ԻՆՉՊԵՍ ԵՎ ՈՎ ՍՏԵՂԾԵՑ «ԴՐՈ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ

Քաղաքական ահաբեկչություններում մի զուգադիպություն է նկատվում: Դիցուք, 2001թ. սեպտեմբերի 11-ի գլխավոր կազմակերպիչը Բեն Լադենն է, Ռուսաստանում տեղի ունեցածների հիմնական մեղավորներից մեկը Շամիլ Բասաեւը, իսկ Հայաստանում՝ Նաիրի Հունանյանը: Իսկ զուգադիպությունն այն է, որ նրանք թիրախ են ընտրել այն պետություններին, որոնց հատուկ ծառայությունների բովով են իրենք անցել: Բեն Լադենը ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ամենավստահելի գործընկերն էր աֆղանական պատերազմի ժամանակ: Շամիլ Բասաեւը աբխազական պատերազմի ժամանակ կռվում էր ռուսների դաշնակից աբխազների կողմում եւ համագործակցում էր ՌԴ հատուկ ծառայությունների հետ: Նաիրի Հունանյանի առնչությամբ առայժմ հաստատված է, որ նա Հայաստանի անվտանգության նախարարության կողմից պատրաստվել էր Թուրքիայում հատուկ առաջադրանքներ կատարելու համար:

Մինչեւ հոկտեմբերի 27-ը Հայաստանում տեղի ունեցած ահաբեկչություններում էլ մեր ազգային անվտանգության մարմիններն իրենց մասնակցությունն են ունեցել: Նրանց հետքը նկատելի է 1994թ. դեկտեմբերին բացահայտված ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծված «Դրո» կառույցի ակունքներում (քրեական գործ թիվ 62200395): «Դրոն» 1992թ. սկսած հետապնդել եւ հավաքագրել է մարդկանց, մեթոդական ծրագրերով պարբերաբար մարզումներ անցկացնելու միջոցով պատրաստել է կադրեր, նրանց շնորհել կոչումներ, ունեցել է գաղտնագրված բազաներ՝ գաղտնի հավաքատեղիներ, տարբեր տեսակի հրազեն, փոխադրության, հաղորդակցության եւ կապի բազմազան միջոցներ: «Դրոյի» անդամներն ունեցել են ծածկանուններ, կրել գաղտնաթվեր, կեղծ անձնագրեր եւ այլ փաստաթղթեր:

Քր. գործի իրեղեն ապացույցների մեջ (հատոր 15 գ.թ. 123-129) առկա է նաեւ, գործով մահապատժի դատապարտված Արսեն Արծրունու կազմած. «Տնտեսական բաժնի զեկույցը», որը կազմված է եղել 15.10.1993թ.-ին:

Դատարանն ապացուցված է համարել, որ Արսեն Արծրունին, մասնավորապես, իր տնտեսական զեկույցը (կոդավորված) պատրաստել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի համար: Ուշագրավ է հիշել դրանից մի քանի հատված.

«Վոդկա»-ները ստացանք, բայց մեծ մասը կեղծ դուրս եկավ, մի մասն էլ Յուրա Սարգսյանի*1 միջոցով ՊԱԿ-ին ծախեցինք»:

«Յուրային ծանոթացրին ընկ. Հրայր Կարապետյանն*2 ու Հրանտ Մարգարյանը*3 1992թ. ապրիլին: Յուրան մինչ այդ կարեւոր տեղեկություններ տված էր մեզի, այժմ ՊԱԿ-են դուրս գալու միտք ունե եւ կառաջարկե, որ փոխանակ դրամի դիմաց համագործակցելու՝ միասին գործ մը ընենք. որ ժամանակի ընթացքին մեր բաղձանքով ու իր առաջարկով, պիտի վերածվեր hետախուզական կառույցի մը»:

«Յուրան կեղծ դրանֆուժ*4 մըն էր, որուն կարթը շատ լավ զարդարված էր: Միջնորդված էր Հրայր Կարապետյանի նման ընկերոջ մը կողմե, որուն վրա այն ժամանակ ամբողջական վստահություն կտիրեր: Վստահելով հանդերձ ընկերոջ դաշնակցականության վրա, պետք է նկատի ունենալ, որ այդ շրջանին կենտրոնական կոմիտեի մեջ «լավ կապեր» ունենալը ուղղակիորեն կուժեղացներ կապը «տիրոջ» խոսքը»: ԿԿ-ի մի քանի անդամներ կառչած կմնային իրենց «աղբյուրներուն» ու որեւէ կասկած նրանց մասին չէր թույլատրեր: Այս հոգեբանական վիճակը արգելք էր հետախուզականին կողմե ոչ թե հարցի ղեկավարման, այլ մինչեւ իսկ երբեմն «աղբյուրի» անձի ճշգրիտ գիտության եւ ստուգմանն ու կհանդիսանար կեղծ դրանֆուժներու հայտնաբերման դեմ»:

«Վաճառված էր կարեւոր տեղեկություն մը, որ հետագային դուրս եկավ ոչ բացարձակ իրականություն: Արդյո՞ք ՊԱԿ-ի նման հսկա կառույցի մը համար դյուրին պիտի չըլլար Յուրային բացազերծելը ու պատժելը»:

«Ընկ. Հրայրի*5 արտաքսումեն ետք ինքն էր Մարիուսի*6 դիրքորոշման մասին զեկուցողը ու երբ իրեն հարցուցած են, դուն, որ մեր տեղը ըլլայիր ինչ կընեիր, պատասխանած է՝ կխփեի: Արդյոք այս խոսքերը ձայնագրված չէ՞»:

«Յուրան կառաջարկեր մեր կազմակերպության համար հետախուզական կառույց ստեղծել: Իրեն համար մեր կողմե այդպիսի կառույցի մը պահանջքի գոյությունն իսկ բավարար էր: Ոչ մեկ վայրկյան գոնե ես չէի կըրնար երեւակայել, որ մեր լավագույն տղեքը իր կողմե կարող են ղեկավարվել»:
Հաստատված է, որ Յուրա Սարգսյանը Հրայր Կարապետյանի ու Հրանտ Մարգարյանի միջոցով հայտնվել է ՀՅԴ բարձր օղակներում: Հենց նրա առաջարկությամբ է ստեղծվել «Դրոն», որի առնչությամբ դատական կարգով հաստատվել է Բեյրութ-Երեւան-Մոսկվա երթուղով 5 կիլոգամ հերոյի տեսակի թմրամիջոցի փոխադրումը, Ներսիսյան ամուսինների («Քերոբ» գործողություն) ու «Դրոյի» պատժիչ խմբի ղեկավարը Գագիկ Սահակյանի («Թոփ-1» գործողություն) սպանությունները (ի դեպ, 1991թ. պատժիչ խմբի ղեկավար Գ.Սահակյանը ծեծի միջոցով պատժի է ենթարկել Ն.Հունանյանին՝ սկաուտներին պատկանող համակարգիչները գողանալու համար):

Արսեն Արծրունին բացորոշ հայտնում է, որ «Դրո» կառույցը ստեղծել է ՊԱԿ-ը՝ իր կադրային սպա Սարգսյանի միջոցով: Անհեթեթ կլինի հավատալ, թե Սարգսյանը գործել է ինքնագլուխ, կամ ՊԱԿ-ը անփութության պատճառով չի բացահայտել նրա գործունեությունը: Նման մի «անփութության» պատճառով ՊԱԿ-ի մի այլ գործակալ Ն.Հունանյանի զինված հրոսակախումբը 1999թ. անարգել մտավ Ազգային ժողով եւ սպանեց ընտրություններում հաղթած ու կառավարություն ձեւավորած քաղաքական ուժի ղեկավարներին:

Եվ այսպես, ժամանակն է ընթերցողին ներկայացնել մեր գլխավոր հերոսին՝ «Գոշ» մականունով պետանվտանգության գործակալին: Մեր ձեռքին է «հույժ գաղտնի» վերտառությամբ 6071 համարով գրանցված մի տեղեկանք, որից պարզվում է, որ սույն գործակալը հավաքագրվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից 1987թ. հոկտեմբերի 29-ին՝ «ազգայնական տրամադրություններ ունեցող անձանց» շրջանում աշխատանքներ տանելու նպատակով: Նա 1963թ. ծնված, Երեւանի Հարավ-Արեւմտյան Ա 3 թաղամասի բնակիչ Հրայր Կառլենի Կարապետյան է (անձնական գործ, No.16140): Ուշագրավ զուգադիպություններ կան Հրայր Կարապետյանի եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանի կենսագրությունների միջեւ. երկուսն էլ Երեւանի Հարավ-Արեւմտյան Ա 3 թաղամասի բնակիչներ են, երկուսն էլ ՀՅԴ-ին անդամագրվել են նույն՝ 1990 թվականին, երկուսն էլ գրեթե նույն ժամանակաշրջանում հավաքագրվել են անվտանգության մարմինների կողմից:

Եվս մեկ կարեւոր հիշեցում՝ «Դրո» գործով մահապատժի դատապարտված Արմեն Մնջոյանը 1997թ. բանտից գրել է. «…իր ծառայության փորձնական շրջանն ավարտած Գեղամ Մանուկյանը*7 ազգային հերոսի թիկնոցով դուրս ելավ ԱԱՆ-ի մեկուսարանից դեպի ազատություն: Ի՞նչ է սպասվում ՀՅԴ-ին այսօր: Նոր «Դրո՞», նոր «Նժդե՞հ», թե՞ մի արեւմտյան «Զեթ» կառույց, ցույց կտա մոտ ապագան»: Այս չարագույժ կանխատեսումն իրականացավ 2 տարի անց: Իսկ «Նժդեհ»-ը կամ «Զեթ»-ը գուցե Հունանյանի բանդայի ծածկանունն է անվտանգության մարմիններում, որին մենք պայմանականորեն անվանում ենք «հոկտեմբերի 27»:

Ինչեւէ, բերված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ Ղարաբաղյան շարժման հենց սկզբից ՊԱԿ-ը գործադրել է ՀՅԴ-ում ունեցած իր գործակալական ցանցը. մեզ հայտնի է այդ խողովակներից մեկը՝ Հ.Կարապետյանը, որի երաշխավորությամբ է կազմակերպության մեջ ներդրվել ՊԱԿ-ի կադրային սպա Յ.Սարգսյանը: Հիմքեր կան նաեւ ենթադրելու, որ հատուկ ծառայությունների ազդեցությունը տարածվել ոչ միայն ՀՅԴ հրապարակային քաղաքական գործունեության, այլեւ նրա ընդհատակյա ահաբեկչական գործողությունների ծրագրման ու իրականացման:

Ամփոփենք, փաստորեն Արսեն Արծրունու կազմած վերոնշյալ զեկույցից պարզ է դառնում, որ Հրայր Կարապետյանի երաշխավորությամբ ՀՅԴ թափանցած ՊԱԿ-ի կադրային սպա Յու.Սարգսյանի առաջարկությամբ է ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծվել «Դրո» գաղտնի (հետախուզական) կառույցը: Իսկ Հրայր Կարապետյանի ՊԱԿ-ի գործակալ լինելու հանգամանքը ապացուցող փաստաթուղթը խոսուն փաստ է, առ այն, որ ՊԱԿ-ը ոչ թե´ ուղակի ՀՅԴ անդամի, այլ իր իսկ գործակալի միջնորդությամբ ու երաշխավորությամբ է իր կադրային աշխատակցին խծկել ՀՅԴ:

Իսկ թե ինչպես են հատուկ ծառայության կողմից պատրաստված «կադրերը» մասնակցում իրենց երկրների անվտանգությանը՝ երեւում է Բեն Լադենի, Շամիլ Բասաեւի, Նաիրի Հունանյանի եւ հայտնի ու անհայտ այլ «հերոսների» օրինակով:
.

Վահագն Ղուկասյան
http://www.chi.am/ , No 304, Հունիսի 17, 2003 թ.
——————————————————
.
*1 Յուրա Սարգսյան – նախկին ԽՍՀՄ ԿԳԲ-ի եւ Հայաստանի ՊԱԿ-ի կադրային սպա, 1995-ին հեռացվել է համակարգից:

*2 Հրայր Կարապետյան – ՀՅԴ անդամ 1990-ից, ՀՅԴ ղեկավարներից, 1998-ից Արագածոտնի մարզպետ:

*3 Հրանտ Մարգարյան – ՀՅԴ ղեկավարներից, «Դրո» կառույցի պարագլուխներից, 1994-ի դեկտեմբերից մինչեւ 1998թ. փետրվարը գտնվել է բանտարկության մեջ, ազատ է արձակվել 98-ին տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում:

*4 դրանֆուժ – Ներս թափանցած (խծկված) խլուրդ:

*5 ընկ.Հրայր – Հրայր Մարուխյան, ՀՅԴ փաստական ղեկավարը, 1995 ին արտաքսվեց Հայաստանից: Մարուխյանի ղեկավարման ժամանակաընթացքում ԽՍՀՄ ՊԱԿ-ը իր գործակալների մի զգալի ցանց է ստեղծել ՀՅԴ-ի ներսում:

*6 Մարիուս – Մարիուս Յուզբաշյան, ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախկին նախագահ, տիրապետել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի գործակալական ցանցերին, սպանվել է 1993թ.:

*7 Գեղամ Մանուկյան, «ԴՐՈ» կառույցի արխիվների պատասխանատու, կոդ No.112, 1994-ի դեկտեմբերից մինչեւ 1998թ. փետրվարը գտնվել է բանտարկության մեջ:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert