դատաստանի համար: Պարսից արքան ինձ ընդունեց ջերմորեն: Բայց շուտով կատարվեց ամենից զարմանալին: Մեր եկեղեցու դեսպաններն ինձ մեղադրեցին ապստամբությունը կազմակերպելու մեջ, պարսից արքային հանձնեցին իմ անվամբ և կնիքով նամակները, որոնք գրել էի վրաց իշխաններին, ապստամբության ողջ մեղքը ինձ վերագրեցին: Նամակները տեսնելուց հետո, ինձ բանտարկեցին: Սպարապետը զոհվեց, մարզպանը բանտարկվեց, եկեղեցին դարձավ հայոց գլուխը: Նրանց պետք չէր թագավոր: Հուսամ, որ այժմ ձեզ թագավոր պետք է, և ազատություն փնտրողները դավաճան չեն հռչակվում:
Այդտեղ` ապագայում, գուցե դուք կարդացել եք բոլորովին այլ պատմություն: Ես իմ ողջ կյանքը նվիրեցի հայրենիքիս ազատությանը, բայց մեղադրվեցի այն դավաճանելու մեջ: Պատմությանը հարկավոր են հերոսներ և դավաճաններ: Եկեղեցին Վարդանին հերոսացրեց: Գուցե ինձ էլ խարանել է հավերժական անեծքով: Ամենամեծ դժբախտությունս կլինի այն, որ ապագա սերունդներն ինձ հիշեն որպես դավաճան` չիմանալով իրական պատմությունը: Բայց ամեն բան կախված է նրանից, թե ով է գրել պատմությունը: Հուսամ` ոչ եկեղեցին:
Նամակը ֆուտուրիստական է

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert