Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է   մայրաքաղաք Երևանի և մարզերի վերջին հինգ տարիների  արդյունաբերական ցուցանիշները՝ համեմատականով: Ամփոփումից ակնհայտ է, որ վերջին տարիներին մարզերի ցուցանիշներն  արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում որոշակի, սակայն ոչ էական  փոփոխությունների են ենթարկվել: Տարբեր տարիներին գրանցված վերուվարումների արդյունքում 2011-2015 թթ. ամփոփ տվյալներով ցուցանիշի աճ է գրանցվել ընդամենը 5 մարզում: Մյուսներն ապահովել են հետընթաց:

 

Երևանն ամբողջ հանրապետության արդյունաբերական  արտադրանքի կառուցվածքում 2011թ. զբաղեցրել է 42. 4 տոկոս:Մյուս բոլոր 10 մարզերի ցուցանիշները միասին վերցրած կարողացել են այդ կառուցվածքում ապահովել ընդամենը 57.6 տոկոս:

2012թ. Երևանի ցուցանիշը կտրուկ անկում է  գրանցել՝ հասնելով 40.2 տոկոսի: Հաջորդ երկու տարիներին մայրաքաղաքը տոկոսային ցուցանիշի շարունակական աճ է գրանցել՝ 2013-ին ապահովելով 40.9, 2014-ին՝ 42.1 տոկոս երկրի ընդհանուր արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում: 2015-ին կրկին հետընթաց է գրանցել՝ ցուցանիշն իջեցնելով 41.2 տոկոսի:

Սյունիքի մարզը 13.3 տոկոս ցուցանիշով (2015թ.) Հայաստանի արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ Երևանից հետո: Հարկ է նշել,  որ մարզը 2011թ. ունեցած 17.8 տոկոս մասնաբաժնի շարունակական նվազման հետևանքով թեև ունեցել է 3.5 տոկոսի չափով արդյունաբերական արտադրանքի կրճատում, սակայն մյուս մարզերի գրանցած հետընթացի ֆոնին շարունակել է պահպանել երկրորդ տեղը:

Երրորդ հորիզոնականում Արարատի մարզն է, որի արդյունաբերական արտադրանքը երկրի ստացած արդյունաբերական արտադրանքի ծավալում ապահովում է 12.9 տոկոս: Արարատի մարզն այն եզակիներից է, որ վերջին 5 տարիներին մշտապես գրանցել է աճ,՝ 2011թ. ունեցած 8.1 տոկոս ցուցանիշն ավելացնելով շուրջ 5 տոկոսով:

Իր ունեցած արդյունաբերական արտադրանքի ծավալով  Կոտայքի մարզը 4-րդն է ՝ 10.3 տոկոս՝  ընդհանուր ցուցանիշում: Վերջին 5 տարիների կտրվածքում մարզն իր լավագույն արդյունքը գրանցել է 2013-ին՝ ապահովելով երկրի արդյունաբերական ընդհանուր արտադրանքի 13.4 տոկոսը: Վերջին երկու տարիներին մարզում ցուցանիշի նվազման տենդենց է նկատվում:

Հինգերորդ հորիզոնականում Լոռու մարզն է, որը Հայաստանի արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում զբաղեցնում է  8.9 տոկոսը: 2014թ. համեմատ մարզը կտրուկ աճ է գրանցել՝ ունեցած 5.4 տոկոս մասնաբաժինը հասցնելով 8.9-ի:

Երկրի արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում 4.3 տոկոսն ապահովում է  Արմավիրի մարզը: Վերջին 5 տարիներին այստեղ էական տատանումներ չեն գրանցվել:

Շիրակի մարզն ընդհանուր արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ունի 3 տոկոսի մասնաբաժին:

Մյուս չորս մարզերի (Արագածոտն, Գեղարքունիք, Վայոց ձոր, Տավուշ) ցուցանիշը չափազանց ցածր է և տատանվում է 0.8-ից 2.2 տոկոսի սահմաններում: Հենց սա է պատճառը, որ այս մարզերում տեղ գտած տատանումները երկրի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր կառուցվածքի վրա էական ազդեցություն ունենալ չեն կարող:

Թե ինչպիսին կլինեն 2016թ. ամփոփ տվյալները, պարզ կլինի 2017թ. հունվար-փետրվարին: Մինչ այդ ԱՎԾ-ն ներկայացրել է հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները:

 

 

2016թ. 9 ամիսների տվյալներով՝ ևս արդյունաբերական արտադրանքի  առյուծի բաժինն ընկնում է Երևանին: Ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ցուցանիշում Երևանն այս տարի ապահովել է 40.4 %-ը: 14.9%-ը բաժին է հասել  Սյունիքի, 12.2%-ը՝ Արարատի, 9.3%-ը՝ Լոռու, 8.3%-ը՝ Կոտայքի, 4.2%-ը՝ Արմավիրի, 3.3%-ը՝ Շիրակի,  2.9%-ը՝ Արագածոտնի, 2.4%-ը՝ Գեղարքունիքի, 1.2%-ը՝ Վայոց ձորի և 0.9%-ը՝ Տավուշի  մարզերին:

Մշակող արդյունաբերության արտադրանքի ցուցանիշը բարձր է Արարատի, հանքագործությանը՝ Սյունիքի մարզում

Հետաքրքական է, որ կախված արդյունաբերական արտադրանքի արտադրության բաժիններից, Երևանի և մարզերի տոկոսային հարաբերակցությունը կտրուկ փոխվում է:

Օրինակ, հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ամենացածր ցուցանիշը գրանցել է Շիրակի մարզը, ունեցած արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում (հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործում, մշակող արդյունաբերություն, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում,  ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) այս ճյուղով ապահովելով ընդամենը 0.1 տոկոսը:

Ինչպես և ակնկալվում էր, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործման ցուցանիշը չափազանց ցածր է Երևանում և մայրաքաղաքի ունեցած արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում այն զբաղեցնում է  ընդամենը 0.4 տոկոսը: Երևանն աչքի է ընկել մշակող արդյունաբերության ցուցանիշով, որի առավել զարգացած ճյուղերից են սննդամթերքի, խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունները:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015թ.  ամենահանքագործական մարզը եղել է Սյունիքը՝ ունեցած արդյունաբերական արտադրանքի կառուցվածքի 81.9 տոկոսը ապահովելով այս ճյուղից ստացած արտադանքով: Ընդ որում, այստեղ արտադրանքի 99 տոկոսը բաժին է  ընկնում մետաղական հանքաքարի արդյունահանմանը:

Փոխարենն այս մարզում գրանցվել է մշակող արդյունաբերության ամենացածր  ցուցանիշը՝ 5.4 տոկոս մարզի արդյունաբերական արտադրանքում:

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործման ճյուղերից ստացված արդունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը բարձր է նաև Գեղարքունիքի և Լոռու մարզերում: Եթե Լոռիում հանքագործական ու մշակող արդյունաբերության արտադրանքի տոկոսային ցուցանիշները գրեթե հավասար են՝ 45.8 և 43.8 տոկոս, ապա Գեղարքունիքի մարզում հանքագործական արդյունաբերությունից ստացված արտադրանքը կազմում է  43.6, մշակող արդյունաբերությունից ստացվածը՝   33.2 տոկոսը:

Գեղարքունիքում ակտիվ է հատկապես մետաղական հանքաքարի արդյունահանումը: Լոռին վերջին տարիներին աչքի է ընկնում հագուստի արտադրության բարձր ցուցանիշներով:

 

Մշակող արդյունաբերության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Արարատի մարզը՝ այս ճյուղով ընդհանուր աւրդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ապահովելով 92.3 տոկոս: Այստեղ առավել ակտիվ է ծխախոտային արտադրատեսակների, նաև սննդամթերքի, խմիչքների, հիմնային մետաղների արտադրությունը:

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում ճյուղում ունեցած ցուցանիշով  աչքի է ընկնում Արմավիրի մարզը, մարզի ընդհանուր տեսակարար կշռում այս ճյուղով ապահովելով արդյունաբերական արտադրանքի 61.3 տոկոսը: Մյուս մարզերում այս ցուցանիշը տատանվում է 6.6-ից 42.9 տոկոսի սահմաններում:

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ճյուղում տոկոսային ցուցանիշով առաջատարը Տավուշի մարզն է. մարզի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր կառուցվածքում այս ճյուղն ապահովում է 3 տոկոսը: Մյուս մարզերի դեպքում այս ցուցանիշը տատանվում է  0.6-ից 2.3-ի սահմաններում:

Արտահանման ու ներմուծման ցուցանիշով ևս առաջին հորիզոնականում Երևանն է. երկու դեպքում էլ մարզերի մասնաբաժինը չնչին է

ԱՎԾ-ն ներկայացրել է նաև Հայաստանից արտահանման ցուցանիշներն՝ըստ Երևանի ու մարզերի: Այդ ցուցանիշում ևս Երևանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այս տարվա հունվար-հոկտեմբերի տվյալներով Երևանն արտահանման ընդհանուր ցուցանիշում ապահովել է 51.4 տոկոսը, այն դեպքում, երբ բոլոր 10 մարզերը միասին ապահովել են արտահանման 48.6 տոկոսը միայն: Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանն ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ ունեցած 48.7 տոկոս ցուցանիշն ավելացնելով 2.7 տոկոսով:

Արտահանման տեսակակար կշռում երկրորդը Սյունիքի՝ 17.9%, երրորդը՝ Լոռու՝ 10.1%, ապա Արմավիրի 7.7%, Արարատի՝ 7.2, Կոտայքի՝ 3.3%, մարզերն են: Մյուս մարզերի արտահանման ցուցանիշները չափազանց ցածր են և տեսակարար կշռում զբաղեցնում են 0.3-ից 1 տոկոսը:

Ներմուծման ցուցանիշով ևս առաջին  հաստատուն տեղն ունի Երևանը.  մայրաքաղաքին բաժին է  ընկնում 81 տոկոսը՝ մյուս 10 մարզերին միասին  թույլ տալով ապահովել ներմուծման ծավալում 18 տոկոսը:

 

Տաթեւիկ Սարգսյան

Գայանե Սարգսյան

Առաջինը մասը տես՝ Մշակող արդյունաբերության ծավալները կրճատվում են…

 

 


 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert